HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Աշակե՞րտն է ստում, թե՞ ոստիկանությունն է թաքցնում

Օրերս վանաձորցի դեռահասների անհիմն վեճը վեր է ածվել պատահարի: Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոցում 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հարությունյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է համադասարանցի Հայկ Ղարագյոզյանի ոտքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք: Տուժող աշակերտի առողջությանը, բարեբախտաբար, վնաս չի պատճառվել:

Դեպքը տեղի է ունեցել դպրոցում` ֆիզկուլտուրայի դահլիճում, ֆիզկուլտուրայի դասին: Ուսուցչուհին այդ մասին հայտնել է դասղեկին, նա էլ` տնօրենին: Տնօրենն անմիջապես հաղորդում է ներկայացրել ոստիկանության անչափահասների տեսչություն: Մինչ իրավապահների գալը աշակերտները հասցրել են պահել դանակը:

Էրիկն ու Հայկը համադասարանցիներ են, ընկերներ: Իրենց ասելով էլ` արդեն հաշտվել են:

Ուսուցիչների համար դեպքն անսպասելի է եղել: Նրանց բնորոշմամբ` Էրիկն ըմբոստ է, «անկառավարելի պահեր ունի», բայց որ դանակ օգտագործեր, չեն պատկերացրել: Փորձում են գնահատել տեղի ունեցածը:

«Էրիկի հայրը այստեղ չԷ: Արտագնա աշխատանքի է: Տղա երեխային հայր է հարկավոր, հոր բացակայությունն է: Իրենց տարիքը`դեռահասության տարիքը, կայունանալու տարիք է, գուցե նաև դա է պատճառ դարձել, որ ինքը ընկերների մոտ ցույց տա, որ ես Էրիկն եմ, ծխում եմ, կարող եմ ձեռքիս դանակ ունենալ, ես կամ, գուցե ինքնությունը հաստատելու համար»,- ասում է դասղեկ Արմենուհի Քոչարյանը:

«Ուզում է մեծ երևալ, նրան հետաքրքիր չէ հասակակիցների հետ ընկերություն անելը: Ծխում է: Նաև դասարանի տղաներին էր սովորեցնում ծխել: Անընդհատ ուշադրության կենտրոնում էինք պահում նրան, որովհետև նման երևույթներ, ագրեսիվ վարքագիծ նկատում էինք: Փոքրիկ դեպքեր եղել են նախկինում. ինքը սիրում է նսեմացնի հասակակիցներին, հեղինակություն երևա դպրոցում, շրջապատում»,-շարունակում է դպրոցի տնօրեն Կարինե Աթոյանը:

Էրիկի` իր այս նկարագրած հոգեբանության համապատկերում էլ տնօրեն Կարինե Աթոյանը մանրամասնում է միջադեպի պատճառը. «Էրիկը 20 դրամը հատակին է նետել և ընկերոջը` Հայկին, ասել է վերցրու: Ընկերը չի վերցրել, նորից է ստիպել, որ վերցնի, ընկերը չի վերցրել: Այդ ընթացքում նա դանակով վնասվածք է հասցրել ընկերոջը»:

Էրիկն ու Հայկը այլ կերպ են ներկայացնում միջադեպը:

«Կատակ էինք անում իրար հետ: Պեչքը ուզում էինք վառեինք, որ տաքանայինք, ու 20 դրամ էր հարկավոր: 20 դրամ, որովհետև փոքր ա, դրանով պետք ա բացեինք վառարանի անցքը: Էրիկն ասավ` ով կարա 20 դրամ տա պեչքը վառելու համար: Ես տվեցի, դրեց գրպանը: Ասավ` էս քոնն էր Հայկ, ասի` հա: Հենց իմացա` իրան էլի ա գումար պետք, ասի կարամ 20 դրամ էլ տամ: Սխալ հասկացավ, իրեն թվաց` պատվին կպա... Չէ, չդանակահարեց… Չէր ուզում ոնց որ դանակահարեր, պատահական ստացվեց, էլի»,-պատմում է տուժող աշակերտը`Հայկ Ղարագյոզյանը:

«20 դրամ ուզեցի, որ վառարանը վառեմ, Հայկը տվեց 20 դրամ: Հետո մի ուրիշ 20 էլ դեպի ինձ գցեց… Վախեցնելու հըմար հանեցի դանակը, ծիծաղելով, ոնց որ հանաք, ասում էի խելոք մնա, բան: Չգիտեմ ոնց եղավ, բրդեցին, բան… ոտքը ծակեց: Արյուն տեսա: Վերքին թաշկինակ դրինք: Հետո դասատուն մտավ, դասի կեսից դուրս էր եկել: 10 րոպե էր դասամիջոցին մնում, կարայինք դասարանից հանեինք, տունն էլ մոտիկ ա, տանեինք, ոչ մեկ չիմանային: Մի քիչ վախեցի, ասեցի դասատուին: Ես ասեցի: Ինքն էլ կանչեց դասղեկին»,- պատմում է Էրիկը:

Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին` Անահիտ Կրմզյանը, ասում է, որ դեպքի պահին ինքը դասարանում է եղել, սակայն աշակերտների միջև վեճ-վիճաբանություն չլինելու պատճառով չի նկատել այդ պահը. «Ես էն պահին շրջվեցի, որ արդեն արյունը կար: Կնկատվեր վիճաբանությունը, եթե լիներ, չեն վիճել իրար հետ»:

Դպրոցում «Հետքին» հայտնեցին, որ հաճախակի «պրոֆիլակտիկ» ստուգումներ են կազմակերպվում դասարաններում, «ամեն օր չէ, բայց հաճախակի» ստուգում են աշակերտների գրպանները, պայուսակները: Տնօրեն Կարինե Աթոյանի խոսքով` դեպքից երկու օր առաջ էլ են նույն դասարանում ստուգում անցկացրել, բայց աշակերտների մոտ ոչինչ չեն հայտնաբերել: Այնինչ, Էրիկի ասելով, վերջին ստուգումը 2-3 ամիս առաջ է կատարվել:

«Դանակը մի ամիս առաջ եմ վերցրել: Առել եմ: Ֆանարիկով դանակ էր, բրելյոկ, 4 մատ չկար, ուղղակի սուր էր: Միշտ մոտս էր ըլնում: Դասի տանում էի: Անընդհատ չեն գալիս ստուգեն, մենք էլ ազատ պահում ենք»,-ասում է Էրիկը:

Հարցին` դասարանի մյուս տղաներն էլ ունեն դանակ, պատասխանում է. «Դե որ 2 դանակ ա եղել, ուրեմն ունեցել են»: Ապա պատմում է, որ նույն տեղից, որտեղ իր դանակն են պահած եղել, իրավապահները մի դանակ էլ են գտել: «Երկու դանակ են գտել էդ փոսի մեջ, այսինքն`էլի ունեցող է եղել, էլի»:

«Որ գնացել են ընդեղ բացել են, տեսել են 2 դանակ կա, էդ պարկետի արանքում: Ստիպել են, որ ասա`ում դանակն ա երկրորդը, եթե չէ, ուրեմն էդ էլ ա քոնը: Ինքն էլ գիտեր ումն էր, ստիպված ասել ա,- հաստատում է Էրիկի մայրը` Նոնա Ավագյանը և ավելացնում,- Էրիկի սխալը նա է, որ էդքան իմ զգուշացնելուց հետո, որ դանակը ձեռքին պահելու բան չի, կարողացել ա ձեռք բերի ու տանի դպրոց»:

Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Բարսեղ Մուրադյանը «Հետքին» փոխանցեց, որ դեպքի վայրի զննությամբ երկրորդ դանակ չի հայտնաբերվել: «Նյութերով նման բան չի երևում, որ երկրորդ դանակ է եղել: Տվյալ դեպքի առթիվ ներկայացվող նյութերով` դեպքի վայրից առգրավվել է 1 դանակ և ներկայացվել է քրեագիտական փորձաքննության»:

Քննիչը հայտնեց, որ նյութերի նախապատրաստմամբ զբաղվել է հետաքննական մարմինը. դրանք այնուհետև փոխանցելով քննչական բաժնին: Քննիչի տեղեկացմամբ` դեպքի վայրի զննությունը հետաքննիչի կողմից է կատարվել, որն էլ առգրավել է դանակը:

Նշենք, որ ոստիկանության Վանաձորի բաժնի նորանշանակ պետը մինչ այդ, դպրոցից երկրորդ դանակ հայտնաբերելու տեղեկատվությունը ճշգրտելու վերաբերյալ «Հետքին» ուղղորդել էր քննչական բաժին` ասելով, որ գործն ի սկզբանե ըստ ենթակայության քննչական բաժին է ուղարկվել`որպես անչափահասների հետ կապված դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter