HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման հետեւանքները

Իրակլի Մճեդլիշվիլի. Ռուսներից հետո մենք դատապարտված կլինենք ազատության 

Աբխազիայում եւ Հարավային Օսիայում խաղաղապահ ջանքերի միջազգայնացման հարցը միանշանակ չէ։ Ամենից շատ այն կախված է Վրաստանի կառավարության պահվածքից։ Եթե կառավարությունը հետեւի ժողովրդավարական ուղղությանը եւ դիմի քաղաքակիրթ մեթոդների, ապա կարգավորումը հնարավոր կլինի իրականացնել ներքին ռեսուրսներով (առանց Ռուսաստանի եւ մյուսների), իսկ եթե ոչ, ապա առանց միջազգայնացման հնարավոր չի լինի յոլա գնալ։ Ինչ վերաբերում է այլ երկրների ռազմակայաններին (ռուսականների փոխարեն), ապա չեմ կարծում, թե մոտ ապագայում դա հնարավոր է։ Առնվազն ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում իր զորքերը տեղակայել Վրաստանում։ Ուստի, ուզում ենք, թե ոչ, ռուսների հեռանալուց հետո մենք դատապարտված կլինենք ազատության։ Իհարկե, Վրաստանը կշարունակի արդիականացնել իր անվտանգության համակարգը՝ հետեւելով արեւմտյան չափանիշներին, որպեսզի ինտեգրվի ՆԱՏՕ-ին։ Բայց դա արդեն այլ հարց է եւ, ամենայն հավանականությամբ, քիչ ընդհանուր բան կունենա հարաբերությունների ներկա համակարգի հետ (այդ թվում՝ ռուս-վրացական)։ 

Ալեքսանդր Ռուսեցկի. Մեր ներքին գործերով սովորաբար զբաղվում են ուրիշ պետություններ

Ես համաձայն եմ, որ եթե որպես կառավարության եւ հասարակության գործունեության հիմք ընդունվեն ժողովրդավարական արժեքները, եւ եթե պակասի էթնո-խմբային էգոիզմը, ապա խաղաղապահ ուժեր կարելի է գտնել նաեւ մեր հասարակության ներսում եւ տեղայնացնել հակամարտությունը, այլ ոչ թե միջազգայնացնել։ Դա ամենաճիշտ ուղին է, բայց դրա համար հավանաբար անհրաժեշտ է քաղաքական մշակույթի որոշակի մակարդակ։ Փաստացի իրողությունն այն է, որ մեր ներքին գործերով զբաղվում են ուրիշ պետություններ։ Ինչքան նրանք քիչ լինեն, այնքան մեզ համար ավելի լավ կլինի։ Կամ` ինչքան մեզ համար լավ լինի (ես նկատի ունեմ, իհարկե, բոլորին միասին), այնքան նրանք քիչ կլինեն։ Ի՞նչ եք կարծում, Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումը կազդի՞ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության վրա։ Որքա՞ն է հավանականությունը, որ մոտ ժամանակում հակամարտության գոտիներում տեղի կունենան հերթական սադրանքները, ինչի հետեւանքով անհրաժեշտ կլինի ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը։ 

Իրակլի Մճեդլիշվիլի

Խաղաղապահների հարցն ուղղակիորեն կապված չէ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման հետ, բայց, իհարկե, նրանք նույնպես պետք է հեռանան։ Ձեւականորեն դրա համար բավարար է մեր կառավարության որոշումը։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա նրա դրդապատճառների մասին, հատկապես վերջին ժամանակներս, դժվար է դատել։ Ուստի ոչինչ չեմ բացառում։ Ինչպիսի սադրանք էլ որ լինի (ցանկացած կողմից), կամ ցանկացած այլ գործողություն, դրանք միմիայն կձգձգեն կարգավորման գործընթացը։ Այսինքն՝ Վրաստանից ռուսական խաղաղապահների դուրսբերումն անխուսափելի գործընթաց է։ 

Կոբա Լիկլիկաձե

Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումը Ռուսաստանի անհեռատես քաղաքականության եւ ձեւավորված միջազգային կոնյունկտուրայի արդյունք է։ Ռուսաստանը Վրաստանի հետ շրջանակային պայմանագիր չի ստորագրել, բացահայտորեն օժանդակել է անջատողական վարչակարգերին, մի կոպեկ անգամ չի վճարել ռազմական օբյեկտների պահպանման համար, չի կատարել իր խոստումը՝ օգնելու Վրաստանի զինված ուժերի կառուցմանը, գրեթե 15 տարվա ընթացքում վրաց եւ ռուս զինվորականների միջեւ շփումները եղել են զրոյական։ Ինչ վերաբերում է միջազգային քաղաքականությանը, ապա արժե հիշել, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի համաձայնության հարմարեցումը 1999թ. ԵԱՀԿ-ի ստամբուլյան գագաթաժողովում դրեց գրեթե երեսնամյա բանակցությունների ( որոնք պատմության մեջ հայտնի են որպես զինաթափման բանակցություններ ) վերջակետը։ Ժամանակին ամերիկացի մասնագետների մշակած մոտեցումը ենթադրում էր երկու եվրոպական բլոկների՝ ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան պայմանագրի երկրների՝ Եվրոպայում տեղակայված հարձակողական զինատեսակների (տանկեր, հրետանի, զրահատեխնիկա, մարտական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ) քանակի կրճատում եւ համատեղ վերահսկում։ 1990թ. ստորագրվեց Պայմանագիր սովորական զինատեսակների մասին, որտեղ խոսվում էր երկու բլոկների մարտական տեխնիկայի կրճատման պայմանների մասին՝ ընդհանուր առմամբ 43 հազար միավորով։ Բայց քանի որ դրա ստորագրումից կարճ ժամանակ անց Խորհրդային Միությունը փլուզվեց, ապա առաջացավ այդ համաձայնությունը նոր իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտություն, որն էլ տեղի ունեցավ 1999թ. Ստամբուլի գագաթաժողովում։ Այնտեղ էլ հենց լուծվեց Վազիանիի եւ Գուդաուտայի ռազմակայանների ճակատագիրը (դրանք դուրս բերվեցին 2001թ.)։ Իսկ Բաթումիի եւ Ախալքալաքի կայանների դուրսբերումը որոշված է (Արեւմուտքի ուժեղ ճնշման ներքո) ավարտել 2008 թվականին։ Բայց, ինչպես ճիշտ նկատեց Ալեքսանդր Ռուսեցկին, դրանով Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանում եւ Հարավային Կովկասում չի ավարտվում։ Տարածաշրջանը մնում է բավական ռազմականացված եւ պայթյունավտանգ առաջին հերթին չլուծված հակամարտությունների պատճառով։ 

Լաուրա Բաղդասարյան. Ռուսաստանի հետ եւ առանց Ռուսաստանի

Քննարկման դրված հարցերի վերլուծությունը կարող է մոտեցնել մեզ այն գործընթացների ընկալմանը, որոնք հենց հիմա տեղի են ունենում ռուս- վրացական փոխհարաբերություններում եւ, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանում։ Քանզի վերջին տարիներին ավելի ու ավելի պարզ է երեւում, որ ցանկացած պետության մեջ կատարվող որեւէ շարժում այս կամ այն կերպ ազդեցություն է թողնում հարեւանների վրա։ Առավել եւս, եթե դա կապված է անվտանգության հետ։ Դեռ երեկ ես հարցնում էի վրացի փորձագետներին, թե արդյո՞ք ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո երկիրը չի հայտնվի ավելի անբարենպաստ վիճակում։ Հարցը հրատապ է, քանի որ կապված է ոչ միայն Վրաստանի անվտանգության հետ, այլեւ իրադրությունների հնարավոր սրման հետ թե՛ Վրաստանի հակամարտության գոտիներում, թե՛ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում: Ռուս-վրացական փոխհարաբերությունները Հարավային Կովկասի գլխավոր հակասություններից մեկն են, քանի որ ավելի ու ավելի շատ են ստանում աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Սերգեյ Մինասյանի հարցը, թե ինչու հենց հիմա հնարավոր դարձավ Վրաստանից ռազմակայանների դուրսբերումը, կարեւոր է հենց այս տեսանկյունից։ Հասկանալի է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի նման երկրները հենց այնպես չեն հավաքում «իրենց ճամպրուկները» եւ հեռանում որեւէ երկրից։ Չունեմ հարցի սպառիչ պատասխանը տալու հավակնություն, բայց ինձ թվում է, որ այդ բանը հնարավոր դարձավ մի քանի պատճառներով. 

ա) Այս պահին Ռուսաստանն արդեն ունի Վրաստանի վրա ազդեցության այլ լծակներ, որոնք նա բոլոր կարեւոր ուղղություներով զարգացրել է վերջին 2-3 տարիների ընթացքում։ Տնտեսությունը, հիմնականում էներգետիկան, ինչպես բազմիցս նշվեց այս կոնֆերանսի մասնակիցների կողմից, լավ այլընտրանք է զինված կազմավորումների ներկայությանը։ Առավել եւս, որ դուրս են բերվելու ոչ բոլոր կայանները։ Ասենք՝ Գուդաուտայի ռազմակայանը պետք է մնա։ 

բ) Դուրսբերումը հնարավոր դարձավ հենց հիմա, քանի որ կատարվել է երկու լուրջ հայտարարություն. ռուսական ռազմակայանների փոխարեն չեն տեղակայվի օտարերկրյա զինված կազմավորումներ ( սա վրացական իշխանությունների հայտարարությունն է ), եւ դուրսբերման շուրջ բանակցությունների ողջ ընթացքում մշտապես հնչում էին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հայտարարությունները, որ չկա Վրաստանում հյուսիսատլանտյան կազմավորումներ տեղակայելու մտադրություն։ 

Իրակլի Մճեդլիշվիլի

Այո, ռազմակայանների հարցը ընթացքի մեջ դրվեց արագորեն։ Ստացվեց ոչ վատ արդյունք, քանի որ խնդիրը բավական հասունացած էր, եւ այս հարցում կառավարությունը գործում էր ներքին եւ արտաքին սպասելիքների համաձայն։ Եթե ավելի շուտ անեին այդ բանը, վստահ եմ, դարձյալ կստացվեր։ Իհարկե, սկզբնական շրջանում ժողովրդի մեջ որոշակի պատրանքներ կային այն մասին, որ եթե ռազմակայանները տանք ռուսներին եւ համագործակցենք, ապա Ռուսաստանը հանգիստ կթողնի Վրաստանին, բայց արդեն վաղուց նման լավատեսներ չկան։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու էր կառավարությունը մինչ այդ հապաղում, ապա այդ մասին տարբեր կարծիքներ կան։ Բայց կարեւորն այն է, որ կառավարությունը միշտ չէ առաջնորդվում ժողովրդի շահերով եւ միջազգային պարտավորություններով։ Այսինքն՝ ես չեմ կարծում, թե լուծման վրա ընդհանուր առմամբ ազդել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են հակաահաբեկչական կենտրոնը կամ ինչ-որ որոշակի առաջարկներ։ Կոբա Լիկլիկաձեն ճիշտ է, երբ ասում է, որ հարցը լիովին հասունացած էր, եւ պետք էր միայն գտնել բաժանման ճիշտ ձեւ։ 

Սերգեյ Մինասյան. Նոր պայմաններում Վրաստանի անվտանգության մասին

Արդեն գրեթե մեկ տարի բազմաթիվ վրացի փորձագետներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ լուրջ անհանգստություն են հայտնում Վրաստանի կողմից զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի լայնամասշտաբ եւ տենդագին գնումների փաստերի առնչությամբ։ Չնայած նոր Վրաստանի զինված ուժերի բարեփոխման եւ կառուցման մասին ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, շատերը կարծում են, որ խոսքը երկրի տարրական ռազմականացման մասին է։ Ձեզ չի՞ թվում, որ այն պայմաններում, երբ Օսիայում եւ Աբխազիայում ռազմական գործողությունների վերսկսումը Վրաստանում ընկալվում է որպես իրադարձությունների վատթարագույն ընթացք, երկրի ղեկավարությունը ընտրել է Վրաստանի անվտանգության ապահովման ամենավտանգավոր եւ շատ առումներով անարդյունավետ ճանապարհը։ Եվրոատլանտյան ինտեգրման ինստիտուցիոնալ եւ փաստացի (այլ ոչ թե հռչակագրային) խորացման, ԶՈՒ-ի համակարգային բարեփոխման փոխարեն այն ընթանում է սեփական ֆիզիկական հզորության մեծացման ճանապարհով՝ հույս ունենալով ուժային ճնշում բանեցնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վրա։ 

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ հաշվի առնենք, որ Մ. Սահակաշվիլիի կառավարությունը փորձում է ուժային գործողության դիմել, ասենք, Հարավային Օսիայի նկատմամբ, ապա նրա ինչի՞ն է պետք այդ քանակությամբ ծանր տեխնիկան։ Օսերի զինված կազմավորումներին հակազդելու համար միանգամայն բավական է Վրաստանի ունեցած պոտենցիալը. թվաբանությունը լիովին Վրաստանի կողմն է։ Իսկ եթե խնդիրն այն է, որ օսերի կամ աբխազների կողմից կարող են հանդես գալ ռուսական զորքերը, ապա բոլորովին անիմաստ են դառնում ռազմական տեխնիկայի ձեռքբերման այդ ջանքերը. ի՞նչ կարող է հակադրել Վրաստանը՝ գնելով տասնյակ տանկեր, եթե գործին բացահայտորեն խառնվեն, ասենք, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 58-րդ բանակի զորքերը։

Ալեքսանդր Ռուսեցկի 

Ես համաձայն եմ Սերգեյ Մինասյանի հետ . տեղի է ունենում անզուսպ ռազմականացում, որը հիմնված է անշնորհք քաղաքականության վրա։ Բայց ի՞նչ կարող ես անել, այսքան տարի մենք զգում ենք հյուսիսի անշնորհք քաղաքականության հետեւանքները։ Ցավոք, քաղաքական մշակույթը մեզ փոխանցվում է ոչ միայն արեւմուտքից, այլեւ հյուսիսից։ Չափից ավելի շատ զգացմունքներ եւ քիչ բանականություն է դրսեւորվում։ Թեեւ կարող եմ ենթադրել, որ մենք շատ բաների մասին տեղեկացված չենք։ Ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ սխալվել եմ։ Երկրի անվտանգության հիմքը՝ զինված ուժերը, կառուցվում են ոչ այն սկզբունքով, որով պետք է կառուցվեն։ Դա հիմնարար խնդիր է։ Յուրաքանչյուր կազմակերպության հիմքը կազմակերպական մշակույթն է։ Իսկ դրա բաղադրիչները արժեքներն են։ Եթե երկրի բանակն ուժեղ է եւ ուղղված է բոլորի, այլ ոչ թե մի մասի պաշտպանությանը մյուսներից, ապա օտարերկրյա ռազմական ներկայության նկատմամբ վերաբերմունքը նույնպես ուրիշ է լինում։ Ուրիշ է նաեւ վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման նկատմամբ եւ այլն։ 

Կոբա Լիկլիկաձե. Վ րաստանի ռազմականացման մասին

Իմ հոդվածներում ես շոշափում եմ Վրաստանի ռազմականացման թեման։ Եւ ահա նոր տվյալներ. 2005 թվականին Ուկրաինայից՝ 6 միավոր ՍԱՈՒ-2Ս3, 28 ԲՄՊ 2, 13 ԲՏՌ։ Սպասվում է 40 միավոր ԲՄՊ 2 եւ 10 ԲՏՌ։ Ես կարծում եմ, որ երկիրը պետք է լրացնի իր քվոտաները եւ ուժեղացնի իր մարտական պոտենցիալը։ Բայց դա հիմնական նախապատվությունը չէ. Վրաստանի իշխանությունները խիստ տարված են գնումներով այն դեպքում, երբ զորամասերում աճում է հանցագործությունը, եւ կատարվում է սպայական կազմի համատարած կրճատում։ 

Լաուրա Բաղդասարյան. Հայաստանը Վրաստանում կատարվող գործընթացների ֆոնին

Չգիտեմ` ճի՞շտ է արդյոք հարցի նման դրվածքը, եթե վերցնենք միայն այն, որ ուժերի մի մասը Վրաստանից պետք է վերատեղակայվի Հայաստանում։ Մյուս կողմից, ինչպես ճիշտ նկատեց Սերգեյ Մինասյանը, Հայաստանին ուղղված ՆԱՏՕ-ի բավական միանշանակ ուղերձն այն մասին, որ Հայաստանը կարող է ակնկալել այս կազմակերպության օժանդակությունն իր կողմնորոշումը փոխելու դեպքում, պատահական չէ IPAP ծրագրին Հայաստանի միանալու շրջանում։ Բայց կարելի է ավելի առաջ գնալ եւ վերլուծել ուղերձն ընդունելու դեպքում հնարավոր զարգացումների տարբերակները։ Բանն այն է, որ, ինչպես ինձ թվում է, վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից ռազմակայանների դուրսբերումից հետո Հայաստանը մնում է Հարավային Կովկասի միակ երկիրը, որտեղ ռուսական ռազմակայանները կարող են գտնվել՝ ունենալով իրավական հիմքեր: Վրաստանում եւ Ադրբեջանում կայաններ չեն լինի (Գաբալայի ՌԼԿ-ն, որքան էլ որ եզակի լինի իր տեսակով, այնուամենայնիվ չունի սովորական ռազմակայանների հնարավորությունները)։ Այսինքն՝ տարածաշրջանի միատարրության տեսանկյունից Հայաստանը դառնում է աչքի փուշ։ Թեկուզ անվնաս, բայց փուշ։ Իհարկե, ցանկալի չէ աչքի փուշ լինել Հյուսիսատլանտյան Դաշինքում, բայց ընտրություն չկա։ Նման կարգավիճակը Հայաստանի համար դառնում է Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների վրա ազդեցության միակ լծակը։ Հատկապես, որ ՆԱՏՕ-ն չունի Թուրքիայի վրա ներգործության այնպիսի լիազորություններ, որ նա դադարի Հայաստանի անվտանգության վրա ազդող հանգամանք լինելուց։ Ցանկանում են այդ բանը ուրիշ երկրների փորձագետները, թե ոչ, համարում են դա անախրոնիզմ, թե ոչ, Հայաստանում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ` նույնիսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պաշտոնական մակարդակում հնարավոր է համարվում առանց նախապայմանների։ Տարածված կարծիք կա, թե եվրոպական համայնքի ուղղությամբ շարժվող Թուրքիան չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար գոնե այն պատճառով, որ նրա համար Եվրամիության անդամությունը շատ ավելի կարեւոր է մի ինչ-որ փոքր եւ ռազմական առումով մի քանի անգամ ավելի թույլ Հայաստանի հետ հարաբերություններից։ Սակայն Թուրքիայի ընկալման իրողությունների հետ պետք է հաշվի նստել ճիշտ այնպես, ինչպես պետք է հաշվի նստել այն իրողությունների հետ, որ Վրաստանից ռազմակայանների դուրսբերման հարցը Ռուսաստանի սպառնալիքից «համենայնդեպս հեռու մնալու» հարց է։ Առավել եւս, որ Թուրքիան է Հայաստանի հետ իր հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ, այլ ոչ թե Հայաստանը, Թուրքիան է փակել Հայաստանի հետ իր սահմանները, այլ ոչ թե Հայաստանը։ Հենց այսպիսի իրողություններն են, որ հիմքեր չեն տալիս Հայաստանում Թուրքիան ընկալել որպես փոփոխվող եւ եվրոպականացող երկիր: Հետաքրքիր է, որ այժմ` Վրաստանից ռազմակայանների դուրսբերումից հետո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին (այդ դեպքում Հայաստանում կվերանայվի Ռուսաստանի ռազմակայանների ներկայության հարցը), ո՛չ էլ Ադրբեջանին, որի համար դա կընկալվի որպես մահացու վիրավորանք։ «Տարածաշրջանն առանց ռուսական ռազմակայանների» իրավիճակը արագ կփոխարինվի «Տարածաշրջանը ՆԱՏՕ - ական ռազմակայաններով» գործընթացով : Կարեւոր չէ, թե դրանք գործնականում երբ կտեղակայվեն այստեղ` 10-15, թե՞ 20 տարի անց։ Կարեւոր է սկզբի համար տպավորություն ստեղծել, որ տարածաշրջանի այս երկրներն իրենք, առանց արեւմտյան երկրների ճնշման, հրաժարվեցին ռուսական ռազմական ներկայությունից, առավել եւս, որ Ռուսաստանն իր հերթին նույնպես զգալի մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասի երկրներին այդպիսի հրաժարման վիճակի հասցնելու գործում։ Տարօրինակ է, բայց փաստ։ Չգիտեմ` արդյոք ա՞յն պատճառով, որ, իսկապես, Ռուսաստանին «հասկանալ չես կարող», թե՞ որովհետեւ Ռուսաստանն ինքը «խորհրդայինից անկախ երկրի» վերափոխման ընթացքում է։ Դրան գումարած այն, որ ստիպված է չհրաժարվել գերտերության հավակնություններից։ Այս դիտարկումներն են առաջ գալիս Հայաստանին հասցեագրված ուղերձի մասին խորհելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter