HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անիլ Ագարվալի մութ գործերը

Նոյեմբերի 25-ին հանքարդյունաբերության խնդիրները քննարկող Մայնվեբ կայքում (Minweb.com) հրապարակված մի հոդվածում նշված է, որ լոնդոնյան «Վենդատա Ռեսոուրսես» եւ «Տորոնտո-լիստեդի Ստերլիտ Գոլդ» ընկերությունների հիմնական բաժնետեր Անիլ Ագարվալը կարող է կորցնել Հայաստանի ոսկու նախագիծը: «Ագարվալի կոնֆլիկտը Հայաստանի կառավարության հետ արդեն ազդել է «Ստերլիտի» բաժնետոմսերի գնի վրա եւ Կովկասի ամենահարուստ ոսկու պաշարներ ունեցող ընկերությանը դարձրել միջազգային շուկայական խաղերի առարկա»,- գրված է հոդվածում:

Հ այաստանի կառավարության հետ Ագարվալի կոնֆլիկտի հիմնական պատճառը ոսկու ձեռնարկության կողմից ոսկու իրական պաշաները թաքցնելն է: Թեեւ 2005թ. փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական դատարանում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության միջեւ կնքվել է հաշտության համաձայնություն, սակայն շատ հարցեր առայսօր մնացել են անպատասխան: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 2004թ. հունիսի 3-ին կազմած ակտում ներկայացրել է հետեւյալ փաստերը. «Սոթքի հանքավայրում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերվել են 865,2 կգ ոսկու, 3,3տ արծաթի, 0,86տ սելենի, 7,18տ թելուրի թաքցված ծավալներ: Մեղրաձորի ոսկու հանքավայրում հայտնաբերվել են 143, 4կգ ոսկու, 2,78տ արծաթի եւ 3,38տ թելուրի թաքցված ծավալներ»:

Մետաղների այս ծավալները թաքցնելու արդյունքում 900 մլն դրամ հաշվարկային ծավալով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը:

Ինչպե՞ս է պատահել, որ ոսկու թաքցրած պաշարներ հայտնաբերած տեսչությունը դատարանում հրաժարվել է իր կատարած ուսումնասիրության արդյունքներից: Անհասկանալի է նաեւ, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, իր ձեռքի տակ ունենալով նման փաստեր, չի հարուցել քրեական գործ եւ չի կատարել քննություն' պարզելու իրականությունը: Հաշտության համաձայնագիրը լուրջ կասկածների տեղիք է տալիս.

հանրապեության լավագույն մասնագետներից կազմված խումբը չէր կարող նման սխալներ թույլ տալ:

Հնդկաստանում ծնված Անիլ Ագարվալն իր գործունեությունը սկսել է որպես մետաղի ջարդոնի մանր առեւտրական, այնուհետեւ նա պղնձե լարեր էր վաճառում Հնդկաստանի հեռահաղորդակցության ընկերություններին եւ այդպիսով մեծ կարողություն կուտակեց: 30 տարի առաջ նա տեղափոխվեց Լոնդոն:

«Կորպուոչ» (CorpWatch) կայքում «Վեդանտան սպառնում է հնդկական համայքներին» վերնագրով հոդվածում Նիտյանանդ æայարաման գրում է, որ Հարավային Հնդկաստանում Յարքուադի լեռների բարձունքում գտնվող տաճարի պատերին վերջերս հայտնվել են բազմաթիվ ճաքեր։ Մի քանի հարյուրամյակ առաջ կառուցված այդ տաճարը նման վիճակի է հասցրել վերջերս նրա շրջակայքում նոր հանքավայրի գործարկումը «Մադրաս Ալյումինիում Քոմփանի Լիմիթեդ»-ի (ՄԱԼՔՈ) կողմից, որը «Վեդանտա Ռեսոուրսես» անունով բրիտանական ընկերության մասնաճյուղն է եւ վերոհիշյալ լեռների բարձունքում արդյունահանում է բոքսիտ: ՄԱԼՔՈ-ն այդ տարածքում, մի հսկայական ջրամբարի հարեւանությամբ, կառուցել է ձուլարան, որտեղ բոքսիտը վերածվում է ալյումինի:

Ձուլարանի թափոններից առաջացած հսկայական թունավոր բլուրը ջրամբարից բաժանում է մի բարակ հողաթափ։

ՄԱԼՔՈ–ն ծագումով հնդիկ բրիտանացի միլիարդեր Անիլ Ագարվալի ստեղծած «Վեդանտա ռեսուրսես» անունով հսկա մեքենայի ընդամենը մի փոքրիկ մասնիկն է։

«Վեդանտա Ռեսոուրսես»-ն այսօր պղնձի, ալյումինի, ցինկի, կապարի եւ ոսկու արդյունահանման միջազգային ներդրումային պորտֆելով հզոր կառույց է։

Գործունեության կենտրոնը Հնդկաստանն է: Ընկերությունը ունի պղնձի եւ ալյումինի մի քանի ձուլարաններ: Ընկերության կայքում տեղադրված տարեկան հաշվետվության համաձայն' շուտով Հնդկաստանում կբացվեն եւս երկու հանքավայր եւ պղնձի երկու նոր ձուլարաններ:

«Վեդանտան» Հնդկաստանում երկու ընկերություն ունի' «Սթերլայթ Ինդասթրիս Ինդիա Էլ Թի Դի»-ն եւ «Վեդանտա Ալյումինա Էլ Թի Դի»-ն: Այս ընկերություններն իրենց հերթին ունեն հինգ մասնաճյուղեր: Այդ մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ «Վեդանտա Ռեսոուրսեսի» կայքում տեղադրված 2005թ. տարեկան հաշվետվությունից:

Հնդիկ ակտիվիստ-բնապահպանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանց պնդմամբ' «Վեդանտա Ռեսոուրսեսի» ծրագրերը սպառնում են վերացնել խիտ անտառապատված տարածքները: Այդ տարածքներում բնակվում են վագրեր, հնդկական բիզոններ, արջեր եւ փղեր։ Նրանք նշում են, որ «վտանգի տակ են նաեւ տեղական աղքատ համայնքները»: Հնդիկ ակտիվիստները պնդում են, որ Վեդանտայի ծրագրերն անօրինական են, եւ որ կառավարությունը հանցավոր համաձայնության է եկել ընկերության հետ շրջակա միջավայրի պաշտպանությունը շրջանցելու նպատակով։

Հանդիպելով համայնքների դիմադրությանը' «Վեդանտա Ռեսոուրսես»-ին պատկանող «Սթերլայթը» հիմնադրել է տեղական համայնքների կարիքներին ուղղված հիմնադրամ։ «Մենք ոչ մի արտառոց բան չենք անում»,-« India's Financial Express » («Հնդկաստանի ֆինանսական էքսպրես» ) գործակալությանը հայտնել է հիմնադրամի Մանուկների աջակցման կենտրոնի ղեկավար Ս. Չաամունդին։ «Սակայն տեսնելով մանուկների աչքերում երանություն՝ երբ նրանք զգում են, որ իրենց մասին ինչ-որ մեկը հոգ է տանում, եւ փայլ աղքատ ծնողների դեմքի վրա, երբ նրանց երեխաներն ասում են «ներողություն» եւ «շնորհակալություն», ճիշտ այնպես, ինչպես այն տների երեխաները, որտեղ նրանք աշխատում են որպես ծառաներ, հուշում է մեզ, որ մենք զբաղված ենք արժեքավոր գործով»։

Սոցիալական օգնության այս ծրագրերը, սակայն, չկարողացան հակազդել «Վեդանտայի» գործունեության նկատմամբ դժգոհություններին կամ հերքել միջավայրն աղտոտելու, տեղացիներին թունավորելու եւ բնապահպանությունը շրջանցելու նպատակով պաշտոնյաների հետ հանցավոր համաձայնության գալու բազմաթիվ փաստերը։

Միշտ նոր հանքեր եւ ձեռնարկություններ գործարկելիս Ագարվալը հանդիպում էր լուրջ դիմադրությունների թե ' բնապահպանների, թե ' բնակիչների կողմից: Եղել են բազմաթիվ ցույցեր, սակայն կարճ ժամանակ անց, որպես կանոն, Ագարվալը միշտ լեզու էր գտնում կառավարության հետ:

Տեղի ունեցած պատահարների եւ գազերի արտահոսքի հետեւանքով Մադրասի Գերագույն դատարանը ստիպված եղավ հետաքննություն սկսել «Սթերլայթի» կողմից միջավայրն աղտոտելու փաստերով։ Ազգային միջավայրային վերահսկողության լաբորատորիան ընկերությանը մեղադրեց վնասակար նյութերի վտանգավոր ծավալներ միջավայր արտանետելու մեջ եւ պահանջեց փակել ընկերությունը։ Պահանջն ի կատար ածվեց: Սակայն երեք ամիս անց նույն դատարանը վերացրեց իր որոշումը, արդարացրեց «Սթերլայթին» եւ թույլատրեց դրա վերաբացումը։

2004թ.–ի սեպտեմբեր ամսվա դրությամբ, երբ Գերագույն դատարանի կողմից ուղարկված Վերահսկողության կոմիտեն այցելեց «Սթերլայթ». գործարանն արդեն արտանետում էր թույլատրված նորման չորս անգամ գերազանցող ծավալների վտանգավոր նյութեր:

Լրագրողը պարզել է, որ «Սթերլայթ»-ի մի քանի պղնձաձուլարաններ եւ զտարաններ ոչ միայն չեն անցել Հնդկաստանի օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը, այլեւ ընդհանրապես չեն ունեցել կառավարության թույլտվությունը այդ ձեռնարկությունների շինարարության համար:

Նիտյանանդ æայարաման պարզել է նաեւ, որ կենտրոնական կառավարությունը այդ թույլտվությունը տվել է հետին ամսաթվով, նույն կերպ' նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության թույլտվությունը կառավարության հրահանգից հետո:

Չնայած իր կապերին եւ հսկա կարողությանը, Անիլ Ագարվալը խնդիրներ ունի օրենքի հետ թե՛ Բրիտանիայում, թե՛ Հնդկաստանում: Հնդկաստանում նրան մեղադրում են բորսայական տխրահռչակ խարդախ Հարշադ Մեհթայի հետ համագործակցելու մեջ։

«Մեծ ցուլ» անունով հայտնի Մեհթան զբաղվում էր ինսայդերային առեւտրով եւ արժեթղթերի գների մանիպուլյացիայով։ 1998–ին, երբ Բոմբեյի բորսայի ցուցանիշները շատ ցածր էին, Մեհթան զբաղված էր «Սթերլայթի» արժեթղթերի գները բարձրացնելով: Նրան հաջողվեց դրանց գինը բարձրացնել 41 տոկոսով։ Նույն տարում Հնդկաստանի Արժեթղթերի փոխանակման խորհուրդը երկու տարով արգելեց «Սթերլայթի» արժեթղթերի վաճառքը:

Սակայն Հնդկաստանի Արժեթղթերի վերաքննիչ տրիբունալը «Սթերլայթի» գործը թողեց առանց քննության: Հանքարդյունահանման ոլորտում շատերի համար բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան:

Մեծ Բրիտանիայում 2000թ.–ին Լոնդոնի աշխատանքային տրիբունալը կայացրեց մի որոշում, որով Ա. Ագարվալին ստիպեց 1,2 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել իր աշխատողներից մեկին սպառնալու համար: Այդ աշխատողին Ագարվալը ստիպել էր կեղծել Միացյալ նահանգների մի ընկերությանը ներկայացվող տվյալները։

Ըստ տրիբունալի արձանագրության' Ագարվալն աշխատողի վրա էր շպրտել իր թվային օրագիրը եւ գոռացել. «Դու դեռ իմ վատ կողմը չես տեսել։ Այնպես կանեմ, որ դու տեղ չունենաս այս մոլորակի վրա»։ 2004թ.–ի մարտին www.forbec.com -ում հրապարակված մի հոդվածում «Բիլիոնարիս» ամսագրի թղթակից Մայքլ Ֆրիդմանին այս միջադեպի առթիվ Ագարվալը պարզաբանել էր. «13 000 աշխատող ունենալիս միշտ կլինեն որոշ բողոքներ»։

Պարտադիր ստուգումներից եւ հետաքննություններից խուսափելու համար ընկերությունն այժմ փորձում է դուրս գալ Բոմբեյի Բորսայից եւ Հնդկաստանի իր բիզնեսը փոխանցել Միացյալ Թագավորություն։ «Սա առաջին Հնդկական ընկերությունն է, որը գրանցում է ստանում Լոնդոնում»,-գրում է Ֆրիդմանը,- «մինչդեռ անհրաժեշտ էր ստուգել, թե արդյոք Ագարվալի ցույց տված սեփականությունն իրականում գոյություն ունի՞, եւ արդյոք նրա վերահսկողության ստանդարտները համապատասխանու՞մ են իրականությանը։ Իրավաբաններից, բանկիրներից եւ ճարտարապետներից կազմված 120 հոգանոց թիմը մեկնեց Հնդկաստան, որպեսզի ստուգի սեփականությունը եւ ուսումնասիրի փաստաթղթերը»։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter