HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ընտրազանգվածի առումով ամենամեծ ներուժն ունեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը

Մեկնաբանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը

Թեև տարին նոր է սկսվել, իսկ ընտրություններին էլ գրեթե չորս ամիս կա, բայց կրքերը գնալով թեժանում են, պայքարը թևակոխում է որակապես նոր փուլ, որը մեր դեպքում իր դրական կողմերով առանձնապես չի փայլում: Ու հենց այս շրջանում է, որ քաղաքական ուժերն ու կուսակցությունները սկսում են մեջ-մեջ անել ընտրազանգվածները'«էս ծառն իմն է, էս սարն իմն է» սկզբունքով: Իշխանական թևը հայտարարում է, որ իր' իշխանական ընտրազանգվածն ավելի մեծ է, ուժեղ է: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ գրեթե ողջ երկիրն ընդդիմադիր է, ու ընդդիմադիր ընտրազանգվածն ընտրություններում իր խոսքը կասի: Մի խոսքով, խեղճ ընտրազանգված, որ այս երկու թևի միջև«բզիկ-բզիկ» է լինում:

Բայց պարզվում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում իշխանական ու ընդդիմադիր ընտրազանգված գոյություն չունի: Դրանք սխալ տերմիններ են, որոնք որտեղից որտեղ մեջտեղ է բերել մեր քաղաքական միտքը: Ընտրազանգվածները բաժանվում են երեք խմբի' քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողներ, անձնական կողմնորոշմամբ քվեարկողներ և տատանվող ընտրազանգված: Դրանք իրենց հերթին բաժանվում են առանձին ենթախմբերի: Քաղաքական հիմնական խաղացողների' ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու«Ժառանգության» օրինակով քննենք այդ խմբերը:

Նախ դիտարկենք քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողների ընտրախումբը: Այս խմբի անդամները ձայն են տալիս' ելնելով կուսակցությունների ու նրանց գաղափարների նախապատվելի լինելուց: Այսինքն' ունեն քաղաքական հստակ կողմնորոշում: Ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի' այս խմբի առաջին ենթախումբը արևմտամետ, ազատական ենթախումբն է: Այս խմբում հիմնականում երիտասարդներ են, ովքեր կրում են եվրոպական արժեքներ կամ ցանկանում են ապրել այդ արժեքները կրող իշխանության օրոք: 2008 թ. ընտրությունների ժամանակ էլեկտորալ այս խումբը ձայն էր տալիս ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Բայց դրանից հետո Տեր-Պետրոսյանի ելույթները երբեմն-երբեմն պարունակում էին հակաարևմտյան տարրեր, բացի դրանից' նա որևէ քայլ կամ գործողություն չարեց' ցույց տալու, որ արևմտյան ինտեգրացիայի կողմնակից է: Ուստի, Ա. Բադալյանի կարծիքով, այս ընթացքում ՀԱԿ-ը կարծես թե չի կարողացել այս ընտրախմբին իր կողմը գրավել:

Քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողների հաջորդ ենթախումբն այն մարդիկ են, ովքեր ինչ-ինչ պատճառներով գոհ են այս կյանքից: Ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ նրանք հարուստներ կամ պաշտոնյաներ լինեն: Կան բազմաթիվ շարքային քաղաքացիներ, ում այս կյանքը ձեռնտու է: Այս ընտրախումբը կողմ է քվեարկում գործող իշխանություններին: Սակայն այս ենթախմբի մի հատված էլ«պատկանում է» ԲՀԿ-ին: Ըստ փորձագետի' այս ենթախումբը թերևս միակն է, որտեղ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ընտրազանգվածները որոշ չափով հատվում են:

Առաջին խմբի մյուս ենթախումբը նախկին ԽՍՀՄ-ի կամ նրա հետ ասոցիացված այսօրվա Ռուսաստանի կողմնակիցներն են: Այս խումբն ասում է' պետք է վերականգնել Խորհրդային Միությունը, եթե ոչ' պետք է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Այս ենթախմբի մի հատվածը ԲՀԿ-ի օգտին քվեարկողներն են, որովհետև այդ կուսակցությունը բավականին սերտ կապեր ունի Ռուսաստանի, իշխող«Եդինայա Ռոսիա» ուժի հետ, ինչպես նաև իրականացնում է ռուսական որոշ նախագծեր:

Քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողների մյուս ենթախումբը հայդատականներն են: Զարմանալի է, բայց խորհրդային տարիներին այս խումբը բավականին մեծ էր, սակայն այսօր ազգայնականների թիվը գնալով նվազում է, հետևաբար թուլանում են ՀՅԴ-ի դիրքերը:«Դա շատ լավ երևում է թվերով. 2007 թ. խորհրդարանական ընտրություններում նրանք ստացան 170000 ձայն, 2008-ի նախագահական ընտրություններում' 96000, իսկ Երևանի ավագանու ընտրություններում' 18000 ձայն»,- փաստում է փորձագետը:

Բավականին մեծ թիվ է կազմում իշխանությունների հակաընտրազանգվածը: Այս ենթախումբը հիմնականում ՀԱԿ-ի կողմնակիցներն են: Սակայն մեր երկրում առկա արտագաղթի պատճառով ենթախումբը գնալով փոքրանում է: Ի դեպ, իշխանություններին դեմ եղողների շրջանում կա մի հատված, որը դեմ է նաև ընդդիմությանը և կողմ է քվեարկում ԲՀԿ-ին:

Երկրորդ էլեկտորալ խումբը անհատական կողմնորոշմամբ քվեարկողներն են, որոնց համար կարևորը ոչ թե գաղափարն է, այլ մարդը, անհատը: Նրանց համար ամենևին էլ էական չէ, թե ինչ է ասվում, էական է, թե ով է ասում: Այս խմբի մեծ ենթախումբն այն մարդիկ են, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ«հրաշագործին» (սա գիտական տերմին է): Այս մարդկանց ենթագիտակցության մեջ կա այն գործչի կերպարը, ով կարող է փրկել երկիրը, տանել դեպի լուսավոր ապագա: Այդ կերպարն ասոցիացվում է խոշոր գործարարի, ղեկավարի հետ: Այս կերպարի կրողը Գագիկ Ծառուկյանն է: Նա է, որ խոշոր գործարար է, ուժեղ է, կարող է հարցեր լուծել, հավաքում է մեծ դահլիճներ և այլն:

Հաջորդ ենթախումբը կարծում է, որ երկիրը փոսից կարող է հանել միայն պայքարող և ուժեղ մարդը, ով դիմանում է իշխանության ճնշումներին: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածն է: ՀԱԿ առաջնորդի հետևից են գնում նաև ինտելեկտուալ գործիչ նախընտրողները: Բայց այս ենթախումբը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում բավականին փոքրաթիվ է: Անհատական կողմնորոշմամբ քվեարկողների խմբում կար մի ենթախումբ, որը գնում էր«ոՏՐպՓե-ի հետևից: Դա Արթուր Բաղդասարյանի նախկին ընտրազանգվածն է: Բայց երբ 2008-ին ՕԵԿ առաջնորդը դավաճանեց իր ընտրողներին, այս ընտրազանգվածը տարրալուծվեց մյուս խմբերի մեջ: Կա ևս մի ընտրախումբ, որը գնում է իշխանություններից տուժածի հետևից:«Նրանք գնացին այն մարդու հետևից, ում հեռուստաընկերությունը փակեցին: Նա մի երկու անգամ միտինգ արեց, բավականին շատ մարդ գնաց: Հետո տեսան, որ իշխանությունից տուժած չի, ու վերջ»,- մեկնաբանում է փորձագետը: Իսկ քանի որ անհատական կողմնորոշման ընտրազանգվածը, ի տարբերություն քաղաքական կողմնորոշման ընտրազանգվածի, թույլ կազմակերպված է, անմիջապես տարանջատվում և մտնում է երրորդ խմբի մեջ: Սա տատանվողների ընտրախումբն է:«Այ, թե ուր կգնան տատանվողները' ոչ ոք չի կարող ասել: Սա այլ սկզբունքներից է կախված»,- նշում է Ա. Բադալյանը:

Ի տարբերություն Լևոն Տեր- Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի' նախագահ Սերժ Սարգսյանն անհատական կողմնորոշման ընտրախմբում ընտրազանգված չունի: Այդ խմբում ընտրազանգված չունի նաև«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը' չնայած այն հանգամանքին, որ«Ժառանգությունը» լիդերային կուսակցություն է:

Վերոշարադրյալն ու մի շարք այլ ուսումնասիրություններ Արմեն Բադալյանին հիմք են տալիս կարծելու, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը կընթանա ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Ընդ որում' նրանցից առավել մեծ ներուժ ունեն ԲՀԿ-ն, նաև ՀԱԿ-ը, որոնք, սակայն, դեռ պետք է կարողանան գործի դնել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter