
Գոռ Հովհաննիսյանի ՍԴ որոշումները քննադատող գիտական հոդվածը մերժվել է. հեղինակը դրա մեջ միտում է տեսնում
Գոռ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ է, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտորանտ: Նա գիտական հոդված է գրել, որի վերնագիրն է «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը»: Հոդվածն ուղարկել է տպագրության «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:
«Հոդվածը այն մասին է, թե արդյոք ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքները պիտի գործեն նաև քաղաքացիների միջև, պարտավորեցնո՞ւմ են արդյոք դրանք նաև քաղաքացիներին, թե՞ միայն պետությանը: Ես ասում եմ, որ մեզ մոտ ճիշտ չեն հասկանում Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ մասը, որը հենց արգելում է հիմնական իրավունքների գործողությունը քաղաքացիների միջև, այնինչ թե իրավական գրականության մեջ, թե ՍԴ որոշումներում, առանց որևէ հիմնավորման, ընդունվում է այդպիսի գործողությունը»,- ասում է Գոռ Հովհաննիսյանը:
Հոդվածը տրվել է գրախոսության իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիա Հակոբյանին: Նա դասավանդում է Կառավարման ակադեմիայում է: Ստորև ներկայացնում ենք հոդվածի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ:
ԿԱՐԾԻՔ՝
Գ.Հովհաննիսյանի «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը» հոդվածի վերաբերյալ
Գ.Հովհաննիսյանի «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը» վերտառությամբ հոդվածը նվիրված է հիմնական իրավունքների երրորդային գործողությանը, այն է՝ մասնավոր անձանց միջև հիմնական իրավունքների գործողության հարցը: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի տեսական վերլուծությամբ հեղինակը հիմնավորում է երրորդային գործողության անթույլատրելիությունը հայկական իրավունքում, քանի որ, հեղինակի պնդմամբ, միայն պետությունն է սահմանափակված հիմնական իրավունքներով: Վերոգրյալից հեղինակը եզրակացնում է, որ մասնավոր անձինք նույնիսկ բացառության կարգով հիմնական իրավունքների հասցեատեր լինել չեն կարող:
Հեղինակն առաջարկում է բավական համարձակ մեկնաբանություններ՝ ներկայացնելով նաև դրանք հիմնավորող փաստարկները: Սակայն, մեր կարծիքով, հոդվածում մեծ ուշադրություն է դարձված ՀՀ սահմանադրական դատարանի իրավական պրակտիկային, և հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները, ըստ էության, ձևավորված են ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումների շուրջ, իսկ ավելի հստակ՝ վերջիններիս դեմ:
Հեղինակը մանրամասնորեն անդրադարձ է կատարում ՀՀ ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակին, հանրային իրավունքի և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց իրավական կարգավիճակին և նրանց՝ հիմնական իրավունքների կրող լինելու հնարավորությանը և վերլուծում է վերոհիշյալ հարցերի արտացոլումը ՀՀ ՍԴ իրավական պրակտիկայում:
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ գտնում ենք, որ հոդվածի վերնագիրը և բովանդակությունը համահունչ չեն: Առաջարկում ենք հստակեցնել հոդվածի բովանդակությունը կամ այլ կերպ այն վերնագրել:
Լ.Հակոբյան
իրավ. գիտ. թեկնածու
22.12.11թ.
«Խնդիր չծագելու համար, իր առաջարկին հետևելով, հոդվածի վերնագիրը փոխեցի, նորից ուղարկեցի: Բայց հրաժարվեցին հոդվածը հրապարակել: Նրանք ուզում են, որ բովանդակությունը փոխվի»,- ասում է Գոռ Հովհաննիսյանը:
Լիլիա Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, որ հեղինակը վերնագիրը փոխել է: «Ես չգիտեմ, որ փոխել է, չգիտեմ՝ ով է մերժել և ինչու էր մերժել»,- ասաց Լ.Հակոբյանը:
Ակադեմիայի աշխատակից Աննա Ղուշչյանը տեղեկացրեց, որ հոդվածը մերժել է Կառավարման ակադեմիայի Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը:
Երբ հեռախոսազրույցի ժամանակ հարցրի, թե ինչու է մերժվել հոդվածը, Արմեն Եզեկյանն ասաց, որ այն «չի համապատասխանում գիտականությանը», գիտական ամսագրի պահանջներին:
Մինչդեռ Գոռ Հովհաննիսյանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Արմեն Եզեկյանն ասել է, թե հոդվածը կարծես ուղղված է ՍԴ-ին քարկոծելուն, և հարց է տվել. «Ուրեմն 9 դատավորը բան չի՞ հասկանում»:
Իսկ ինչո՞ւ պիտի հեղինակը իր գրած գիտական հոդվածի բովանդակությունը փոխի:
«Ես վստահ եմ, որ չտպագրելու պատճառը ՍԴ որոշումների ու հայկական իրավական գրականության քննադատությունն է: Գրախոսության մեջ գրված է` հոդվածն ուղղված է ՍԴ որոշումների դեմ: ՍԴ տեղեկագրում նման մի հոդվածի տպագրումը դարձյալ մերժվել է՝ ՍԴ-ի որոշումներին ուղղված քննադատության պատճառով»,- հիշում է Գոռ Հովհաննիսյանը:
Նա ՍԴ-ում աշխատում է 2006-ից մինչև հիմա: Այժմ արձակուրդում է: Գոռ Հովհաննիսյանը պնդում է, որ ՍԴ-ն ու իրավունքի պրոֆեսորները հոդվածում քննարկվող իրավական խնդրի մասին ոչինչ չգիտեն, որ նրանց համար դա լրիվ նորություն է, և որ հայկական ոչ մի աղբյուրում թեմայի վերաբերյալ ոչինչ չես գտնի:
Կառավարման ակադեմիայի գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը: Գլխավոր խմբագիրն է Արսեն Լոքյանը: Իսկ խմբագրական խորհրդի նախագահն է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել