HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առեւտրի սրահ` Արաբկիրի մանկական այգու փոխարեն

Արփի Մաղաքյան

Արաբկիրի մանկական այգին նոյեմբերի 29-ին զրկվեց միակ կարուսելից: Թաղապետարանից ուղարկված բանվորները սկսել են քանդել կարուսելը' առանց զգուշացնելու սեփականատիրոջը, հետագայում միայն պարզաբանել են, որ այդտեղ պետք է կանգնեցվի Պյոտր Առաջինի արձանը։

Արաբկիր համայնքի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ պրն Արսեն Մինասյանը չի հաստատում Պյոտր Առաջինի արձանի կանգնեցման մասին լուրը, իսկ կարուսելի ապամոնտաժումը բացատրում է ապօրինի լինելով։

Փոքրիկ Ժաննայի մայրիկն ասում է, որ այդ կարուսելն իր երեխայի միակ ուրախությունն էր այգում, քանի որ, բացի դրանից, մոտակայքում երեխաների համար ուրիշ զվարճալիք չկա։ Վիգեն պապը զայրանում է. «Մենակ երեխեքի կարուսելն էր ապօրինի, էս կաֆեները շա՜տ օրինական են։ Ես էս այգին երեխեքի համար եմ տնկել »։ Վիգեն պապը հաստոցաշինական գործարանում է աշխատել, բանվորներով հաճախ ծառատունկի են մասնակցել։ Դառնությամբ ցույց է տալիս այգում իր ու ընկերների տնկած ծառերն ու ասում, որ ծերացել, չորացել են։ Իսկ նորատունկ շիվերը ցույց տալով ասում է. «Դրանք ծառ չեն, ռեկլամ են։ Նկարահանումների օրը տնկում են, հետո սպասում մյուս նկարահանմանը, որ ջրեն»։

Առանց այն էլ փոքր է Արաբկիր համայնքի մանկական այգին։ Այսօր այս այգում կա գործող հինգ բացօթյա սրճարան, մեկ նորակառույց բիլիարդասրահ և մեկ կառուցվող շինություն։ 

Թաղապետարանի կոմունալ բաժնի պետը հավատացնում է, որ թաղապետարանի պլաններում կա խաղահրապարակի կառուցում։ Սակայն Արաբկիրի բնակիչ Անահիտն ասում է. «Չեմ հավատում, թե երբևէ խաղահրապարակ սարքեն, որովհետև եղածն են քանդել»։ Պատմում է, որ ինքը սովորել է թիվ 51 դպրոցում (գտնվում է այգու հարևանությամբ), դասերից հետո ընկերներով ամեն օր գնացել են կարուսել։

Պարզվում է, որ ներկայիս մանկական այգին ուներ անվանը առավել համահունչ շարունակություն՝ երկրորդ մաս՝ կարուսելներով, մարզաձողով, կարմիր ավազով՝ ամենափոքրերի դույլաբահային խաղերի համար։ Ներկայումս այս այգին ցանկապատված է, կարուսելներից հետք չի մնացել, եղած ծառերն էլ շատ նոսր են։

Անահիտն ասում է. «Երեխայիս նույն մանկապարտեզն եմ տանում, ուր ես եմ հաճախել, հետո էլ նույն դպրոցը կգնա ... Ամեն ինչ կարծես կրկնվում է, իսկ իմ մանկության այգին՝ փարթամ բուսականությամբ, ակացիաների գերող բուրմունքով, կարուսելներով, գոյություն չունի»։

Ցանկապատված այգու ցուցատախտակը բոթում է, որ նախկին կանաչ գոտում կառուցվելու է երկհարկանի, գեղեցիկ առևտրի սրահ։ Այգու հարևանությամբ բնակվող Տիգրանն ասում է, որ այգին ցանկապատված ժամանակ միտումնավոր չոռոգվեց, որպեսզի հետագայում, շինարարությունը սկսելիս, արդարացնեն ծառահատումը։

Մինչ Արաբկիրի թաղապետարանը հավատացնում է, որ երեխաների համար խաղահրապարակ կկառուցվի, Արաբկիրի Մանկական զբոսայգում բազմանում են սրճարաններն ու բիլիարդասրահները։ Իսկ երեքամյա Վիկտորիան հարցնում է. «Մամ, էս ձաձաները ինչու՞ հանեցին իմ կարուսելը, չե՞ն ուզում, որ բալիկները այգի գան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter