Ընտրախախտումներ Ալավերդիում
Նոյեմբերի 27-ին Ալավերդիում աշխատանք ունեցող մարդկանց մի քանի անգամ նախազգուշացրել էին ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեին «Այո» չասելու դեպքում աշխատանքից ազատելու մասին։ Իսկ Թումանյանի ՆԳ բաժնի պետ Արտուշ Բոշյանն անհատական աշխատանքներ էր տանում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների հետ։ Օրինակ' նրանցից մեկի որդուն ոստիկանապետը հրավիրել էր ՆԳ բաժին եւ զգուշացրել. «Մորդ ասա՝ աչքը փակի, դա քեզ համար լավ կլինի»։ Ալավերդու բոլոր 15 ընտրատեղամասերի առաջ ոստիկանների հետ կանգնած էին թաղամասային «էլեկտրիկները»։ Տեղամասերի բակերում հատուկ պատասխանատուներ էին կանգնած քաղաքապետարանի աշխատակազմից։ Ավտոմեքենաներով ընտրատեղամասեր բերվող ընտրողները պտտվում էին մի քանի տեղամասերով։ Հեռուստատեսությամբ երկրի Սահմանադրության երաշխավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի' հանրաքվեին բաց քվեարկելու հայտարարությունը Ալավերդիում ընկալվել էր որպես հուշում։ Օրինակ' թիվ 31/36 ընտրատեղամասում, որտեղ նախագահ էր Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր կինը՝ Լաուրա Մելիքսեթյանը, բաց քվեարկությունը տեղամասում շոուի էր վերածվել։ Շատ երեխաներ, իրենց ծնողների հսկողությամբ, քվեաթերթիկների վրա ի տես բոլորի նշումներ էին կատարում «Այո»-ի դիմաց եւ գցում քվեատուփ։
Թիվ 31/42 տեղամասում հանձնաժողովի նախագահ, քաղաքապետարանի իրավաբան Սասուն Խեչումյանի համաձայնությամբ թիվ 12 դպրոցի ուսուցչուհի Արմինե Կոլոլյանը հանրաքվեի օրը առավոտյան ժամը 8-ից 17։00-ն նստել է տեղամասային հանձնաժողովի աշխատասեղանի մոտ եւ տեղամաս մտնող յուրային ընտրողներին մեկի փոխարեն տվել 2, նույնիսկ 3 քվեաթերթիկ, մինչեւ որ նրա կողմից ժամը 17։00-ի սահմաններում տեղամասում 2 քվեաթերթիկի առաջարկ ստացած 2 ընտրողներ վրդովվել եւ ահազանգել են։ Պարզվել է նաեւ, որ Ա. Կոլոլյանը ՏԸՀ անդամ չէր, ուներ ընդամենը դիտորդի իրավունք եւ տեղամաս է ուղարկվել հատուկ առաքելությամբ։ Հետաքրքիր է' Ա. Կոլոլյանն իր աշակերտներին ազնվության մասին ի՞նչ դասեր է տալիս։ Այս տեղամասում Կոլոլյանը մենակ չէր։ Տեղամասի բակում նրան աջակցում էր Ալավերդու քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի վարիչ Համլետ Միրզոյանը՝ իր չորս որդիներով։ Նրանք էլ տեղամասից մի փոքր հեռու, թաղամասի իրենց հասակակիցներին հավաքած, փոխում էին վերնազգեստներն ու մի քանի անգամ նրանց ուղարկում ընտրատեղամաս՝ ընտրելու։ Այդպես ե՛ւ 31/42, ե՛ւ 31/44 տեղամասում ընտրել էր նաեւ երիտասարդ Սուրեն Կիրակոսյանը։
Թիվ 31/42 տեղամասի ընտրացուցակում գրանցված էր 1640 ընտրող։ Անցած ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունն այստեղ հասել է մինչեւ 1000-ի։ Նոյեմբերի 27-ին ժամը 12-ի դրությամբ Ա. Կոլոլյանի ջանքերով այստեղ քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 170, ժամը 18։30-ին՝ 488 ընտրող։ ՏԸՀ-ի ամփոփած արդյունքներով' մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների եղել է 561, ելունդների թիվը 4-ով ավել է եղել՝ 565։ «Այո» քվեարկել է 492, «ոչ»՝ 59 ընտրող։
Հանրաքվեին զավեշտական իրավիճակում էր հայտնվել 31/43 հանձնաժողովի նախագահ Աիդա Իսրայելյանը։ Ժամը 14։00-18։30 տեղամասում ընտրողների մասնակցության թվի մասին մի քանի անգամ արված մեր հարցումներին նա ամեն անգամ պատասխանում էր. «Հենց նոր հանձնաժողովին տվեցի 7-րդ հարյուրական փաթեթը»։ Ամփոփիչ արձանագրությամբ Ա. Իսրայելյանը ներկայացրել է հետեւյալ տվյալները' «այո»-ն ստացել էր 613, «ոչ»-ը՝ 77 քվե։
Թիվ 31/35 ՏԸՀ-ն հանրաքվեի ընթացքում առավել անկաշկանդ էր աշխատել։ Սակայն, ինպես ասում են, կեղտը ձյան տակ չես կարող թաքցնել։ Ժամը 19։30-ին տեղամասի բակում կանգնեց մարդկանցով բեռնված «Ռաֆ» մակնիշի 38-328 համարանիշով միկրոավտոբուս եւ Ալավերդու թիվ 1 ԲՇՏ-ի պետ Արամայիս Խանդամիրյանի ուղեկցությամբ տեղամաս մտավ 10 մարդ։ Երբ հանձնաժողովը նրանց տալիս էր քվեաթերթիկները, ես' որպես տեղամասի դիտորդ, պահանջեցի անձնագրերը։ Նրանցից հինգն արագ դուրս եկան տեղամասից, մյուս հինգը դեռ չէր հասկանում կատարվածը։ ԲՇՏ պետը սկսեց կակազել։ Իսկ 31/35 ՏԸՀ նախագահ Գայանե æավախյանն ու հանձնաժողովի անդամները պարզապես ասելիք չունեին։ Այս կերպ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար նրանք ապահովել էին 569 ձայն։
Ընտրացուցակներով ներկայացված 15.981 ընտրողներից, ըստ թիվ 31 ԸԸՀ-ի տվյալների, Ալավերդիում հանրաքվեին մասնակցել էր 7232 ընտրող։ «Այո» էր քվեարկել 6491 մարդ, որը կազմում է ընտրողների 45,3 տոկոսը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել