
Արտակ Նազարյանի գործով հաջորդ նիստը` հունվարի 31-ին
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում վերսկսվեց Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը:
Նախկինում սույն գործով դատարանը արտագնա նիստեր էր անցկացնում Երեւանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Տավուշի մարզկենտրոնում անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել դատարանի նոր շենքը, եւ նիստը կայացավ նորակառույցում:
Նիստից բացակայում էին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանը, Ռուբեն Մարտիրոսյանը, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լեւոն Պողոսյանը, Ազատ Շահբազյանը, Հրանտ Գեւորգյանը: Ներկա էին գործով մեղադրողներ Հարություն Հարությունյանը, զինվորական դատախազ Հայկ Հարոյանը, գործով ամբաստանյալները:
Դատավոր Մարդանյանն տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, իրավահաջորդի ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, ամբաստանյալների պաշտպանների բացակայությունները համարեց անհարգելի՝ ասելով, որ նրանց բացակայությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան դատական նիստերի կայացման համար:
Նրա խոսքերով` մասնավոր անձինք չեն կարող արդարադատության իրականացման համար խոչընդոտներ ստեղծել: Ստանձնելով համապատասխան կարգավիճակ՝ նրանք պետք իրենց լիազորությունների շրջանակում գործեն, իսկ դրանց մեջ հստակ նշված են նրանց իրավունքները եւ պարտականությունները:
Դատավորը կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին հարցրեց, թե նրանք տեղյակ չե՞ն իրենց պաշտպանների բացակայությունից: Վերջիններս գլխով հաստատեցին, որ տեղյակ չեն: Դատավորը նաեւ ասաց, որ նիստերի հետաձգումը ձեռնտու չէ երկար ժամանակ անազատության մեջ գտնվող ամբաստանյալներին:
Ս. Մարդանյանը հայտարարեց, որ Երեւանում դատարանը բարյացակամ վերաբերունք է դրսեւորել, որ ապակեպատ դահլիճն իրեն հնարավորություն չի տվել հետեւելու դահլիճում տեղի ունեցող խոսակցություններին, որոնք դարձել էին սովորական երեւույթ:
Մարդանյանը տեղեկացրեց, որ Իջեւանի դատարանի դահլիճում դատական կարգադրիչների կողմից եւ դահլիճից դուրս ոստիկանների կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվելու, եւ թույլ չի տրվելու որեւէ վկայի, զինվորի ծնողի կամ որեւէ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Այս դատական նիստին լրագրողներից ներկա էին միայն տողերիս հեղինակը եւ «Հայկական ժամանակի» Տավուշի մարզի թղթակիցը: Դատավոր Մարդանյանը հարցրեց նիստը տեսանկարահանող օպերատորին, թե նա ո՞ր կազմակերպությունն է ներկայացնում: Վերջինս չկարողացավ տրամաբանական պատասխան տալ՝ ասելով, որ «պրոդաքշնի» աշխատող է, նկարահանումը բանակի մասին ֆիլմի համար է:
Դատավորն ասաց, որ եթե նա ցանկանա հաջորդ նիստը տեսագրել, պետք է ներկայանա փաստաթղթերով. «Կարող է, հազար անգամ ներողություն, հիմա Դուք Ձեր նկարահանումներն ուղարկում եք Ադրբեջան, եւ այնտեղ մեր երկրի բանակը, մեր պետությունը վարկաբեկող ինֆորմացիա է գնում: Մեր փաստաբաններից էլ հարցազրույցներ էին տալիս, լսել եմ, որ Ադրբեջանի հեռուստաալիքներով այդ հարցազրույցները ցույց են տալիս, եւ դա անթույլատրելի է: Չի կարելի, բոլորն այս երկրի քաղաքացիներ են եւ ոնց որ այս երկրի դեմ գործեն : Ո՞վ է թույլ տվել»:
Նիստը տեւեց կես ժամ: Դատավորն այս գործով դատական հաջորդ նիստը նշանակեց հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել