HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ Բրանկոն Հայաստանում է

Հունվարի 23-ից 24-ը աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնել է խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր են փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Գեներալ Կ. Բրանկոն ծանոթացման այցով գտնվել է նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես է եկել Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter