HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Կովկասում գտնվելու իրավունք

Սերգեյ Մինասյան

Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ ռազմական համագործակցության իրավական հիմքը մեծաքանակ միջպետական եւ միջգերատեսչական պայմանագրերն ու համաձայնագրերն են, որ ստորագրվել են 1992թ.։ Բայց երկու երկրների ռազմական համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը, այսպես կոչված, «մեծ համաձայնագիրն» է ( Համաձայնագիր բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ պաշտպանության մասին ) , որը կողմերը ստորագրել են 1997թ. օգոստոսի 27-ին։ Հայաստանի տարածքում (Գյումրի, Երեւան քաղաքներում եւ Էրեբունի ռազմական օդակայանում) այժմ տեղաբաշխված ռուսական զորքերի մեջ են մտնում` Հայաստանում ռուսական զորքերի ռազմական կառավարման խումբը, 102-րդ ռազմակայանը, օդային ուժերի 426-րդ խումբը եւ օդային ուժերի 520-րդ պարետատունը։ «Հայաստան» զորախմբի ( այսպես են կոչվում Անդրկովկասի նախկին սահմանապահ օկրուգի զորամասերը, որոնք մտել են ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության մեջ ) կազմի մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ։ Անձնակազմի թիվը գերազանցում է 3500-ը։ Երկկողմանի համագործակցության կարեւորագույն մաս է կազմում համատեղ ռուս-հայկական զորախմբի ստեղծումը։ Արմավիրի հրաձգարանում ընթացող ամենամյա զորավարժություններն իրենց նմանը չունեն ամբողջ ետխորհրդային տարածքում (մինչեւ 2000թ. սկիզբը սրանք իրենց կանոնավորությամբ եւ մասնակիցների թվով խոշորագույնն էին նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում)։ 

Լաուրա Բաղդասարյան

Ինձ համար անհասկանալի են մեր երկրների որոշ քաղաքական գործիչների եւ նույնիսկ վերլուծաբանների կոնյունկտուրային հապճեպ արտահայտությունները, թե հնարավոր է ձերբազատվել մի երկրի ռազմական ներկայությունից՝ չհրաժարվելով կերակրվել ուրիշ աղբյուրներից։ Վերջերս մենք անդրադարձել էինք մեր երկրներում Ռուսաստանի ներկայության խնդրին. որքա՞նով է Ռուսաստանը ներկայացված մեր երկրներում, եւ ինչպե՞ս է դա դրսեւորվում։ Պարզվում է, որ Ռուսաստանի ներկայությունը միայն ռազմական համազգեստով չի արտահայտվում, այլեւ շատ այլ բաներով։ Ահա մեկ այլ հանգամանք։ Այս տարվա գարնանը մենք հարցում անցկացրինք երեք երկրների առաջատար կուսակցությունների ղեկավարների շրջանում, եւ ոչ ոք, կրկնում եմ՝ մեր երկրներում քաղաքական եղանակ ստեղծող 30 ղեկավարներից ոչ մեկը չէր կարծում, որ իր երկրի անվտանգությունը կարելի է ապահովել առանց Ռուսաստանի գործոնը հաշվի առնելու։ 

Կոբա Լիկլիկաձե

Ինձ թվում է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի ռազմական հարաբերությունները կարող են նույնիսկ ավելի հաջողությամբ զարգանալ երկու ռուսական ռազմակայանների դուրս բերման ժամկետի շուրջ համաձայնության գալուց հետո։ Ես նաեւ կիսում եմ այն փորձագետների կարծիքը, ովքեր համարում են, որ Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանի հետ իրենց ռազմական հարաբերությունները պետք է կառուցեն՝ ելնելով իրենց ազգային շահերից։ Եւ հենց այստեղ էլ հարց է առաջանում, թե Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ ռազմակայանները ազգային անվտանգության տեսանկյունից։ Ռուսական ոազմակայանները Վրաստանում գտնվում են առանց իրավական հիմքի։ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը (ՌԼԿ) Ադրբեջանում է, բայց հանդիսանում է Ռուսաստանի «աչքերն ու ականջները» Մերձավոր Արեւելքում։ Այդ կայանի օգնությամբ Ռուսաստանը կարող է հետեւել Իրաքում առկա իրադրությանը, իսկ դրա փոխարեն Ադրբեջանը դոլարներ է ստանում։ Հարցերը շատ են, եւ դրանք կարելի է դիտել տարբեր տեսանկյուններից։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ռուսական ռազմական ներկայությունից Վրաստանը քիչ օգուտ ունի: 

Լաուրա Բաղդասարյան. Ռազմական քաղաքականության հայտանիշը

Բնականաբար, ռազմակայանի ներկայությունը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին։ Այդ պարզ ճշմարտությունը կարելի է տեսնել Գաբալայի կայանի օրինակով։ Ռուսաստանին անհրաժեշտ է տեսնել Արեւելքը Ադրբեջանի սահմաններից այն կողմ, իսկ Ադրբեջանը դեմ չէ դրա դիմաց փող ստանալ։ Սա բնական եւ, ըստ երեւույթին, փոխշահավետ գործարք է։ Հայաստանի դեպքում նույնպես ակնհայտ է փոխշահավետությունը։ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ եւ դեմ չէ օժանդակություն ստանալ հայ-թուրքական սահմանի երկայնքով անվտանգություն ապահովելու գործում, իսկ Ռուսաստանը ցանկանում է իր անվտանգությունն ապահովել սեփական սահմաններից շատ հեռու։ Սովորաբար այդպես վարվում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ցանկացած շատ թե քիչ կարող պետություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ը «սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովում է» պատերազմ մղելով եւ ներկայություն ապահովելով մյուս կիսագնդում՝ Իրաքում, Աֆղանստանում եւ ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է։ Վստահ եմ, որ եթե մեր պետությունները նույնպես նման հնարավորություններ ունենային, մենք հպարտորեն կընդունեինք այդ եղելությունը։ Ակնհայտ է, որ պետության ինքնուրույն ռազմական քաղաքականությունը կարող է արտահայտվել ոչ միայն ոչ ավանդական գործընկերոջից ռազմական տեխնիկա գնելով, ոչ միայն իր տարածքում գտնվող օտարերկրյա ռազմակայանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, այլ գլխավորապես ռազմատեխնիկական տեսանկյունից՝ ավելի լավ, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ ավելի անվտանգ տարբերակի ընտրությամբ։ Վրաստանում Ռուսաստանն ընկալվում է որպես, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություն, եւ ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո երկրում դեռ երկար ժամանակ այլ ռազմակայաններ չեն կարող տեղակայվել (Վրաստանը երկար ժամանակ չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ): Վրաստանի համար արդյո՞ք դա ավելի վտանգավոր հեռանկար չէ, քան այժմ։ 

Ստեփան Գրիգորյան

Քաղաքականությունը (հատկապես դրա ռազմական բաղադրիչը ) ենթադրում է փոխանակում։ Այսպես` յուրաքանչյուր երկիր իր տարածքում ուրիշ երկրի ռազմակայաններ տեղակայելիս հաշվարկում է իր օգուտները։ Բայց օգուտն առաջին հերթին որոշվում է դրա դիմաց ակնկալվող անվտանգության չափով, այլ ոչ թե ստացած փողի քանակությամբ։ Ուստի Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությանը մենք պետք է առաջին հերթին մոտենանք հենց այդ տեսակետից։ Իսկապես, տասը տարի առաջ, երբ մենք մշակում էինք «Հայաստանում ՌԴ-ի ռազմակայանի մասին» պայմանագիրը (ես մասնակցել եմ այդ պայմանագրի մշակմանն ու վավերացմանը), մեզանից եւ ոչ մեկը կասկածներ չուներ մեր գործողությունների ճիշտ լինելու վերաբերյալ։ Այն ժամանակ նոր էր սկսվում տարածաշրջանի երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մասին մտածելն անգամ աներեւակայելի էր։ Այն ժամանակ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մյուս երկրները շարունակ կրկնում էին, որ ԱՊՀ երկրները (հատկապես ռազմական ոլորտում) կազմում են Ռուսաստանի ազդեցության ավանդական գոտին։ Հաշվի առնելով բազմաթիվ գործոններ` ներառյալ Թուրքիայի գործոնը, Հայաստանի համար բնական էր սեփական անվտանգությունը փնտրել Ռուսաստանի հետ երկկողմանի ռազմական համագործակցության մեջ։ Հայաստանում ռուսական ռազմակայանների մասին պայմանագիրը ստորագրվեց 25 տարով, դրանց պահպանման ծախսերի կեսը Ռուսաստանը վերցնում էր իր վրա։ Այսօր իրադրությունը որակապես փոխվել է։ 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը երկկողմանի ռազմական համագործակցություն սկսեց տարածաշրջանի երկրների հետ, խիստ տպավորիչ են տարածաշրջանի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության մասշտաբները։ Հետաքրքիր է, որ այդ փոփոխությանն առաջինն արձագանքեց հենց Ռուսաստանը, որը երկու տարի առաջ նվազեցրեց Հայաստանում ռազմակայանների պահպանման ծախսերի իր մասը։ Մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում։ Եթե ԱՄՆ-ը աշխարհի տարբեր մասերում (ներառյալ Կենտրոնական Ասիան) իր ռազմակայանների պահպանման համար ծախսում է հսկայական միջոցներ, ապա դա նշանակում է, որ նա շահագրգռված է իր զորքերը հյուրընկալող երկրի անվտանգությամբ, ինչպես նաեւ լուծում է իր աշխարհաքաղաքական եւ ռազմական խնդիրները։ Իսկ եթե Ռուսաստանը չի ցանկանում փող ծախսել իր կայանների վրա, ապա դա նշանակում է, որ նա շահագրգռված չէ իր ռազմակայանների գործունեության արդյունավետությամբ։ 

Կոբա Լիկլիկաձե

Ես միանգամայն ճիշտ եմ համարում Լաուրա Բաղդասարյանի  բարձրացրած հարցը։ Ինձ թվում է, որ վրացական կառավարությունը հենց քաղաքական ու տնտեսական շահի տեսանկյունից է պահանջում դուրս բերել այն երկրի ռազմակայանները, որը Վրաստանին ոչինչ չի վճարում։ Վրաստանում ռուսական ռազմակայանների տեղը ոչ ոք չի զբաղեցնի այդ մասշտաբով։ Առաջին՝ դա շատ թանկ կարժենա, երկրորդ՝ Վրաստանի հիմնական դաշնակիցների (ՆԱՏՕ, Թուրքիա, ԱՄՆ) համար Բաթումիի եւ Ախալքալաքի ուղղությունները չեն կարող համարվել ռազմավարական։ Բայց դա չի նշանակում, թե Վրաստանի տարածքում չեն կարող հայտնվել օտարերկրյա ռազմակայաններ։ Անվտանգության հավելյալ երաշխիքները եւ բյուջեում հավելյալ միջոցները ոչ մեկին չեն խանգարում։ Իսկ Ռուսաստանը Վրաստանին պետք է ներկայացնի ռազմական համագործակցության իրավահավասար եւ հիմնավորված նախագիծ։ 

Ախալքալաքում ապրող հայերը վախենում են, որ ռուսական զինվորականների փոխարեն կգան թուրքերը։ Սակայն դա քիչ հավանական է, քանի որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում ունենալ եւս մեկ անջատողական հակամարտություն։ Այդ բանը հասկանում է եւ Թուրքիան, որը վրացական զինված ուժերի խոշոր դոնորն է։ Ամենայն հավանականությամբ, Ախալքալաքում կտեղակայվի էլիտային վրացական վաշտ, որին կմարզեն ամերիկյան հրահանգիչները։ 

Ալեքսանդր Ռուսեցկի

Պետք է բանավիճեմ Ստեփան Գրիգորյանի  հետ։ Ռազմակայանների հարցում ես համաձայն եմ Ձեր ասածի հետ։ Դրանք հեռանում են։ Դանդաղ եւ անվստահ։ Հեռանում են ոչ միայն տեխնիկապես, այլեւ սկզբունքորեն հնացած։ Ռազմակայանը մի կլիշե-տերմին է, որը նստած է մեր գիտակցության մեջ։ Այն խանգարում է մեզ՝ տեսնելու իրողությունները։ Վրաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի նվազում։ Այն փոխակերպվում է։ Սուխումիում եւ Ցխինվալիում ուժային նախարարությունների ղեկավարները կադրային զինվորականներ կամ պահեստի զինծառայողներ են՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Երկրի տարածքում վխտում են տարատեսակ գործակալներ, այդ թվում՝ մեր հարեւաններինը եւ գլխավոր հարեւանինը։ Ոչ պաշտոնական ռազմական կազմավորումները համալրված են Ռուսաստանի քաղաքացիներով, եւ ինձ համար միեւնույն է, թե նրանք ինչ ավտոմատներ են կրում կամ որ շրջանից են։ Նրանք անպայման պետք են։ Եւ գիտե՞ք ինչի համար։ Որպեսզի երաշխավորեն «երանելի խաղաղապահների» ներկայության անհրաժեշտությունը։ Խորհուրդ չեմ տալիս ամեն ինչ վարդագույն դիտարկել։ Վարդը գեղեցիկ ծաղիկ է, բայց շատ արագ է թառամում։ 

Ալեքպեր Մամեդով

Անցյալ տարի Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունեց օրենք ազգային անվտանգության մասին։ Համաձայն այդ օրենքի՝ ոչ մի պետություն իրավունք չունի ռազմակայաններ ունենալ Ադրբեջանում։ Հետեւաբար, եթե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ռազմաբազա լիներ (ինչպես որոշ ընկերներ գերադասում են այն կոչել), ապա ինքնաբերաբար դատապարտված կլիներ ապամոնտաժման։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը վճարում է տարեկան ընդամենը 7 միլիոն դոլար (ինչը ծիծաղելի գումար է ճառագայթման «գլոբալ» ֆոնի, մեծաքանակ հիվանդությունների առկայության պայմաններում, երբ կայանի շրջակայքում անհետացել են նույնիսկ մեղուները, թիթեռները եւ խխունջները, իսկ մարդիկ կորցրել են պտղաբերությունը), ապա պետք է ենթադրել, որ Ադրբեջանի կառավարությունը վաղուց կարող էր այդ ՌԼԿ-ը դուրս հանել երկրի սահմաններից։ Միջազգային օրենսդրությունը, համաձայնագրերի պահանջները, ինչպես նաեւ քաղաքական կոնյունկտուրան հուշում են հենց այդպիսի ընթացք։ Բայց այստեղ կա մի բարդություն. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ ռուսական կողմը վարձակալում է Գաբալայի ՌԼԿ-ը մի պայմանով, որպեսզի տեղեկատվություն հաղորդի Ադրբեջանի տիեզերական գործակալությանը եւ սահմանապահ զորքերին, իսկ համապատասխան հարցման դեպքում՝ նաեւ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերին։ Այսօր թեժ բանավեճեր են տեղի ունենում այս ՌԼԿ-ի նպատակահարմարության մասին։ Փորձագետները հակված են այն կարծիքին, որ Ռուսաստանն այն ոչ մեկին չի զիջի, այլ կգերադասի ժամանակի ընթացքում ապամոնտաժել։ Որքա՞ն կպահանջվի սպասել այս խնդրի լուծմանը, ցույց կտա ժամանակը։ 

Իրակլի Մճեդլիշվիլի

Այն հարցի կապակցությամբ, թե արդյո՞ք Վրաստանի անվտանգությունը չի թուլանա ռուսական զորքերի բացակայության պայմաններում, կարծում եմ, պետք է միանշանակորեն պատասխանել՝ ոչ, չի պակասի, քանի որ դրանք հիմնականում ապակայունացնող գործոն են եղել։ Օրինակ՝ ռազմակայանները օժանդակում էին Աբաշիձեի վարչակարգին, զբաղվում էին զենքի վաճառքով եւ այլն։ Այսինքն՝ եթե ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո Վրաստանի ընդհանուր անվտանգությունը չամրապնդվի, ապա չի թուլանա։ 

Ստեփան Գրիգորյան

Երբ ես խոսում էի Վրաստանում ռուսական ռազմական ներկայության մասին, նկատի չունեի հակամարտության գոտիները, քանի որ դրանք առանձին եւ լուրջ դիտարկման հարցեր են։ Հակամարտության այս գոտիներում անկասկած ուժեղ է Ռուսաստանի ռազմական ներկայության ոչ ֆորմալ բաղադրիչը։ Եւ ստեղծված վիճակից հնարավոր ելքերից մեկը, իմ կարծիքով, ենթադրում է հյուսիսօսական եւ աբխազական հակամարտությունների կողմերի շփման գծում գտնվող խաղաղապահ ուժերի միջազգայնացում: Մերձդնեստրյան հակամարտության դեպքում այս գործընթացն արդեն սկսվել էր, երբ Ուկրաինայի նախագահ Վ. Յուշչենկոն այս տարվա ապրիլի 23-ին ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովում առաջարկեց մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավել ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը (այսինքն՝ ընդլայնել հակամարտության լուծման գործող ձեւաչափը` Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա եւ ԵԱՀԿ, չորսից հասցնելով վեց մասնակցի), իսկ ԱՊՀ-ի ներկայիս գործող խաղաղապահ ուժերը, որոնք գործնականում բաղկացած են միայն ռուսական խաղաղապահներից, փոխարինել միջազգային ուժերով։ 

Ալեքսանդր Ռուսեցկի

Ստեփան Գրիգորյանի ակնարկած մ իջազգային ուժերի կապակցությամբ … Ռուսաստանն այդ բոլոր հակամարտությունների մասնակից կողմ է։ Մի՞թե կոլեգաներից որեւէ մեկը կառարկի սրան։ Հուսով եմ՝ ոչ։ Ելնելով սրանից՝ խաղաղապահության կարեւորագույն սկզբունքն այն է, որ հակամարտության կողմը չի կարող լինել միջնորդ։ Բայց ինչո՞ւ է բարեկիրթ միջազգային հանրությունը լռում՝ նայելով Ռուսաստանի այս վարքին։ Քանի որ այն նույնպես իր էությամբ եւ երկերեսանիությամբ նույնքան նողկալի է։ Ցանկացած դեպքում, իսկ ավելի ճիշտ՝ իմ իդեալական պատկերացմամբ, շահագրգիռ կողմերը պետք է վտարվեն խաղաղապահ գործողություններից։ Կասեմ ավելին՝ հարեւանները չպետք է մասնակցեն նման գործողություններին։ Հարկ է միջազգային նոր սկզբունքներ կիրառել, այլապես մենք բոլորս դատապարտված կլինենք խամաճիկի դերակատարության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter