Իսկ մեր ինչի՞ն է պետք հասարակությունը
Հանրային հեռուստատեսությունը Հարավային Կովկասի երկրներում
Աֆիգ Միրզաբեյլի
Ադրբեջանի հանրային հեռուստատեսության (ԱՀՀ) ստեղծման շուրջ կառավարության, Միլլի Մեջլիսի եւ Եվրախորհրդի միջեւ մղվող պայքարը, ըստ ամենայնի, առայժմ ընթանում է ադրբեջանական նոմենկլատուրայի առավելությամբ։ Իշխանությունները կարողացան հասնել երկու «ռազմավարական» նպատակի. ի դեմս «Ադրբեջանի հեռուստաընկերության»՝ պահպանել պրոպագանդայի ամբիոնը եւ հաստատել ԱՀՀ-ի ղեկավարության ընտրության ձեռնտու տարբերակ։ Զարմանալի է, որ Եվրախորհուրդը ոչ մի կերպ չարձագանքեց այս իրադարձություններին, թեեւ Եվրախորհրդի էմիսարները պնդում էին, թե ԱՀՀ-ը կհամապատասխանի եվրոպական պատկերացումներին։ Եւ ահա նախագահական ապարատի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ուրախությամբ արձանագրեց մամուլում, որ «այս հեռուստատեսությունը չի ունենա ոչ մի տեսակի տեխնիկական եւ ֆինանսական խնդիր»։ Այնինչ բոլորովին վերջերս, երբ «Ադրբեջանի հեռուստաընկերության» գոյության հարցը դեռ լուծված չէր, ԱՀՀ-ի ֆինանսավորման համար իշխանություններն առանձնացնում էին չնչին գումար, որը կարող էր կազմել միայն նրա ստեղծման համար պահանջվող ծախսերի մեկ երրորդը։
Հասարակության դիրքորոշումը, հանուն որի տեղի է ունենում այս ամենը, կարելի է բնորոշել որպես ձանձրացող-հոռետեսական։ «Հասարակական կազմակերպությունները ԱՀՀ-ի ստեղծման նկատմամբ պատշաճ ուշադրություն չեն դրսեւորում։ Այդ է պատճառը, որ ԱՀՀ-ի գործունեության հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր դեռ պատրաստ չեն»,- ասում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Նուշիրվան Մահերամլին։ Ըստ նրա՝ չեն կազմվել ԱՀՀ-ի ղեկավար մարմնի մեջ մտնելու՝ հասարակական կազմակերպությունների թեկնածուների արձանագրությունները, ընդհուպ մինչեւ ընտրությունը թեկնածուների մասին որոշակի տեղեկություններ չկային։ Որոշ փաստաթղթեր կազմակերպություններն ուղարկել էին Միլլի Մեջլիս, ուրիշ փաստաթղթեր՝ ռադիոհեռուստատեսային գործակալություն կամ մեկ այլ տեղ։ Միեւնույն ժամանակ «վերեւի» ակնհայտ ճնշման ներքո, որոշ թեկնածուներ ինքնաբացարկ էին հայտարարում։
Առաջին հերթին ձեւավորվեց ԱՀՀ-ի խորհուրդը։ Իսկ թե ինչպես ձեւավորվեց, մնում է գաղտնիք։ Պատգամավորները հավաքվեցին, հավանություն տվեցին եւ ցրվեցին։ Կառույցի նախագահ ընտրեցին հնազանդ, բոլոր առումներով հարմար, Բաքվի պետական համալսարանի լրագրության պատմության ամբիոնի պրոֆեսոր æահանգիր Մամեդլիին։ Շատ շուտով հայտնի դարձավ, որ հարգելի պրոֆեսորը ոչ թե նախագահում է, այլ ներկայացնում է… Նույն խորհուրդը գրեթե միաձայն (ի սեր արտաքին պատշաճության՝ մի հոգի ձեռնպահ էր մնացել, իսկ մի հոգի էլ դեմ էր եղել) գլխավոր տնօրեն ընտրեց մի մարդու, որին այդ պաշտոնում տեսնում էր ողջ հասարակությունը (իմանալով իշխանության նախապատվությունները)։ Այդ մարդն Իսմայիլ Օմարովն է՝ պատգամավոր, ջատագով եւ հովանավորյալ, բազմաթիվ «հրապարակախոսական բացահայտումների» հեղինակ, որոնք բաժանում էին հասարակությունը մի քանի անհավասար մասերի։ Ընդ որում՝ ըստ Օմարովի կատարվող բաժանումը ենթադրում է հետեւյալը. Իլհամ Ալիեւը, իր ընտանիքն ու ծառաները կազմում են մտերիմների մի խումբ, ամեն բան, որ ստորաքարշորեն շարժվում է նրանց շուրջը՝ ժամանակակից Ադրբեջանի արարիչներն ու սյուներն են, մնացածը՝ երկրորդ կարգի մարդիկ։
Այն միտքը, թե որակապես նոր բան ստեղծելու համար օգտակար կլիներ, որ ԱՀՀ-ի ապագա աշխատակիցները վերապատրաստվեին եվրոպական խոշոր հեռուստակայաններում, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռիզվան æաբիեւը, որը ԶԼՄ-ի հարցերը տնօրինող պառլամենտական հանձնաժողովի նախագահն է, համարեց վիրավորական. «Մենք արդեն բաց ենք աշխարհի առաջ, եւ ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի սովորել արտասահմանում։ Առհասարակ մենք (ադրբեջանական հեռուստակայանները) այնքան էլ հետ չենք մնում եվրոպական ստանդարտներից»։ Երբ նրան խնդրեցինք ճշտել, թե տեղական հեռուստակայաններից որն է համապատասխանում այդ ստանդարտներին, ժողովրդի ընտրյալից ստացանք խուսափողական պատասխան. «Բոլոր հեռուստաալիքներն էլ ունեն դրական եւ բացասական կողմեր։ Գլխավորն այն է, որ նրանք ունեն տարբեր դեմքեր։ Տեղական հեռուստատեսային դաշտում նկատվում է սրընթաց զարգացում, այդ թվում «Ադրբեջանի հեռուստաընկերությունում»։ Օրինակ՝ պատրաստվում են բազմազան հաղորդումներ»։ Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ որակի առումով կան խնդիրներ, բայց դրանք կապված են գովազդի շուկայի թույլ զարգացածության հետ։ «Երբ մենք կունենանք այնպիսի գովազդային շուկա, ինչպես Եվրոպայում է, այնժամ մեր հեռուստաալիքներն էլ կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Երկրի տնտեսական զարգացման ներկա պայմաններում հնարավոր չէ ստեղծել մի ինչ-որ առանձնահատուկ բան»,- ասաց նա։
Այդ դեպքում, ինչո՞վ կտարբերվի ԱՀՀ-ը «Ադրբեջանի հեռուստաընկերությունից» եւ մյուս տեղական հեռուստաալիքներից։ Ի՞նչ նոր բան կբերի ԱՀՀ-ը հայրենական հեռուստաեթեր։ Այս հարցին թե՛ պատգամավորը, թե՛ ՀՌԱԽ-ի նախագահը պատասխանեցին հարցով. «Իսկ ուրիշ ի՞նչ նոր բան եք ուզում»։ Անհրաժեշտ էր ճշգրտել. ինտելեկտուալ, ներկայանալի, օբյեկտիվ, իշխանությունների նկատմամբ պարտավորվածություն չունեցող հեռուստատեսություն, այսինքն՝ հենց այն, ինչ ցանկանում են մեր հասարակությունն ու Եվրախորհուրդը։ Այս ճշգրտումը բախվեց օտարվածության արեւելյան պատին, որ մոտավորապես նշանակում է. «Դուք ինչ է, իսկապե՞ս երեխա եք, ինչ հեռուստատեսություն որ ցանկանան «վերեւում», այդպիսին էլ կլինի…»։ Իսկ պրն Մահերամլին ճշտեց. «Այդ ամենի համար փող է պետք։ Լրագրողներին պետք է բարձր աշխատավարձ վճարել, որպեսզի ինտելեկտուալ հաղորդումներ պատրաստեն, այլապես մեր լրագրողներից որակով բան պետք չէ սպասել»։
«Սեւ բումեր»
Այն բանից, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը, անուղղակիորեն կախված է մեր պետության զարգացման համար կարեւոր հարցերի լուծումը։ Առաջին հերթին դա ցուցանիշ է, թե մեր իշխանությունը որքանով է անկեղծ պետությունների եվրոպական հանրությանն ինտեգրվելու իր ցանկության մեջ։ Իսկ նմանօրինակ պնդումը, թե ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ կլինի ԱՀՀ-ը (որ հաճախ հնչում է խորհրդի նախագահի շուրթերից), բոլորովին տեղին չէ։ Այն բանում, որ երկրում չկա բարձրորակ հեռուստատեսություն, մեղավոր են հեռուստաալիքների աշխատակիցները, այլ ոչ թե հասարակությունը։ Համոզիչ չէ նաեւ պրն Մահերամլիի լավատեսությունը «Ադրբեջանին հեռուստաընկերության» պահպանման առնչությամբ։ Այդ ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին, պետբյուջեի սուղ միջոցներով պահել նախագահի անձնական կարիքները բավարարող հեռուստաալիք։ Ըստ երեւույթին, մեր պաշտոնյաները չեն հասկացել կամ ձեւ են անում, թե չեն հասկացել, այն բանի էությունը, թե ինչու է Եվրախորհուրդն այդպիսի համառությամբ զբաղվում հանրային հեռուստատեության հարցերով։
«Սառը պատերազմում» ԽՍՀՄ-ին հաղթելուց հետո, Արեւմուտքը նրա նկատմամբ չի կիրառել վերականգնման որեւէ նախագիծ (Մարշալի պլանի նման, որը դարձավ գերմանական տնտեսական հրաշքի հիմքը)։ Դրա փոխարեն, արեւմտյան կառավարությունները, կազմակերպությունները անցկացնում են վերապատրաստման դասընթացներ եւ սեմինարներ այն նպատակով, որ նախկին կոմունիզմ կառուցողներն իրենք, ինչպես ասում են, «մարդամեջ դուրս գան». կառուցեն շուկայական տնտեսություն, ժողովրդավարական պետական համակարգ եւ այլն։ Վերապատրաստման դասընթացները մտածված են այնպես, որ ընդգրկեն նախկին խորհրդային հանրապետությունների գործունեության բոլոր ասպարեզները։ Մեր երկրում նման սեմինարների, կոնֆերանսների միջով անցել են հարյուր հազարավոր ադրբեջանցիներ՝ միջնակարգ դպրոցի աշակերտներից մինչեւ նախարարներ եւ պառլամենտի դեպուտատներ։ Նպատակն այն է, որ ցույց տրվեն դեպի պետության զարգացման՝ մարդկության պատմությանը հայտնի ամենաարդյունավետ մոդելը տանող փոխակերպման ուղիները։ Եւ երբ բրիտանական կամ գերմանական հարկատուին ասում են, որ ձեր փողերից այսքան գումար ծախսվել է «խորհրդայինների» վերապատրաստման համար, ապա նրանք ըմբռնում են եւ հավանություն են տալիս։ Բայց դա ոչ այնքան մեր նկատմամբ ունեցած սիրուց, որքան, ինչպես վստահեցնում են եվրոպացիները, ԱՊՀ-ի միլիոնավոր սոված եւ անկիրթ մարդկանց վախից։ Ուստի ԱՀՀ-ը, ըստ Եվրախորհրդի ենթադրության, պետք է լինի մեր հասարակության վերապատրաստման միջոցի պես մի բան։ Մեր երկիրը ազատություն ներմուծելու ցանկությունը պատճառաբանված է նաեւ նրանով, որ միացյալ Եվրոպա կառուցողները ուզում են իրենց մակարդակին մոտեցնել թերզարգացած ծայրամասային երկրները՝ Պորտուգալիայից մինչեւ Հարավային Կովկաս։ Այն բանը, որ մենք ընկել ենք այդ գոտու մեջ, հուսադրող է։ Եւ հակառակ մեր պաշտոնյաների հարուցած բոլոր խոչընդոտներին, «Ադրբեջանում թափառում է եվրոէվոլյուցիայի ուրվականը»։
Ստեղծագործելու կարողությունը կախված է մտավոր մակարդակից, արհեստավարժությունից, եւ հեռուստատեսության աշխատակիցների մոտ այդ որակների պակասությունը աղետ է դարձել հեռուստադիտողների համար, որոնք հոգնել են ապուշ շոուներից, ճաշատեսակների «հեռուստապատրաստումներից», կեղծ քաղաքագետների անկապ մտավարժանքներից։ Թեեւ բաքվեցիները՝ ի դեմս ռուսական ալիքների, ունեն սփոփվելու հնարավորություն, առավել եւս նրանք, ովքեր ունեն պարաբոլային ալեհավաքներ։ Իսկ ինչ անեն շրջաններում ապրողները, որոնք ստիպված են դիտել այս հեռուստաապուշությունը։ Ինչ-որ դրական բան հիշատակելու համար նշենք բրիտանական լիցենզիոն հեռուստախաղերը եւ գիշերային թոք-շոուն։
9-րդ սիմֆոնիայի արձագանքները
Ինչ վերաբերում է ԱՀՀ-ի հեռանկարին, ապա ամեն բան կախված է Եվրախորհրդի գործողությունների համառությունից եւ հետեւողականությունից։ Արտասահմանում կադրերի վերապատրաստման գաղափարը, որ այդպես վիրավորեց պետական պաշտոնյաներին, անհրաժեշտ է ոչ միայն մեր լրագրողների մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար, այլեւ որպես աշխարհայացքը փոխելու մեթոդ։ Ժամանակակից եվրոպական մշակույթի հետ անմիջական շփումը, Եվրամիության երկրների տեխնիկական, տնտեսական, սոցիալական եւ այլ նվաճումների հետ «ներսից» ծանոթանալը խթան է սեփական կենսակերպի արդիականացման, քաղքենիությունից եւ գավառականությունից ձերբազատվելու, սեփական երկրի ապագայի եւ աշխարհում Ադրբեջանի տեղի նկատմամբ նոր հայացք ձեւավորելու համար։ Այլ կերպ ասած՝ մի քայլ անել, որպեսզի դառնաս եվրոպացի առավել ընդգրկուն իմաստով։
Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ հանրային հեռուստատեսությունը դարձել է Կրեմլի գլխավոր խոսափողը, Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը միանգամայն ի վիճակի է խուսափել այդ ճակատագրից։ Թեկուզ հենց այն պատճառով, որ իշխանության եւ հասարակության կարծքներն ու ձգտումները շատ բաներում համընկնում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել