HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Օրենքը վահրամաբերդցիներին վերցրել է ու կցել Մարմաշենին

Երկրաշարժից հետո Շիրակի մարզի Մարմաշեն համայնքին պատկանող շուրջ 540 հա վարելահողերը հատկացվեցին Լենինականին՝ նոր բնակավայրի կառուցման նպատակով: Այն ժամանակ որոշմանն ընդդիմացել էր միայն Մարմաշենի նախկին կոլխոզ վարչության նախագահ Մանաս Համբարյանը՝ մարմաշենցիներին կոչ անելով ոտքի կանգնել ու չթույլատրել բերրի սևահողերը ոչնչացնել:

«Բայց կար Սովմինի որոշում, կար Ռայկոմ, ու եղավ այն, ինչ վաղօրոք որոշված էր,-ասում է Մարմաշենի ներկայիս համայնքապետ Աշոտ Եղոյանը:- Եգոր Լիգաչովի առաջարկով Լենինականը պիտի զարգանար դեպի Ազատան և Ղարիբջանյան գյուղերի ուղղությամբ, սակայն, ի վերջո, ծրագիրը տարվեց Մարմաշենի, Վահրամաբերդի ու Մայիսյանի ուղղությամբ: Մեր ունեցած 1000 հա-ի կեսը փաստորեն մեր ձեռքից վերցրին»:

Տարիներ անց կարծես թե արդարությունը վերականգնելու ելքը գտնվել էր, սակայն դա էլ ներկայիս համայնքապետ Աշոտ Եղոյանի սրտով չէ: «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2008թ. մայիսի 19-ին կատարված փոփոխության շնորհիվ՝ Մարմաշենը նույնպես ընդգրկվել էր այն համայնքների ցանկում, որոնց հողաբաժիններն ավելանալու էին հարևան համայնքների հողատարածքների հաշվին:

Համայնքապետ Աշոտ Եղոյանը պատմում է, որ 2010թ.-ին, երբ հողային հաշվեկշիռն էին կազմում, տարաձայնություններ են ունեցել կադաստրի պետի հետ. «Իմ հողային հաշվեկշիռը, որ ներկայացրել եմ 2009թ.-ին, հանկարծ պարզվեց, որ մոտ 200 հա-ով փոխվում է: Մարմաշենի վարչական տարածքը եղել է 1520 հա, մեկ տարի անց դարձել է 1792 հա, ու ես տեղյակ չեմ: Հարց. ուրդի՞ց ավելցավ»: Համայնքապետի ասելով՝ կադաստրի պետը ներկայացնում է 2 տարի առաջ կատարված օրենքի փոփոխությունը, համաձայն որի՝ Մարմաշենի վարչատարածքը մեծացել է մոտ 200 հա-ով ու մեծացել է Վահրամաբերդի 192 սեփականատերերի հողատարածքների հաշվին:

Մարմաշենի համայնքապետը բացատրում է, որ օրենքը վերաբերում է միայն համայնքի վարչատարածքում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերին, որոնք նախկինում տնօրինել են մարզպետարանը, կառավարությունը, իսկ հիմա կառավարման իրավունքը փոխանցվել է գյուղական համայնքներին:

«Եթե Վահրամաբերդի վարչատարածքում պետական պահուստային ֆոնդի հողեր լինեին, որ իրենց ֆիզիկական դիրքով մոտ են Մարմաշեն համայնքին, կընդունեի, որ դա հատկացվեր մեզ, բայց մոտ 200 ընտանիքի սեփականաշնորհված հողատարածքները Մարմաշենին միացնելը արդարացի չեմ համարում: Ստացվում է, որ վահրամաբերդցին պիտի հարկ մուծի Մարմաշենին»,- ուսերը թոթվելով՝ ասում է Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը:

2008թ.-ից կատարված փոփոխությունները, որոնք արտացոլված են կադաստրում, բայց ոչ Մարմաշենի համայնքի հողային հաշվեկշռում, համայնքապետին խնդրի առաջ են կանգնեցրել. Մարմաշենի համայնքապետարանում չեն կարողանում բյուջե կազմել: «Մենք դեկտեմբեր ամսին օդից վերցրած թիվ տվեցինք բյուջեի մասով, բայց հստակ բյուջե չունենք կազմած հենց էս խնդրի պատճառով»,- ասում է Մարմաշենի համայքնապետը: Նախորդ 3 տարում նշված 192 սեփականատերերը հարկվել են Վահրամաբերդ համայնքում: Այդ գումարը հաշվարկվել է որպես Վահրամաբերդ համայնքի եկամտի աղբյուր և ծախսային մաս:

Աշոտ Եղոյանի ասելով՝ եթե ինքը, այդ օրենքը վկայակոչելով, 2008թ.-ի մայիսի 19-ով իր ղեկավարած համայնքի բազայում փոփոխություններ է կատարում, ստացվում է, որ պետք է Վահրամաբերդի համայնքային բյուջե մուտքագրված գումարը ետ պահանջի ու մուտք անի իր բյուջե: «Մի խելացի մարդ» համայնքապետին խորհուրդ է տվել դատական հայց ներկայացնել Վահրամաբերդի համայնքապետարանի դեմ՝ 7 մլն դրամը գանձելու համար:

«Բայց ինչի՞ հիման վրա դատի տամ իմ հարևանին, ինչ-որ մի չինովնիկի գրած օրենքի՞: Ինչ-որ մեկին պետք է եղել, օրենք է գրել, մենք ընկել ենք կրակն, ու ես դրա պատճառով պիտի Վահրամաբերդի հետ խնդիրներ ունենամ»,- տարակուսած հարցնում է համայնքի ղեկավարը:

Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրում նշանակում է նույն այդ համայնքում զարգացման ծրագրերի իրագործում: Աշոտ Եղոյանն ասում է, որ ինքը բյուջեն կազմելիս տող է առանձնացնում իր համայնքի սոցիալապես անապահովներին դրամական աջակցություն ցույց տալու նպատակով:

«Ես մարմաշենցիների հավաքագրած գումարներով, նրանց վճարած հարկերի հաշվին, աղբահանություն եմ իրականացնում, փողոցային լուսավորություն եմ անցկացրել համայնքում: Իսկ ի՞նչ պիտի անեմ վահրամաբերդցու համար, եթե նա հողի եկամտահարկը մուծի մարմաշենի բյուջե»,- հարց է տալիս Մարմաշենի համայնքապետը:

Աշոտ Եղոյանն արդարացի չի համարում, որ Վահրամաբերդ համայնքի 70%-ը կազմող 192 ընտանիքները հարկ վճարեն Մարմաշենին ու դրանով հանդերձ զրկվեն համայնքապետարանի մատուցած տարրական ծառայություններից:

«Վահրամաբերդի համայնքապետն ասում է՝ արի ընդունում-հանձնում կատարենք: Լավ, ասենք, ինքը կտա, եթե համատեղ ակտ կազմենք, բայց էգուց օր ռևիզորն էկավ, անպայման կհարցնի, թե օրենքը եղել է 2008թ.-ին, դու էս քանի՞ գլխանի ես, օր 2012-ին նոր ես բյուջե մտցրել էդ թվերը: Չեմ էլ կարող հրաժարվել վահրամաբերդցիներից,-ասում է Մարմաշենի համայնքապետը:- Օրենքը իրանց վերցրել կցել է Մարմաշենին, նվեր է տվել»:

Աշոտ Եղոյանն ասում է, որ շահագրգիռ համայնքապետներով խնդիրը քննարկել են, խորհրդակցել իրավասու այլ անձանց հետ և պարզել, որ օրենքը սահմանադրական դատարանում վիճարկելու իրավունք ունի միայն երեք լիցենզավորված իրավաբանական կազմակերպություն, իրենք անհատապես Սահմանադրական դատարանում չեն կարող հանդես գալ:

Աշոտ Եղոյանը պատմում է, որ այդ հարցը ներկայացրել է Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանին, ով նաև իրենց տարածքի պատգամավորն է:

«Կըսեմ՝ Հովհաննես Մարգարյան ջան, հանձնաժողովի նախագահը դուք եք եղել, դուք եք էս նախագիծը ներկայացրել քննարկման, էս էլ ձեր ստորագրությունը, ՕԵԿ-ի միջնորդությունն է եղել Հանրապետականին՝ քննարկել էս նախագիծը: Նստել, քննարկել, ստորագրել ճամփել եք՝ չմտածելով, որ էս թղթի տակ հազարավոր մարդկանց խնդիր է: Սրանով ոտնահարվել է հասարակ գյուղացու, սեփականատիրոջ իրավունքը: Բայց իրանց ինչ գործ. կըսե՝ ես խաբար չեմ եղել: Փաստորեն, մայիսի 15-ին ներկայացվել է քննարկման, 19-ին արդեն օրենքի ուժ է ստացել, ու հեչ մարդ չի հարցրել համայնքներին՝ պե՞տք է էդ միացումը, թե՞ չէ»,- ասում է Մարմաշեն համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր