HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարստությունս կորչի, մարդկությունս չկորչի

Ժողովուրդը կլեկչի կոչում է այն արհեստավորներին, ովքեր արծնապատում են պղնձե կահ-կարասին։ Երվանդ Ասրյանը Ղարաբաղում հայտնի է որպես կլեկչի Երվանդ դայի։ Ապրում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Տունը գտնվում է Գանձասարի վանքի դիմացի բլրի վրա։ Գանձասարը ցույց տալով՝ Երվանդ դային ասում է. «Աստծու ճամփա պահող եմ։ Այ, էն խաչին մատաղ, Աստծու էն նստվածքին մատաղ, Աստծու էն անունին մատաղ, ես առանց Աստված, առանց Աստված ես հաց չեմ ուտում»,-հետո շրջվելով իր արհեստանոցի կողմը' ավելացնում է. «Մին էլ էս զնդանս, հա… Բա ես էս զնդանովն եմ ապրում, էս դուքյանովն եմ ապրում»։

Երվանդ Ասրյանն ութսուն տարեկան է։ Արծնագործի արհեստը սովորել է տասը տարեկանում եւ արդեն յոթ տասնամյակ զբաղվում է այդ գործով։ Ղարաբաղի բոլոր գյուղերի պղնձե կահ-կարասին ինքն է սարքել։ «Կուժեր եմ սարքել, Ղարաբաղում ինչքան տներ կա, լոխչին տվել եմ։ Բոլորն էլ՝ լավ մարդիկ։ Վատ, թե լավ, ղազանը սարքել ծախել եմ, տվել, իրենք էլ ինձ են տվել, ես էլ ստեղ լավ ապրում եմ»։

Թեեւ վերջին տարիներին մարդիկ պղնձեղեն քիչ են օգտագործում, ու պատվերները պակասել են, բայց Երվանդ դայու տեղն իմացող մարդիկ դեռ կան։ Ամերիկահայ մի գործարար, ով Ղարաբաղում գորգի արտադրություն է հիմնել, թելերը ներկելու համար արծնագործ վարպետին հինգ մեծ կաթսա է պատվիրել։ «Ամերիկայից եկել են, ինձ պահանջել։ Ղազան են զակազ տվել։ Հինգ հատ ղազան եմ սարքել։ Ամեն մեկը սարքել եմ 560 լիտրանոց։ Սարքել եմ, ու էտ ամեն մի ղազանին 200 դոլար ա տվել, հետն էլ ասել՝ Երվանդ ձաձա, քեզ նկարելու ենք, նկարդ կախ տանք»։

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը չէ Երվանդ Ասրյանի հարստությունը։ Հարստության մասին նա իր յուրօրինակ պատկերացումներն ունի։ Մեկ ասում է, թե ինքը Ղարաբաղի ամենահարուստ մարդն է, որովհետեւ լավ առողջություն ունի, մեկ էլ պնդում, թե ամենամեծ հարստությունը ժողովրդի նկատմամբ լավ վերաբերմունք ունենալն է։ Իրականում Երվանդ դայու ամենամեծ հարստությունն իր ընկերներն են։ Ասում է' եթե հիմա ինձ նկարեք, հեռուստացույցով ցույց տաք, ամեն կողմից՝ Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր բնակավայրերից, ընկերներս կտեսնեն ու կգան։ «Ընկերությունը լավ բան ա, եթե ընկերություն ունես։ Ընկերությունը հիանալի բան ա։ Եթե ընկերություն ունենաս, մարդկություն կունենաս։ Եթե ընկերություն չունենաս, սկի մարդ էլ չես։ Թող իմ հարստությունը կորչի, իմ մարդկությունը չկորչի»,-ասում է Երվանդ դային ու անուն առ անուն թվարկում իր բոլոր ընկերներին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից մինչեւ մեր օրերը։

Երբ նրա հետ խոսում ենք ղարաբաղցիների կյանքից ու կենցաղից, զարմացած հարցնում ու ինքն իրեն էլ անմիջապես պատասխանում է. «Մեր ղարաբաղցիները վա՞տ են ապրում, սուտ են ասում։ Ղարաբաղում հարստություն շատ կա»։ Ըստ նրա՝ հարստությունը նավթն ու ոսկին չէ, այլ աշխատասիրությունն ու պատիվը։ «Ղարաբաղի մարդիկ բոլորը նամուսով են։ Լոխ աշխատող մարդիկ են։ Ճարպիկ մարդիկ են։ Բոլորն էլ վարպետ են, ինչ ասես ձեռներիցը կյալիս ա»։

Պատերազմից խոսելիս Երվանդ դային ասում է, որ հարեւան ադրբեջանցիներն ավելի շատ պիտի ձգտեն խաղաղության, որովհետեւ չորս տարի տեւած պատերազմից ոչ մի օգուտ չեն տեսել։ «Կռվից ոչ մի մարդ օգուտ չի տարել։ Ես ցանկանում չեմ կռիվ։ Ուզում եմ խաղաղություն, ուզում եմ սերություն»։ Նրա կարծիքով' լավ մարդկանց միջեւ թշնամություն չի կարող լինել։ Հիշում է, թե կռիվների ժամանակ ինչպես է մի անգամ ընկել ադրբեջանցիների ձեռքը։ «Ես գիշերը գնացել եմ ճամփա, թուրքերը բռնել են, որ ինձ սպանեն։ Բայց ես փիս մարդ չեմ եղել, որ ինձ սպանեն։ Ես բոլորի համար՝ թե՛ թուրք, թե՛ հայ, թե՛ առաջվա էն ժամանակներումը, թե՛ հիմա, լավ եմ եղել»։

Երվանդ դային ցույց է տալիս իր գործիքները, որոնք ժամանակի ընթացքում մաշվում են, դառնում անպիտան։ Ցույց է տալիս իր պատրաստած կաթսաներն ու կուժերը, որոնք, չնայած ժամանակ առ ժամանակ նորոգվում են, բայց էլի մաշվում են ու դառնում անօգտագործելի։ Ութսունամյա Երվանդ Ասրյանի կարծիքով' միայն մարդը չի մաշվում, քանզի մարդը մեռնում է, բայց մարդկայնությունը մնում է միշտ։ «Ծնվել ես, ամբողջ ժողովրդին մին օգնություն տուր, մին բան սովորացրու։ Եթե չես կարողանում սովորացնես, ուրիշից հարցրու։ Եթե չես կարողանում մարդկություն ունենաս, լեզուդ քեզ պահի»,- ասում է արծնագործ վարպետն ու երգում ինքն իր մասին։

Հայ ֆիդայի, ջան ֆիդայի
Ես քու դայի, դու իմ դայի
Եկեք դառնանք Երվանդ դայի
Ղարաբաղցի Երվանդ դայի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter