HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան 106/1. «Վերադասի բանավոր հանձնարարությամբ… »

Այսօր առավոտյան «Ավագ Շին» ընկերության ներկայացուցիչները ծանր տեխնիկայի ուղեկցությամբ անսպասելիորեն ներխուժեցին Նալբանդյան 106/1 ներբակային տարածք՝ նախատեսվող «էլիտար» շինարարությանը խանգարող կենսունակ ծառերն արմատախիլ անելու և տեղափոխելու նպատակով:

Չնայած մեկ ամիս առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր դադարեցնել տարածքում իրականացվող աշխատանքները՝ այսօր «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները կրկին հանդես եկան անսպասելի ակտիվությամբ, ինչը բազմաթիվ ահազանգերի տեղիք տվեց: 

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի բնապահպանության վարչությունը, (որտեղ, ինչպես հետագայում պարզվեց, տեղյակ էին այդ նախաձեռնությանը) իր գործողություններով փորձում էր հակասել իր իսկ կողմից 16.12.2011թ տրված պաշտոնական N17/46674հ գրությանը, համաձայն որի, ինչպես տեղեկացվել էր նաև «Ավագ Շին» ՍՊԸ տնօրեն Լ. Մովսեսյանին, Նալբանդյան 106/1-ում «շինարարական աշխատանքներին խոչընդոտող թվով 14 ծառերը կենսունակ են», իսկ դրանց տեղափոխումը համարվում է «ոչ նպատակահարմար, քանզի դրանց կպչողականությունը երաշխավորված չէ»:

Բնակիչների և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի ստուգայցի ժամանակ պարզվեց, որ գործողությունները բացարձակապես անհիմն են: Ավելին, դրանք հակասում են կառուցապատողի և բնակիչների միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, ինչպես նաև տարածքի խնդիրները քննելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացությանը՝ տարածքի ծառերի տեղափոխման առնչությամբ: 

Եթե հաշվի առնենք, որ տարածքի ծառերի նկատմամբ կառուցապատողի վերջին ոտնձգությունն ուղիղ մեկ ամիս առաջ է եղել, ապա կարելի է նաեւ ենթադրել, որ այսօրվա քայլով փորձ էր արվում պահել ոտնձգությունների պարբերականությունը: Ինչպես և սպասվում էր, ծառերը արմատախիլ անելու նախաձեռնությունը «հարամ անող» բնակիչների և աշխատողների միջև լեզվակռիվ սկսվեց, սակայն դրանով չստացվեց որևէ միջադեպ հրահրել իրենց կենսամիջավայրը պաշտպանող բնակիչների շրջանում: Շուտով շինարարական տեխնիկան հեռացվեց, իսկ տարածքը մնաց փակի տակ: 

Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ նման գործելակերպը ոչ միայն վնասում է բնակիչների և մյուս կողմից քաղաքային իշխանությունների ու կառուցապատողի միջև ծավալված բնականոն երկխոսությանը, այլև լրացուցիչ լարվածություն առաջացնում: Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջել, որպեսզի նա կատարի իր՝ մոտ մեկ ամիս առաջ տված խոստումը և առաջիկա օրերին հանդիպում կազմակերպի բնակիչների և «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներդրողի հետ, որպեսզի կողմերի համատեղ համաձայնությամբ հաստատվի նշված տարածքում իրականացվելիք ծրագիրը: Ըստ Անահիտ Բախշյանի՝ պատկան մարմինների հետ նախկին պայմանավորվածության համաձայն, միայն այս դեպքում ընկերությունը կարող է ստանալ շինարարության թույլտվություն: 

Փորձելով պարզել, թե, ի վերջո, արդյոք մի ձեռքը տեղյա՞կ է, թե ինչ է անում մյուսը, տարածքի բնակիչների կողմից լիազորված փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը զանգահարեց Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի բնապահպանության վարչություն: Վարչության աշխատակիցներից Դիանան, ով, իր ասելով, ներկա է գտնվել դեպքի վայրում, նշել է, որ տարածքում բնապահպանական փորձաքննություն չի իրականացվել, սակայն այսօրվա գործողությունների առնչությամբ տրված է եղել բանավոր հանձնարարություն, համաձայն որի՝ իրենք եկել էին տեղափոխելու տարածքի մի քանի ծառեր:

Շրջակա շենքերի բնակիչների ընդվզումը և համառ դիմադրությունը Դիանան մեկնաբանեց նրանով, որ իբր բնակիչների համար անսովոր է եղել նման ծանր տեխնիկայի մուտքը Նալբանդյան 106/1 ներբակային տարածք: Սա առնվազն ծիծաղելի է, եթե հաշվի առնենք, որ բնակիչները անցած մեկ տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամն է, որ սեփական նախաձեռնությամբ դեմ են դուրս գալիս իրենց բակում իրականացվող անօրինական գործողություններին և կառուցապատող ընկերությունից պահանջում դուրս բերել շինարարական տեխնիկան:

Ինչ վերաբերում է «վերադասի բանավոր հանձնարարությանը», ապա հետաքրքիր է, թե ով է եղել այդ վերադասը և ինչու՞ համապատասխան հանձնարարությունը (եթե ենթադրենք, որ այն օրինական էր), չէր տրամադրվել գրավոր կարգով: 

Միաժամանակ հարկ է նշել, որ հանրային կառույցների զգոնությունը նման կերպով շահագործելու և այս կամ այն կառուցապատողի կամ չինովնիկի անհիմն գործողությունները վերահսկելու բեռը հասարակության ուսերին բարդելու գործելակերպը բացարձակապես անընդունելի է:

Հասարակությունը՝ ի դեմս հանրային քաղաքացիական նախաձեռնությունների, իհարկե, կարող է նվիրվել այդ գործին և փաստացիորեն շարունակաբար վերահսկիչի կամ տեսուչի գործառույթ իրականացնել, սակայն այդ պարագայում ՀՀ-ում գործող մի շարք վերահսկիչ կառույցներ պետք է ուղղակի վայր դնեն իրենց պարտավորությունները և դադարեն սպառել պետբյուջեի ռեսուրսները: 

Այս, ինչպես նաև կառուցապատման մյուս թեժ կետերում հանրությունն այսօր ակնկալում է հաշվետվականության և թափանցիկության ավելի ընդգծված դրսևորում: Մինչդեռ անհայտ բանավոր հանձնարարություններով առաջ շարժվելը քաղաքաշինության ոլորտում կհանգեցնի միայն սանձարձակության և ամենաթողության: 

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter