Ի՞նչ գին ենք վճարում կրթություն ստանալու համար. Արմավիրի Արվեստի պետական քոլեջ
«Սովորել, սովորել և կրկին սովորել».- պնդում են բոլորը, իսկ մենք` Արմավիր քաղաքի Արվեստի պետական քոլեջի ուսումնարանի ուսանողներս, ջանասիրաբար հետևում ենք այդ խորհրդին:
Սակայն ի՞նչ գին ենք վճարում մենք կրթություն ստանալու, մասնագիտություն ձեռք բերելու համար: Այս հրամայական հարցին հետևում է ուսումնարանի ներկա` գրեթե ծիծաղելի վիճակը:
Երբ շենքի ջեռուցման համար նախատեսված փայտը գնում են ուսանողները, իրենց իսկ ձեռքով ջարդում ու 21-րդ դարում ուսանողի կողմից նույնիսկ այսքան զավեշտալի զոհողությունների արդյունքում փայտը չի բավականացնում, որի պատճառով ուսումնարանի առաքելությունը մնում է անկատար, այսինքն` դասաժամերը ոչ օբյեկտիվ պատճառներով կրճատվում են: Այս փաստը կարելի է որակել որպես կրթություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում:
Սակայն դրանով չեն վերջանում ուսանողների խնդիրները. նրանց գլխին նոր ամպեր են կուտակվում, քանի որ ինչ-ինչ պատճառներով գուցե փետրվար ամսին ուսումնական գործընթացը դադարի ու վերսկսվի միայն մարտ ամսից:
Իսկ կրթաթոշակների անհիմն պահումները, որոնք կատարվում են առանց որևէ լուրջ փաստարկի, փաստաթղթի ու հիմնավորման, պարզապես ջախջախում են ուսանողների բոլոր իրավունքները:
Ես, լինելով քոլեջի ուսանող, նույնպես դժգոհ եմ, քանի որ, լինելով երկրորդ կարգի հաշմանդամ, չեմ կարող մնալ ցուրտ լսարանում ու նկարել: Այսպիսով, ստիպված չեմ հաճախում դասերին ու, հետ ընկնելով բոլորից, ցածր եմ գնահատվում: Հետևաբար, ես չեմ կարող դառնալ լավ մասնագետ:
Այսպիսով, ներկա իրավիճակը հետևյալն է. ուսանողները, չներկայանալով դասերին, մեխանիկորեն իրենց իսկ գնահատականերն են որոշում, քանի որ ցուրտ լսարաններում չեն կարողանում նկարել, որին էլ հետևում է ցածր գնահատականը:
Պետության հիմքը ուսյալ ու կիրթ սերունդն է, իսկ կրթական հաստատությունների որդեգրած նման գործելաոճը, անլուրջ վերաբերմունք ստանձնած պարտականություններին ու անբարեխիղճ վերաբերմունքը ուսանողների նկատմամբ, հույսեր չի ներշնչում կրթված սերունդ ունենալու համար:
Մերի Միհամյան՝ քաղաքացիական լրագրող
Արմավիր ԻնֆոՏուն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել