HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանաչո՞ւմ են իրար հասարակությունները. ներկայացվող եւ ռեալ իրականություն

«Ոչ խաղաղության, ոչ պատերազմի» ռեժիմը, որում գտնվում են հայկական եւ ադրբեջանական կողմերը, տարբեր ընկալումներ ունի: Այն կամ դիրքորոշումները վերանայելու ու իրար մոտեցնելու հնարավորություն է, կամ էլ թայմ-աուտ է, հանգիստ' վճռական մարտից առաջ: «Մարտի» մեջ յուրաքանչյուրն իր իմաստն է դնում. կան այդ բառն իր ուղիղ իմաստով ընկալող եւ կիրառող ուժեր, կան նաեւ այնպիսիները, որոնք համոզված են, որ պատերազմը շղթայական ռեակցիա է, հող ռեւանշի համար, հետեւաբար' ելք չէ ստեղծված իրավիճակից: Ընդունված է համարել, որ պատերազմի վերսկսման հնարավորության մասին խոսակցություններն ավելի շատ քարոզչական բնույթի են, առաջին հերթին հասցեագրված հակառակորդ կողմին եւ միջազգային հանրությանը: Եվ ջրբաժանից դեպի պատերազմ քայլ չի արվի: Եթե հարց տրվի, թե ի՞նչ են ուզում հասարակությունները (պատերազմ, թե՞ խաղաղություն), ապա գլխում առաջին հերթին կծագի խաղաղություն պատասխանը: Քանի որ խաղաղությունը ժամանակակից մարդ արարածի բնական վիճակն է: Ըստ էության, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում եւ Ադրբե ջանում բնակչության տարբեր շերտերի, տարբեր ներկայացուցիչների շրջանում անցկացրած մեր հարցումները նույնն են վկայում. մարդիկ չեն կարող հանգիստ ընդունել ռազմական գործողությունների ռեալ հնարավորությունը, պատերազմ չեն ուզում, քանի որ արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Ադրբեջանում սովորական մարդիկ ասում են' պատերազմ չենք ուզում, բայց այնուամենայնիվ ուզում ենք փոխել ներկայիս իրավիճակը: Հայ հասարակության մեջ պատերազմի մասին խոսում են «ամեն դեպքի համար», այն դեպքի, եթե պատերազմը հարկ կլինի ընդունել որպես անխուսափելի իրողություն:

Հայ եւ ադրբեջանական ներկայիս հասարակությունները կարծես իրար մասին ամեն ինչ գիտեն, բայց ներկայանում են մեկը մյուսին ոչ այնպիսին, ինչպիսին են իրականում, այլ այնպիսին, ինչպիսին պետք է: Չկնքված խաղաղության պայմաններում թշնամանքը մեկ այլ, ավելի դժվար հաղթահարելի հանգամանք է, որը վստահաբար կարելի է անվանել «ոչ խաղաղության, ոչ պատերազմի» հասարակությունների սինդրոմ: Այդ սինդրոմը համակել է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր փուլերին մասնակցած խավերին, այլեւ դրա պայմաններում հասունացած, հակադիր կողմին ստացվող տեղեկատվությունից ճանաչող, իրենց մոտ տարածված ստերեոտիպերի շրջանակներում կոնկրետ մարդկանց ընկալող սերունդներին:

Ահա մեր ուսումնասիրություններից ստացված ընդամենը մի քանի արդյունքներ. Հայաստանի 1000 քաղաքացիներից միայն 38-ը, եւ Ադրբեջանում նույնքան հարցվածներից ընդամենը 15 մարդ դժվարացան մատնանշել հակառակորդ կողմին բնորոշ երեք հատկանիշ: Մնացած բոլորը ճնշող մեծամասնությամբ մատնանշում էին ընդգծված բացասական հատկանիշներ: Ընդ որում' նման գիտելիքները բնորոշ էին ոչ միայն նրանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում ունեցել են «կենդանի ադրբեջանցիների» կամ «կենդանի հայերի» հետ շփվելու հնարավորություն (միջին եւ ավագ տարիքի մարդիկ), այլեւ 16-25 տարեկան երիտասարդներին: Հակառակ կողմի, ընդհանուր առմամբ հակառակորդ ժողովրդի մասին տեղեկատվությունը հարցվածները մեծամասամբ ստանում են սեփական երկրի ԶԼՄ-ներից, ռուսաստանյան ԶԼՄ-ներից, Ինտերնետից: Իհարկե, երկու երկրներում հարցման ենթարկվածների մեջ կան եւ այնպիսիք, ովքեր նման տեղեկատվությունը ստանում են նաեւ այսպես կոչված «միջանձնական շփումներից» (ծանոթների հետ զրույցներից, բամբասանքներից եւ այլն), բայց դրանք 2000 հոգուց 10-ն են:

Սակայն կան նաեւ այլ արդյունքներ, որոնք վկայում են, որ վերաբերմունքն այն ուժերի, կազմակերպությունների, մարդկանց նկատմամբ, ովքեր թշնամաբար չեն մոտենում հակառակորդ կողմին, այնպիսին չէ, որը սովորաբար ցուցադրվում է: Եթե դատենք հայ եւ ադրբեջանցի ընթերցողներին մատչելի ԶԼՄ-ների նյութերից, ապա կարելի է գալ եզրակացության, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումներն ընդունվում են կամ զուսպ քմծիծաղով, կամ էլ ակնհայտ գրգռվածությամբ: Սակայն մեր ուսումնասիրություններից հետեւում է, որ հակառակ կողմին ոչ թշնամաբար մոտեցող ուժերի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ բացասական անվանել չի կարելի: Նրանք, ովքեր այդպիսի ուժերին բնութագրել են որպես լրտեսների, դավաճանների, կամ նման այլ գնահատականներով, երկու երկրներում բոլոր հարցվածներից ընդամենը մի քանիսն էին:

Կան հայերի եւ ադրբեջանցիների, նրանց պետությունների, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, հասարակ քաղաքացիների միջեւ համագործակցության վերաբերյալ տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ: Մի տեսանկյունից նման համագործակցությունն անհնարին է եւ անպետք մինչեւ ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական կարգավորումը, քանի որ հասարակությունների միջեւ այսօրվա շփումներն ընթանում են բացառապես միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Հետեւաբար' մինչեւ կարգավորումն իրենց' կողմերին, շփումները պետք չեն: Մեկ այլ կարծիքով' անկախ կարգավորման գործընթացում առկա իրավիճակից, զարգացումներից, երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ շփումներն անհրաժեշտ են, տեղեկատվական փոխանակումները՝ ծայրաստիճան կարեւոր: Նման մոտեցման կողմնակիցները, որոնց թվին պատկանում եմ նաեւ ես, գիտեն, որ այս տեղեկատվական աշխարհում կողմերի միջեւ տեղեկատվական վակուումին հասնելը, եւ գլխավորը' այն պահպանելը պարզապես հնարավոր չէ. վակուումն անմիջապես լցվում է միջնորդավորված, ռեալ իրականության հետ հաճախ ոչ մի կապ չունեցող, գլխավորը' նույնիսկ կողմերից եւ ոչ մեկի շահերին չհամապատասխանող տեղեկատվությամբ: Ռազմաճակատում հրադադարի հաստատումից հետո անցած ժամանակահատվածում գործադրվել են համատեղ բազմաթիվ ջանքեր, որպեսզի տեղի ունենան հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումներ, չնայած այն բանին, թե ինչպես են դրանք ընդունվել «այնտեղ' տանը» եւ թե ինչ են դրանցից իրենց համար դուրս բերել այդ շփումներին գնացող մարդիկ: Հիմնականում շփվում, համագործակցում են լրագրողները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքագետները, վերլուծաբանները:

Ընդունված է նաեւ համարել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում ընթացող բոլոր զրույցներն ու բանավեճերն արդեն սպառվել են, այլեւս ոչ մի նոր բան տալ չեն կարող: Ի դեպ' նման կարծիքի են նաեւ երկու երկրներում որոշ լրագրողներ, որոնք գիտեն, որ ոչ մի նոր բան հակառակ կողմի ներկայացուցիչների հետ զրույցներից (իսկ դրանք, որպես օրենք, քաղաքական եւ հասարակական գործիչներ են, փորձագետներ) իրենք ստանալ չեն կարող: Ոչ միայն այն պատճառով, որ, ըստ էության, կենդանի եւ հեռակա բանավեճերին մասնակցող անձանց շրջանակը համարյա չի փոխվում, այլեւ այն պատճառով, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում հասարակական կարծիքի միաձուլությունն այդ պատերազմում հաղթանակ տանելու գրավականն է:

Դիվանագիտական պայքարը, որը մղվում է բոլոր մակարդակների պաշտոնական շրջանակների միջեւ, ընթանում է տեղեկատավական պատերազմի ֆոնին: Հասարակություններն իրենց ամբողջության մեջ ստանում են տեղեկատվություն, որը ծագում է ոչ մի կերպ իրար չկապվող երկու կողմերի «ազգային շահերից», կամ էլ տեղեկատվական «վոլեյբոլի» արդյունքում հետեւյալ բանաձեւով' «Նրանք ասացին, մենք հերքեցինք, նրանք հերքեցին մեր հերքումը»: Իհարկե, չի կարելի պնդել, թե «առաջին ձեռքից» ստացվող տեղեկատվությունը կարող է կտրուկ նպաստել դիրքերի մոտեցմանը, կամ էլ փոխարինել կարգավորման գործընթացին: Սակայն ակնհայտորեն քչերը կփորձեն հերքել, որ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների իրողությունները զգալիորեն ավելի լայն են հասարակությունների այդ մասին տեղեկացվածությունից, եւ որ հասարակությունների մեջ հակասությունների հաղթահարման մասին եղած կարծիքներն ավելի բազմազան են արտաքին աշխարհին դրանց ներկայացումներից:

Այս ամենից ելնելով' մենք փորձում ենք կազմակերպել հեռակա երկխոսություն հայ եւ ադրբեջանական հասարակությունների ամենատարբեր խավերի ներկայացուցիչների, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց միջեւ, այդ թվում նաեւ այնպիսի մարդկանց, որոնք ոչ միայն երբեք չեն շփվել, այլեւ քիչ են ճանաչում իրար: Հարցազրույցներում եւ վերլուծական հոդվածներում շրջապատող աշխարհի, երկու հասարակությունների ներկայիս կյանքի մասին կարծիքներն ու գնահատականները ոմանց կարող են դրդել այն մտքին, որ իրենց մինչ այդ ունեցած պատկերացումները ճիշտ էին, մյուսներին, ընդհակառակը, մղել նոր խորհրդածությունների: Սա բնական է: Եվ այս հարցում ես պատրանքներ չունեմ: Սակայն հուսով եմ, որ երկու երկրներում ընթերցողներին ներկայացվող նյութերը քայլ են դեպի հակառակ կողմի մասին տեղեկատվական հետաքրքրության բավարարումը: Հետաքրքրություն, որը կայուն է, եւ այդ մասին վկայում են տարբեր, այդ թվում նաեւ մեր կենտրոնի 2002-2005 թթ.անցկացրած հետազոտությունները:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Այս նախաձեռնությունն իրականացվում է Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) համատեղ ջանքերով, «Ստերեոտիպերի հաղթահարում եւ ընդհանուր տեղեկատվական միջավայրի ստեղծում» ծրագրի շրջանակներում եւ «Conciliation resources» կազմակերպության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter