
Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը ոսկի են արդյունահանելու. նրանց շահը գերակա է
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:
ԱԺ նիստերին Տիգրան Արզաքանցյանը գրեթե չի մասնակացում, եւ եթե հայտնվում է Հայաստանում, նշանակում է' եկել է ինչ-որ գործարքի համար: Ապրիլին Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում էր, եւ երբ անցած շաբաթ Կառավարության ընդունած որոշումներից մեկից հայտնի դարձավ գործարքի մասին, պարզ դարձավ նաեւ Արզաքանցյանի' Հայաստան գալու շարժառիթը: Նա եկել էր, որպեսզի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Կառավարությունում ներկայացնի «գերակա շահի» հերթական փաթեթը:
Ըստ այդմ' 3,22 հա սեփական հողերի կատեգորիան պիտի փոխվի եւ, «բացառիկ' գերակա հանրային շահ» ճանաչելով, տրվի «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2011-ի մարտի 15-ին այդ ընկերությանը տվել է լեռնահատկացման ակտ 41,1 հա տարածքի համար: Սակայն նշված հողատարածքի սահմաններում 3,22 հա-ը սեփականության իրավունքով պատկանում է այլ սեփականատիրոջ, «ինչը խոչընդոտում է ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը»: Այդ խոչընդոտը Կառավարությունը պարտավոր էր վերացնել, եւ դրա համար «գերակա հանրային շահի» անցած շաբաթվա «հերոսներ» դարձան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Իսկ Կառավարության որոշման մեջ «գերակա հանրային շահը» հիմնավորվել է այսպես. «...Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է կատարել կապիտալ ներդրումներ շուրջ 6 մլն դոլարին համարժեք դրամի չափով: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 150 հազար տ հանքաքար, որի վերամշակման արդյունքում սպասվում է ստանալ 1100 կգ ոսկի, որի դիմաց կվճարվի մոտ 222,7 մլն դրամի չափով բնօգտագործման վճար, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված հարկեր եւ տուրքեր:
Բացի այդ, կապահովի նաեւ ՀՆԱ-ի աճ»: Ահա այդ հիմնավորումից եւս մի սրտաճմլիկ նախադասություն. «Հանքավայրի շահագործումը կնպաստի նաեւ Կոտայքի մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, բարձր վարձատրվող շուրջ 300-450 աշխատատեղերի ստեղծմանը եւ կմեղմացվի Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ դրան հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը»:
Հայաստանի տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտում որեւէ բան չի կարող փոխվել, քանի դեռ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, քանի դեռ Կառավարության որոշումներում հանրային գերակա շահը օգտագործվում է պատգամավորների կամ այլ պաշտոնյաների բիզնեսի բարգավաճման համար: Ոչ ոք Հովիկ Աբրահամյանին չի արգելում բիզնեսով զբաղվել, նրա բիզնես ոլորտներն անթիվ են, ունեցած ձեռնարկությունները' բազմազան, թող գնա եւ զբաղվի, բայց թող հեռանա Ազգային ժողովից: Տիգրան Արզաքանցյանը մեկ տասնյակից ավելի հանքային լիցենզիաներ ունի, կոնյակի գործարան' Ֆրանսիայում, այլ ձեռնարկություններ եւ իր ժամանակի մեծ մասն էլ անցկացնում է Ֆրանսիայում: Մոսկվայում հայտնի ծեծկռտուքից հետո Արզաքանցյանն այդ քաղաք գրեթե չի գնում: Անհասկանալի է, թե նրա ինչին է պետք պատգամավորի մանդատը, ի վերջո, բիզնես կարող է անել' վճարելով ում պետք է: Մնում է մտածել, որ նա ցանկանում է «փախցնել» նաեւ հարկատուներիս փողերը: «Կողքից եկած փող է, չի խանգարի»,- երեւի մտածում է գործարար պատգամավորը:
Եւ, բնականաբար, այս «գերակա հանրային շահը» պարզեցման կարիք ունի, ճիշտ կլինի' ամեն անգամ Կառավարության որոշումներում նշվեն պաշտոնները եւ անուն, ազգանունները: Ասենք' Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական շրջաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ եւ հատկացնել ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Աբրահամյանին, կամ Սյունիքի մարզի Քաջարանի տարածքը հատկացնել գործարար Մաքսիմ Հակոբյանին կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Մեղրաձորը' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ այսպես շարունակ: Սրանով ամեն ինչ կընկնի իր տեղը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել