HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ արժե պատգամավորի մեկ օրը

Կոպիտ հաշվարկներով` Ազգային ժողովի պատգամավորի վրա որպես աշխատավարձ պետական բյուջեից ծախսվում է օրական 10500 դրամ, ամսական կտրվածքով` 315000 դրամ (300 հազ. դրամ աշխատավարձ + 15 հազ. դրամ պատգամավորի գործունեության գումար եւ հարկեր):

«Հետքը» հարցում էր ուղարկել Ազգային ժողով` պարզելու, թե հատկապես գործարար պատգամավորները քանի անհարգելի բացակա ունեն եւ ինչ պատճառաբանությամբ նիստերին չեն մասնակցում:

Ստացած պատասխանը զարմանալի չէր, քանի որ տարվա ընթացքում առիթից առիթ աշխատանքի եկող պատգամավորների գերակշիռ մասի բացակայությունները հարգելի են ճանաչվել: Նրանք ԱԺ աշխատակազմին տեղեկանքներ են ներկայացրել, որ իրենք այդ ընթացքում առողջական խնդիրների հետ կապված անաշխատունակ են եղել, կամ էլ ներկայացրել են այլ գրություններ:

Մեր հարցման պատասխանը ստանալու օրը Facebook-ի իր էջում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, թե պատգամավորների անհարգելի բացակայություններին խիստ բացասական է վերաբերվում: «Ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Առաջին արձագանքը չուշացավ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «խորհուրդ տվեց» ԱԺ նախագահին իրեն չպատժել: «Ընդհանրապես խորհուրդ չեմ տա, քանի որ ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»,- ասել է Ռ. Հայրապետյանը: Ի դեպ, ԱԺ 4-րդ գումարման 8-րդ նստաշրջանի ընթացքում (2010 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր) ԱԺ ում անցկացվել է 183 քվեարկություն: Այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը ոչ մի քվեարկության չի մասնակցել եւ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: 2011 թ. փետրվարին եղել է 64, իսկ մարտին` 43 քվեարկություն, պատգամավորը դարձյալ ոչ մի քվեարկության չի մասնակցել, եւ նրա բացակայությունները համարվել են հարգելի:

Մինչդեռ այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ակտիվ մասնակցել է Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: Օրինակ` երբ փետրվարի 7-ին ԱԺ-ում մեկնարկում էր գարնանային նստաշրջանը, Ռ. Հայրապետյանը ՀՖՖ-ում գործկոմի նիստ էր անցկացնում:

8-րդ նստաշրջանի թվով 172 քվեարկության չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Նա հարգելի բացակայությամբ 64 քվեարկության չի մասնակցել փետրվար, 43 քվեարկության էլ` մարտ ամիսներին: Նշենք, որ գործարար պատգամավորների թվում Գագիկ Ծառուկյանը միակն է, որ ԱԺ աշխատակազմին բժշկական տեղեկանքի փոխարեն ներկայացրել է միայն գրություն:

Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գրությունները պատգամավորը ներկայացրել է գործուղումների մեկնելիս: Ըստ մամուլի քարտուղարի` այդ ընթացքում Գ. Ծառուկյանը մի քանի անգամ Ազգային ժողով գնացել է, սակայն հնարավոր է, որ քվեարկություններին չի մասնակցել: «Պարոն Ծառուկյանը մեծամասամբ գործուղումների մեջ է, անընդհատ դրսում է եղել: Առողջական պատճառով բացակայություններ չունի, Ազգային ժողովի հաշվին գործուղումների չի գնացել: Գործուղումները հիմնականում կապված են եղել կուսակցական գործունեության եւ որպես օլիմպիական կոմիտեի նախագահ լինելու հետ»,- ավելացրեց Խ. Գալստյանը:

Իսկ Գ. Ծառուկյանի խնամին` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը, 8-րդ նստաշրջանի ընթացքում բացակայել է 28, փետրվարին` 50, իսկ մարտին` 43 քվեարկություններից: Բոլոր բացակայություններն անհարգելի են: Դա նշանակում է, որ Մուրադ Գուլոյանը 8-րդ նստաշրջանի ժամանակ 14 անգամ չի գրանցվել, այսինքն` չի եկել աշխատանքի, բայց այդ օրերի համար ստացել է 147000 դրամ աշխատավարձ (14*10500 դրամ), իսկ փետրվար-մարտ ամիսներին չի գրանցվել 46 անգամ եւ ստացել է 483000 դրամ:

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք պատգամավորի օգնականին` Լուսինեին: Նա փոխանցեց, թե ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել. «Երբ պատգամավորն այստեղ լինի, իրենից էլ հարցրեք»,- խորհուրդ տվեց Մ. Գուլոյանի օգնականը:

8-րդ նստաշրջանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը չի մասնակցել 169 քվեարկության, որից 108-ը` հարգելի: Փետրվարին տիկին Պետրոսյանը բացակայել է 64 քվեարկությունից` 50-ը հարգելի, իսկ մարտի 43 բաց թողած քվեարկությունից հարգելի է եղել միայն 23-ը:

Ա. Պետրոսյանի օգնականը` Կարինե Բաբայանը, փոխանցեց, որ տիկին Պետրոսյանն ամեն քառօրյայից եւ հանձնաժողովի նիստերից առաջ ԱԺ նախագահին ներկայացնում է բժշկական տեղեկանք` կից նամակով, որ իր բացակայությունները հարգելի համարեն: «Նա բժշկական խիստ հսկողության տակ է, քանի որ վատառողջ է: Տիկին Ալվարդն արյան ճնշման եւ այլ առողջական խնդիրներ ունի: Խիստ հսկողության տակ է: Հիմա տան պայմաններում է բուժվում, բայց հնարավոր է` հիվանդանոց տեղափոխվի»,- նշեց Կ. Բաբայանը:

Առողջական լուրջ խնդիրներ ունի նաեւ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Պետրոսյանը: Այդպես ասաց նրա օգնականը` Մառան: «Արդեն 3 ամսից ավելի է` սիստեմայի տակ է, եւ վիճակն էլ վատ է»,- ասաց օգնականը: Խ. Պետրոսյանը բուժումը ստանում է Հայաստանում: Նրա օգնականին դուր չեկավ, երբ սկսեցինք հարցնել անհարգելի բացակայությունների մասին: «Բոլորի՞ն եք այսպես հարցաքննում: Ձեզ ասում եմ, որ հիվանդ է: Պատգամավորը մարդ չի՞, հիվանդանալու իրավունք չունի՞: Ձեզ նման բաները չպիտի հետաքրքրեն, եթե հիվանդ է, պիտի գրեք, որ հիվանդ է: Ես չեմ փորձում ձեզ խաբել, հավատացեք իմ ասածին: Եթե ձեզ այդքան անհրաժեշտ է, կարող եմ բերել եւ հիվանդության թղթերը ձեզ ցույց տալ»,- ավելացրեց Մառան:

Խ. Պետրոսյանը 2010 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին չի մասնակցել 138 քվեարկության, որից միայն 52-ն է եղել հարգելի: Այդ ժամանակ պատգամավորը ներկայացրել է ոչ թե անաշխատունակության թերթիկ, այլ գրություն: Այս տարվա փետրվարին բացակայել է 33, իսկ մարտին` 35 քվեարկությունից, բոլորն էլ` անհարգելի: Ստացվում է` Խ. Պետրոսյանը անհարգելի պատճառներով աշխատանքի չգալով` սեպտեմբեր-մարտ ամիսների համար ստացել է մոտ 800 հազ. դրամ աշխատավարձ:

Տիգրան Արզաքանցյանը եւս դասվում է ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների թվին: Նա այժմ գտնվում է Ֆրանսիայում: ԱԺ-ում նրա օգնականը` Հովիկ Մկրտչյանը, ասաց, որ Տիգրան Արզաքանցյանը երկար ժամանակ է` առողջական խնդիրներ ունի, իր հիշելով` մոտ 1.5 տարի: «Ես ամբողջությամբ չեմ տիրապետում պարոն Արզաքանցյանի առողջական խնդիրներին, բայց ինչքանով գիտեմ, խնդիրը ձեռքի մկանի հետ է կապված»,- ասում է Հ. Մկրտչյանը: Տ. Արզաքանցյանը ոչ մի քվեարկության չի մասնակցել 8-րդ նստաշրջանի ժամանակ (թվով 183): Նրա բոլոր բացակայությունները համարվել են հարգելի, քանի որ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: 64 անհարգելի բացակա ունի փետրվար, եւ 43` մարտ ամիսներին: Այդ օրերի համար պատգամավորը ստացել է մոտ 500 հազար դրամ աշխատավարձ: Տ. Արզաքանցյանի օգնականից հետաքրքրվեցինք` անհարգելի բացակայությունների ժամանակ պատգամավորն արդյո՞ք աշխատավարձ է ստացել: Օգնականն ասաց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում:

«Պատգամավորներն իրենց աշխատավարձը ստանում են բանկային քարտով, իսկ օգնականն ընդհանրապես լիազորված չէ տեղյակ լինել` նա աշխատավարձ ստացե՞լ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա բացակայությունների համար պատգամավորը տեղեկանքները ներկայացնում է նստաշրջանի ավարտից հետո: Այնպես որ, գարնանային նստաշրջանը դեռ չի ավարտվել, եւ հունիսին, եթե հարգելի պատճառներով է բացակայել, անպայման տեղեկանք կներկայացնենք»,- ավելացրեց Հ. Մկրտչյանը:

Մյուս պատգամավորների բացակայություններին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

ananun
այսքան հիվանդ պատգամավոր ունենք փաստորեն, չեմ հասկանում կուսակցություններում առողջ մարդ չի մնացել: Քիչ քյաբաբ կերեք, շատ սպորտով զբաղվեք, հարգելի պոնչիկացած պատգամավորներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter