HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորենք միասին

Ստելլա Մարտիրոսյան

Բոլոր երեխաները հավասար են

2005 թվականին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներկայումս Երեւանի հինգ դպրոցներում կիրառվում է «Ներառական կրթությունը հանրակրթական համակարգում» ծրագիրը: Այս օրենքը հենց այն փրկօղակն է, որ հազարավոր հաշմանդամ երեխաների հնարավորություն կտա կրթություն ստանալ իրենց նախընտրած համակարգում: Բայց որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ այդ օրենքի կիրառմանը: Ինչպիսի՞ արտոնություններ կունենան այդ հաստատությունները, ինչպե՞ս կկազմակերպվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը:

Երեւանի թիվ 27 հանրակրթական դպրոցն առաջին կրթօջախն էր, որտեղ հինգ տարի առաջ ներառական կրթության փորձ արվեց: Փորձնական ծրագիրը տարիների ընթացքում աստիճանաբար հաստատվեց: Հիմա դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 34 երեխա է սովորում: 15-ամյա Վարդուհին այդ երեխաներից մեկն է: Նա վերջերս է սկսել դպրոց հաճախել: Երկու ամիս առաջ, երբ վիրաբույժը կատակով ասել էր, թե մինչեւ տառաճանաչ չդառնաս, չեմ վիրահատի, Վարդուհին այբուբենը ձեռքն էր վերցրել: Վեցերորդ դասարանցիների կողքին նա սկսել է գրել ու կարդալ սովորել: Վարդուհին ասում է, թե կուզենար բոլորի նման վեց կամ յոթ տարեկանից դպրոց գնալ, բայց ... Հիմա նա խորհուրդ է տալիս, որ իր նման բոլոր երեխաներն էլ շփվեն հասակակիցների հետ ու իմանան, թե դպրոցն ինչ է:

Երբ Վարդուհին եկավ 27-րդ դպրոց, մանկավարժական կազմն արդեն հաշմանդամների հետ աշխատելու փորձ ուներ: Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ Վարդուհին հաջողություններ արձանագրեց. սովորեց կարդալ, հաշվել ու սկսեց շփվել հասակակիցների հետ: Վարդուհու մայրն ասում է, որ ծրագրի հաջողությունը գալիս է դպրոցի հիմքից, տնօրինության վերաբերմունքից ու այն պարտադիր պայմանից, որ բոլոր երեխաները հավասար են:

Ի տարբերություն Վարդուհու, Սուրեն Վարդանյանն արդեն 4-րդ տարին է հաճախում նույն կրթօջախը: Նա այստեղ է եկել հատուկ դպրոցից: Տղայի մայրը, սակայն, գտնում է, որ հատուկ դպրոցները չեն նպաստում Սուրենի նման երեխաների մտավոր զարգացմանը:

Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների 15-րդ հատուկ դպրոցում 120 աշակերտ կա: Նրանցից տասն այստեղ են եկել հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից. չեն կարողացել ընտելանալ, ինչպես իրենք են ասում, «խոսողների» դպրոցներին: Նրանք նախընտրում են ապրել ու շփվել նույն դժվարություններն ունեցող երեխաների հետ:

Այստեղ փորձարկում են լսողության խնդիրներ ունեցողների համար մշակված հատուկ ծրագրեր եւ մեթոդներ: Առաջին դասարանում երկլեզու ուսուցման միջոցով փորձում են ապահովել մատչելի կրթություն: Այս բնույթի դժվարություններ ունեցող երեխաների համար շատ կարեւոր է յուրաքանչյուր բառի, հնչյունի, պատկերի, իմաստի ամբողջականությունը, որ ներկայացվում է ոչ միայն գրատախտակի, հարց ու պատասխանի, ժեստի, այլեւ համակարգչի միջոցով: Մանկավարժներն ասում են, որ այս մեթոդները հանրակրթական դպրոցներում չեն կարող կիրառվել, որ դրանցից երեխաները կարող են իրենց կրկնակի հաշմանդամ զգալ: Դպրոցի տնօրեն Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս բոլոր դպրոցները չէ, որ կարող են նման խնդիրներ լուծել, որովհետեւ չունեն մասնագետներ, մեթոդներ, բավարար ֆինանսական միջոցներ: Ընդհանուր առմամբ, հատուկ դպրոցներում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը բացասական կարծիքներ է առաջացրել:

Խնդրին այլ կերպ է մոտենում Տ. Եսայի քահանա Արթենյանը: Նրա կարծիքով՝ դպրոցների ներառական կրթության փորձը չի կարելի համեմատել հատուկ դպրոցների փորձի հետ: Առավել եւս սխալ է մեկի դերը կարեւորելով նսեմացնել մյուսինը: Հատուկ դպրոցները մինչ օրս բավարար ձեւով հատուկ մասնագիտացված կրթություն կամ դաստիարակություն են ապահովել, իսկ նոր ծրագրերի ներմուծումը պետք է ճիշտ եւ լիարժեք կատարել' ներգրավելով համապատասխան ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մանկավարժական անձնակազմ: Նրա կարծիքով՝ շատ ավելի կարեւոր է, որ հասարակությունը հաշմանդամներին ինտեգրելու քայլեր կատարի: Տ. Եսայի քահանա Արթենյանը 3 տարի առաջ սովորել է ժեստերի լեզուն եւ այժմ Երեւանի խուլերի մշակույթի պալատում քարոզում է ժեստերի լեզվով: Նա լավ գիտի խուլերի դժվարությունները:

Երեւանի թիվ 100 դպրոցում եւս արդեն երեք տարի իրականացվում է ներառական կրթություն: Հաշմանդամ երեխաները մեծավ մասամբ ընգրկված են տարրական դասարաններում: Հիմնական դասաժամերից բացի, նրանցից յուրաքանչյուրի հետ հատուկ աշխատանք է տարվում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի դասասենյակներում: Աշակերտները հատուկ մանկավարժների եւ սոցաշխատողների օգնությամբ սերտում են իրենց համար մշակված դասերը: Ծնողներին նույնպես առանձին սենյակներ են հատկացված: Պայմանները լիարժեք են, սակայն 2006 թվականի հունվարից դպրոցների ֆինանսավորումը կատարվելու է պետբյուջեից հատկացված գումարներով, ինչը դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանին մտահոգվելու առիթ է տալիս՝ արդյոք պարտադի՞ր է դառնալու ներառական կրթությունը, թե՞ մնալու է ծնողների հայեցողությանը, քանի որ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ համակարգում է սովորելու իր երեխան : Հայաստանի հատուկ կրթական համակարգի դպրոցներում սովորող երեխաների թիվն այսօր 10-11 հազար է: Նրանցից 7000-ը ֆիզիկական կամ մտավոր խիստ արտահայտված թերություն չունեն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի 4-5 հազար երեխա:

Հինգ տարվա փորձն ընդամենը նախնական դիտարկումների եւ վերլուծությունների հնարավորություն է տալիս։ Վերջնական եզրահանգում՝ հօգուտ հատուկ դպրոցի՞, թե՞ ներառական կրթության, դեռեւս հնարավոր չէ անել: Գուցե պետք է մտածել, որ մեկը մյուսի անհրաժեշտությունը չի բացառում: Իսկ օրենքն ընդամենը այս մարդկանց ինտեգրման դժվարությունները թեթեւացնելու հնարավորություն է: Յուրաքանչյուրն ազատ է ընտրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter