
Մարդկանց առեւտրի դեմ պայքարը Հայաստանում
Հայաստանում թրաֆիկինգի մասին իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են կատարում նաեւ մի քանի ՀԿ-ներ' իրենց առանձին ծրագրերով (Տես նաեւ' Մարդկանց առեւտրի դեմ պայքարը Հայաստանում):
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի երեւանյան գրասենյակը իրազեկումը սկսել է դպրոցներից: Իտալիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Կանխարգելում անօրինական միգրացիայից եւ թրաֆիկինգից» եռամյա ծրագրի (2003-2006թթ.) նպատակն է 9-10-րդ դասարանցիներին ծանոթացնել թրաֆիկինգ երեւույթին, ներկայացնել դրա հետ կապված խնդիրները: Ծրագիրն իրականացվում է 100 դպրոցներում' 15-ական Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում եւ 70 երեւանյան դպրոցներում: Ընտրվել են աշակերտության մեծ թվաքանակ ունեցող դպրոցները:
«Ամեն տարի 2 անգամ դասընթաց ենք անցկացնում այս դպրոցներից մեկական ուսուցչի հետ: Ուսուցիչներին պատրաստում ենք, ծրագիր ենք կազմում, նյութեր ենք տրամադրում, հետո էլ վճարում ենք, որ իրենց դպրոցի բարձր դասարանցիների հետ ամեն կիսամյակ մեկ դասաժամում ներկայացնեն, թե ինչ է թրաֆիկինգը: Մենք արդեն ունենք այս խնդրին իրազեկ ավելի քան 25 հազար աշակերտ, ծրագիրն իրականացնում ենք այն մարզերում, որտեղ ունենք մասնաճյուղ: Նախատեսում ենք տպել մի դասագիրք եւ, կարծում ենք, շատ ճիշտ կլինի այն դարձնել պարտադիր առարկա ուսումնական պլանում, դպրոցն ավարտողն արդեն հասուն մարդ է եւ պետք է տեղյակ լինի այս խնդրին»,-պատմեց «Կանխարգելում անօրինական միգրացիայից եւ թրաֆիկինգից» ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյան ը :
Երիտասարդության շրջանում իրազեկության բարձրացմանն է ուղղված «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի երկամյա «Դադարեցնենք հիմա 2» հակաթրաֆիկինգային ծրագիրը: Այն իրականացվում է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
«Մեր թիրախային խումբը 18 տարեկանից սկսած է. դպրոցից հետո ցանկացած ուսումնական հաստատությունում' համալսարանում, ուսումնարանում, քոլեջում սովորողները: Մենք դասախոսություն ենք կարդում, բաժանում ենք տեղեկատվական նյութեր' բուկլետներ, պատի պաստառներ: Աշխատում ենք մարզերում' Կոտայք, Արագածոտն, Արարատ, Տավուշ եւ Վայոց ձոր, բայց կարծում ենք, որ Երեւանում էլ իրազեկությունը բարձր աստիճանի վրա չէ, եւ նման ծրագրի կարիք կա նաեւ Երեւանում»,- ասաց ծրագրի համակարգող Էմմա Անախասյանը:
2002թ.-ին ստեղծված Շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղա փ ո խ ման ու առուվաճառքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովն ունի բացառապես խորհրդատվական մանդատ: Հանձնաժողով ը պետք է ուսումնասիրի եւ առաջարկություններ ներկայացնի կառավարությանը: «Հանձնաժողովի բազմազան առաջարկությունները հիմնականում ամփոփված են Թրաֆիկինգի դեմ պայքարի 2004-2006թթ. Գործողությունների ազգային ծրագրում»,-հարցմանը պատասխանել է հանձնաժողովի նախագահ Վալերի Մկրտումյանը։ Հանձնաժողովի գործունեության 3-րդ տարում՝ 2005թ., «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունում Հայաստանը դասվեց հատուկ վերահսկման կարիք ունեցող երկրների շարքը։ Մեր այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել հանձնաժողովը այս հաշվետվությունից հետո, Վ. Մկրտումյանը նշել է. «Խնդիրն արժանացել է ՀՀ նախագահի ուշադրությանը, եւ հստակ հրահանգներ են տրվել իրավապահ մարմիններին զեկույցում տեղ գտած բացերը վերացնելու ուղղությամբ, կառավարությունը լուսաբանել է Ազգային ծրագիրը եւ այլն»։
Թրաֆիկինգի դեմ պայքարում կառավարությանը քաղաքական մակարդակով աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
«Մենք իրականացնում ենք մարտավարական ծրագրեր' փորձագիտական օժանդակություն, իրավապահների վերապատրաստական դասընթացեր, օրենսդրական բարեփոխումներ' պատիժների քրեականացում, զոհերի իրավունքների պաշտպանություն: Մենք ուսումնասիրում ենք դաշտի բացթողումները եւ փորձում օժանդակել դրանց վերացմանը. քննարկում ենք հնարավոր լուծումները եւ առաջարկություններ ներկայացնում կառավարությանը»,- բացատրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարական զարգացման ծրագրերի ղեկավար, դոկտոր Բլանկա Հանչիլովան:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը որպես կառավարության կատարած բարեփոխում նշեց ՀՀ ոստիկանությունում եւ դատախազությունում թրաֆիկինգի դեմ պայքարող հատուկ ստորաբաժանումներ ստեղծելը, ինչի արդյունքում, նրա կարծիքով, ավելացան Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածին (մարդկանց առեւտուր) առնչվող դատական գործերը:
«Չնայած շատ գնահատելի են նման քայլերը, բայց կարծում ենք, որ համակարգման ուղղությամբ ամեն ինչ չի արվում: Կարծում եմ, որ նույն բանի դեմ պայքարող տարբեր կառույցների միջեւ պետք է ամրապնդել համագործակցությունը»,- ասաց Բլանկա Հանչիլովան:
2005թ. հունիսից ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում գործում է Մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը: Բաժինն իր գործունեության ընթացքում' դատարանում մարդկանց առեւտրի մեղադրանք է առաջադրել 13 հոգու նկատմամբ:
«132-րդ հոդվածով մեղադրանքների նկատմամբ դատախազություն ն ունի կոշտ դիրքորոշում, այսինքն' պատժի միջնորդությունը վերաբերում է ազատազրկմանը: Կարծես թե դատարաններն էլ են նույն դիրքում, մեղմ պատժի ընդամենը մեկ դեպք ենք գրանցել եւ բողոքարկել ենք, տեսնենք' ինչպես կընթանա գործը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության Մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանը:
Մարդկանց առեւտրին վերաբերող գործերում դատախազությունը կոշտ դիրքորոշում ունի ոչ միայն պատժատեսակի, այլեւ պատժաչափի առումով:
«Մենք այն համոզմանն ենք, որ 132 հոդվածով նախատեսվող պատիժները պետք է լինեն էապես ավելի խիստ: Պոռնկության կազմակերպումը եւ մարդկանց առեւտուրը տարբեր հանցագործություններ են. թրաֆիկինգը մարդու արժանապատվության նսեմացում է, մարդու կամքի բռնացում եւ դաժան շահագործում' սեռական, թե աշխատանքային: Դատախազությունը պատժաչափի խստությանը վերաբերող օրենսդրական բարեփոխման նկատառումներն արդեն ներկայացրել է Արդարադատության նախարարություն»,- բացատրեց Ա. Բոշնաղյանը:
«Հանցատեսակը շատ արագ է զարգանում: Կազմակերպիչների ցանցերը շատ ճկուն են, ուրեմն մեր իրավական համակարգն էլ պետք է ճկուն լինելու ընդունակություն ձեռք բերի: Սա մի առիթ է' գնահատելու մեր ներքին հնարավորությունները եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու»,- կարծում է ՄՄԿ ծրագրերի պատասխանատու Հրաչ Կաժոյանը : Նրա կարծիքով' բոլորին մեղադրելով մարդկանց առեւտրի մեջ (132-րդ հոդված), հետո մեղամացուցիչ հանգամանքներով մեղադրանքը հասցնելով պոռնկությամբ զբաղվելուն ներգրավվածության (261 հոդված), դեռ չի նշանակում արդյունավետ աշխատանք:
«Մեր բաժնի ստեղծումը միջոցառում չէր, այլ գործընթացի սկիզբ. կա հանցավոր երեւույթ, որին պետք է հակազդել: Եթե անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը բացարձակ անտարբերություն ցուցաբերի այս խնդրին, միեւնույն է, մենք շարունակելու ենք աշխատել»,- վստահեցնում է Արմեն Բոշնաղյանը։
Հակաթրաֆիկինգային ծրագրերն ուղղված են իրազեկության բարձրացմանը' դպրոցականից մինչեւ պետական աշխատող, օրենսդրական բարեփոխումներին' պատժաչափերի խստացում, զոհերին աջակության մեխանիզմների հաստատում: Սակայն ծրագրեր իրականացնողներն էլ են քաջ գիտակցում, որ այս բոլոր միջոցառումները զոհ չդառնալու ապահովագրություն չեն, քանի դեռ մարդն աշխատանք ունենալու ակնկալիքը կապում է միայն արտերկիր գնալու հետ:
«Այս երեւույթի տարածման հիմնական պատճառը բնակչության ծայրահեղ ծանր նյութական վիճակն է: Թրաֆիկինգի զոհեր են դառնում հիմնականում ամուսնալուծված, երեխա պահելու հոգս ունեցող երիտասարդ կանայք: Նրանք կամ միայնակ մայրեր են, կամ էլ նրանց ամուսինները գնացել են Ռուսաստան' աշխատելու եւ այնտեղ նոր ընտանիք կազմել: Կինը, լավագույն դեպքում ունենալով միջնակարգ կրթություն, աշխատանք չի գտնում, բայց պետք է պահի երեխաներին»,-ասում է Արմեն Բոշնաղյանը:
«Ոչ մի մայր այստեղ չի թողնի իր երեխային ու գնա արտերկիր աշխատելու, եթե այստեղ կարողանա պահել այդ երեխային: Գնալը միայն աշխատանքի խնդիր է, նրանց ոչ ոք միլիոններ չի խոստանում, նրանք գնում են 200-300 դոլար աշխատելու համար, այսինքն' գումար, որով կարելի է ապրել: Ինչքան էլ իրազեկենք, օրենքներ բարեփոխենք, եթե մարդն աշխատանք չունի, այսինքն' հացի փող, ապա գնալու է»,-գտնում է Վիկտորիա Ավակովան:
Արդեն կան փաստեր, երբ աշխատանքային թրաֆիկինգի են ենթարկվել հայ տղամարդիկ, մասնավորապես Ռուսատանում: Սակայն , ինչպես նշեց Արմեն Բոշնաղյանը, դեռեւս որեւէ դեպք չի եղել իրենց վարույթում:
«Միանշանակ հայ տղամարդկանց օգնություն ցույց տալը շատ ավելի դժվար է, քան կանանց: Հայ տղամարդը, լինելով ծանր վիճակում, գուցե տարբերակներ է ունենում այդ վիճակից դուրս գալու, բայց նա չի դիմում օգնության: Մենք թեժ հեռա խ ոս ա գծի արդյունքում մի տղամարդու դեպք ունեց անք, ով աշխատանքային շահագործման է ենթարկվել Ռուսաստանում ։ Նա բարձրագույն կրթությամբ գրագետ մարդ է եւ Ռուսաստանում էլ զբաղեցրել է բավականին լավ պաշտոն, բայց նրա փաստաթղթերը իր մոտ չեն եղել, նա չի վարձատրվել եւ այլն: Մեր մենթալիտետը թույլ չի տալիս, որ բացահայտվեն շատ դեպքեր»,-ավելացրեց Վիկտորիա Ավակովան:
Նվազե՞լ են, արդյոք, թրաֆիկինգի դեպքերը, կամ արդյունավե՞տ են միջազգային, հասարակական տարբեր կազմակերպությունների իրականացրած ծրագրերը եւ իրավապահ մարմինների ջանքերը, դժվար է ասել:
Բայց եթե առաջիկայում իրավիճակի փոփոխություն չլինի, Հայաստանը կարող է հայտնվել թրաֆիկինգի դեմ չպայքարող երկրների շարքում, ինչը նախատեսում է տնտեսական սանկցիա' տնտեսական ծրագրերի, մարդասիրական օգնությունների կրճատում եւ այլն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել