Լքված աղբյուրի էֆեկտը, կամ վստահության ճգնաժամ
Ապրիլի 28-ի հանրահավաքին հաջորդած չկայացած նստացույցի նախաձեռնությունը ցույց տվեց, որ հասարակությունը շատ ավելի ռադիկալ է տրամադրված քաղաքական խնդիրների առաջադրման եւ լուծման հարցում, քան բոլոր ընդդիմադիր ուժերը:
Եվ վերջիններիցս որեւէ մեկն այսօր պատրաստ չէ ամբողջությամբ բավարարելու հասարակական իրական պահանջները: Արդյունքում, հզոր քաղաքական գործոն լինելով հանդերձ, հասարակությունը շարունակում է օտարված մնալ քաղաքական օրակարգի ձեւավորման պրոցեսից եւ լինել օբյեկտի' իրեն թելադրված կարգավիճակում:
Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին ամենալուրջ քայլը կատարեց հասարակական ակնկալիքները քաղաքականացնելու հարցում' դրանք ինչ-որ չափով ամփոփելով իշխանությանն առաջադրված 15 պահանջների շրջանակներում: Հայ ազգային կոնգրեսի' դրան հաջորդած երկու հանրահավաքների մարդաշատությունը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Ի դեմս ՀԱԿ-ի' հասարակությունը վերջապես, երկար դադարից հետո, սկսեց տեսնել մի ուժի, որը խոսում է իր խնդիրների, իր ցավերի մասին, եւ փաստացի միակ ուժն էր, որն ի զորու է իրավիճակ փոխել: Բայց մարտի 17-ի հանրահավաքում այդ պահանջներից առանձնացնելով առաջնահերթորեն կատարման ենթակա երեքը' Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ նաեւ իրենք պատրաստ չեն հասարակությանն ընկալելու իբրեւ քաղաքականության սուբյեկտ:
Եթե հանրահավաքներն իսկապես հասարակական ֆորումի նշանակություն ունենային, ինչը հասարակության այդ կարգավիճակն ամրագրելու լավագույն ձեւերից մեկն էր, Տեր-Պետրոսյանը պետք է որոշումներ ընդուներ ոչ թե շախմատային, այլ «հիմա, հիմա»-ի տրամաբանությամբ:
Խնդիրն այստեղ այն չէ, թե Տեր-Պետրոսյանը պարտավոր էր առաջնորդվել հասարակության տարերային այդ տրամադրություններով: Շատ հաճախ, հատկապես, երբ հանրահավաքների եկող զանգվածի մեջ որոշակի որակ է կազմում լյումպենը, մեծամասնության կայացրած որոշումը կարող է թե ռազմավարական եւ թե մարտավարական առումով սխալ լինել ու հանգեցնել անվերադարձ կորուստների թե առաջնորդող ուժի, թե հասարակության համար: Բայց զանգվածներին ապավինած ուժն առնվազն պարտավոր էր առաջարկել նրա խնդիրները լուծելու այնպիսի այլընտրանքային տարբերակներ, որոնք անորոշությունների ու կասկածների տեղիք չէին տա:
ՀԱԿ-ի որդեգրած կուրսը հարցականներ չէր առաջացնի, եթե Կոնգրեսը բացատրեր, թե ինչ է անելու մյուս պահանջների հետ: Արտաքուստ դրանք դեռեւս մնում են օրակարգում, եւ, ըստ տրամաբանության ու Տեր-Պետրոսյանի հավաստիացումների, այս առաջնահերթ երեք պահանջների կատարմանը հաջորդելու է նաեւ մյուսների պարտադրումը իշխանությանը: Բայց հասարակությունը չի տեսնում, թե ինչ մեխանիզմներով է դա անելու այն ընդդիմությունը, որը նախընտրել է գնալ երկխոսության ճանապարհով եւ միաժամանակ հայտարարում է, թե այդ երեք պահանջների կատարմանը հաջորդող երկխոսությունը վերաբերելու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը: Եթե ՀԱԿ-ը արտահերթ ընտրություններն է համարում երկրում առաջացած լրջագույն խնդիրների լուծման բանալին, ապա ինչու՞ ի սկզբանե արտահերթ ընտրությունների գնալու պահանջը չդրվեց իշխանության առջեւ, որը նաեւ համապատասխանում էր հանրային ակնկալիքներին: Երկրորդ' Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե երեք պահանջներն առանձնացնում են, որովհետեւ ակնհայտ է, որ առանց դրանք կատարելու' իշխանությունը չի գնալու մյուս 12-ի բավարարմանը: Բայց նա այդպես էլ չբացատրեց' ինչու. պնդումնեից բացի, որեւէ հիմնավորում չներկայացվեց:
Խնդիրն այն է, որ հասարակության ակնկալած փոփոխությունների կատարումն այսօր իշխանության համար շատ ավելի բարդ է, քան այն երեք պահանջները, որոնք առաջադրեց ՀԱԿ-ը, եւ որոնք շատ արագ իշխանությունը կատարեց: Որովհետեւ հասարակությունն ակնկալում է արդարության վերականգնում, քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում եւ այլն, այսինքն' այնպիսի քայլեր, որոնք անմիջապես հարվածում են համակարգի օրգանիզմին: Դրանք կենսական նշանակության քայլեր են, որոնք առանց արտաքին հզորագույն ճնշումների իշխանությունը երբեւէ ոչ ցանկանալու ու ոչ էլ կարողանալու է կատարել: Եթե հասարակությունը համոզված լիներ, որ երկխոսության օրակարգում հենց այս խնդիրներն են, ապա Տեր-Պետրոսյանի շախմատային մարտավարությունը երբեք անվստահություն չէր ներշնչի: Մինչդեռ արտահերթ ընտրությունների պահանջը շատ ավելի հիշեցնում է իշխանության գալու տրիվյալ, մեխանիկական գործողություն:
Հասարակությանը բացարձակապես չի հետաքրքրում' ովքեր կգան իշխանության, կփոխվի՞ այս իշխանությունը, թե՞ ոչ. նրա համար էական է իր կյանքի բարելավումը ցանկացած ճանապարհով: Հատկապես, որ հարկադրված է ընտրություն կատարել ոչ թե լավի ու վատի, այլ վատի եւ վատագույնի, անորոշությամբ առլեցուն ներկայի եւ գորշ անցյալի միջեւ: Տեր-Պետրոսյանն ընկալվում է ոչ թե որպես Սերժ Սարգսյանի իրական այլընտրանք, այլ ընդամենը միջոց' ստեղծված իրավիճակից դուրս գալու, օլիգարխիայի ու կոռումպացված կառավարման համակարգի պատադրած խաղի կանոնները փոխելու համար:
Հենց այս համատեքստում է, որ ընթացող իշխանություն-ընդդիմություն նախնական երկխոսությունը կամ դրան ուղղված փոխադարձ ուղերձների հղումը բացարձակապես հավատ չի ներշնչում: Եվ ոչ թե այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանը «վաճառվել է» կամ նման ինչ-որ բան, այլ որ ՀԱԿ-ի ընտրած մարտավարությունը չի խոստանում հանգեցնել ակնկալվող արդյունքին: ՀԱԿ-ն էր հասարակական այդ սպասելիքները գեներացնողը: Երեք պահանջներն առանձնացնելով' նա իշխանությանը հնարավորություն տվեց շատ արագ դրանք կատարել: Եվ համագործակցության առաջարկ հնչեցնելով' իշխանությունը անուղղակիորեն փորձում է հասկացնել, թե կատարել է հենց հասարակության պահանջները եւ հակառակ թեւից ճնշումների թուլացում է ակնկալում: Սա իրական թակարդ էր Կոնգրեսի համար, եւ բացի ժամանակավոր հաղթանակից' ոչինչ ավելի չշահեց ոչ իր եւ ոչ էլ այն հասարակության համար, որի անունից հանդես գալու իրավունք էր իրեն վերապահել: Եթե հիմա Կոնգրեսն ավելի կոշտացնի դիրքորոշումներն ու պնդի մյուս պահանջների կատարումը, իշխանությանը հնարավորություն է տալու շատ դանդաղորեն առաջ շարժվելով, փաստացի ժամանակ ձգձգելով' գործընթացները հասցնել հերթական ընտրություններին: Գուցե ինչ-որ փոքրիկ, երկրորդական նշանակության փոփոխություններ տեղի ունենան հանրային կյանքում, բայց դա բավարար չի լինելու: ՀԱԿ-ն էլ այդ ընթացքում կարող է սպառել վստահության վերջին ռեսուրսները: Իսկ արտահերթ ընտրությունների պահանջ դնելը միանշանակ մեկնաբանվելու է մի կողմից որպես ապակառուցողականության եւ անհետեւողականության, իսկ մյուս կողմից' իշխանության գալու պարզագույն ցանկությունների դրսեւորում:
Սակայն իրավիճակի ողջ առանձնահատկությունն այն է, որ հրապարակում չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որն ի զորու կլիներ հանդես գալ իբրեւ ՀԱԿ-ի այլընտրանք եւ որպես քաղաքական գործոն իր վրա կվերցներ աստիճանաբար մարգինալացվող հասարակական այդ պահանջներն առաջնորդողի գործառույթը: Հասարակությունն իր խնդիրներով դարձյալ հայտնվել է սառնորակ աղբյուրի դերում, որից իրենց ծարավը հագեցնում են բոլորը, բայց ոչ ոք դրա խնամքի մասին չի մտածում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել