Հանրապետական կուսակցության իշխանազրկումը՝ բացառիկ գերակա հանրային շահ
Արամ Ենոքյան
Թերևս, սա իրոք միակ, ընդ որում՝ վաղուց արդեն հասունացած բացառիկ գերակա հանրային շահն է, որի իրագործմամբ շահագրգիռ է ժողովրդի ճնշող մեծամասնությունը (բացառությամբ, իհարկե, այդ կուսակցության ղեկավարության և նրա խոջա-ուժային սակավաթիվ հենարանների): Սա նաև միակ բացառիկ գերակա հանրային շահն է, որի իրագործման շնորհիվ միայն մեր երկրում կարող են կտրուկ մեծանալ ժողովրդավարական արժեքների գործունեության դինամիկան և դրական արդյունքները…
Իշխանազրկման երկու ճանապարհից՝ ընտրությունների կամ ժողովրդական տարերային ընդվզման միջոցով, նախընտրելին, անշուշտ, առաջինն է (չնայած՝ ժողովրդական ալիքով հեղափոխությունը բնավ հակաօրինական չէ ու երբեմն անհրաժեշտություն է): Այդ տեսանկյունից բացառիկ հնարավորություն է մայիս ամսվա խորհրդարանական ընտրությունը: Եվ ընդդիմադիր ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ գոնե հիմա վեր դասել հայրենաշահը: Հակառակ դեպքում Հանրապետականի կողմից իշխանությունը նորից զավթելու պարագայում ժողովրդի աչքում նրանք կարող են վերածվել իշխանակեր ուժերի կցորդների կամ հավելվածների:
Իսկ ո՞րն է ուղին (կամ ուղիներից մեկը): Վերոնշյալ բացառիկ գերակա հանրային շահի կենսակոչման տեսանկյունից, ըստ իս, արդյունավետ կարող է լինել ներքոնշյալ երեք առաջարկի իրագործումը:
Առաջին. Ընդդիմադիր ուժերը հետևողականորեն պետք է վկայակոչեն ՌԴ Պետդումայի ընտրություններում իշխող կուսակցության փաստացի պարտությունը՝ 15 տոկոսով քիչ ձայներ ստանալը (այն էլ պաշտոնական տվյալներով): Այս հանգամանքը չափազանց կարևոր է, քանի որ մեր երկրում Հանրապետականի կողմից բավական կլինի իրենց հյուսիսային ավագ եղբայրների ցույց տված արդյունքի լոկ կրկնությունը, և հակահայկական ու հակամարդկային այս փտած բրգիկը կփլուզվի: Չեն օգնի անգամ հանցագիր-հուշագրերն ու խմբիշխանակերությունը, որին կոալիցիա են անվանել:
Ու եթե ՌԴ-ում իշխող կուսակցության «հաշվին» չկային «մարտի 1» և հարյուրավոր քաղբանտարկյալներ, և այդ կուսակցությունն անգամ մեծաթիվ ընտրակեղծիքներով հանդերձ 15 տոկոս քիչ ձայն ստացավ, ապա «մարտի 1», բազմաթիվ քաղբանտարկյալներ և ի լրումն ահագնացող արտագաղթ իր իշխանության օրոք արձանագրած Հանրապետականը ոչ թե 15 տոկոսով, այլ զգալիորեն ավելի քիչ ձայն պետք է ստանա:
Երկրորդ. Համապետական բոլոր ընտրություններում օրվա իշխանությունն իր հաշվեկշռում մշտապես գումարել է բանակի ձայները: Այս անգամ (բայց և՝ որևէ կերպ չփորձելով ՀՀ զինված ուժերի շրջանում քաղաքական քարոզչություն ծավալել) ընդդիմադիրները պետք է ընդամենը գոնե մեկ-երկու անգամ կոչով դիմեն Հայոց բանակի զինվորներին: Կոչը, ըստ էության, պետք է լինի շատ կարճ, որում անհրաժեշտ է ներառել հետևյալ միտքը. «Քվեարկության օրը ընտրատեղամասում դուք գրչի այդ շարժումով կատարելու եք ոչ թե ձեր զինվորական, այլ քաղաքացիական պարտքը. հետևաբար, քվեարկեք խղճի մտոք»:
Եվ շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերն այդ կոչը զինվորներին հղեն համատեղ՝ դա անելով քվեարկությունից, դիցուք, 10 կամ 20 օր առաջ: Եվ պետք չէ վախենալ հնարավոր այն մեղադրանքներից, թե իբր ընդդիմությունը բանակը քաղաքականացնում է: Երիցս ոչ: Օրվա իշխանությունն է այդ անում՝ զինվորներին զանգվածաբար քվեարկելու տանելով տարբեր ընտրատեղամասերում և ներքաղաքական անկայունության օրերին օգտագործելով պետության զինված ուժերը:
Երրորդ. Ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու պահանջները Հանրապետականը, անշուշտ, չի ընդունի (ո՞վ իր ձեռքով պարանը կհանգուցի սեփական պարանոցին): Ուրեմն, ընդդիմադիր ուժերը՝ ասենք, երեք առավել հայտնիները, մեծամասնական ընտրատարածքների վերաբերյալ պետք է գան գործնական հստակ պայմանավորվածության: Օրինակ՝ յուրաքանչյուրն իր թեկնածուներին այդ 41-ից պետք է առաջադրի 10-ում կամ 11-ում (մնացածում նրանք պետք է սատարեն ոչ իշխանական, առավել արժանավոր թեկնածուի):
Հետո այդ երեք ուժերը պետք է կոչով դիմեն ընտրատարածքների բնակիչներին՝ հորդորելով ձայնը տալ արդեն միացյալ ընդդիմության տվյալ թեկնածուին տվյալ ընտրատեղամասում, ինչի դեպքում ընտրողները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կընտրեն: Սա ձեռնտու է այդ երեք ուժից յուրաքանչյուրին (էականորեն մեծանում է նրանց այդ 10-11 թեկնածուների ընտրվելու հնարավորությանը) և լուրջ մարտահրավեր է լինելու Հանրապետականի ղեկավարության՝ մեծամասնականի միջոցով իշխանազավթիչ հերթական ծրագրին:
Վերոնշյալ երեք առաջարկի իրագործումը, իմ կարծիքով, արդյունավետորեն կնպաստի Հանրապետականի իշխանազրկմանը: Թե ի՞նչ չափով՝ դարձյալ կախված է նույն ընդդիմադիր ուժերից, քանզի հանրության բացառիկ գերակա շահը վաղուց է հայտնի և ենթակա օր առաջ կատարման:
Եվ վերջում՝ թեմայի հետ ուղղակի կապ չունեցող ևս երկու խնդրի մասին: Իրեն «ազգի մտավորական» համարող գրողը Քաջարան գյուղ այցելելուց հետո մամուլում նաև նշել էր, թե «Այնտեղ դպրոց չկա…»: Ընդամենը: Թե որքանո՞վ է «ազգի մտավորականի» համար բարոյական այդպես իմիջիայլոց փաստել (այն էլ՝ սահմանամերձ գյուղի մասին) նախամայր դպրոցի բացակայությունը, անկեղծորեն գիտե միայն նրա «մտավորական» խիղճը: Այնինչ դա պետք է ներկայացվեր որպես ահազանգ:
Եվ Քաջարանի՝ հիրավի մտահոգիչ խնդրով զբաղվող քաղաքական ուժերին ու գործիչներին կառաջարկեի հանքասեր կառավարությունից նաև պահանջել ապահովել ՀՀ սահմանամերձ համայնքներում դպրոցների և նախակրթարանների հիմնումն ու նորմալ կենսագործունեությունը: Սահմանապահ զինվորն առավել աչալուրջ կհսկի և կրկնակի եռանդով կմարտնչի՝ իմանալով իր թիկունքում գտնվող դպրոցում հասակ և ուսում առնող երեխաների մասին:
Երկրորդ խնդիրը նույնպես ռազմավարական կարևորություն ունի: Առկա է Հայաստան-Արցախ ցամաքային ուղին, շուտով կգործի նաև օդային հաղորդակցության ուղին: Բայց անհրաժեշտ է նաև լրջորեն զբաղվել Հայաստան-Արցախ երկաթուղային հաղորդակցության ճանապարհի բացման խնդրով: Հայկական երկու պետությունները կապող երկաթուղային հաղորդակցության ուղու նշանակությունը թերևս հնարավոր չէ գերագնահատել, իսկ այն հետագայում նաև կարող է որպես միջանկյալ դիտարկվել Հայաստան-Իրան երկաթուղու համար…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել