HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնել ապրող գյուղին

Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղը Գանձասար տանող ճանապարհին է։ Փոքր բնակավայր է, որտեղ ապրում է ընդամենը 80 հոգի, թեեւ գյուղապետ Գագիկ Զախարյանն ասում է, թե մոտ 160 մարդ է գրանցված։ Մարդիկ գրանցված են գյուղում, բայց այստեղ չեն ապրում, որովհետեւ չկա աշխատանք, չկան կյանքի ու կենցաղի տարրական պայմաններ։ Բնակչությունն արհեստականորեն աճեցնելու նպատակով գյուղապետը Հայաստանից այստեղ է հրավիրել երկու բազմազավակ ընտանիքների։ Նրանցից մեկը տիկին Անուշի տասը հոգանոց ընտանքին է, որ Երեւան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհն անցնելուց հետո ի վերջո հանգրվանել է Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում։

Երբ Անուշի ավագ որդուն՝ Արտյոմին հարցնում ենք, թե ինչո՞ւ են հատկապես այս գյուղն ընտրել, ասում է. «Գառնաքարում անտառ կա, գետ կա, անասուն, բայց Երեւանում ոչ մի բան չկա՝ անտառ չկա, գետ չկա, անասուն չկա»։

Պետության միջոցներով բազմազավակ այս ընտանիքի համար տուն է կառուցվել։ Նորեկ ընտանիքն էլ հարմարվելով գյուղի կյանքին' ստեղծել է իր տնտեսությունը։ Եւ ծնունդով երեւանցի տիկին Անուշը հպարտությամբ է խոսում իր ստեղծած տնտեսության մասին։ «Հավ ունենք, հնդուշկա ունենք, էծ ունենք։ Էծս էս տարի երեք հատ ուլ ա ծնել միանգամից։ Էդ ա, պահում եմ, շատացնում եմ ավելացնում եմ»։

Այն հարցին, թե դժվար չէ՞ ութ երեխա պահելը, տիկին Անուշը ժպտալով ասում է՝ չէ, սպասում եմ իններորդին։ Պետությունից ստացված նպաստն ու ամուսնու աշխատավարձը թեեւ շատ չէ, բայց նրանք դժգոհ չեն եւ մեծ պահանջներ չունեն։ «Ամենաառաջինը մի հատ կով եմ ուզում, որ կարողանամ իմ երեխեքին գոնե կաթով-մածունով ապահովեմ». ասում է տիկին Անուշը։

Գառնաքարի դպրոցի տասը աշակերտից չորսը Անուշի երեխաներն են։ Չորսն էլ Հայաստանից հինգ տարի առաջ այստեղ վերաբնակված մեկ այլ ընտանիքից են։ Դպրոցի տնօրեն եւ տարրական դասարանների ուսուցչուհի Ռամելա Բալասանյանն ասում է, որ դպրոցը վերաբացվել է գյուղապետի ջանքերի շնորհիվ։ «Այսօրվա դրությամբ ընդհանրապես դպրոց չէր լինի, եթե չգային հայաստանցի վերաբնակիչները»։

Շենքը, որտեղ սովորում են Գառնաքարի տասն աշակերտները, դժվար է դպրոց կոչել։ Աշակերտների փոքր թվի պատճառով, պետությունը նոր շենք չի կառուցում, բայց խոստացել են նորոգել հինը։ «Դրան էլ ենք համաձայն,- ասում է դպրոցի տնօրենը,- թեկուզ էս ավերակներում, միայն թե երեխաներ լինեն դասավանդենք, միայն թե գյուղը նոր ընտանիքներով համալրվի։ Մեր պետությունը նորաստեղծ է, երեւի նրանից շատ պահանջել էլ չի կարելի»։

Տիկին Բալասանյանը գտնում է, որ գյուղացին պետք է սեփական միջոցներով բարելավի իր կյանքը՝ այս ու այն կողմից չսպասելով օգնության։ Նրա խոսքը հաստատում է Գառնաքարի 25-ամյա բնակիչ Լեւոնն, ով զբաղվում է մեղվաբուծությամբ ու մեղուների տված արդյունքով պահում իր նորաստեղծ ընտանիքը։ «Իմ գործն էս ա,-ասում է Լեւոնը,-մեղուներով ենք ապրում։ Օրինակ՝ էս տարի շատ լավ ա։ Լավ տարիներին մի տոննա, տոննա ու կես մեղր եմ ունենում»։

Գառնաքարցիներն աշխատասեր մարդիկ են, հողն ու բնությունը առատ։ Գյուղատնտեսությունը զարգացնելու մեծ հնարավորություն կա, բայց շուկան հեռու է, ապրանքի սպառումն անհնար եւ դա խոչընդոտում է զարգացմանը։ «Փոքր մի զավոդի նման բան ըլնի, որ մոշն ու հյունն ա, քաղեն ժողովուրդը հանձնեն, մեղուն պահեն մեղրը հանձնեն, համ էլ աշխատատեղ կլինի». ասում է համայնքի ղեկավարը։

Գյուղի բնակչության կեսը հեռացել է աշխատանք չունենալու պատճառով։ «Գրանցումով գյուղի բնակիչ են համարվում,-ասում է գյուղապետ Գագիկ Զախարյանը,- բայց Ստեփանակերտում, Երեւանում կամ այլ տեղերում են ապրում ու աշխատում»։ Նա գտնում է, որ եթե դրական տեղաշարժեր չլինեն, չլինի հուսադրող զարգացում, մնացած երիտասարդներն էլ կհեռանան։ Իսկ հակառակ պարագայում, նրա կարծիքով, հեռացածների զգալի մասը կվերադառնա։ Նա ուզում է, որ իր ղեկավարած համայնքն անպայման ընդգրկվի Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման պետական ծրագրի մեջ, որ «գյուղն ապրի, գոյատեւի, թե չէ 10-15 տարուց հետո կարող է այստեղ մարդ էլ չգտնենք»։

Ղարաբաղի կառավարության համար, սակայն, առաջնահերթը լիովին ամայացած գյուղերն են։ Այս մոտեցումը գուցե ճիշտ է, բայց ունի խոցելի կողմեր, քանի որ լիովին ամայացած գյուղերը բնակեցնելու ընթացքում կարող են ամայանալ, օրինակ, Գառնաքարի նման բնակավայրերը։ Հարցին երեւի պետք է մոտենալ ոչ թե «սեւ-սպիտակ» սկզբունքով, այլ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների ղեկավարների նախաձեռնողականությունը։ Եթե մարդն իր նախաձեռնությամբ ու ջանքով կարողացել է երկու բազմամարդ ընտանիք բերել, ուրեմն նա գնում է զարգացման ճանապարհով եւ պետք է օգնել համայնքի ղեկավարին։

Գառնաքարի գյուղապետի հույսն այսօր միայն վերաբնակիչներն են, ովքեր գալով այստեղ կապվում են հող ու ջրին եւ դառնում համայնքի լիիրավ անդամներ։

Երբ ութ երեխայի մայր տիկին Անուշի հետ խոսում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին եւ հարցնում՝ չի՞ վախենում պատերազմից, ժպտալով ասում է. «Չէ, ես չեմ վախենում։ Ոնց որ ստեղի ժողովուրդը, նույնն էլ մենք։ Ինչ պատահի, թող մեզ հետ էլ նույնը պատահի, տարբերություն չկա։ Որ վաղը մյուս օրը կռիվ լինի իմ տղերքը չե՞ն գալու այստեղ կռվեն։ Նույնը չի՞, ի՞նչ տարբերություն»։

Եւ մինչ բազմազավակ մայրը ջնջում է Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ արհեստականորեն ստեղծվող տարբերությունները, նրա մեծ տղան՝ Արտյոմը, շարունակում է թվարկել գյուղի առավելությունները։ «Ստեղ կենդանիները այծն ա, ոչխարն ա, տավարն ա, էշն ա, ձին ա, մեկ էլ հավն ա։ Չէ, հավը կենդանի չի, հավը թռչուն ա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter