HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խավարի բնակիչները. 8 ամիս հոսանքից զրկված Վովան ու Լալան լույս են որոնում իրենց կենդանիների և այգու մեջ

70-ամյա ալավերդցի Վովա Անտաշյանի ընտանիքը արդեն 20 տարի ապրում է Լոռու մարզի Օձուն գյուղին պատկանող Այգեգործների թաղամասի 24 տանը: Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը «Հետքին» ասաց, որ ինչպես Վովա Անտաշյանը, այնպես էլ թաղամասի մյուս բնակիչները Օձունի վարչական այդ տարածքում գրանցված են և ապրում են օրինական:

Թաղամասը գտնվում է Օձունից մոտ 8կմ հեռավորության վրա՝ Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի գերեզմաններից մոտ 1կմ վերև: Արդեն 8-րդ ամիսն է, Այգեգործների թաղամասը հոսանքազրկված է: Թաղամասի մյուս բնակիչները էլեկտրաէներգիա չունենալու պատճառով խոր աշնանը և ձմռանը չեն ապրում թաղամասում:

Սակայն Վովայի ընտանիքն ապրելու այլ տեղ չունի: Վովան ասում է, որ երեկոներին իր բնակարանը լուսավորում է լամպով: Վովայի կինը՝ Լալան, «Հետքին» տեղեկացրել էր իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի խնդրի մասին: Ամուսինների համար այլևս հնարավոր չէ անմարդաբնակ թաղամասում ապրել՝ առանց լույսի ու հեռուստացույցի:

Վերջին 2 տարում Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանի միջամտությամբ Վովայի բնակարանը էլեկտրական սնուցում է ստացել թաղամասի մոտակայքում գտնվող Օձուն գյուղի բնակիչ Սմբատ Դավիթավյանի քարի արտադրամասից: «Մեր հաշվիչը Սմբատի քարի արտադրամասում դրված է: Մենք մեր ծախսած էլեկտրաէներգիայի փողը բարեխիղճ տվել ենք Սմբատին»,- ասում է Լալան:

Սակայն Սմբատ Դավիթավյանը 2011թ. մայիսի 10-ից հոսանքազրկել է Վովայի բնակարանը: «Սմբատը մեզանից նեղացած չէ, ասում է՝ էներգիա չեմ տալիս և վերջ»,- ասում է Վովան:

Նրա խոսքերով՝ քարի արտադրամասը սնուցող գիծը բարձր լարման գիծ է, այն ժամանակին միացված է եղել Այգեգործների թաղամասի 19 ընտանիքներին էլեկտրաէներգիա մատակարարելու համար: «Հիմա Սմբատ Դավիթավյանն ասում է, թե այդ բարձր լարման գիծը իր գիծն է: Թե ոնց է իրեն գիծը, մենք չենք հասկանում»,- զարմանում է Լալան:

Լույս ունենալու համար Վովան իր գնած լարերով լարման գիծ է քաշել Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի «Կամչատկա» կոչվող շենքերի մոտից, որոնք մոտ 1կմ հեռու են Այգեգործների թաղամասից: Թումանյանի էլցանցերի մասնաճյուղը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է նրան օգտվել այդ գծերից:

Իր բնակարանում կայուն էլեկտրաէներգիա ունենալու համար Վովա Անտաշյանը «Հայկական էլցանց» ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղի Թումանյան էլցանցերի տնօրեն Աշոտ Շաքարյանին դիմել է դեռևս 2007թ. հոկտեմբերին: Ա.Շաքարյանը 2007թ. օգոստոսի 10-ին պատասխանել է. «Ձեր այգետնակը գտնվում է էլեկտրաէներգիայի սնուցման կետից 4 կմ հեռավորության վրա: Ձեր այգետնակի սնուցման գիծը չի համապատասխանում ԱՏԿ-ի և ՏՇ-ի կանոններին»:

Վովա Անտաշյանի՝ 2008թ. մարտի 11-ին Լոռու մարզպետին ուղղած դիմումին «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղի տնօրեն Գ. Սարգսյանը 2008թ. ապրիլի 28-ի գրությամբ պատասխանել է. «Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ Վովա Անտաշյանի բնակարանի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնված է, մինչև ընդհանուր նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը»:

Նոր էլեկտրահաղորդման գծեր վերջին 3 տարում այդպես էլ չեն կառուցվել, սակայն Վովա Անտաշյանը 2011թ. մայիսից նորից զրկվել է էլեկտրաէներգիայից: Վերջին 7 ամսում էլեկտրաէներգիա ունենալու պահանջով Վովան և Լալան բազմիցս գրավոր ու բանավոր դիմել է Թումանյանի էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին:

«Ես 70 տարեկան մարդ եմ, չգիտեմ՝ էլ ում դիմեմ: Ում մոտ գնում ենք, պաս են տալիս: Կուլտուրական գրել ենք նաև «Հայկական էլցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բիբինին: Բիբինը մեր դիմումին դեկտեմբեր ամսին պատասխանել է: Թումանյանի էլցանցեր մասնաճյուղի գլխավոր ինժեներ Միշա Փիրուզյանը Բիբինի պատասխանը մեզ չի տալիս: Նա պարտավոր է մեզ ցույց տալ, թե մեր դիմումի վրա ինչ է մակագրված, դրակա՞ն է, թե՞ բացասական»,- դժգոհում է Վովա Անտաշյանը:

Ի պատասխան «Հետքի» հարցման՝ Թումանյանի էլցանցերի գլխավոր ինժեներ Միշա Փիրուզյանը պատասխանեց. «Գլուխը քարովն է տալիս, որ Վովա Անտաշյանը ինձնից բողոքում է: Գործերը նախապատրաստել ենք, առաջարկել ենք Այգեգործական թաղամասի համար ենթակայան շինեն, դա կապված է վերադասի ֆինանսական միջոցներից: Գլխավոր ինժեներն էլ միայն կատարող է»: Միշա Փիրուզյանը նաև վրդովվեց, թե ինչու է Վովա Անտաշյանը ապրում թաղամասում: «Թող մյուսների նման ինքն էլ գնա ուրիշ տեղ ապրի»,- ասաց նա:

Լալան Վովայի երկրորդ կինն է: Նրանք մենակ են ապրում Այգեգործների 24 իրենց տանը: «Մի երեխա ունեինք: Վանուշիկս 7 տարեկանում 2004թ. հոկտեմբերի 28-ին մեր տան դիմացի մայրուղու կանգառում ավտոյի տակ գցեցին, մահացավ»,- պատմում է Լալան:

Մեքենան երեխային հարվածել է հենց ծնողների աչքի առաջ: Ամուսինները պատմում են, որ 2007թ. վաճառել են Ալավերդի քաղաքի Սպանդարյան 7/8 հասցեում գտնվող իրենց բնակարանը և այդ փողով Վանուշիկի գերեզմանաքարը սարքել:

Որդեկորույս ամուսինները, սակայն, կյանքի հարվածից չեն ընկրկել և ապրում են իրենց ստեղծած աշխարհում: Վովան ամբողջությամբ ապրում է իր կնոջով, այգով և իրեն շատ հավատարիմ ու աշխատասեր Կոլկա անունով էշով: «Չիչխանից բռնած, կլուբնիկից բռնացրած՝ ամեն ինչ ունեմ այգում»,- ասում է Վովան:

«Այս բնության մեջ առանց հարևանի որ ապրում ենք, կենդանիները հարստացնում են մեր առօրյան»,- ասում է Լալան: Ամուսինները 7 կատու ունեն: Կնոջ խոսքերով՝ կատուները սանիտարներ են. «Այգում լիքը օձ է լինում, մեկ էլ տեսնում եմ՝ օձին սպանած, վիզները գցած բերում են»:

Վովան ու Լալան՝ խավարի բնակիչները, լույս են որոնում իրենց սիրելի կենդանիների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter