
Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը
Գոռ Հովհաննիսյան
ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ,
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտորանտ,
իրավագիտության մագիստրոս (Երևան),
կառավարման գիտությունների մագիստրոս (Շպայեր/Գերմանիա)
Ա. Ներածություն
Իրավունքի ընդհանուր տեսությունից հայտնի է, որ իրավունքը հասկացվում է երկու իմաստով` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ իրավունքը պետության իրավակարգում առկա բոլոր իրավանորմերի ամբողջությունն է, այն է` Սահմանադրության, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի բոլոր դրույթները:
Սուբյեկտիվ իրավունքն անձին (այդ իրավունքը կրողին) տրված և դատական կարգով պաշտպանության ենթակա իրավական ուժն է` պահանջելու մեկ ուրիշից (այդ իրավունքի հասցեատիրոջից) որոշակի գործողություն կամ անգործություն: Պարզ ասած` սուբյեկտիվ իրավունքը լիազորում է իրավունքի սուբյեկտին և պարտավորեցնում (կաշկանդում) է իրավունքի հասցեատիրոջը:
Սուբյեկտիվ իրավունքներն իրենց հերթին լինում են բացարձակ և հարաբերական:
Այսօրվա հայկական իրավունքում արմատացած թյուր կարծիքի համաձայն` բացարձակ իրավունքն անսահմանափակելի իրավունքն է: Օր.` 2010-ին լույս տեսած Սահմանադրության մեկնաբանությունների 20-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանության մեջ ասվում է. «Այդուհանդերձ, պաշտպան ընտրելու իրավունքը բացարձակ չէ և ելնելով որոշակի հանգամանքներից` կարող է սահմանափակվել» [2, էջ 244]: Կամ` Սահմ. 28-րդ հոդ. 3-րդ մասի մեկնաբանության մեջ ասվում է. «Միավորվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այդ իրավունքը ենթակա է սահմանափակման Սահմ. 43 և 44-րդ հոդվածներում նախատեսված կարգով և հիմքերով» [5, էջ 182 - «կյանքի իրավունքը բացարձակ իրավունք է», 4, էջ 477- «Ստեղծագործության ազատության իրավունքը […] բացարձակ իրավունք է և որպես այդպիսին չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման»]: Տես նաև ՍԴՈ-997 որոշման 6-րդ կետը:
Իրավունքի բացարձակ լինելն իրականում ոչ մի կապ չունի դրա սահմանափակելիության հետ, որովհետև չկան անսահմանափակելի իրավունքներ, բացառությամբ մարդու արժանապատվության իրավունքի: Մինչդեռ ՍԴ-ն իր ՍԴՈ-649 որոշման VII կետում ասում է. «...քաղաքացիների որոշ կատեգորիաներ զրկվում են Սահմանադրությամբ չսահմանափակվող ճանաչված իրենց առանձին հիմնարար իրավունքների (ընդգծումն իմն է – Գ. Հ.) իրականացման հնարավորությունից...»: Իրականում անհնար է Սահմանադրության մեջ գտնել թեկուզ մի դրույթ, որը որևէ հիմնական իրավունք ճանաչում է չսահմանափակվող:
Բացարձակ իրավունքներն իրավունքի սուբյեկտին տալիս են մի որոշակի բնագավառի նկատմամբ բացառիկ, իրավականորեն պաշտպանված իշխանություն, որը պետք է հարգեն բոլորը: Այսինքն` բացարձակ իրավունքների հասցեատեր են բոլորը (erga omnes գործողություն):
Քանի որ բացարձակ իրավունքները գործում են ընդդեմ բոլորի, այդ իրավունքները պետք է յուրաքանչյուրի համար ճանաչելի ու որոշակի լինեն: Դրա համար գործում է numerus clausus սկզբունքը, այսինքն` գոյություն ունի բացարձակ իրավունքների սպառիչ թվաքանակ, և չի կարելի անընդհատ նոր բացարձակ իրավունքներ հորինել ու ավելացնել արդեն եղածներին: Յուրաքանչյուրի համար բացարձակ իրավունքների ճանաչելիությունն ու որոշակիությունը երաշխավորվում է տարբեր գրանցամատյաններում դրանց գրանցմամբ:
Ի տարբերություն բացարձակ իրավունքների, հարաբերական իրավունքները լիազորում ու պարտավորեցնում են միայն իրավահարաբերության մասնակիցներին (գործում են inter partes):
Առանց բացառության բոլոր հիմնական իրավունքները հարաբերական իրավունքներ են, որովհետև նրանք գործում են ոչ թե ընդդեմ բոլորի, այլ ունեն մեկ հասցեատեր` պետությունը, ուստի գոյություն չունեն և չեն կարող ունենալ բացարձակ հիմնական իրավունքներ:
Բ. Հիմնական իրավունքների կառուցվածքը
Հիմնական իրավունքների հասկացությունը հայկական իրավունքում ձևական է, այսինքն` հիմնական իրավունքներն այն իրավունքներն են, որոնք ամրագրված են Սահմանադրության 2-րդ գլխում:
Հիմնական իրավունքները սուբյեկտիվ հանրային իրավունքներ են: Նրանց հիմնական իմաստը մեկ ուրիշից որևէ գործողություն կամ անգործություն պահանջելու` անհատին տրված բողոքարկելի իրավական ուժն է [17, S. 363]:
Իրավական տեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական իրավունքները եռանդամ կառուցվածք ունեն [7, S. 171-172]` 1. իրավունքի կրող (սուբյեկտ), 2. իրավունքի հասցեատեր և 3. իրավունքի առարկա (օբյեկտ):
Թեև հիմնական իրավունքներն ամրագրված են Սահմանադրության 2-րդ գլխում, դա ամենևին չի նշանակում, որ այնտեղ գտնվող բոլոր նորմերը հիմնական իրավունքներ են: 2-րդ գլխում կան նաև հիմնական իրավունքների մասին նորմեր (օր.` 43-րդ, 44-րդ հոդ.հոդ.) և կազմակերպաիրավական նորմեր (օր.` 39-րդ հոդ. 2-4-րդ մասեր), որոնք չունեն սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ, այսինքն` քաղաքացիներին չեն լիազորում, ուստի նրանք դրանց հիման վրա պետությանը որևէ պահանջ ներկայացնելու հնարավորություն չունեն: Հետևաբար, նրանք չեն կարող նաև անհատական դիմում ներկայացնել ՍԴ այդ նորմերի խախտման հիմնավորմամբ:
Գ. Հիմնական իրավունքների սուբյեկտները
1. Ֆիզիկական անձինք: Հիմնական իրավունքները լիազորում են նախ մարդկանց (ֆիզ. անձանց) [11, S. 1131; 8, S. 74; 15, S. 100]: Լիակատար իրավունակությունն սկսվում է ծննդյան պահից [11, S. 1132; 16, S. 35] և ավարտվում մահով [11, S. 1141; 8, S. 74; 20, S. 223; 15, S. 101]:
Սահմ.-ը տարբերակում է կա́մ բոլոր մարդկանց (օր.` 14-րդ, 14. 1-րդ, 15-րդ հոդ.հոդ.), կա́մ քաղաքացիների (օր.` 25-րդ հոդ. 2-րդ մաս, 28-րդ հոդ. 2-րդ մաս, 30-րդ հոդ. 1-ին մաս) իրավունակությունը:
ա) Մարդու իրավունքներ: Մարդիկ` իբրև հիմնական իրավունքի սուբյեկտներ, բառացիորեն նշվում են առանձին հիմնական իրավունքներում կամ կարող են ենթադրվել դրանց ձևակերպումից: Եթե հիմնական իրավունքի սուբյեկտը բոլոր մարդիկ են, ապա հանդիպում է կա́մ «յուրաքանչյուր ոք» (15-րդ հոդ. 1-ին նախ., 18-րդ հոդ.) կա́մ «բոլոր մարդիկ» (14.1-րդ հոդ.) դարձվածքը: «Ոչ ոք» ժխտական ձևակերպումը ևս (15-րդ հոդ. 2-րդ նախ., 17-րդ հոդ. 1-ին մաս) նշանակում է, որ համապատասխան հիմնական իրավունքը պատկանում է բոլոր մարդկանց: Եթե որևէ հիմնական իրավունքում հիմնական իրավունքի սուբյեկտը որոշակիորեն նշված չէ (14-րդ հոդ., 22-րդ հոդ. 2-րդ մաս), այդ դեպքում ևս հիմնական իրավունքի սուբյեկտը բոլոր մարդիկ են:
բ) Քաղաքացու իրավունքներ: Մի շարք հիմնական իրավունքներ լիազորում են միայն քաղաքացիներին (25-րդ հոդ. 3-րդ մաս, 28-րդ հոդ. 2-րդ մաս): Քաղաքացու իրավունքները իրավասուբյեկտությունը կապում են քաղաքացիության փաստի հետ [9, S. 72]: Թե ովքեր են ՀՀ քաղաքացիները, սահմանում է Սահմ. 30.1-րդ հոդ. 1-ին մասը:
գ) Օտարերկրացիներն ու ապաքաղաքացիներն իրավունակ են այնքանով, որքանով նրանք կարող են հենվել որևէ հիմնական իրավունքի վրա, որը ՀՀ քաղաքացիության հետ չի կապվում: ՀՀ քաղաքացիության հետ կապված են, օրինակ, Սահմ. 30-րդ, 30.1-րդ, 30.2-րդ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքները: Սակայն նույնիսկ եթե որևէ հիմնական իրավունք միայն քաղաքացիներին է լիազորում, միևնույն է օտարերկրացիներին ևս պետք է տվյալ ոլորտում իրավունքների պաշտպանություն տրամադրվի ընդհանուր ազատության իրավունքի միջոցով (Սահմ. 42-րդ հոդ. 2-րդ մաս), որը, սակայն, ավելի մեծ սահմանափակելիության պատճառով համեմատաբար թույլ պաշտպանություն է երաշխավորում:
2. Իրավաբանական անձինք: Սահմ. 42.1-րդ հոդվածը հիմնական իրավունքներ կրելու ունակությունը տարածում է իրավաբանական անձանց վրա: Ըստ հոդվածի բառացի տեքստի` նրա գործողության տակ են ընկնում բոլոր իրավ. անձինք` անկախ հանրային կամ մասնավոր իրավունքին իրենց պատկանելությունից: Այնինչ Սահմ. 42.1-րդ հոդվածում գործածվող «իրավաբանական անձ» հասկացությունը մեկնաբանվում է քաղ. օր. 50-րդ հոդվածի 1-ին կետի օգնությամբ` դրա ներքո հասկանալով միայն մասնավոր իրավունքի իրավ. անձանց [6, էջ 505]: Սակայն նման մեկնաբանմամբ խախտվում է այն հանրահայտ սկզբունքը, ըստ որի` սահմանադրական նորմը չի կարելի մեկնաբանել հասարակ օրենքի միջոցով: Արդյունքում Սահմ. 42.1-րդ հոդվածի գործողության ոլորտից դուրս են մնում հանրային իրավունքի իրավ. անձինք: Ակնհայտ է, որ հայկական իրավունքում դեռևս առկա է հանրային իրավունքի և մասնավոր իրավունքի իրավ. անձանց անբավարար տարբերակման խնդիր:
ա) Սահմ. 42.1-րդ հոդվածն առանց որևէ խնդրի նախ և առաջ տարածվում է մասնավոր իրավունքի իրավ. անձանց վրա (քաղ. օր. 5-րդ գլուխ): Իրավ. անձը, որն իր հետևում կանգնած անհատների անձի զարգացման արտահայտությունն է (այսպես կոչված «անհատական սուբստրատ» կամ «թափանցիկության վարկած» [19, S. 1071; 10, S. 68]), պետք է օգտվի հիմնական իրավունքների ինքնուրույն պաշտպանության հնարավորությունից:
Իրավ. անձանց իրավունակության միակ նախապայմանն այն է, որ հիմնական իրավունքն իր էությամբ կիրառելի լինի նրանց նկատմամբ: Դա այդպես է, եթե հիմնական իրավունքով պաշտպանվող գործունեությունը կարող է իրականացվել նաև իրավ. անձանց կողմից, այսինքն` չի կապվում մարդու բնական հատկանիշների հետ [14, S. 22; 10, S. 73]: Օր.` իրավ. անձը կարող է ֆիզ. անձանց նման ունենալ սեփականություն (31-րդ հոդ. 1-ին մաս), նա կարող է խտրականության ենթարկվել (14.1-րդ հոդ.), սակայն նա ո´չ արժանապատվություն ունի (14-րդ հոդ.), ո´չ կյանք կամ առողջություն (15-րդ և 33.2-րդ հոդ.հոդ.), ո´չ ամուսնանում է (35-րդ հոդ.), ո´չ էլ երեխաներ է ունենում (36-րդ հոդ.):
բ) Հանրային իրավունքի իրավ. անձինք սկզբունքորեն հիմնական իրավունքների սուբյեկտ չեն, որովհետև նրանք հանրային իշխանության (պետության) մի մասն են [16, S. 42; 14, S. 23; 10, S. 69]: Հանրային իրավունքի իրավ. անձանց հետևում կանգնած են ոչ թե ֆիզ. անձինք, այլ միշտ պետությունը, որը չի կարող լինել միաժամանակ հիմնական իրավունքի և´ սուբյեկտ, և´ հասցեատեր (կոնֆուզիոն փաստարկ) [14, S. 23; 16, S. 43]: Նրանք գործում են օրենքով սահմանված իրենց իրավասությունների հիման վրա, այլ ոչ թե իրացնում են հիմնական իրավունքներ: Եթե այլ պետական մարմինների կողմից խախտվում են նրանց իրավասությունները, ապա առկա է ոչ թե ոտնձգություն սուբյեկտիվ հիմնական իրավունքների դեմ, այլ իրավասությունների բախում [18, S. 407; 12, S. 19]:
Սակայն այլ է հարցը, երբ հանրային իրավունքի իրավ. անձինք հենվում են դատավարական հիմնական իրավունքների վրա (օր.` Սահմ. 18-րդ, 19-րդ հոդ.հոդ.), քանի որ սահմանադրական այդ դրույթները բովանդակում են դատավարական օբյեկտիվ սկզբունքներ, որոնք գործում են ցանկացած դատավարության համար և պետք է ծառայեն յուրաքանչյուրին, ով եղել է դատավարության մասնակից [13, S. 570-571]: Հետևաբար, հանրային իրավունքի իրավ. անձինք դատավարական հիմնական իրավունքների սուբյեկտ են:
Այն դեպքում ևս, երբ հանրային իրավունքի իրավ. անձը հիմնական իրավունքներ է պաշտպանում այնպիսի բնագավառում, որտեղ նա պետությունից անկախ է, պետք է ելնել հիմնական իրավունքներ կրելու նրա ունակությունից [18, S. 407; 13, S. 572]: Այս իմաստով հանրային հեռուստատեսությունը և հանրային ռադիոն Սահմ. 27-րդ հոդ. 4-րդ մասում, իսկ պետական համալսարանները` Սահմ. 40-րդ հոդվածում ամրագրված հիմնական իրավունքի սուբյեկտ են:
Հայկական արդի իրավ. գրականության մեջ հանրային իրավունքի իրավ. անձանց վերաբերյալ վերոհիշյալ բացառությունները ցավոք դեռ չեն գիտակցվում, և դեռևս առկա է այն թյուր պատկերացումը, թե իրավ. անձանց դեպքում ՍԴ կարող են դիմել բացառապես մասնավոր իրավունքի իրավ. անձինք [3, էջ 976]:
Այս տեսանկյունից խնդրահարույց է անշուշտ ՍԴՈ-691 որոշումը, որով կարճվել է Հայաստանի փրկարար ծառայության դիմումի մասով գործի վարույթն այն պատճառաբանությամբ, թե նա պետական կառավարչական հիմնարկ է և չունի իրավ. անձի կարգավիճակ: Անվիճելի է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը հանրային իրավունքի իրավ. անձ է, ուստի նա ոչ թե «չունի իրավ. անձի կարգավիճակ», ինչպես նշում է ՍԴ-ն, այլ չունի ընդամենը մասնավոր իրավունքի իրավ. անձի կարգավիճակ, որպիսի հանգամանքն անշուշտ նրան արդարադատությունը մերժելու հիմք չէ, քանի որ նա վիճարկում էր դատավարական հիմնական իրավունքների խախտումը:
Դ. Հիմնական իրավունքների հասցեատերը
Ըստ Սահմ. 3-րդ հոդվածի 3-րդ մասի` պետությունն է սահմանափակված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Նշանակում է` հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է (օրենսդիրը, գործադիրը և արդարադատությունը), հետևաբար մասնավոր անձինք նույնիսկ բացառության կարգով հիմնական իրավունքների հասցեատեր լինել չեն կարող: Ոչ մի դեր չի խաղում նաև այն հանգամանքը, թե պետությունն անմիջականորեն, թե միջնորդավորված ձևով է գործում (օր.` տեղական ինքնակառավարման մարմինների կամ մասնավոր իրավունքի իրավ. անձանց միջոցով), կամ մասնավոր-իրավական, թե հանրային-իրավական խնդիրներ է իրականացնում. հանրային իշխանությունը միշտ կաշկանդված է հիմնական իրավունքներով [16, S. 43]:
Փաստորեն, միայն ու միայն պետությունն է, որի վրա Սահմ. 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքները որոշակի պարտականություններ են դնում, և հիմնական իրավունքների սուբյեկտները միմիայն պետությունից կարող են պահանջել որոշակի գործողություն (status positivus և status activus հիմնական իրավունքների դեպքում) կամ անգործություն (status negativus հիմնական իրավունքների դեպքում): Հայկական իրավ. գրականության մեջ մինչ օրս չի գիտակցվում այս պարզ միտքը, և հիմնական իրավունքների հասցեատեր են համարվում բոլորը` նաև ֆիզ. և իրավ. անձինք [6, էջ 507 – «...32-րդ հոդվածում ամրագրված ֆիզ. անձի իրավունքներից յուրաքանչյուրին թղթակցում են ոչ միայն պետության, այլ նաև իրավ. անձի պարտականությունները», 1, էջ 179 – «...յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որին թղթակցում է բոլորի պարտականությունը` ձեռնպահ մնալ մարդուն կյանքից զրկելուն ուղղված քմահաճ ոտնձգություններից...»]:
Ե. Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը
Ինչպես արդեն տեսանք, Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է: Նման կարգավորումը լիովին համապատասխանում է հիմնական իրավունքների էությանը, որոնք պատմականորեն ծագել ու զարգացել են իբրև անհատի ինքնապաշտպանության իրավունքներ ընդդեմ պետական կամայականությունների: Պարզ ասած` հիմնական իրավունքները ծագել, զարգացել և այսօր էլ գործում են որպես անհատի և պետության միջև երկկողմ (այն է` հանրային) հարաբերությունները կարգավորող նորմեր:
Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մասը շատ պարզ հայերենով մեզ ասում է, որ հիմնական իրավունքները կաշկանդում են միայն պետությանը, ոչ անհատներին: Նրանք այդ իրավունքների հասցեատեր չեն ու հենց այդ պատճառով չեն կարող դրանք խախտել: Արդեն տեսանք, որ սուբյեկտիվ իրավունքը պարտավորեցնում է իրավունքի հասցեատիրոջը, այսինքն` միայն ու միայն իրավունքի հասցեատերն է, որ հնարավորություն ունի (չ)խախտելու այդ իրավունքը` (չ)կատարելով դրանով իրենից պահանջվող գործողությունը կամ անգործությունը:
Հետևաբար, ուղղակի անհնար է խախտել մի իրավունք` չլինելով դրա հասցեատերը, այնինչ ՍԴ-ն իր ՍԴՈ-719 որոշման 6-րդ կետի առաջին պարբերությունում արձանագրում է, թե «հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների [...] կրող հանդիսացող ֆիզ. կամ իրավ. անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից» (ընդգծումներն իմն են – Գ.Հ.): Իրականում մասնավոր անձինք հիմնական իրավունքներ խախտել չեն կարող [18, S. 38]:
Փաստորեն, Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մասի ձևակերպմամբ հայ սահմանադիրն աներկբա մերժում է հիմնական իրավունքների այսպես կոչված երրորդային գործողությունը (Drittwirkung der Grundrechte), այսինքն` հիմնական իրավունքների գործողությունը անհատի և պետության միջև դասական երկկողմ հարաբերություններից զատ անհատի` մեկ այլ անհատի (երրորդի) հետ հարաբերություններում (այսինքն` մասնավոր-իրավական հարաբերություններում): Այստեղից էլ հենց «երրորդային գործողություն» անվանումը: Հետևաբար, իրավաբանական անգրագիտություն է մեզ մոտ շատ հաճախ հանդիպող այն երևույթը, երբ մասնավոր իրավական վեճի վերաբերյալ դատարան ներկայացվող հայցադիմումում հայցվորը պնդում է, թե պատասխանողը խախտել է Սահմանադրությամբ ամրագրված իր հիմնական իրավունքները:
Սակայն մասնավոր իրավունքն ամբողջովին ներազդվում է սահմանադրական իրավունքի, հատկապես հիմնական իրավունքների կողմից, որովհետև մեր Սահմ.-ը ոչ թե չեզոք արժեհամակարգ է, այլ պարունակում է սկզբունքներ մեր ողջ քաղաքական համակեցության համար: Այս տեսանկյունից հիմնական իրավունքները ոչ միայն քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքներ են ընդդեմ պետության միջամտությունների, այլ միաժամանակ դրանց հետևում կանգնած օբյեկտիվ արժեհամակարգի արտահայտություն: Այդ իսկ պատճառով նրանք գործում են իրավունքի բոլոր ոլորտների համար իբրև կողմնորոշիչներ ու խթաններ: Այս դեպքում մենք խոսում ենք հիմնական իրավունքների միջնորդավորված երրորդային գործողության մասին:
Հիմնական իրավունքների միջնորդավորված երրորդային գործողությունը գործնական նշանակություն ունի հատկապես մասնավոր իրավահարաբերություններ կարգավորող օրենքներում գործածվող ընդհանուր վերապահումների և անորոշ իրավական հասկացությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ, բարեխիղճ (քաղ. օր. 275-րդ հոդ.), շփոթելու աստիճան նման (քաղ. օր. 1172-րդ հոդ.), կոպիտ անզգուշություն (քաղ. օր. 1076-րդ հոդ.) և այլն: Հիմնական իրավունքներն այսպիսի անորոշ իրավական հասկացությունների միջոցով ներթափանցում են մասնավոր իրավունք: Նրանք վճռորոշ ազդեցություն են գործում արդի քաղաքացիական իրավունքի, նոր իրավական ինստիտուտների ձևավորման և դատարանների կողմից իրավունքի զարգացման վրա:
Բացի այդ, սահմանադրության օբյեկտիվ արժեքները` իբրև հիմնական իրավունքների բաղադրատարր, հանդես են գալիս մասնավոր իրավունքում իբրև մասնավոր իրավահարաբերությունների գնահատման և քաղաքացիական գործեր քննող դատարանների որոշումների մասշտաբ: Հիմնական իրավունքների այս երկակի գործառույթի ուժով (իբրև ինքնապաշտպանության իրավունքներ և օբյեկտիվ արժեհամակարգ) յուրաքանչյուր դատավոր պարտավոր է իր յուրաքանչյուր որոշումն ընդունելիս սահմանադրության պահանջով ստուգել, թե արդյոք կիրառման ենթակա օրենքը ներազդված է հիմնական իրավունքներով և որքանով: Եթե նա դա չի անում, խախտում է հիմնական իրավունքները` իբրև օբյեկտիվ արժեհամակարգ:
Միաժամանակ իր դատական վճռով` իբրև իշխանական ակտ, դատավորը խախտում է քաղաքացու ընդհանուր ազատության հիմնական իրավունքը [18, S. 39] (42-րդ հոդ. 2-րդ մաս), որը սակայն չպետք է խախտվի հակաիրավական իրավակիրառման միջոցով: Հիմնական իրավունքների այսպիսի խախտումն իրավ. գրականության մեջ կոչվում է «սպեցիֆիկ սահմանադրական իրավունքի խախտում» [18, S. 40], որը դատական ակտը դարձնում է բեկանելի: Որոշ երկրներում (օրինակ` Գերմանիայում) նույնիսկ քաղաքացիական իրավունքում այդպիսի խախտումն առանձին դեպքերում կարող է սահմանադրական բողոք ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
ՀՀ-ում ՍԴ տրվող անհատական դիմումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց դատարանների կողմից օրենքների ոչ ճիշտ մեկնաբանման ու կիրառման հարցին: Նման անհատական դիմումները, սակայն, ՀՀ-ում անթույլատրելի են, որովհետև Սահմանադրության ուժով ՍԴ-ն սպեցիֆիկ սահմանադրական իրավունքի խախտման վերաբերյալ դիմումներ քննելու իրավասություն չունի (Սահմ. 101-րդ հոդ. 1-ին մասի 6-րդ կետ):
Զ. Օգտագործված գրականության ցանկ
1. Առաքելյան Սերգեյ/Դանիելյան Գևորգ/Ենգոյան Հասմիկ, Հոդված 15, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 179–186:
2. Ավետիսյան Դավիթ/Դիլբանդյան Սամվել/Ղուկասյան Հրայր/Մելիքյան Ռուբեն, Հոդված 20, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 237–253:
3. Նազարյան Հրանտ, Հոդված 101, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 974–986:
4. Պետրոսյան Ռաֆիկ, Հոդված 40, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 475–483:
5. Ստեփանյան Վահե, Հոդված 28, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 317–322:
6. Վաղարշյան Արթուր, Հոդված 42.1, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ, Հարությունյանի և Վաղարշյանի խմբագրությամբ, Երևան 2010, էջ 503–507:
7. Alexy, Robert: Theorie der Grundrechte. Univ. Habil.-Schr.- Göttingen, 1984, Suhrkamp Verlag, Frankfurt am Main 2006.
8. Bethge, Herbert: § 90, in: Maunz, Theodor/Schmidt-Bleibtreu, Bruno (Hrsg.): Bundesverfassungsgerichtsgesetz. Kommentar, C. H. Beck Verlag, München 2010, S. 1–240.
9. Dreier, Horst: Vorbemerkungen vor Artikel 1 GG, in: Dreier, Horst (Hrsg.): Grundgesetz. Kommentar, 2. Auflage, Mohr Siebeck Verlag, Tübingen 2004, S. 39–138.
10. Epping, Volker: Grundrechte, 4. Auflage, Springer Verlag, Berlin, Heidelberg 2010.
11. Huber, Peter Michael: Natürliche Personen als Grundrechtsträger, in: Merten, Detlef/Papier, Hans-Jürgen (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa. Band II: Grundrechte in Deutschland. Allgemeine Lehren I, C. F. Müller Verlag, Heidelberg 2006, S. 1129–1162.
12. Ipsen, Jörn: Staatsrecht II. Grundrechte, 12. Auflage, Carl Heymanns Verlag, Köln 2009.
13. Lechner, Hans/Zuck, Rüdiger (Hrsg.): Bundesverfassungsgerichtsgesetz. Kommentar, 6. Auflage, C. H. Beck Verlag, München 2011.
14. Manssen, Gerrit: Staatsrecht II. Grundrechte, 8. Auflage, C. H. Beck Verlag, München 2011.
15. Müller-Franken, Sebastian: Vorbemerkung vor Art. 1. Allgemeine Grundrechtslehren, in: Schmidt-Bleibtreu, Bruno/Hofmann, Hans/Hopfauf, Axel (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 12. Auflage, Carl Heymanns Verlag KG, Köln 2011, S. 91–110.
16. Pieroth, Bodo/Schlink, Bernhard: Grundrechte. Staatsrecht II, 26. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2010.
17. Röhl, Klaus F./Röhl, Hans Christian: Allgemeine Rechtslehre. Ein Lehrbuch, 3. Auflage, Karl Heymanns Verlag, Köln 2008.
18. Schmidt, Rolf: Grundrechte. Sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, 10. Auflage, Schmidt Verlag, Grasberg bei Bremen 2008.
19. Stern, Klaus: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, C. H. Beck Verlag, München 1988.
20. Zuck, Rüdiger: Das Recht der Verfassungsbeschwerde, 3. Auflage, C. H. Beck Verlag, München 2006.
Մեկնաբանել