
Դատախազի համար բժշկուհու գերազանցության դիպլոմն ավելի արժեքավոր է, քան 3.5 տարեկան երեխայի կյանքը
2011թ. հունվարի 1-ին` ժամը 22.30-ին «սուր լարինգոտրախեիդ 1-2-րդ աստիճան» ախտորոշմամբ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական բաժանմունք է ընդունվել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 3.5 տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանը: Երեխայի վիճակի վատացման պայմաններում հաջորդ օրը` ժամը 11.30-ի սահմաններում, Արտաշեսին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, սակայն 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո Արտաշեսը մահացել է:
Դեպքից հետո երեխայի հայրը՝ Սայադ Սեդրակյանը, դիմել է Երեւանի Շենգավիթի ոստիկանություն: Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, եւ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել «հիվանդի օրգանիզմի ընդհանուր ինդոքսիկացիայից երկկողմանի միաձույլ թարախային բրոնխոպնեւմոնիայի հետեւանքով, որով նա տառապել է կենդանության օրոք»:
Երեխայի ծնողները բողոքել են Արմավիրի բժիշկների թույլ տված սխալների դեմ, եւ դրանք պարզելու համար 22.04.2011թ. նշանակվել է բժշկական հանձնաժողովային փորձաքննություն եւ կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովի փորձագետներին:
Հանձնաժողովային փորձաքննությամբ տրված եզրակացությամբ պարզվել է, որ Արտաշես Սեդրակյանին ցուցաբերած բուժօգնության ընթացքում «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի բժիշկներ Արմենուհի Հարությունյանի, Աննա Առուշանյանի, բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանի, ռեանիմատոլոգ Կարեն Անտոնյանի կողմից թույլ են տրվել բժշկական սխալներ, որոնք էլ հանգեցրել են հիվանդ երեխայի մահվանը:
Հանձնաժողովը պարզել է, որ Արմենուհի Հարությունյանը` որպես բուժող բժիշկ, Արտաշես Սեդրակյանի բուժումը թերի է կատարել: Երեխային չի տվել թթվածին, որը պահանջվում է «շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի» ժամանակ:
Բժիշկը նաեւ չի կատարել ինֆուզիոն թերապիա ու թերագնահատել է հիվանդի վիճակը: Իսկ մյուս բժիշկները երեխային ծայրաստիճան վատ վիճակում, առանց համապատասխան մասնագետի ներկայության տեղափոխել են Երեւան, ինչը նման դեպքում չէր կարելի անել:
Նշված փաստով Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում ) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Արմավիրի քննչական բաժնին:
Բժիշկները չեն ընդունել սխալը եւ իրենց մեղավոր չեն ճանաչել: Միաժամանակ ցուցմունքներում պահանջել են հարցի ուսումնասիրության լրացուցիչ փորձաքննություն: Մի շարք հակասությունները հաշվի առնելով, նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննություն, որը կատարել է ՀՀ ԳԱԱ-ի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:
Նախաքննության ընթացքում Սայադ Սեդրակյանը հարցաքննվել է եւ նշել, որ երբ հունվարի 1-ին կինն ու զոքանչը աներոջ ավտոմեքենայով երեխային հասցրել են Արմավիրի հիվանդանոց, ինքը եղել է աշխատավայրում եւ իմանալով, որ երեխայի վիճակը վատ է, անմիջապես շտապել է հիվանդանոց:
«Ինքս տեսնելով, որ երեխաս լավ չէր, այսինքն հեւոցով ու դժվար էր շնչում, թույլ էր, հազիվ էր խոսում, որոշեցի դիմել բժիշկին (Արմենուհի Հարությունյանին,-հեղ.), որին մոտենալով միջանցքում ներկայացա հիվանդի ծնող: Ասեցի ոնց որ երեխայիս վիճակը լավ չի, ինչ խորհուրդ կտար՝ նրան տանեմ Երեւան, որ հնարավոր վատացման դեպքում հանկարծ վատ բան չպատահի, թե ոչ: Դա լսելով ասաց՝ անհանգստանալու պատճառ չկա, երեխայի վիճակը դեպի լավն է գնում, ավելին՝ մինչեւ առավոտ տուն կգնանք»,-գրել է Ս. Սեդրակյանն իր ցուցմունքում:
Մինչեւ գիշերվա ժամը 1-ը Սայադը մնացել է երեխայի մոտ եւ տուն է գնացել միայն Արմենուհի Հարությունյանի հերթական հավաստիացումից հետո, թե երեխայի վիճակը նորմալ է: Երեխային գիշերը խնամելու համար հիվանդանոցում մնացել են մայրն ու մորական տատը:
Առավոտյան ժամը 9.30-ին, երբ Սայադը եկել է հիվանդանոց ու երեխային տեսել է նույն վիճակում, մտածել է, որ երեխային չեն բուժում, իսկ կինն ու զոքանչն էլ դժգոհել են, որ բժշկուհին կամ բուժքույրերը գիշերը չեն այցելել երեխային եւ նրան չեն զննել:
Արմենուհի Հարությունյանը միայն առավոտյան 8.30 է եկել եւ Արտաշեսի ծանր վիճակը տեսնելով` ոչինչ չի արել եւ ասել է` իբր երեխան «լավի է գնում»:
Սայադը զայրացած հիվանդասենյակից դուրս է եկել եւ գնացել է բժիշկների սենյակ: Այնտեղ Արմենուհի Հարությունյանի փոխարեն հայտնաբերել է մեկ այլ բժիշկի, որը ներկայացել է հերթափոխի նոր բժշկուհի: Սայադը հետագայում է իմացել, որ նա եղել է Աննա Առուշանյանը: Երեխայի հորից լսելով դժգոհությունները` Աննա Առուշանյանն անմիջապես այցելել է երեխային:
«Նա, տեղում երեխային տեսնելով եւ զննելով ու իրավիճակին ծանոթանալով, իրար խառնվեց: Ինքն էլ հասկացավ, որ երեխայիս անհրաժեշտ բուժամիջոցներ չէր կատարվել, որից զայրանալով կանչեց քույրերին, այլ բժիշկների, բաժնի վարիչների ու երեխային տեղափոխել տալով արդեն ինտենսիվ բուժումների սենյակ, սկսեցին շտապ բուժմիջոցառումներ ձեռնարկել՝ տալով նաեւ թթվածին, որը տեսնելով զգացի, որ երեխայիս վիճակը ուրեմն ծանր էր եւ պահանջեցի, որ երեխայիս տան իմ մեքենայով տանեինք Երեւան»,-նախաքննական մարմնին պատմել է Սայադը:
Բժիշկ Առուշանյանը երեխային չի տվել հորը` ասելով, որ «Երեւանից բրիգադա են կանչել»: Բրիգադայի ուշանալուց հետո որոշել են երեխային Երեւան տեղափոխել Արմավիրի ԲԿ-ի շտապօգնության համապատասխան ավտոմեքենայով: Երեխայի հետ ավտոմեքենայում եղել է բժիշկ Աննա Առուշանյանը, բուժքույր Հայաստանն ու երեխայի մորական պապիկը:
Իսկ բժիշկ Աննա Առուստամյանն իր ցուցմունքում նշել է, որ Երեւան հասցնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, չեն օգնել նույնիսկ իր կատարած բժշկական միջոցառումները:
Երբ հասել են Երեւանի Ծերեթելի փողոցի խաչմերուկ, երեխայի սրտի կանգ է գրանցվել, իսկ շնչառության կանգն արձանագրվել էր ավելի վաղ՝ Շահումյան կամուրջի մոտից եւ արձանագրվել է կլինիկական մահ:
«Դա զգալով, ինքս եմ Ծերեթելու խաչմերուկից հանել թթվածնային «մասկան» սկսելով կատարել սրտի մասաժ, քույրն էլ բերանով՝ արհեստական շնչառություն, բայց շատ կարճ, քանի որ 2 րոպեում արդեն հիվանդանոց հասանք եւ արագ հիվանդին ներս տարանք ռեանիմացիոն բաժանմունք, որտեղից արդեն իմ ասելով իմանալով սրտի կանգի մասին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցներն են հիվանդով սկսել զբաղվել, իսկ մենք սկսել ենք սպասել, տեսնելու թե ինչ է լինում: Քիչ անց իմանալով, որ երեխայի սրտի գործունեությունը վերականգնվել էր եւ արհեստական շնչառության ապարատին էին միացրել, ես արդեն մտածել եմ, որ լավ կլինի, ելել վերադարձել եմ մեր ԲԿ՝ իմ հետագա աշխատանքին»,-ասել է Աննա Առուստամյանը:
Ինչ վերաբերում է հունվարի 2-ի առավոտյան երեխային ծանր վիճակով ընդունելուն, Աննա Առուշանյանը հարցաքննության ժամանակ ասել է, թե իմանալով, որ Արտաշեսը «սուր լարինգոտրախեիդով» հիվանդ է եւ 10-12 ժամ գտնվել է բաժանմունքում, արդեն անհանգստացել է:
Երեխայի մայրն ու տատը բժշկուհուն նույնպես դժհոգել են երեխայի վատ վիճակի մասին եւ նշել են, որ գիշերը չի քնել, անընդհատ լացել է «ադեալի մեջ դնելով ստիպված օրորել են, մի կերպ լուսացրել է եւ ժամը 6-ից էլ շնչառությունն ավելի է վատացել»:
«Երեխային սկսեցի զննել եւ տեսա, որ վիճակն իրոք ծանր էր՝ գիտակցությունը մթագնած էր ռեակցիան շրջապատի նկատմամբ նորմալ չէր, հարցերին չէր պատասխանում, խիստ գունատ էր, շրթունքների հարշրթունքային շրջանների կապտությամբ, շնչառությունը հաճախացած կրծքավանդակի ներքաշումներով ու ուներ մկանային ջղաձգումներ նախացնցումային վիճակ: Այդպիսի նշանները խոսում էին ինչպես օրգանիզմի, այնպես էլ (վերջին նշանը) ուղեցի թթվածնային քաղցի մասին»,-գրված է Աննա Առուշանյանի ցուցմունքում:
Դրանից հետո ձեռնարկվել է անհետաձգելի բժշկական միջոցառումներ: Հրավիրվել է բաժնի վարիչը, իսկ ռեանիմատոլոգ Կարեն Անտոնյանը, թթվածինը միացնելով, կատարել է բժշկական միջոցառումներ:
Աննա Առուշանյանը այդ ընթացքում զանգահարել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք եւ հրավիրել է մանկական ռեանիմացիոն խումբ եւ ռեանիմոբիլ:
Մի քանի անգամ էլ զանգահարել է բաժանմունքի վարիչ Դավթյանը, սակայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից պատասխանել են, թե ավտոմեքենա չկա եւ պետք է սպասեն: Արմավիրի հիվանդանոցում չունենալով անհրաժեշտ սարքավորումներ, բժիշկները տեղում որոշել են երեխային իրենց ուժերով տեղափոխել Երեւան, քանի որ դա են համարել Արտաշեսի միակ փրկությունը:
Ինչ վերաբերում է բժշկուհի Ա. Առուշանյանի, Գ. Դավթյանի, ԲԿ-ի ռեանիմատոլոգ Կ, Անտոնյանին հանձնաժողովի կողմից վերագրված սխալներին, այն է՝ երեխայի վիճակի վատթարացման ժամանակ կարող էին ռեանիմացիոն բրիգադա հրավիրել նաեւ «Արաբկիր» ԲԿ-ից, որը չեն արել եւ երեխային տեղափոխել են Արմավիրի ԲԿ-ի ռեանիմոբիլով եւ ոչ մասնագետի (ռեանիմատոլոգի) ուղեկցությամբ, ինչը սխալ է եղել, Աննա Առուշանյանը նախաքննական մարմնին պարզաբանել է, որ, ըստ իրենց տեղեկության, Արաբկիր ԲԿ-ն չի ունեցել մարզեր գնացող ռեանիմոբիլային ծառայություն եւ եթե լիներ էլ, ժամանակի սղության պատճառով նրանց դիմելն արդյունավետ չէր, այդ իսկ պատճառով իրենց ուժերով են երեխային տեղափոխել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արմավիրի ԲԿ մանկաբուժական բաժանմունքի բժիշկ Արմենուհի Հարությունյանը (նույն ինքը՝ Արմինե Ասատրյանը) ցուցմունք է տվել, որ որպես Արմավիրի ԲԿ-ի մանկաբուժական բաժանմունքի հերթապահ բժիշկ 2011թ. հունվարի 1-ին ինքն է Արտաշես Սեդրակյանին հոսպիտալացրել եւ ստանձնել երեխայի բուժումը, որի մոտ ախտորոշել է «սուր լարինգոտրախեիտ 1-2-րդ աստիճան», ըստ որի էլ՝ բուժում է իրականացրել մինչեւ իր հերթափոխի ավարտը՝ դա արտացոլելով հիվանդության պատմագրում:
Արմենուհի Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ հիվանդի վիճակն իր հերթափոխի ավարտից հետո է անսպասելիորեն ու հանկարծակի վատացել, ինչն էլ գալիս է ոչ թե իր բժշկական սխալից, այլ հիվանդության բնույթից: Արմենուհի Հարությունյանը չի ընդունել հանձնաժողովի եզրակացության մեջ իրեն վերագրվող սխալները, նշելով, թե իր հերթափոխի ընթացքում հիվանդի շնչառական անբավարարությունը ոչ թե 2-րդ աստիճանի է եղել, այլ ժամը 23-ից մինչեւ հունվարի 2-ի առավոտվա ժամը 08.30-ը եղել է «ստաբիլ 1-2 աստիճան»:
Մինչդեռ դա ժխտվել է առավոտյան հերթափոխն ընդունած բժիշկ Աննա Առուշանյանի, իսկ հետո արդեն հիվանդի հետ առնչված մյուս բուժաշխատողների, ինչպես նաեւ երեխայի հարազատների ցուցմունքներով: Նրանք հերթափոխն ընդունելով` երեխային հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ վերջին անգամ Արտաշեսին զննել է հունվարի 2-ին` ժամը 8.30-ին, եւ նրա վիճակը ստաբիլ է եղել ու գնացել է ինֆեկցիոն բաժանմունք մյուս հիվանդներին զննելու:
«Ապա եկել եմ ընդունարան գրանցումներն եմ ստուգել: Այդ պահին այնտեղ եղբայրս է եկել բարձր ճնշումով, որի ճնշումն եմ ստուգել տվել բժշկուհի Գրիգորյանին, ապա նորից բաժանմունք եմ գնացել ժամը 10-ի սահմաններում»,-ցուցմունքում գրել է Արմենուհի Հարությունյանը:
Երեխայի մայրը՝ Մարինե Դավթյանը, որպես վկա ցուցմունք է տվել` նշելով, որ Արմենուհի Հարությունյանը վերջին անգամ երեխային զննել է գիշերը` 01.30-ի սահմաններում եւ մինչեւ առավոտյան ժամը 08.30 այլեւս հիվանդասենյակ չի մտել եւ երեխայի վիճակով չի հետաքրքրվել:
«Երեխան անընդհատ անհանգիստ վիճակում է եղել եւ նույնիսկ պահեր է եղել, որ գալարվում էր, որի պահերին մենք դնում էինք ադյալի մեջ օրորում, որ քներ»,-ասել է մայրը:
Մարինեն նախաքննական մարմնին պատմել է նաեւ, որ ժամը 02:00-ին իր մայրը գնացել է Արմենուհի Հարությունյանի մոտ, որ երեխայի վիճակի համար խորհուրդ հարցնի, սակայն բժշկուհին ասել է, թե աստիճանաբար է լավանալու «գնացեք սպասեք»: Հետո ասել է, որ առավոտյան ժամը 6-ին Մարինեն գնա իր մոտ, որպեսզի գրի, թե երեխային ինչպես է խնամելու:
«Եվ այդպես մենք այլեւս ոչ բժշկուհուն, ոչ էլ բուժքույրերին չենք տեսել: Ժամը 4-ին մի անգամ էլ ես գնացի, որ բժիշկին տեսնեի ու ասեի, որ երեխան չի լավանում, անհանգիստ է, բայց դուռը փակ էր, որին չտեսա, իսկ քույրերին էլ դա չասի, քանի որ միջանցքում չէին: Դրանից հետո մեկ էլ ուզել եմ բժիշկին կամ քույրերին տեսնել եւ նորից երեխայիս վիճակով նրանց դիմել ժամը 6-ին, ինչպես կանչել էր, դեռ մեր պալատի մյուս հիվանդատեր կինն էլ հետս էր, որը կոֆե էր դնում, բայց երբ այդ ժամանակ էլ դուռը հրեցի փակ էր եւ բժշկուհուն չտեսա, իսկ որ կոֆե դնող կնոջ հետ առաջացա, որ գոնե քույրերին գտնեի, տեսա նրանք էլ կուխնիայի դիմացի սենյակում քնած էին, որից ելնելով այլեւս ոչինչ չեմ արել, այլ հետ եմ գնացել պալատ եւ սպասել մինչեւ լուսաբաց եւ ժամը 08.30-ին է բժիշկը եկել երեխային նայելու, այնինչ ամբողջ ընթացքում երեխայի վիճակը ոչ թե լավին էր գնում, ինչպես բժիշկն էր ամեն նայելուց ասում, այլ հակառակը դեպի վատացում էր գնում, այսինքն՝ արդեն շատ դժվար էր շնչում, ավելի էր թուլացել, ավելի արագ էր հաչոցանման ձեւի հազում, գունատությունը շատացել էր եւ այլն»,-ասել է Մարինե Դավթյանը:
Մինչդեռ Արմենուհի Հարությունյանը հիվանդի պատմագրում գրել է, որ երեխային հսկել է ամբողջ գիշեր: Հիվանդասենյակ մտել եւ Արտաշեսին զննել է 00.15-ին, 02.30-ին, 04.15-ին, 06-ին եւ 08.30-ին:
Երեխայի հայրը «Հետքին» ասաց, որ լրացուցիչ փորձաքննության ժամանակ փորձագետները նկատել են, որ երեխայի հիվանդության պատմագրում կան գրառումներ, որի թանաքի գույնը տարբերվել է մյուս գրառումների թանաքի գույնից: Սա կասկած է հարուցում, որ Արմենուհի Հարությունյանը ավելի ուշ է դրանք գրել, արդարանալու համար, որ ինքը միշտ հսկողության տակ է պահել երեխային: Սակայն անհասկանալիորեն փորձագետներն իրենց եզրակացության մեջ այս ամենը չեն ներառել:
Իսկ Արմենուհի Հարությունյանն իր սխալներն ընդունելու փոխարեն, անհասկանալիորեն մեղադրել է երեխայի մորը և տատին, թե իբր նրանց բացատրել է հիվանդության անկանխատեսելիության մասին եւ հորդորել է չքնել, մինչդեռ նրանք ընթացքում քնել են եւ երեխայի վիճակի փոփոխության մասին իրեն տեղյակ չեն պահել: Արտաշեսի տատիկն ու մայրը հերքում են, որ իրենք քնել են, քանի որ ամբողջ գիշեր երեխան անհանգիստ է եղել: Փաստորեն Արմենուհի Հարությունյանը «մոռացել» է, որ ինքն է բժիշկը եւ իմանալով երեխայի հիվանդության արագ զարգացման մասին, պետք է ինքը հսկողության տակ պահեր նրան, ոչ թե 1.5 ժամ լքեր բաժանմունքը:
Միայն այն, որ Արմենուհի Հարությունյանն իր հսկողության տակ ծանր հիվանդ ունենալով ժամը 8.30-10-ը լքել է մանկական բաժանմունքը, ինչպես ինքն է խոստովանել, եւ երեխայով չի զբաղվել, խոսում է այն մասին, որ նա անտարբեր է եղել իր հիվանդների նկատմամբ եւ նրանց պատշաճ ուշադրություն չի դարձրել: Այս փաստը չեն «նկատել» թե փորձագետները, թե Արմավիրի դատախազությունը:
Բացի այդ, Արմենուհի Հարությունյանն իր ցուցմունքում նշում է, որ հիվանդ երեխայի մորն ու տատիկին բացատրել է հիվանդության մասին, որ այն անկանխատեսելի զարգացում կարող է ունենալ, մինչդեռ հայտնի է, որ «Արմավիր ԲԿ»-ում չկան համապատասխան սարքավորումներ, եւ այդ հիվանդության սրացման ժամանակ չէին կարող համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:
Նույնիսկ երեխայի հոր անհանգստությունը` ժամանակին Արտաշեսին հասցնել Երեւանի համապատասխան բուժհաստատություն, Արմենուհի Հարությունյանին չի սթափեցրել եւ անընդհատ ասելով, թե երեխայի վիճակը «լավին է գնում» պահել է Արմավիրում, եւ սարքավորումների բացակայության պայմաններում 3.5-ամյա երեխան մահացել է:
Լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ լրացվել է նախորդ փորձաքննության եզրակացության մասը եւ պարզվել է, որ բժիշկներ Ա. Առուշանյանի, Գ. Դավթյանի եւ Կ. Անտոնյանի կողմից հիվանդի տեղափոխման որոշումը եղել է ճարահատյալ եւ երեխայի փրկության միակ հնարավորությունը:
Սակայն, եթե Արմավիրի դատախազությունը եւ փորձագետները լուրջ ուսումնասիրեին գործը, կնկատեին, որ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանն իր նախաքննական ցուցմունքում երեխային ծանր վիճակում առանց համապատասխան մասնագետի տեղափոխելու քննիչի հարցին, պատասխանել է, թե «Առուշանյանը, ճիշտ է, մանկաբույժ է, բայց նաեւ «Արաբկիր ԲԿ» վերականգնողական ծառայության աշխատող է, որը տիրապետում է ռեանիմացիոն միջոցառումների ցուցաբերմանը»:
Սա ցույց է տալիս, որ Ա. Առուշանյանը, աշխատելով «Արաբկիր ԲԿ»-ում, չէր կարող չիմանալ, որ այնտեղից էլ ժամանակին հնարավոր էր վերակենդանացման խումբ կանչել օգնության, ինչը չի արվել:
Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը 2011թ. դեկտեմբերի 16-ին, նկատի ունենալով, որ վերը նշված երեք բժիշկների սխալ որոշումը կայացրել են հանրորեն նպատակին հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի պայմաններում, նրանց արարքը հանցագործություն չի դիտարկել, եւ քրեական հետապնդում չի իրականացվել: Իսկ Արմենուհի Հարությունյանը ՀՀ քր. Օր-ի 130 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Այնուհետեւ դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը սկսել է թվարկել բժիշկ Արմենուհի Հարությունյանի առավելությունները, սկսած նրանից, որ նա, Երեւանի բժշկական պետական ինստիտուտն ավարտելով գերազանց գնահատականներով եւ երկար տարիներ բարեխիղճ աշխատելով «Արմավիր ԲԿ »-ում, բազմիցս խրախուսվել է ղեկավարության եւ նախարարության կողմից:
Դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը Արմենուհի Հարությունյանի կենսագրության եւս մի քանի «փայլուն» էջեր է մեջբերել եւ նշել է, որ 15.12.2011թ. դիմում-խնդրանքով մարզի դատախազին են դիմել Արմավիր քաղաքի թվով 31 բնակչներ, որոնց երեխաներին բուժօգնություն է ցուցաբերել Ա. Հարությունյանը եւ հայտնել են, որ վերջինս մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում դրսեւորել է բարի, սրտացավ եւ անշահախնդիր վերաբերմունք:
Դրանից հետո եւս մի քանի նախադասությամբ Ա. Գաբրիելյանը գովել է Արմենուհի Հարությունյանին եւ որոշել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մասը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել՝ իրադրության փոփոխման հետեւանքով: Հավանաբար իրադրության փոփոխություն է համարել այն, որ դեպքից մեկ տարի անց բժիշկի սխալի պատճառով երեխաներ չեն մահացել եւ որ ամենակարեւորն է՝ Արմենուհի Հարությունյանը «վայելում է վստահություն եւ հարգանք»:
Քրեական գործը մնացել է միայն ԲԿ-ի նախկին տնօրեն Նշան Գեւորգյանի մասով, քանի որ նախկինում բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում տնօրեն Ն. Գեւորգյանը, հիվանդների բուժօգնության եւ սպասարկման կազմակերպչական թերություններ թույլ տալով, ԲԿ-ին չի ապահովել մանկական լարինգոսկոպով եւ մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ պարագաներով, ու երբ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բժիշկներ Առուշանյանը, Դավթյանն ու Անտոնյանը նրան անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն չեն ունեցել:
«Իսկ բժիշկ Արմենուհի Հարությունյանն էլ հիվանդի բուժումը կատարել է թերի եւ երեխայի վիճակը թերագնահատել է, որի անփույթ գործողությունները եւ Նշան Գեւորգյանի կողմից թույլ տրված նման կազմակերպչական բնույթի թերությունները անզգուշորեն առաջացրել են հիվանդի մահ»,-նշել է դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը եւ թեթեւ ձեռքով պատժից ազատել բժշկուհուն` ամբողջ մեղքը բարդելով նախկին տնօրենի վրա:
Մահացած երեխայի հայրը՝ Սայադ Սեդրակյանը բողոքել է Ա. Գաբրելյանի որոշման դեմ, սակայն Արմավիրի մարզի դատախազի պաշտոնակատար Ս. Մինասյանը այս տարվա հունվարի 16-ին պատասխանել է, թե Գաբրելյանի կայացրած որոշումն օրինական է, եւ այն վերացնելու հիմքեր չկան:
Սայադ Սեդրակյանը դիմում-բողոքներ է գրել ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին: Երկու կառույցներն էլ բողոքը վերահասցեագրել են Արմավիրի մարզի դատախազությանը, այսինքն` այն կառույցին, որի գործունեությունից բողոքում է որդեկորույս ծնողը: Նամակ է գրել նաեւ առողջապահության նախարարին, սակայն պատասխան դեռ չի ստացել:
Հունվարի 20-ին Սայադ Սեդրակյանն արդեն գրավոր դիմել է Արմավիրի մարզի դատախազություն, ինքնաբացարկ հայտնելով դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանին, քանի որ, ըստ Սայադ Սեդրակյանի, նա մի շարք փաստեր անտեսելով` Արմենուհի Հարությունյանի նկատմամբ քրեական գործը կարճել է, ինչը ենթադրվում է, որ դատախազն անաչառ չէ եւ ինչ-ինչ շահագրգռվածություն ունի:
Սայադ Սեդրակյանը պահանջել է իր որդու գործով նոր քննություն անցկացնել` այն հանձնարարելով մեկ այլ դատախազի եւ արգելել Ա. Գաբրելյանի մասնակցությունը:
Իսկ Նշան Գեւորգյանի մասով գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նա մեղադրվում է ՀՀ քր.օրի 130 հոդվածի 2-րդ մասով: «Իմ երեխան հավի ճուտ չէ, որ սատկացրին ու գցեցին մի կողմ: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ»,-ասում է Սայադ Սեդրակյանը:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել