HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Գագիկ Շամշյանը չի ներկայացել դատական նիստին. նա ծանուցում չի ստացել դատարանից

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արամ Չատինյանի՝ պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին հայցով դատական նիստն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Հայցադիմումով ֆոտոլրագրողից պահանջվում է նաեւ 1 դրամ՝ որպես փոխհատուցում:

Այսօր նիստին ներկա էր հայցվորի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը, իսկ պատասխանող կողմը նիստին ներկա չէր, քանի որ ծանուցման մասին հավաստագիրը առկա չէր դատարանում: 

Տեղեկացնենք, որ Արամ Չատինյանը դատի է տվել Գ.Շամշյանին՝ 24.08.2011թ.-ի aravot.am կայքում հրապարակված ««Վերեվները» հույսերը չարդարացրին» հոդվածի համար: Հոդվածում ասվում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները Թումանյան-Հյուսիսային պողոտա փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել միջպետական հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրան Չատինյանին, որը հանդիսանում է Արաբկիրի կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի եղբայրը:

Այնուհետև հեղինակը նշում է, որ դատարանի բակում հավաքված Տիգրանի մտերիմները խոսում էին, որ՝ «ոչ մի խնդիր չկա, վերևներով հարցերը լուծել ենք, մեր ախպերը դատարանից ազատ է արձակվելու», սակայն Տ. Չատինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 40-օրյա կալանք, որից հետո Չատինյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այնուհետև «Առավոտ»-ը նշում է, որ իր տեղեկություններով՝ Օդեսայում նրան հովանավորել է Վանիկ անունով մի հայտնի գործարար, որը մինչեւ Տիգրանի ձերբակալվելը ժամանել է Երևան և նրա հարցերը լուծելու նպատակով հանդիպումներ ունեցել ԱԺ որոշ պատգամավորների և պետական պաշտոնյաների հետ, ինչը, հավանաբար, այդպես էլ օգուտ չի տվել:

Այսօրվա նիստին Ա. Թովմասյանը դատարանին տեղեկացրեց, որ հարցում է արել անձնագրերի և վիզաների վարչություն, որտեղ բնակության պետական ռեգիստրի մասին իրեն տեղեկություն են հայտնել Գագիկ Շամշյանի բնակության հասցեի մասին: Այս հասցեն հայցվորը արդեն իսկ ներկայացրել էր դատարանին, սակայն ծանուցումը ետ է վերադարձել, քանի որ բնակիչը բացակայել է: Այնուամենայնիվ, դատավոր Ա. Հունանյանը որոշեց կրկին անգամ նույն հասցեով ծանուցել Գագիկ Շամշյանին դատական նիստի ներկայանալու մասին՝ հերթական նիստի օր նշանակելով փետրվարի 20-ը:

Շամշյանը դատարանի ուղարկած ծանուցագիրը չի ստանում, որովհետեւ հիմնականում տանը չի լինում: «Հետքի» հետ զրույցում այս առնչությամբ ֆոտոլրագրողը նկատեց. «Ես աշխատող մարդ եմ, իրենց նման պարապ չեմ: Թող տան մոտ սպասեն, մինչեւ աշխատանքս կավարտեմ, կգամ տուն: Այդ ժամանակ թող հանձնեն ինձ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter