HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Թե ինչից է վիրավորվել Փարավոն Միրզոյանը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ֆարաոն Միրզոյանի (կամ` Փարավոն Միրզոյան)՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները հատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի («Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության և Սերգեյ Գասպարյանի):

Հիշեցնենք, որ հայցվորն իր հայցադիմումում հայտնել է, որ 2010 թվականի ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ է գտել Կարինե Աշուղյանի հեղինակությամբ «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը, և դրանում առկա տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ակնհայտ սուտ են և միտված են արատավորելու հայցվորի բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը։ Ըստ հայցվորի՝ հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ արտահայտությունները իրեն ուղղված զրպարտություն կամ վիրավորանք են.

1. «Բավական է հիշել «Հայապակի» ՓԲԸ-ից ապակեգործ Սերգեյ Գասպարյանի՝ Ազգային պատկերասրահին ի պահ տրված մոտ 800 աշխատանքների յուրացման և վաճառելու պատմությունը»։

2. «Իսկապես, գուցե կրթության և գիտության նախարարը ծերունազարդ ապակեգործ Սերգեյ Գասպարյանի ստեղծագործությունները յուրացնելու և վաճառելու գործում ունեցած վաստակի և ավանդի համար է որոշել Փարավոնին այսպես շնորհակալագիր տալ»։

3. «Բայց պետք է խոստովանել, որ անգամ ամեն ինչ տեսած հայ հասարակության համար է աննախադեպ արվեստագետի կողմից արվեստագետին օրը ցերեկով անպատիժ կողոպտելը, և Փարավոնը բոլոր հիմքերն ուներ՝ փարավոնավայել պարգև ակնկալելու»։

4. «Գասպարյանը բաց նամակով դիմել էր բոլոր հնարավոր ատյաններին՝ Փարավոնին մեղադրելով իր ստեղծագործությունների ցուցադրությունը միտումնավոր ձգձգելու, դրանց կեսը յուրացնելու և «Գլաս ուորլդ քամփընի» ընկերության սեփականատեր Ա. Քոչարյանին վաճառելու մեջ»։

5. «Բաց նամակներից մեկում Գասպարյանը Փարավոնի մասին գրել է. «Միրզոյանը հոշոտել, թալանել է թանգարանը... Ես նրա պորտրետը նկարելու եմ ու վրան գրելու եմ՝ աշխարհի ամենամեծ սրիկան...»»։

Աջից՝ փաստաբան Սիմոն Բաբայան Դատավոր Էդիկ Ավետիսյան

Փարաոն Միրզոյանը «Չորրորդ ինքնիշխանությունից» պահանջում է հօգուտ իրեն զրպարտության համար բռնագանձել 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ և 300 000 դրամ` որպես խախտված իրավունքների պաշտպանության համար վճարված փաստաբանի վարձատրություն, ինչպես նաև 60 000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում։ 

«Չորրորդ ինքնիշխանությունը»-ը հայցադիմումի պատասխանում նշել է, որ հայցվոր Ֆարավոն Միրզոյանի դիրքորոշումը և պահանջն ընդհանրապես հակասում են մի շարք միջազգային, ներպետական իրավական ակտերի պահանջներին և ՄԻԵԴ-ի վճիռներում  Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումներին։ Հոդվածում հղում է պարունակվում «Հետք» ինտերնետային լրատվական միջոցին և այդ նույն լրատվամիջոցում հրապարակված Սերգեյ Գասպարյանի հարցազրույցներին, ավելին, դրանցից կատարված են բառացի մեջբերումներ («Հետք», 08.11.2010թ., 20.12.2010թ. հրապարակված հոդվածներ)։ Վերոհիշյալ լրատվամիջոցում այդ հոդվածների հրապարակումից հետո հայցվորը, հավանաբար դրանք զրպարտություն և վիրավորանք չհամարելով, չի դիմել հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով, և այդ փաստը հաշվի առնելով՝ պատասխանողն իրավունք է ունեցել համարելու, որ այդ տեղեկություններն իրավացի են և միանգամայն օրինականորեն օգտագործել է դրանք իր հոդվածում՝ հղում կատարելով տեղեկատվության աղբյուրի վրա և միաժամանակ անելով իր գնահատողական դատողությունները, որոնք ապացուցման կարիք չունեն։

Նշելով, որ հայցն ակնհայտ անհիմն է՝ պատասխանողը խնդրել է դատարանին այն մերժել ամբողջությամբ։

Այսօրվա նիստին ներկա չէր որպես պատասխանող ընդգրկված Սերգեյ Գասպարյանը, չնայած պատշաճ ծանուցված էր նիստի մասին: Այնուամենայնիվ, նիստը շարունակվեց նրա բացակայությամբ: Նիստին ներկա պատասխանող «Չորրորդ ինքնիշխանության» ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը դատարանին տեղեկացրեց, որ լրագրողը կարարել է գնահատողական դատողություն և հերքեց հայցվորի այն դիրքորոշումը, որ թերթը վիրավորել և զրպարտել է Ֆ. Միրզոյանին: Հայցվորի ներկայացուցիչ Ս. Բաբայանը շարունակեց պնդել, որ թերթը, չնայած այլ լրատվամիջոցից է վերցրել իր վստահորդի մասին արված ինֆորմացիան, սակայն փոփոխել է այն, ինչի հետևանքով էլ զրպարտել և վիրավորել է իր վստահորդին:

Դատավոր Է.Ավետիսյանի նախագահությամբ կողմերի միջև բաժանվեց ապացուցման բեռը հետևյալ հաջորդականությամբ. հայցվորը պետք է ապացուցի, որ իրեն վիրավորել են, իսկ պատասխանողներ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի և Սերգեյ Գասպարյանի վրա դրվեց զրպարտության մասով ապացուցման բեռը:

Հերթական նիստի մասին կողմերը գրավոր կծանուցվեն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

ara
Հարգելի Հետք, շատ կուզենայինք նորից գրվեր այն մասին, թե ինչ? եղավ Հրազդանի պատկերասրահի պատմությունը, արդյոք այդ պատմությունը փակվել է?: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը չի կարողանում արդյոք? որևէ քայլ կատարել գողունը ետ բերելու ուղղությամբ: Իր տնից նկարներ են գողացվել ու ոչինչ չի ?անում: Թե Հրազդանը իր տունը չի? այլ` պերճանքի արոտավայր է, իր մարզպետի հետ միասին: Դե լավ է էլի` հրազդանցին ստեղծի, իսկ դրսից ինչ-որ մեկը գա թալանի տանի......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter