HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործուղում

Եղեգնաձորի հյուրանոցում, ուր նոյեմբեր ամսին ստիպված հանգրվանել էի լեռնային գյուղի ավտոբուսից ուշանալու պատճառով, ինձ մի սենյակ տվեցին, որի պատուհանից կապույտ լեռներ էին երեւում։ Սենյակը վերցնելուց հետո մի քիչ թափառեցի քաղաքում, գավառական ճաշարանում ճաշեցի, գավառական սրճարանում սուրճ խմեցի, գավառագիտական թանգարանում ծանոթացա տարածքի պատմամշակութային արժեքներին ու երբ վերադարձա, մութն արդեն ընկել էր եւ պատուհանն արդեն դարձել էր մոխրագույն շրջանակով սեւ նկար։

Սենյակում դրված զույգ մահճակալներից որեւէ մեկն ընտրելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Ես պառկեցի աջակողմյանին, պատվեցի կապույտ, ոչ այնքան հաստ ծածկոցով ու լույսն անջատելով միամտաբար կարծեցի, թե հիմա քնելու եմ։ Անտանելի ցուրտը թարմացնում էր, աջ ու ձախ շրջվելն իզուր էր։ Հավանաբար մեկ ժամ չանցած վեր կացա տեղիցս, եւ մեջքիս քամու ուժգին հոսանքն զգալով հասկացա, որ կապույտ լեռների ու սեւ մութի այդ շրջանակն ապակի չունի։ Դիմացի մահճակալի ծածկոցներից մեկով փակեցի բաց պատուհանն ու փոքր ինչ ջերմացում զգալով կրկին պառկեցի։

-Հիմա կքնեմ,-մտածեցի ես։ Մարմնիս ու ծածկոցների միջակայքում անհրաժեշտ ջերմությունը դեռ չէր ապահովվել, սենյակի անկյունում գտնվող ծորակից սկսեց ջուր կաթել։ Հիշեցի հյուրանոցի կարգավարի զգուշացումը՝ ջուրը գիշերն են տալիս, եթե պետք է հավաքեք։ Կաթիլները դանդաղ, որոշակի դադարներով ընկնում էին էմալապատ լվացարանակոնքի մեջ, եւ այդ կաթիլքը քունս դարձնում էր անհնար։ Երկար ժամանակ չէի համարձակվում վեր կենալ եւ ամուր փակել ծորակը, մտածում էի՝ գուցե փչացած է, լավ չի փակվում, ու վեր կենալով կկորցնեմ դժվարությամբ ստեղծված ջերմային միջավայրը։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ այդպես անհնար է, պետք է անպայման փորձել, բայց կաթիլքը կտրելու բոլոր ջանքերս իզուր անցան, եւ ես սկսեցի վերականգնել անդրծածկոցյան ջերմությունը։

Կըլթ, գըլթ, բըլթ, պըլթ… æուրը կաթում էր ոչ հավասար պարբերականությամբ՝ մեկ գրեթե առանց դադարի, մեկ-մեկ էլ երկար դադարներով։ Երկար դադարների ընթացքում ես պատկերացնում էի, թե ծորակի վերջույթին ոնց է գոյանում ջրի կաթիլը, եւ միաժամանակ մտածում, որ եթե չմտածեմ դրա մասին կքնեմ կամ եթե անգամ չքնեմ գիշերն ավելի շուտ կանցնի։

Կըլթ, գըլթ, բըլթ, պըլթ… Անվերջ ու անվերջ կաթում էր ջուրը։ Հայհոյել իմաստ չուներ, որովհետեւ անհասցե հայհոյանքը միայն օդն է պղծում։ Քիչ էր ջրի կաթոցքը հիմա էլ պիտի պղծված օդ շնչեի։ Հիշեցի, որ պետք է օգտագործել այն, ինչը մեզ խանգարում է, ու բարձս գլխիս տակ կծկելով սկսեցի հաշվել կաթիլները։ Սկզբում մտածեցի, որ կքնեմ 16-րդ կաթիլի հետ, բայց երբ արդեն 20-րդն էի հաշվում մտածեցի, թե քունս կգա 34-րդից հետո, բայց 37-րդն ու 38-րդը հաշվելիս հասկացա, որ հիսունից շուտ քնելու հնար չկա։ Եհովայի վկաների աշխարհի վերջն է՝ գալիս է ու չի գալիս։ Երեւի հենց դրանով էլ նրանք խաբում են մարդկանց ու երեւի հենց դա է նրանց զորությունը՝ տեսա՞ր ոնց չեկավ 1914 թվականին, ահա այդպես էլ չի գալու 1918-ին, 1925-ին, 1942-ին, 1975-ին, 1993-ին ու հետագայում։ Երջանկությունը սպասման մեջ է հենց եւ ոչ թե գալու։

52-ն ու 53-ը հաշվելիս զգացի, որ ոտքերս մրսում են, եւ բնական պահանջն ինձ հանեց անկողնուց։ Պետք է հագնեի անդրավարտիքս, պետք է գնայի մութ միջանցքի ծայրում գտնվող զուգարանն ու կրկին պիտի վերադառնայի այն սենյակը, որտեղ չքնելու համար երեք ռուբլի հիսուն կոպեկ էի վճարել՝ նախապես։

Գործուղման փաստաթղթերում դա կոչվում է գիշերավարձ։ Ամեն ինչ ճիշտ է՝ գիշերավարձ, ոչ թե քնավարձ։ Եւ այս մտքով տարված, չգիտեմ ինչու, ոչ թե քայլեցի դեպի զուգարան, այլ աստիճաններով իջա վար՝ հյուրանոցի կարգավարին հավանաբար հարցնելու, թե ինչքա՞ն պիտի ավելացնեմ քնելու համար։

Հաստամարմին կարգավարուհին բազկաթոռի մեջ նստած քնած էր։ Նրա թեք ընկած բերանից թքի մի կաթիլ էր դուրս եկել, որն արտաշնչելիս պղպղջակ էր դառնում, իսկ ներշնչելիս՝ փսկում պայթած փուչիկի պես։ Ինձ զարմացրեց, որ նա ծածկված չէր։ Բանալիների պահատուփը դատարկ էր, ինչը հյուրանոցներում սովորաբար նշանակում է, թե բոլոր սենյակները զբաղված են։ -Որ հանգիստ քնի, սեյֆում է պահել,-մտածեցի ես, որովհետեւ այդ երեկո հյուրանոցում ինձանից բացի ուրիշ մարդ չէի տեսել։ Կարգավարուհին անհանգիստ շարժվեց։ Մտածելով, թե կարթնանա մի քիչ էլ մոտեցա պատուհանին, որ խնդրեմ փոխի սենյակս, բայց նա ոչ միայն չարթնացավ, այլեւ մեջքի վրա ընկնելով սկսեց խռռացնել։ Ես տեսա նրա կողքին դրված էլեկտրական սալիկը, բայց նախանձը ներսումս չհասցրեց գլուխ բարձրացնել, որովհետեւ բնական ցանկությունն ավելի ուժգին էր։

Մութ միջանցքում խարխափելով գտա թաց կետը։ Երկու դուռ էր՝ մեկի վրա կարճ շրջազգեստով կնոջ խորհրդանիշը, մյուսի վրա՝ լավ արդուկված անդրավարտիքի երկու ոտք։ Սեռերի այս տարբերակման վրա ծիծաղս եկավ, բայց զսպեցի։ Տղամարդկանց զուգարանի դուռը մեխած էր։ Մտա կանանց զուգարան, եւ մինչ միզում էի՝ չակնկալելով հակառակ սեռի որեւէ էակի հայտնությունը, մինջացքից ոտնաձայներ լսվեցին։ Գործս արագ վերջացնելով, կոճկեցի անդրավարտիքս ու դուրս եկա՝ մտածելով, որ հանկարծահայտ կինը մթության մեջ չի նկատի, թե որ դռնից եմ դուրս եկել։

Մութ միջանցքում ոչ ոք չկար, երբ մի քիչ առաջացա, դիմացս մի ահռելի շուն հայտնվեց։ Շնից չէի վախենում, բայց հանկարծակի հայտնություններից մարմնովս դող էր անցնում։ Շան հայացքը բարի չէր, վախենալու էլ չէր՝ հոգնած էր։ Ծուլորեն քայլեց ետեւիցս՝ ուղեկցելով ինձ մինչեւ սենյակի դուռն ու ոտքերս հոտոտելով նստեց դռան մոտ։ Ներս մտա։ Ապակուն փոխարինող ծածկոցը դուռը բացել-փակելուց պոկվել էր։ Նորոգեցի։ Ժամացույց չկրելու սովորության համար ափսոսելով պառկեցի ու նորից սկսեցի ստեղծել ջերմային իմ միջավայրը։ Հորանջեցի. հիանալի է քնում եմ։ Հետո չգիտես ինչու մտածեցի, որ հակառակ դեպքում որեւէ կին անհարմար կզգար օգտվել տղամարդկանց զուգարանից, եւ գուցե հայտնվեր ծիծաղելի իրավիճակում։ —Քեզ ինչ, ապուշ, հորանջում ես, քնիր, ի՞նչ ես հիմար բաների մասին մտածում,-նախատեցի ինքս ինձ եւ երրորդ անգամ հորանջելիս զգացի, որ ջուրն առաջվա նման կաթում է։

Սկսեցի զույգ-զույգ հաշվել՝ մտածելով, թե այդպես դժվար է ու միտքս ծանրաբեռնելով ավելի շուտ կքնեմ։ Շատ արագ կորցրի հաշիվը։ Նորից զգացի սառած ոտքերս ու տեղից վեր կենալով դուրս եկա սենյակից։ Շունն անպատակ կանգնած էր միջանցքում։ -Երեւի կույր է,-մտածեցի՝ նկատելով, որ ուշադրություն չի դարձնում վրաս։ Աջ թեւի չորրորդ սենյակից մահճակալի ճռռոց լսվեց։ Ձայնի վրա շան ականջները սրվեցին։ -Գուցե կին է,-մտածեցի,-իսկ ես առանց անդրավարտիքի եմ դուրս եկել։ Սենյակներից մարդ դուրս չեկավ։ Ներս մտնելով փորձեցի նորից, ավելի ամուր փակել ծորակը, բռնակը մնաց ձեռքիս մեջ։ Մտքովս ռուսերեն հայհոյանք անցավ, բայց չբարձրաձայնեցի, որ սենյակի օդը չպղծեմ։

Պառկեցի ու սկսեցի հաշվել կաթիլները տասնյակներով՝ տասը, քսան, երեսուն, քառասուն… հարյուրքսան, հարյուրերեսուն…Նշաններն արժեք չեն պարունակում։ Ի՞նչ նշանակություն ունի կաթիլը հաշվում ես միանիշ թե երկնիշ թվերով: Ոչինչ չպատահեց, չէ, որ տղամարդկանց զուգարանը փակ գտնելով շեմեցի կանանց դուռը, դրանից ոչինչ չփոխվեց։

Այդ գիշերն ինձ բաժին էր հասել աշխատանքս ավելի հետաքրքիր դարձնելու ջանքիս շնորհիվ։ Ես գնում էի հանդիպելու մի մարդու, ով իր կյանքի ութ տասնամյակի ընթացքում չորրորդ անգամ էր բռնագաղթի ենթարկվում։ Փախստականների այդ գյուղը շրջկենտրոնից հեռու էր ընդամենը 15 կիլոմետր, եւ եթե ես հյուրանոց մտնելուս պահից հաշված ոտքով գնայի, առնվազն 4-5 ժամում տեղ հասած կլինեի, բայց «կոմֆորտին» սովորած լինելը, թե մարդկային սովորական ծուլությունն ինձ բերել էին այստեղ, որ քնեի, հանգստանայի եւ առավոտյան ավտոբուսով մարդավարի ճամփա ընկնեի։

Շատ դժվար է գիշեր լուսացնելը, երբ չգիտես ժամը մեկն անց կես է, թե չորսից տասն է պակաս։ Եթե մեկն անց կես է եւ անտանելի ցուրտ, ուրեմն դեռ երեք անգամ պիտի քայլես միջանցքով, իսկ եթե չորսն է մոտենում, կարող ես հանգիստ պառկել՝ հույս ունենալով, որ ժամը յոթին բնական անկասելի ցանկությունը քեզ դուրս կշպրտի անկողնուց։

Ապակուն փոխարինող ծածկոցը մի քիչ բացելով՝ շոշոփեցի դրսի օդը։ Սառն էր, կտրող սառը։ Ուրեմն առավոտը մոտ է, որովհետեւ առավոտվա դեմ սովորաբար օդն ավելի է պաղում։

Հուսավորված, նորից պատվեցի ծածկոցով։ Դեռ կարգին չտաքացած, միտքս պայծառացավ՝ պետք է կրճատել ծորակի ու լվացարանի միջեւ եղած հեռավորությունը։ Միանգամից վեր թռա տեղիցս, մոտեցա ծորակին։ Թիզով չափեցի տարածությունը՝ մեկ ու կես։ Ի՞նչ կարելի է կախել այս ծորակից, որ անտանելի այդ ձայնը կտրվի։ Սկսեցի տնտղել ճամպրուկս։ Ամենահարմարը գուլպաներն էին՝ մեկը գուցե քիչ լինի, երկուսը կկապեմ իրար։ Այդպես էլ արեցի։ Ձայնը կտրվեց։ Հանգստացած պառկում էի արդեն, երբ դրսից ինչ-որ անհասկանալի գլգլոց լսվեց։ - Թհյու,-այս անգամ չկարողացա պահպանել օդի անաղարտությունն ու բերանիցս ռուսերեն հայհոյանքներ դուրս թռան։

Ինքնաբերաբար, չիմանալով ինչ եմ անելու, վեր թռա տեղիցս։ Մոտեցա, այս ու այն կողմ տարա գուլպաները, ականջս դրեցի լվացարանի խողովակին՝ ձայն չկար։ Վերջապես, վերջապես լռություն տիրեց հյուրանոցի իմ սենյակում։ Պառկեցի ու նորից սկսեցի վերստեղծել ջերմային ի՛մ միջավայրը։ - Հիմա կքնեմ, այ հիմա կքնեմ,-մտածեցի ես՝ վախենալով, թե քնած կմնամ ու բաց կթողնեմ ավտոբուսը։ - Հերն էլ անիծած, մեքենա կբռնեմ, երեք ռուբլի կտամ, ավտոբուսից էլ շուտ կհասնեմ։ Հորանջելն ավելի հուսավորեց ինձ՝ արդեն քնում եմ կամ գուցե քնա՞ծ եմ։ Ուռա՜։ Իսկապես քնում էի, ի՜նչ երջանկություն։ Բայց ի՞նչ երջանկություն, որ կարճ չտեւի։

Ձախ կողմի հավանաբար չորրորդ դուռը, որտեղից խռմփոց էի լսել, ճռռալով բացվեց։ Ոտնաձայներ… -Հանգիստ, հանգիստ,-մտածեցի,-ամեն ինչ կարգին է, մարդը կարիք ունի, գնում է զուգարան, քնիր, քնիր։ Այո, բայց… Անասունը չհասկացավ, որ տղամարդկանց զուգարանը փակ է, դուռն է քաշքշում։ -Մտիր, դե մտիր կանանց դռնից, շուտ արա, ապուշ, տակդ կանես։ Չէ, սկզբունքային է էշը, դուռն է կոտրում։ Շունը սկսեց հաչել։ -Սսս, սսս,-իբր շշուկով ասաց մարդը։ Կրկնվող բաղաձայներն արձագանքեցին դատարկ միջանցքում եւ այդ արձագանքից շունն ավելի կատաղեց։

Մարդը հավանաբար այնուամենայնիվ մտավ կանանց զուգարան։ Շունը սկսեց ավելի դանդաղ ու մեծ ընդմիջումներով հաչել։ Մարդն իր սենյակը մտնելիս շանն ասաց՝ պաշոլ, իբր գնա այստեղից ու ձայնդ կտրիր։ Ճռռոցով փակեց սենյակի դուռը։ Շունը երկու անգամ էլ հաչեց ու լռեց։ -Վերջ,-ծանրացած կոպերս դանդաղ փակելով մտածեցի ես,-հիմա կքնեմ։

Ժամացույց չունենալու պատճառով չեմ կարող ասել, թե քանի րոպե չանցած դռան ճռռոց լսվեց առաջին հարկից։ Հավանաբար շան հաչոցից արթնացել էր կարգավարուհին։ Նա հողաթափերը քստքստացնելով բարձրացավ երկրորդ հարկ, շանը մի քանի փաղաքշական խոսք ասաց, հետո քստքստացնելով գնաց զուգարանի կողմը, ճռռացնելով բացեց դուռը, ճռռացնելով փակեց, չրխկոցով սահեցրեց սողնակը (չէի մտածել, որ այդ դուռը փականք էլ ունի)։ Նորից լռություն տիրեց։

Հոգնած գլուխս կարծես մոռանում էր ջրի կաթոցը, սենյակի սառնությունը, ձախ կողմի չորրորդ դռան ճռռոցը, հողաթափերի քստքստոցը, շան հաչոցը… Վերջ, ընկղմվում եմ քնի մեջ։ Ահա, արդեն քնել եմ, բայց քնե՞լ եմ, թե՞ կարգավարուհին մեռավ փակ զուգարանում։ Թհյու, ի՜նչ տհաճություն, եղած-չեղած միակ զուգարանում դիակ։ Բայց ես քնել եմ արդեն, ես արդեն քնած եմ, վերջ։

Զուգարանի դուռը ճռռոցով բացվեց, հետո էլի ինչ-որ անհասկանալի ձայներ լսվեցին, որոնք որոշակիանալով դարձան քչքչոց։ Պարզ է, զուգարանում դրված տակառի մեջ ջուր է հավաքում, հիմա պետք է ա՛յս ձայնը հաղթահարել։ Բայց երանի միայն այս ձայնը լիներ։ Կարգավարուհին, ով նաեւ հավաքարար էր, չոր ավելով սկսեց մաքրել միջանցքի հատակը։ Ավելի չոր ճյուղերի ու փայտե հատակի շփումից անասելի տհաճ ձայն էր դուրս գալիս։ -Եթե ավլում է, ուրեմն լուսաբացը մոտ է,-սա էր միակ մխիթարությունս։ Բայց ավլելը ոչինչ, կարգավարուհին չձանձրանալու համար խոսում էր շան հետ՝ միլենկի, պաչեմու նե սպիշ, գալոդնայա չտո լի, էրեկ էդքան լափեցիր, բոլ չի՞… ու նման բաներ։
Հավանաբար 15-20 րոպե հետո կարգավարուհին փակեց զուգարանի ջրի ծորակը, վերջացրեց ավլելն ու երեւի շան էլ հետը վերցնելով իջավ առաջին հարկ։ Տիրեց կատարյալ լռություն։ Ես ոչ մի բան չմտածելով փակեցի աչքերս ու վերջապես քնեցի։ Չգիտեմ ինչքա՞ն էր անցել այդ երանավետ պահից, երբ ռադիոն սկսեց երգել Սովետական Հայաստանի հիմնը՝ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան…»։ Ժամը վեցն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter