HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմակայանների ներկայության հեռանկարները

Իրակլի Մճեդլիշվիլի. Հայաստան-Թուրքիա

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, ապա ինձ թվում է, թե Հայաստանը չափից ավելի զգուշավոր դիրք է գրավել։ Վստահ եմ, որ դրսից ոմանք յուղ են լցնում կրակին, որպեսզի հայերին պահեն լարվածության եւ հարեւանների նկատմամբ անվստահության մեջ։ Ինձ թվում է, որ երկու-երեք քաղցր խոսքից հետո դուք հանկարծ կվերածվեք Թուրքիայի լավագույն բարեկամների։ Իհարկե, ես մի քիչ պարզեցնում եմ, բայց ասածիս մեջ ճշմարտության հատիկ կա։ 

Ստեփան Գրիգորյան

Ի՞նչ կանի Ռուսաստանը Վրաստանից իր ռազմակայանները հանելուց հետո: Առաջին՝ ըստ ռուսական եւ վրացական կողմերի ստորագրած համաձայնության՝ դուրսբերումը կավարտվի միայն 2008 թվականի սկզբին, իսկ այդ ընթացքում, վստահ եմ, կարող է շատ բան փոխվել, եւ կլինեն զորքերի դուրսբերման մարտավարական խնդիրների հետ կապված բարդություններ ու վեճեր: Երկրորդ՝ հենց այս ընթացքում Ռուսաստանը պետք է լուծի տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում իր ռազմական ներկայության հարցը։ Ես չեմ բացառում, որ այստեղ Ռուսաստանը կսկսի մտածել իր կայանների անկլավային ներկայության նպատակահարմարության մասին։ Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, իսկ Վրաստանից ռազմակայանները հանելուց հետո Ռուսաստանի համար Հայաստանում գտնվող ռազմակայանի նյութական ապահովությունը կդառնա դժվարին խնդիր։ Երրորդ՝ կուժեղանա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերով Ռուսաստանի ճնշումը Վրաստանի վրա, այսինքն՝ Ռուսաստանն է՛լ ավելի բացահայտորեն ցույց կտա իր ներքաշվածությունը այդ հակամարտությունների մեջ հօգուտ Աբխազիայի եւ ՀՕ-ի։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը ավելի սրությամբ կդնի ռուսական խաղաղապահներին միջազգային ուժերով փոխարինելու հարցը։ Անպայման չէ, որ դրա նախաձեռնողը լինի Վրաստանը (ինչպես մերձդնեստրյան հակամարտության մեջ խաղաղապահ ուժերի միջազգայնացման նախաձեռնողը եղավ Ուկրաինան)։ Նախաձեռնությունը կարող է գալ ԱՄՆ-ից, որը շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումով, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ից, որն ունի խաղաղապահ գործունեության մեծ փորձ եւ հնարավորություններ։ Եթե դատելու լինենք ըստ այն քաղաքական եւ դիվանագիտական օժանդակության, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը ցուցաբերեցին Վրաստանին ռուսական կայանների դուրսբերման հարցում, ապա կնկատենք, որ նրանք շահագրգռված են Աբխազիայում եւ ՀՕ-ում հակամարտությունների արագ կարգավորմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ 

Ալեքպեր Մամեդով. Որքան ավելի արագ, այնքան ավելի լավ…

Ընդհանուր առմամբ, ինչպես ասում էր Կիսա Վորոբյանինովը, առեւտուրն այստեղ տեղին չէ։ Երբ կարդում ես վրաց գործընկերների մտքերը, գտնում ես պատմական, ռացիոնալ հատիկներ, որոնք կարող են աճել եւ տալ ընդունելի պտուղներ։ Հայ մասնագետների դեպքն առայժմ ավելի դժվար է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանը մշտական անհարթություններ է ունեցել ոչ միայն Օսմանյան կայսրության, այլեւ հարեւան «թաթարների» հետ։ Այդուհանդերձ, Վրաստանը կարողացավ բարեկամաբար ընդունել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին եւ իրեն հեռու պահել Ռուսաստանից, թեեւ բոլոր դեպքերում ռուս ժողովուրդն ավելի մոտ է Վրաստանին։ Այստեղ հարցն այսպես է դրված. «Ո՞ւմ դեմ ենք բարեկամություն անում»։ Այսօր Թուրքիան 1914-1919 թթ. երկիրը չէ, որն Անտանտի դեմ էր։ Թուրքիան Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ռազմավարական «ընկերն ու եղբայրն» է, Գերմանիայի պատմական գործընկերը, Ֆրանսիայի մարտավարական դաշնակիցը, վերջապես՝ ՆԱՏՕ-ի անդամը։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմակայանները ՌԴ-ի եւ Արեւմուտքի նկատմամբ որպես լծակ օգտագործելու մասին Լաուրա Բաղդասարյանի մտքին, ապա առաջին գործընկերոջ դեպքում պնդումը ճիշտ է, իսկ երկրորդի դեպքում՝ սխալ։ Հայաստանի (բայց ոչ հայերի) նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը միշտ փափուկ եւ երկդիմի չի լինելու։ Երբ Ռուսաստանը վերջնական եզրակացության գա «Կովկասյան մեծ խաղից» պատմական ելքի ժամկետների առնչությամբ, ապա ՆԱՏՕ-ն եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, ամբողջովին հայտնի կդարձնեն, թե իրենց համար ինչքան անընդունելի է Հայաստանի այսօրվա քաղաքականությունը։ Ի միջի այլոց, հայ հասարակության կարծիքն այն ժամանակ էապես տարբեր կլինի, զգալիորեն ավելի «արեւմտամետ»։ Որքան ավելի արագ, այնքան ավելի լավ… 

Լաուրա Բաղդասարյան. Ավելի լավ ո՞ւմ համար

Երբ ես խոսում եմ Արեւմուտքի (ԱՄՆ, ԵՄ երկրներ) վրա Հայաստանի ազդեցության հնարավորության մասին, նկատի ունեմ այն պարզ ճշմարտությունը, որ (անկախ մեր ցանկություններից ) նրանք մեր տարածաշրջանն ընդունում են որպես մեկ ամբողջություն։ Ամեն դեպքում, ՀԿ-ի երկրներն այսօր ավելի քիչ են գիտակցում տարածաշրջանի ամբողջականության անհրաժեշտությունը, քան նրա արտաքին դերակատարները։ Ուրիշ բան, որ այդ ամբողջականությունը նրանց անհրաժեշտ է որպես բարենպաստ ֆոն սեփական շահերն իրականացնելու համար, որոնք կարող են չհամընկնել մեր շահերի հետ։ Բայց ի՞նչ անենք, որ մեր նման երկրները ստիպված են խաղալ ավելի հզոր երկրների շահերի շփման կետերում: Ես կարծում եմ, որ հենց այդպիսի նկատառումների հիման վրա է Հայաստանը հետաքրքիր եւ կարեւոր դառնում, օրինակ, ԱՄՆ-ի, եվրոպական հանրության համար։ Եթե այդպես չլիներ, ապա սկզբունքորեն չէր լինի եւ Հայաստանին «Նոր հարեւանության» ծրագրի մեջ ներգրավելու ձգտումը, չէր լինի IPAP ծրագրի «հայկական մասը», չէր լինի թեկուզ եւ այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը որոշի ձերբազատվել ռուսական ռազմակայաններից, ապա Արեւմուտքը նրան կօգնի։ Ինչո՞ւ օգնել Հայաստանին, Ալեքպեր, եթե, ինչպես Դուք եք գրում, Արեւմուտքն այլեւս երկերեսանիության կարիք չունի։ 

Բացի այդ, ինձ մի քիչ զարմացնում է Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «եղբայրության» Ձեր սահմանումը։ «Եղբայրություն արտաքին քաղաքական փոխհարաբերություններում»` զվարճալի է հնչում։ Դուք նաեւ գրում եք այն մասին, թե Հայաստանի հասարակությունն ինչքան շուտ դառնա արեւմտամետ, այնքան լավ։ Կարելի՞ է իմանալ, թե ո՞ւմ համար է ավելի լավ լինելու։ Եւ ի՞նչ կփոխվի մեր երկրների փոխհարաբերություններում դրանից հետո: 

Ստեփան Գրիգորյան

Երկարաժամկետ հեռանկարում դժվար է կանխատեսումներ անել Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի ռազմակայանների ներկայության վերաբերյալ, քանի որ ՀԿ-ի տարածաշրջանում եւ նրա շուրջը փոփոխությունները շատ արագ են կատարվում եւ բազմաթիվ ուղղություններով։ Բացի այդ, շատ բան կախված է նրանից, թե տարածաշրջանի երկրներում քաղաքական ինչ ուժեր են իշխում, եւ որքան հետեւողական են նրանք իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Կարճաժամկետ հեռանկարում (5-7 տարի) հնարավոր է այսպիսի դասավորություն. Հայաստանում կշարունակի գործել ռուսական ռազմակայան, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում դրանք չեն լինի։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասշտաբը գործողությունների անհատական ծրագրով Ադրբեջանի եւ Վրաստանի մոտ կլինի էապես ավելի մեծ, քան Հայաստանի մոտ (այսինքն՝ տարածաշրջանի երկրները կսկսեն բաշխվել ըստ անվտանգության տարբեր համակարգերի)։ Այդ դեպքում մենք կունենանք «սառը պատերազմի» ժամանակի դասական սխեմա, երբ մի կողմից՝ Հայաստանի, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կանցնի «բաժանման գիծը»։ Անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի հարցում տարածաշրջանը կպառակտվի երկու մասի։ Սա զարգացման ամենաանբարենպաստ տարբերակն է, եւ ես հույս ունեմ, որ այն ամբողջ ծավալով չի իրականանա։ Կարծում եմ, որ ավելի մեծ հավանականությամբ զարգացումը կընթանա մեկ այլ սցենարով, երբ Հայաստանը կսկսի ուժեղացնել ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ, եւ միաժամանակ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կունենան ավելի մոտ դիրքորոշումներ հարավկովկասյան անվտանգության ապագայի վերաբերյալ։ Այս դեպքում անվտանգության հարցերում տարածաշրջանի երկրների դիրքորոշումների միջեւ խզումը կլինի նվազ շոշափելի։ ՀԿ-ում ՆԱՏՕ-ի ռազմակայանների ներկայության հավանականության առնչությամբ վստահ եմ, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի ավելի լուրջ ռազմական ներկայությունը իրականություն կդառնա մոտակա 2-3 տարում (արդեն այժմ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը ներկա են ռազմական հրահանգիչների մակարդակով)։ Կարծում եմ` մեծ հավանականությամբ դրանք կլինեն ԱՄՆ-ի շարժական ուժերը, որոնք կտեղակայվեն Ադրբեջանում եւ Վրաստանում, քանի որ հրատապ է դարձել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության եւ Կասպից ծովում Ադրբեջանի շահերի պաշտպանության հարցը։ 

Լաուրա Բաղդասարյան. Ուրվականների եւ իրողությունների մասին

 Իրակլի, ես կուզենայի վարակվել Ձեր լավատեսությամբ այն բանի առնչությամբ, թե ինչ պետք է անել, որ Հայաստանը դառնա Թուրքիայի լավագույն ընկերը։ Ըստ Ձեզ՝ ստացվում է, որ «շատ քիչ բան». լայն ժպտալ եւ ասել մի քանի ջերմ խոսքեր (ես նույնպես փոխաբերական իմաստով եմ ասում)։ Իսկ Դուք ( բայց ոչ միայն Դուք, այլ Վրաստանի գրեթե բոլոր փորձագետները իրենց հոդվածներում, բանավոր եւ գրավոր ելույթներում ) այն կարծիքն եք արտահայտում, թե Ռուսաստանը բնավ էլ Վրաստանի բարեկամը չէ, քանի որ վերջին տարիների ընթացքում Ձեր երկրի համար նա եղել է ապակառուցողական տարր։ Կարեւոր չէ` դա եղել է Աբխազիայի՞, թե՞ Վրաստանի կողմից սեփական արտաքին քաղաքականության ուղղության փոփոխության մասին տարիներ շարունակ կատարվող հայտարարությունների պատճառով, բայց, հավանաբար, փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը Վրաստանի համար դարձել է օտար մարմին, որին առողջ մարմինը սկզբունքորեն պետք է ինքնաբերաբար հեռու վանի։ Բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, եւ հավատացեք` այն հիմնված չէ տեսական ենթադրությունների վրա, որ Ռուսաստանի նման ընկալումը Վրաստանի բնակչության մեջ լայնորեն տարածված վերաբերմունքի արդյունք չէ։ Հասկանալի է, որ ես նկատի չունեմ æավախեթիի կամ Թբիլիսիի հայ բնակչությանը, այլ հենց վրացիներին, որոնք ապրում են Վրաստանում։ Որպեսզի այդպիսի վերաբերմունքը չլինի միայն Վրաստանի քաղաքական-փորձագիտական խավի մենաշնորհը, ինչպես հիմա, անհրաժեշտ է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի բնակչությունների միջեւ կապերը երկար ժամանակով ընդհատվեն, որ Վրաստանից գաղթողները չգնան առաջին հերթին Ռուսաստան, այլ, ասենք, Եվրոպա, Արեւմտյան կիսագնդի երկրներ։ Կարող եմ գուշակել իմ այս դիտողության առնչությամբ Ձեր պատասխանը. եթե հնարավոր լիներ (այսինքն՝ ավելի էժան, իրավական տեսանկյունից ավելի հեշտ եւ այլն) մեկնել ոչ թե Ռուսաստան, այլ ուրիշ երկիր, ապա վրացիները կգերադասեին այդպես էլ վարվել։ Բայց այդ հնարավոր պատասխանը հենց հաստատում է, որ անկախ նրանից` ցանկանու՞մ են այդ բանը, թե՞ ոչ վրացական ղեկավարությունը եւ հասարակության մյուս ներքաշված շերտերը, Ռուսաստանը Վրաստանի համար ավելի մեծ հարեւան է, քան Հայաստանի։ Մի՞թե Վրաստանի շահերից չի բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter