HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատ եւ սաղարթ

«Որ թթենու շվաքի տակ մեծացել ես, դու էն երկրի քաղաքացին ես»,-ասում է 73-ամյա Սլավա Մոսունցն, ով երկար տարիների հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծել է Մարտակերտի տոհմածառը։

Տոհմիկ մարտակերտցի այս մարդը տարիներ շարունակ շրջանում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Ավելի քան տասը տարի խմբագրել է շրջանային թերթն ու ռադիոհաղորդումները։ Աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող Սլավա Մոսունցն ասում է, թե ինքն իրեն, իր ժողովրդին, իր շրջանն ավելի լավ ճանաչել է պատերազմի տարիներին։ Իսկ երբ տեղահանությունից հետո մարտակերտցիները բռնել են գաղթի երկար ճանապարհը, նրան համակել է ազգային ինքության կորստյան վտանգը։ «Մեր մարտակերտցիները, երկրորդ սերունդը դրսում ապագա չունի, որովհետեւ հայկական դպրոց չունենք, լեզուն չկա, թերթը չկա, թատրոնը չկա։ Դրսում կա աշխատատեղ եւ սնունդ։ Դրանից դենն ուրիշ ոչինչ չկա դրսերում»։

Նրա կինը՝ Սվետան, ով ամուսնուն օգնում է «Մարտակերտի տոհմածառը» կազմելու գործում, ասում է, թե Սլավան այս որոշումը կայացրել է Մոսկվայում, որտեղ նրանք ժամանակավորապես ապրել են տեղահանությունից հետո։ «Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում Սլավան հանդիպեց մարտակերտցի մի ծանոթի։ Ասում է՝ ո՞ւր։ Նա ասում է, թե Իրկուտսկ եմ գնում։ Հետո նույն օրը մի ուրիշ մարտակերտցի պատահեց։ Ո՞ւր։ Ասում է՝ գնում եմ Բառնաուլ։ Էդ օրն էդպես մի քանի հոգու տեսանք։ Տուն եկանք, Սլավան ահավոր հուզված էր՝ գնում են, գնում են, էս ո՞ւր են գնում։ Էդպես որոշեց ստեղծել մեր անվանի տոհմերի ծառերը»։

Տոհմածառ ստեղծելը Մոսունցի համար անծանոթ գործ չէր։ 1962 թվականին ստեղծել էր իր՝ Մոսունց տոհմի ծառը։ «Ես գիտեի էդ նյութը ինչ ա։ Հանգստարանների արձանագրություններն են, մեր նախնիների թողած ավանդազրույցներն են, հիշողություններն են։ Այ էսպես, ի մի եմ գումարել, մերը ստեղծել»։

Դեռ Մոսկվայում ապրելու տարիներին նա սկսում է ապագա գրքի որոնողական, հետազոտական աշխատանքը։ Տարբեր մարդկանց հետ խորհրդակցելով՝ ձեռք է բերում 460 մարտակերտցու հասցե եւ նամակներ գրում նրանց։ «Էս մեկը նրա հասցեն ա հուշել, էն մեկը մյուսի, իրար են տվել ամբողջ մարտակերտցիներն էսպես։ Մեկը Տյումենում է ապրում, Ստավրոպոլում է ապրում, Կրասնոդարում է ապրում, Պերմում է ապրում… զգաստ ոտքի են կանգնել։ 460 նամակ եմ գրել իրենց տված հասցեներով եւ ստացել 560 պատասխան։ Ամեն մեկն իր թեւը, տոհմածառի իր թեւը, իր ճյուղը, այսպես լրացնելով ներկայացրել եմ Մարտակերտի 62 տոհմերը»։

Սկզբում դժվարություններ, իհարկե, եղել են։ Ամենամեծ դժվարությունը Սլավա Մոսունցը համարում է թերահավատությունն ու թերարժեքության զգացումը։

«Ասում էին, դե մենք ո՞վ ենք, որ մեզ համար պատմություն լինի։ Այ էսպիսի թերահավատությունն էր պետք կոտրել։ Ասում եմ՝ դու գիտե՞ս ով ես, ասում եմ՝ դու նա ես, որ դարեր շարունակ էս հողի վրա ապրել ես, էս հողի հայկական վարքը պաշտպանել ես։ Դու պարտավոր ես ունենալ էս պատմությունը եւ տեր կանգնիր, էս պատմությանը տեր կանգնիր»։

Գրքում ներկայացված յուրաքանչյուր տոհմ իր պատմությունն ունի՝ որտեղի՞ց են եկել, ինչո՞ւ են եկել։ Հպանցիկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատերի գալու պատճառը կամ պատերազմն է եղել կամ էլ բռնագաղթը։ «Օրինակ՝ Աղասյանները եկել են Ղարսից։ Օհանջանյանները, Չիլինգարյանները՝ դա մի հսկա տոհմածառ է, նույն ծառի ճյուղերն են, նրանք եկել են Մուշի գավառի Գլդան գյուղից. 400 տարվա պատմություն, Շահ Աբասի ժամանակներից են եկել սրանք։ Հյուսնունցները եկել են Նուխից, հին ղարաբաղցիներ են։ Մամունք, մեծ, ճյուղատարած տոհմ ա, դրանք եկել են Պարսկաստանի Ղարադաղից»։

Ծավալուն այս գիրքը ստեղծելու ընթացքում Սլավա Մոսունցն այլ հայտնագործություններ էլ է արել։ Օրինակ՝ ասում է, թե մինչեւ հիմա ստուգաբանված չէ Մարտակերտ տեղանունը՝ երկու տարբերակ է նշվում՝ «մարտերում կերտված» եւ «մարդու կողմից կերտված»։ Գրքի հեղինակը գտնում է, որ երկուսն էլ սխալ են։ Տեղանունը կապված է Կուսապատի հնագույն մատուռի հետ։ «Ավելի ինձ հավանական է թվում ուսումնասիրություններով, դա մատուռակերտ բառն է»։

Սլավա Մոսունցի ուսումնասիրած տոհմերի տարբեր կողմերից եկած նախահայրերին ձգել են այս տարածքի անվտանգությունն ու բերրի հողերը։ Իհարկե, քիչ նշանակություն չի ունեցել նաեւ այն, որ Ղարաբաղի մելիքությունները պարսկական տիրապետության տակ եղել են կիսանկախ պետություններ։ «Բոլորը հավաքվել են որպես անվտանգ վայր, որպես կիսաանկախ պետություն։ Կիսանկախ իշխանություն ունեցող պետություն էր՝ դատը մելիքն էր անում, դատավորը մելիքն էր, զորահավաքը մելիքն էր անում, ամեն ինչը մելիքով էր սկսվում ու ավարտվում»։

«Մարտակերտի տոհմածառը» թերթելիս կարելի է նկատել, որ տոհմանունների զգալի մասը կանանց անուններով է՝ Նանագուլյան, Սաթունց, Մամունց, Խորիշահանց եւ այլն։ Գենդերային հավասարության այս դրսեւորումը զարմացնում է։ Սլավա Մոսունցը սրա բացատրությունն էլ ունի. «Մենք Մարտակերտում, Ղարաբաղում կանանց իրավահավասարության պրոբլեմ չենք ունեցել»։ Գրքի հեղինակն ասում է, թե հարսների անխոս վիճակ եղել է, բայց դա պայմանավորված է եղել ոչ թե սեռերի անհավասարությամբ, այլ ակուստիկ միջավայրի հիգիենայով։ «Դա էն ժամանակ ա եղել, երբ մենք մնացել ենք գետնափոր տներում։ Տանը մի երեք կեսուր ա եղել, մի չորս տատիկ ա եղել, մի հինգ հարս ա եղել։ Էսպես շատ նորմալ, մտածված ավանդույթ ա դա, չպետք է վերագրել հետամնացությանը։ Էդ հարկի տակ երեք կեսուրի հետ էդ հինգ հարսները եթե լեզու առնեին, էդ կրակը ոչ մի հրշեջ մեքենա չէր հանգցնի»։

Կանանց անուններով ստեղծված ազգանուններից կարող է տպավորություն ստեղծվել, թե կանայք են ավելի զորեղ եղել։ Սլավա Մոսունցն այս տարբերակն էլ է հերքում։ «Էստեղ ոչ թե նրանք ավելի հզոր էին, քան թե ամուսինները, չէ, էդպես չէր։ Տղամարդիկ ցերեկը հանդերում էին։ Մարտակերտում ցերեկով տղամարդ չէիք գտնի, երեխաների լեզվի վրա էլ ոչ թե, ասենք, Մոսու տունն էր, կամ Հակոբի տունն էր, այլ էն տատիկի, ով տանն էր՝ դա Նանագյուլ տատիկի տունն էր, դա Սաթի տատիկի տունն էր։ Էսպես ասում էին՝ գնում ենք Սաթունց տուն, գնում ենք Թաքունց տուն, գնում ենք Մամունց տուն»։

Ի հավելումն այս ստուգաբանության տոհմածառերի հեղինակն ասում է, թե ոչ մի տղամարդ դրանից չի վիրավորվել, հակառակը՝ հպարտանում էին։ «Դա մենք ընդունել ենք որպես նախշ։ Մեր մայրերի, մեր տատիկների անունը մեզ համար շքանշան է եղել»։

«Հիմա այս գրքի մարդիկ են շա՞տ, թե Մարտակերտի բնակիչները»,-հարցնում եմ Սլավա Մոսունցին։ Երկար դադարից հետո հեղինակը ցածրաձայն ասում է. «Էս գրքում…Էս գրքում դժբախտաբար ավելի շատ մարդ կա, էստեղ մինչեւ երեք հազար լուսանկար կա, շատ-շատերի լուսանկարներն էլ չկան, միայն անուններն են»։

Ստեփանակերտում զրույցն ավարտելուց հետո Սլավա Մոսունցը մեզ հրավիրում է Մարտակերտ։ Հաջորդ օրը նրա ուղեկցությամբ գնում ենք Մարտակերտի հին գերեզմանոց, որի տապանաքարերը Մոսունցն անգիր գիտե։ «Սա գերեզման չէ, սա մեր ննջեցյալների կենսագրությունն է, սա մեր պապերի ապրած կյանքի կենսագրությունն է։ Էստեղ թողել են արձանագրություններ, էստեղ թողել են իրենց կտակները»,-ասում է տոհմածառերի հեղինակն ու ավելացնում, որ իր հավաքած տեղեկությունները մեկ առ մեկ ճշտել է տապանաքարերի արձանագրություններով։

Հիմա նա պատրաստվում է մեծ տպաքանակով բազմացնել իր կազմած հաստափոր ժողովածուն, որ ամեն մարտակերտցու տանը լինի այդ գրքից, եւ եթե մեկը հեռացել է արմատներից, գոնե հնարավորություն ունենա սաղարթը տեսնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter