HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զգուշորեն աշխատող Հանրային հեռուստատեսություն

Նունե Հախվերդյան

Հանրային հեռուստատեսությունը Հարավային Կովկասի երկրներում

Հանրային հեռուստատեսությունը Հայաստանում գործում է արդեն հինգ տարի։ Հանրային հեռուստատեսություն ունենալը Եվրամիությանն անդամակցելու նախապայմաններից էր, որը բավարարվեց բավական սեղմ ժամկետում եւ առանց լուրջ շրջադարձային փոփոխությունների, պետական հեռուստաալիքի բազայի վրա։ Հանրությունն առանց առանձնահատուկ ոգեւորության ընդունեց «պետական» ցուցանակը «հանրայինով» փոփոխելու որոշումը։

Հայաստանի «Հ1» հանրային ալիքը հեռարձակվում է Հայաստանի 98 տոկոս տարածքում, արբանյակային կապի շնորհիվ սփռվում է նաեւ Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի տարածքներում։

«Հ1»-ը դիտելու հնարավորություն ունի յոթ միլիոնանաց հայկական սփյուռքը։ Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի «Հ1» Հանրային ալիքը դարձավ Եվրոպայի հեռարձակողների միության իսկական անդամ:

Երիտասարդացել ենք եւ շարունակում ենք երիտասարդանալ

Այսօր Հայաստանում կա մոտ 20 հեռուստաընկերություն, եւ Հանրային ալիքը բոլորից տարբերվում է թերեւս միայն իր տեխնիկան զինվածության մակարդակով եւ աշխատողների պրոֆեսիոնալիզմով։

Հանրային դառնալուց հետո հեռուստատեսություն եկան երիտասարդները։ Երիտասարդ մասնագետներն ավելի քիչ պահանջներ ունեն, եւ նրանց ավելի հեշտ է հսկողության տակ պահելը։ Ինստիտուտը կամ դպրոցը նոր ավարտած լրագրողները պատրաստ են ասել միայն այն, ինչ թույլատրված է եւ այն կերպ, ինչպես պետք է ղեկավարությանը։

Իսկ ղեկավարությանը մեծ հաշվով պետք է միայն սխալ թույլ չտալ եւ համարձակ ու ոչ ստանդարտ ռեպորտաժներ եթեր չհեռարձակել։ Հանրայինը հայտարարվել է գրաքննությունից զերծ մի կառույց, սակայն այն, ինչ հիմա կա Հանրայինում' անսահման ինքնագրաքննությունը, պակաս մտահոգիչ չէ։

Ներքուստ ազատ լրագրողներ չկան, իսկ եթե նույնիսկ հայտնվում են, շատ արագ հեռանում են Հանրայինից կամ էլ ընդունում ինքնագրաքննության սկզբունքը։ Այդ պատճառով էլ երեւի, «Հ1»-ում լայն հասարակությանը ծանոթ ոչ մի լրագրող չկա, ում ռեպորտաժներին անհամբերությամբ սպասում են։

«Մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում են աշխարհի բոլոր նորմալ հեռուստաընկերությունները, - ասում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, - ուղղակի ստերեոտիպ կա, որ Հանրային ալիքը պետք է լինի ձանձրալի։ Սովետական հեռուստատեսություն էլ չի լինի։ Մենք դառնում ենք ժամանակակից եվրոպական ալիք»։

«Ձանձրալիին» փոխարինեց «ժամանցայինը»։ Հայաստանի «Հ1» Հանրային ալիքն ունի զվարճալի հաղորդումներ պատրաստելու թեքում։ Հեռուստացանցում հայտնվեցին բազմաթիվ երիտասարդական հաղորդումներ՝ թոք-շոուներ, երաժշտական-զվարճալի ծրագրեր։ Հատուկ երիտասարդների համար ստեղծվեց նաեւ «Հ1»-ի երիտասարդական «Նոր ալիքը», որն ամբողջովին ֆինանսավորվում է Հանրային ալիքի կոմերցիոն մուտքերի հաշվին։

Վերլուծական, հետաքննական հաղորդումներ իրականում չկան, լրագրությունը սահմանափակվում է ասուլիսների լուսաբանումով եւ պաշտոնական տեղեկատատվության ներկայացմամբ։ Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում հեռարձակվող բոլոր ալիքների լուրերը նույնն են, նույնն են նաեւ դրանց մեկնաբանությունները, եւ իշխանությունները ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ են պահում հեռարձակվող տեղեկատվությունը։

Չեն ուսումնասիրված հասարակության տեղեկատվական նախապատվությունները ։ Չկա մշակված մոդել, որով հեռուստադիտողը կարող է իր մեկնաբանությունները եւ ցանկությունները հայտնել հանրության բոլոր խավերի համար հետաքրքիր լինելու կոչվածությունն ունեցող ալիքին։

Հեռուստացանց

Բոլոր քաղաքակիրթ երկրներում հասարակությանը պետք են ավելի շատ կրթական, լուսավորչական, ուսուցողական, վերլուծական հաղորդումներ, այլ ոչ թե՝ կոմերցիոն եւ պաշտոնական տեղեկատվության քարոզչություն։ Հայաստանի ինտելեկտուալ եւ առաջադեմ մասը չի նայում «Հ1»-ի լուրերը, իսկ եթե նույնիսկ նայում է, ապա միայն պաշտոնական տեսակետն իմանալու համար։

Ողջ տեղեկատվական դաշտը վերահսկվում է։ Իրականում հանրային հեռուստատեսության գլխավոր սկզբունքը անկախությունն է, եւ առաջին հերթին անկախությունն իշխանություններից։ Լրագրողների աշխատանքից նկատվում է իշխանությունների հանդեպ չքողարկված բայրացակամությունը։

Բանավեճերից խուսափելու համար եթերում չեն հայտնվում կառավարության տեսակետին դեմ արտահայտվող մարդիկ։ «Հ1»-ը հակադարձ կարծիքների, նոր գաղափարների քննարկման եւ սուր բանավեճերի հրապարակ չէ։ Հասարակության համար հրատապ եւ հետաքրիր շատ թեմաների մուտքը սահմանափակ է՝ չկան տնտեսական վերլուծություններ, ազգային տարադրամի տատանումների, սեփականաշնորհման խախտումների, բանակի կամ կրթության իրական վիճակի մասին պատմող հաղորդումներ։

Եվ շատ քիչ են Հայաստանի շրջանների կյանքը ներկայացնող հաղորդումները։ «Պետք է հարգել լսարանի ցանկությունները։ Լավ է, թե վատ է, բայց սերիալներն ունեն ամենամեծ լսարանը», -ասում է Ա.Հարությունյանը։

Ողջ աշխարհում մարդիկ ցանկանում են դիտել ավելի թեթեւ, սակավ մտավոր աշխատանք պահանջող հաղորդումներ։ Բացի սերիալներից «Հ1»-ում շատ երաժշտություն, հումոր եւ ֆուտբոլ կա, կան թոք-շոուներ՝ թեթեւ, ոչ պարտադրող, կոկտեյլ-շոուներ։

Ամեն օր առավոտյան էկրանին երեւում են երիտասարդ հաղորդավարներ։ Նրանք գեղեցիկ են, դեկորացիաները՝ գունեղ։ Սակայն ուշադրություն չի դարձվում հաղորդավարների ինտելեկտուալ մակարդակի վրա, զրույցը վարելու նրանց ունակությունների եւ հրավիրված հյուրերի հասարակության համար հետաքրքիր լինելը։

Իհարկե, կան հաջողված երեկոյան թոք-շոուներ, որոնց ժամանակ առ ժամանակ մասնակցում է հանդիսատեսը, արտահայտում իր կարծիքը: Բայց նման բացառությունները եղանակ չեն ստեղծում:

Գուցե երեկոյան շոու վարող շատ սիրելի դերասանը կամ ավելի հասուն եւ գիտակ պրոֆեսիոնալները կարող են պատրաստել եւ վարել սուր, հետաքրքիր հաղորդումներ, բայց , քանի որ սրությունը չի խրախուսվում, չեն պատրաստում։

Ցանցում հայտնված հաջող հաղորդումներից է «Քո իրավունքը», որը մատչելի ձեւով (բեմանակացումների միջոցով ) տեղեկացնում է քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքների մասին եւ ներկայացնում դատական պրոցեսի սկզբունքները։

Այդ հաղորդումը հանրային ալիքի այն սակավաթիվ հաղորդումներից է, որը լրացնում է քաղաքացի դաստիարակելու բացը։ Բայց հիմնականում դաստիարակչական-կրթական հաղորդումները արտասահմանյան արտադրության, գնված եւ թարգմանված վավերագրական ֆիլմեր են։

«Հայաստանը պետք է ինտեգրվի եվրոպական արժեքներին եւ այդ չափանիշներով ապրի», - ասում է «Հ1»-ի խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը։ Այժմ հայ հանդիսատեսը եվրոպական մրցույթներ եւ փառատոններ դիտելու հնարավորություն ունի։

«Միսս Եվրոպան», օլիմպիական խաղերը եւ «Եվրոտեսիլը» մենք նայում ենք ուղիղ եթերում, եւ դա անկասկած ձեռքբերում է։ Կարեւոր ձեռքբերումներից է նաեւ յուրաքանչյուր գնված ֆիլմի կամ հաղորդման պարտադիր թարգմանությունը։

Կառավարության որոշմամբ սույն թվականի հունվարից հեռուստատեսությունը դառնում է հայերեն։ Դա նշանակում է, որ ֆիլմերը եւ մուլտֆիլմերը պետք է կրկնկօրինակել, այսօր այդ պարտադրանքը կատարում է միայն «Հ1»-ը։ Իհարկե, թարգմանությունների եւ դուբլյաժի որակը հեռու է կատարյալից, սակայն դա կարող է շտկվել ժամանակի ընթացքում։

Հասարակությանը քաղաքականությունից հեռու պահելու համար ընտրվել է զվարճացնելու սկզբունքը

Հանրային հեռուստաալիքի ճիշտ աշխատանքի ամենակարեւոր գործոններից մեկը նրա ֆինանսավորումն է, քանի որ ֆինանսավորման աղբյուրները եւ ծավալը որոշում են եւ անկախության, եւ որակյալ հաղորդումների մակարդակը։ Ձեւավորվելով պետական հեռուստատեսության հիմքի վրա' Հայաստանի Հանրային ալիքը տարեկան պետբյուջեից ստանում է 3 մլրդ դրամ։

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստառադիոընկերության տնօրեն Ալեքսան Հարությունյանը՝ եթե իրենք միայն պետական փողերով աշխատեին, ստիպված կլինեին երկու ամիս հետո փակվել։ Իհարկե, հաղորդումների արժեքը չի կարող համեմատվել ռուսական առաջնային հեռուստաընկերությունների արտադրանքի հետ, սակայն մեր օրերում միայն այդ գումարով էլ կարելի է որակյալ հաղորդումներ պատրաստել։

Խոսքը «Հ1»-ի քաղաքականության մասին է։ Հաղորդումների գնման կամ պատրաստման ծախսերի մասին ինֆորմացիան հանրությանը չի հասնում։ Ինչպես յուրաքանչյուր հանրային հեռուստատեսություն, «Հ1»-ը ունի իր տնօրենների խորհուրդը, որի կազմում հինգ մարդ կա։ Տնօրենների խորհրդի քննարկումներից պետք է հասարակության համար շահավետ հաղորդումների ցանց կազմվի։

Քանի որ հանրային ալիքից հասարակության դժգոհությունները քիչ չեն, տպավորություն է ստեղծվում, որ իրականում տնօրենները լայն լիազարություններ չունեն, կամ էլ չեն ցանկանում մարտավարական շրջադարձ կատարել։ Տնօրենների խորհուրդը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից։

Բացի պետական ֆինանսավորումից, «Հ1»-ը խոշոր գումարներ է ստանում նաեւ գովազդից՝ ակտիվորեն վաճառելով իր եթերային ժամանակը գովազդատուներին։ Եթերը խիստ հագեցած է գովազդային բլոկներով։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կարելի է բավական էժան գներով գովազդ նկարահանել ու տեղադրել, ապա պարզ կդառնա, թե ինչու են գովազդատուները ձգտում դեպի ամենամեծ լսարանն ընդգրկող ալիքը:

Առատ գովազդը մեծ գումարների հոսք է ապահովում։ Իսկ այնտեղ, որտեղ գովազդ կա, սկսում է հայտնվել «վարկանիշ» հասկացությունը։ Գովազդը, ուղղակի թե քողարկված, միեւնույն է' սկսում է ազդել հաղորդումների բովանդակության վրա։

Այս դեպքում բարձր վարկանիշ նշանակում է ոչ թե հասարակության հետաքրքրություն, այլ գովազդ տեղադրելու հարմար տեղ։ Հաճախ այդպես էլ պատճառաբանվում է՝ հաղորդումը պետք է մնա ցանցում, քանի որ կան այդտեղ գովազդ տեղադրողներ։

Կրթական, մանկական, մշակութային հաղորդումները ոչ մի երկրում երբեք բարձր վարկանիշ չեն ունենում։ Այդ պատճարով էլ հանրային կոչված հեռուստաալիքների գլխավոր ֆունկցիան է նման հաղորդումների պատրաստումը, քանի որ կոմերցիոն ալիքները դա չեն անի։

Վարկանիշի հետեւից վազքում՝ Հանրային հեռուստատեսությունը մոռացել է հասարակության մասին։

Ամեն օր հեռուստադիտողը դիտում է այն հեռուստատեսային արտադրանքը, որն առաջարկվում է իրեն՝ չունենալով դրա բովանդակության կամ ոճի վրա ազդելու հնարավորություններ։ Եւ քանի որ ցածր վճարունակության պատճառով Հայաստանի հանրային հեռուստատեսության համար բաժանորդային վճար չի մտցվել, ապա մոտ ապագայում հազիվ թե կարելի է ակնկալել, որ Հանրային ալիքը կսկսի հաշվի առնել հասարակության կարծիքը։

Հեռուստատեսությունը փոխարինում է իրական կյանքին։ Մարդիկ ապրում են սերիալների, երաժշտության, բռնցքամարտի, ֆուտբոլի աշխարհում…

Այդպիսի «հեռուստաաշխարհից» հետո չես ցանկանում մտածել։ Իսկ նրանք, ովքեր մտածում են, փորձում են նորությունների եւ ելույթների մեջ որսալ ենթատեքստը։ Ինչպես երանելի խորհրդային տարիներին էր, երբ տիրում էր լիակատար գրաքննությունը:

Հավանաբար եւ ոչ մի երկրում կլանային-օլիգարխային հասարակությունը չի կարող ունենալ անկախ հանրային հեռուստատեսություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter