HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Պայքար առանց զենքի...

«Այստեղ եղել են DiRecTor-ը, Muradik-ը եւ Alert-ը». սովորաբար այսպիսի գրություններ են թողնում ադրբեջանցի հակերները հերթական անգամ որեւէ հայկական կայք «ջարդելուց» հետո ( Տե՛ս լուսանկարները ) : Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ հակերները նման «հետքեր» չեն թողնում:

Հայկական եւ ադրբեջանական ինտերնետային կայքերն ու ֆորումներն արդեն վաղուց փոխադարձաբար ենթարկվում են հակերական հարձակումների: Այդ չհայտարարված կամ գուցե նաեւ Ինտերնետում հայտարարված պատերազմի հետեւանքով ադրբեջանական եւ հայկական կայքերում պարբերաբար հայտնվում են վիրավորական գրություններ, սպառնալիքներ ու հակակարգախոսներ: Այս երկկողմանի «սխրագործությունները» բուռն քննարկվում են ադրբեջանական http//forum.fox.az եւ հայկական http//forum.hayastan.com կայքերի ֆորումներում, որտեղ գործընկեր հակերները խրախուսում եւ շնորհավորում են հերթական հաղթանակը' «հալալ ա քեզ, Լազար ջան»:

Ամենից շատ վնասվում են հայկական այն կայքերը, որտեղ տեղեկատվություն կա հայերի պատմության, գրականության եւ ցեղասպանության մասին: Այս տարվա մարտին ադրբեջանական հակերների հարձակումներից հետո www.armenianhouse.org , www.genocide.ru , www.hayastan.com եւ www.artsakhworld.com կայքերում ցեղասպանության մասին բաժիններում եւ ֆորումներում հայտնվեցին ադրբեջական եւ թուրքական կարգախոսներ ու վիրավորական արտահայտություններ: Ադրբեջանցի հակերներին հաջողվեց «ջարդել» նաեւ www.armnet.ru կայքը:

Այդ հարձակմանն ի պատասխան հայ հակերները ոչնչացրեցին ադրբեջանական մի քանի ինտերնետային կայքեր եւ ֆորումներ' www.training.az , www.pfmc.az/forum/ , www.aran.az , wwww. automarket.az/forum/ , www.chat.az/forum , www.press.az/forum , www.bazar.az/forum/ , www.presscouncil.az/forum/ :

Այս տարվա ընթացքում երկու կողմերի կայքերի վրա հարձակումներ եղան փետրվար, մարտ եւ ամառվա ամիսներին: Եթե կայքը թույլ է պաշտպանված, ապա հարձակումներն ադրբեջանցիների կողմից կրկնվում են գրեթե ամեն շաբաթ: Երկկողմանի հարձակումներն արվում են ոչ միայն որպես ի պատասխան, լինում են նաեւ նախաձեռնություններ:

Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ցանցում, ավելի շատ հիշեցնում է երկու կողմերի հակերների ամբիցիաների բավարարման փորձեր, քանի որ ապակողմնորոշող որեւէ լուրջ տեղեկատվություն չի տեղադրվում: Հակերը սահմանափակվում է միայն իր հաղթանակը տոնելով եւ իր ծածկանունը կայքում արձանագրելով: «Ադրբեջանցի հակերների հարձակումները հայկական կայքերի վրա մեր կողմից դիտարկվում են որպես ինքնահաստատման միջոց աշխարհի հայտնի հակերների աչքերում»,-ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ազգային ինտերնետային ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը:

«Սա ավելի շատ նման է մրցակցության. ո՞վ ավելի շատ կայք կջարդի, ո՞ր կողմը կկարողանա ավելի շատ պարծենալ գործընկեր հակերների դեմ: Սակայն նպատակը, իհարկե, միակն է' վնասել»,-ասում է www.OpenArmenia.com պորտալի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանի Քրեական օրենսգրքով արգելվում է վիրուսային հարձակումը եւ անօրինական մուտքը ուրիշին պատկանող տեղեկատվական համակարգ: Ադրբեջանի օրենքը, սակայն, նախատեսում է միայն տուգանք:

Հայաստանի Քրեական օրենսգրքի 24-րդ' «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»-ի մասին գլուխը (251-257 հոդվածներ) նույնպես արգելում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելը, տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչում կամ ցանցում տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը:

ՀՀ Քրեական օրենսգիրքն այս եւ այլ նման հանցագործությունների համար որպես պատիժ նախատեսում է տուգանք' նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով, կամ վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երկուսից հինգ տարի ազատազրկում:

Ոստիկանության Հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության տվյալների համաձայն' 2003թ.-ից առայսօր ՀՀ Քրեական օրենսգրքի 251-257 հոդվածների հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել: Սակայն, այս հոդվածները վերոհիշյալ դեպքերում դե ֆակտո չեն կիրառվում: Հնարավոր է դատական նախադեպեր ունենայինք, եթե հակերը ջարդեր հայկական որեւէ կայք, այլ ոչ թե «թշնամու»:

Ոլորտի մասնագետների կարծիքով' տեղեկատվական պայքարի խնդիրը ոչ թե կենդանի ուժի սպանությունն է, այլ հակառակ նպատակների, հայացքների ու հասարակական աշխարհայացքի ոչնչացումը: Տեղեկատվական պայքարը երբեք չի հայտարարվում եւ երբեք հանկարծակի չի լինում:

Այսօր ի հայտ են եկել տեղեկատվական պայքար մղելու բազմազան ձեւեր: Դրանցից են' էլեկտրոնային փոստով ուղարկման ընթացքում հաղորդագրության փոփոխումը, ինտերնետային էջերում տեղեկատվության փոփոխումը կամ ոչ ճիշտ տեղեկատվության տեղադրումը, գաղտնիք պարունակող ինֆորմացիայի հրապարակումը եւ այլն: Հնարավոր է խեղաթյուրել կայքում եղած տեղեկությունը կամ փոխել իմաստը:

Այսպիսի մոտեցումն արդեն ենթադրում է այլ ռազմավարություն եւ մոտենում է տեղեկատվական պայքարի սահմանին, քանի որ նման գործողություններն արվում են' հետապնդելով որեւէ նպատակ:

Չի բացառվում, որ նման ձեւով տեղեկատվության խեղաթյուրումն իրական աշխարհում հանգեցնի բազմաթիվ կոնֆլիկտների եւ հարվածի երկրի անվտանգությանը: Այդ պատճառով տեղեկատվության անվտանգության լավ կազմակերպումը կարեւոր նախապայման է տեղեկատվական պայքարում հաղթելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter