HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Այլեւս ոչ մի փակ դոմեյն «am» տիրույթում

Այսուհետ am տիրույթում կարելի է գրանցել ցանկացած դոմեյն, որի վաճառքը նախկինում մերժվում էր, եթե դա աշխարհագրական անուն էր, ընդհանուր տերմին, որեւէ երկրի ինտերնետային կոդ, հայտնի հապավում կամ էլ ընդհանուր անուն: «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյանի հավաստմամբ' մերժման պատճառ հանդիսացող նման պայմանականություններ այսօր այլեւս չկան: am տիրույթն ամբողջությամբ բաց է:

«Ինտերնետ միության» նախագահի կարծիքով' նախկինում դոմեյնների պահեստավորման հիմնական պատճառը Հայաստանում am տիրույթի անկայուն վիճակն էր: «Մտավախություն ունեինք, որ անպատասխանատու մարդիկ կարող էին գրանցել շատ քանակությամբ կարեւոր դոմեյններ, որոնք նախատեսված էին ազգային նշանակության ինտերնետային կայքերն անվանելու համար: Այդ պատճառով արգելել էինք մի խումբ դոմեյնների վաճառքը: Հիմա մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է հանել արգելքը, քանի որ դաշտը բավականին կայունացած է, եւ դոմեյնների ազատ տրամադրումը կարող է հայկական Ինտերնետի զարգացման համար նոր խթան լինել»: Սակայն, մի շարք դոմեյններ, այնուամենայնիվ, չեն պահպանվել, անկախ այն պայմանից' փակ են հայտարարվել, թե' բաց: Օրինակ' դեռեւս 2000 թվականին, երբ միությունը պաշտոնապես արգելում էր am տիրույթում գրանցել ընդհանուր տերմին համարվող անուններով կայքեր, գրանցվել է www.mobil.am կայքը, որը պատկանում է ամերիկյան ExonMobil կազմակերպությանը: www.dot.am կայքը, որը պատկանում է ամերիկյան BRS Media ընկերությանը, գրանցվել է 1999 թվականին: Իսկ www.information.am կայքը բացելիս բացվում է www.globalbusinesscatalog.com ' «Գլոբալ բիզնես կատալոգ» կազմակերպության կայքը, որը գրանցվել է 2000 թվականին: www.portal.am, www.soft.am, www.media.am, www.job.am, www.hayastan.am կայքերի անվանումները նույնպես համարվում են ընդհանուր տերմիններ, եւ, «Ինտերնետ միության» պաշտոնական հայտարարության համաձայն, պետք է պահպանվեին: Սակայն այդ դոմեյնները վաճառվել են մինչեւ տիրույթը բացելու մասին որոշում ընդունելը: «Այո, անունների տրամադրման ընթացքում եղել են բացթողումներ, սակայն դա անցյալ է եւ հիմա իմաստ չունի դրա մասին խոսել»,- այսպես է բացատրում Իգոր Մկրտումյանը:

Իհարկե, դոմեյնները պետք է վաճառվեն ու օգտագործվեն, սակայն ոչ նախկինում, ոչ էլ հիմա չի եղել ու չկա հստակ քաղաքականություն դոմեյնների տրամադրման հարցում: Ի վերջո Ինտերնետն այսօր տեղեկատվության փոխանակման ամենամատչելի միջոցն է, եւ մենք Ինտերնետում ներկայանալու խնդիր ունենք: Իսկ am տիրույթը յուրահատուկ այցեքարտ է: Իհարկե, դոմեյնների հարցն այսօր այդքան էլ սուր չի դրված: Հայկական Ինտերնետը համեմատաբար շատ ավելի լուրջ խնդիրներ ունի' am տիրույթում գերակշռում է օտար լեզվով բովանդակությունը, չկան հայերեն լեզվով որոնման համակարգեր: Սակայն այս ամենը փոխկապակցված է, քանի որ այս խնդիրների առկայության պատճառով հայերը շատ դեպքերում նախընտրում են կայքեր ունենալ ru եւ com տիրույթներում, որովհետեւ դրանք ավելի հասանելի են աշխարհում, քան am տիրույթը: Չկան հատուկ առավելություններ, որոնք կգրավեն am տիրույթում դոմեյններ սպառողներին: Պետությունը նույնիսկ հետաքրքրություն չի ցուցաբերում այս հարցերում, եւ մնում է հուսալ միայն առանձին անձանց ու կազմակերպությունների բարեխղճության եւ նախաձեռնությունների վրա:
10 տարվա ընթացքում am տիրույթում գրանցվել է 4000 դոմեյն

Այսօր արդեն մնացել են այն դոմեյնները, որոնք, կարծես թե, այնքան էլ չեն հետաքրքրում «սպառողներին»: Այս տարվա սեպտեմբերից դոմեյններ գրանցող կազմակերպությունների կայքերում տեղադրված է ազատ համարված դոմեյնների ցուցակ' ընդամենը 69 հատ: Ենթադրվում է, որ սրանք նախկինում փակ են եղել: Ինտերնետ միության նախագահի հավաստմամբ դրանցից 40-ի վերաբերյալ դեռեւս ոչ մի դիմում չի եղել:

armenian.am
domain.am
domains.am
email.am
isp.am
mail.am
news.am
search.am
agro.am
airways.am
all-armenia.am
artists.am
artmarket.am
avia.am
bank.am
business.am
casinos.am
cinema.am
commerce.am
community.am
computer.am
counselor.am
court.am
drink.am
ecommerce.am
fax.am
finance.am
game.am
genocide.am
health.am
holy-etchmiadzin.am
hot.am
hotel.am
hotels.am
import.am
industry.am
international.am
isdn.am
key.am
labor.am
lawyer.am
license.am
marketing.am
markets.am
massmedia.am
motel.am
moto.am
on-line.am
online.am
painter.am
phone.am
photo.am
physician.am
security.am
show.am
soccer.am
song.am
speaker.am
sport.am
sports.am
staff.am
teacher.am
telephone.am
theater.am
trademark.am
trademarks.am
travel.am
video.am
vodka.am

Ինտերնետային դոմեյնների գրանցումն իրականացվում է օնլայն' www.amnic.net ինտերնետային կայքի միջոցով: Գրանցման համար դիմողն էլեկտրոնային էջում ընտրում է նախընտրած դոմեյնը, նշում գրանցումն անցկացնող «Արմինկո», « Xnet », « Netsys », «Վեբ» եւ « Dolphin » ընկերություններից ե որեւէ մեկի անվանունը եւ լրացնում համապատասխան թերթիկ: Հետո այցելում տվյալ ընկերություն եւ կնքում նախապես փոստով ստացած պայմանագիրը: Այնուհետեւ, քանի դեռ վճարվում է դոմեյնի համար տարեկան սահմանված գումարը, տվյալ դոմեյնը պատկանում է պայմանագիր կնքած անհատին կամ ընկերությանը: Իսկ տարեկան վճարի փոփոխության դեպքում անհատը կան ընկերությունը վճարում է այն գումարի չափը, որը նշված է պայմանագրում: Գումարը չվճարելու դեպքում դոմեյնը համարվում է ազատ եւ վերադարձվում ընդհանուր դաշտ: Դոմեյնի տնօրինողը ամեն տարի վճարում է 26 ԱՄՆ դոլար: Նախկինում կար նաեւ գրանցման վարձ, որը կազմում էր 10 դոլար: Նշենք, որ com , org տիրույթում դոմեյն ունենալու տարեկան վարձը 5-10 դոլար է:
Վաճառված դոմեյնը ետ չի վերցվում

am տիրույթի ղեկավարման իրավունքը պատկանում է «Ինտերնետ միությանը»: Սակայն, միությունը չի վերահսկում կայքի բովանդակությունը եւ իրավունք չունի ետ վերցնել վաճառված դոմեյնը: Այս դեպքում ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ դոմեյնը վաճառվել է, իսկ հետագայում պարզվում է, որ այն ինչ-որ ապրանքանիշի անվանում է եւ ինչ—որ մեկի սեփականությունը: Կամ ի՞նչ անել, երբ հանկարծ պարզվի, որ վաճառված դոմեյնը շատ հարմար է որեւէ ազգային, պետական կամ հանրային նշանակության կայք անվանելու համար, սակայն այդ դոմեյնն արդեն զբաղեցված է: Այս մի հարցը միանշանակ պատասխան ունի. հավասար սկզբունքի համաձայն' ոչ մի պետական կառույց չի կարող յուրացնել արդեն գնված դոմեյն:

Իսկ ապրանքանիշների' որպես սեփականություն օգտագործումը, պաշտպանությունը եւ գրանցման մեխանիզմները կարգավորում են «Ապրանքային եւ ծառայության նշաննների» եւ «Ֆիրմային անվանումների» մասին օրենքներով: Եթե ապրանքանիշը գրանցված է պետական մտավոր սեփականության վարչությունում, ապա դրա օգտագործումն առանց սեփականատիրոջ թույլտվության արգելվում է: Հետեւաբար միայն նա կարող է ունենալ իր ապրանքանիշի անվանումով կայք: Սակայն, եթե ապրանքանշանը գրանցված է համապատասխան վարչությունում, դա չի նշանակում է, թե այն չի կարելի գրել, ասենք, պատի վրա: Օրենքի համաձայն' այն չի կարելի օգտագործել շահույթ ստանալու կամ վնասելու նպատակով: Իսկ կայքի միջոցով կարելի է անել եւ առաջինը, եւ երկրորդը:

Հեղինակային իրավունքների համաշխարհային կազմակերպության առաջարկն այս հարցի վերաբերյալ հետեւյալն է. եթե ապրանքային նշանը չի օգտագործվում ի վնաս ապրանքանիշի սեփականատիրոջը կամ նրա անվան հաշվին շահույթ ստանալու համար, ապա այն կարող է լինել մեկ ուրիշի կայքի անվանումը: Եթե, իհարկե, նա առաջինն է գնել այդ դոմեյնը: Վերջիվերջո, դոմեյն գրանցողը կարող է եւ չիմանալ այդպիսի ապրանքանիշի գոյության մասին:

«Այս պայմանների առկայության դեպքում հնարավոր է, որ արտասահմանում, որտեղ կան նման հարցերի լուծման նախադեպեր, դատարանը ընդառաջի դոմեյնի սեփականատիրոջը: Մեր օրենքներում չկա որեւէ դրույթ ապրանքանիշը որպես դոմեյն օգտագործելու վերաբերյալ: Չեմ կարծում, որ մեր դատարանում հաշվի կառնեն այս պայմանները: Մեր օրենքում հստակ գրված է, որ ապրանքանիշի հետ կապված բոլոր իրավունքները պատկանում են սեփականատիրոջը: Եվ դոմեյն գրանցողը գուցե հետագայում խնդիրներ ունենա, եթե դա իր ապրանքանիշը չլինի»,- ասում է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Սանդուխչյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter