HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հալիձորցիներն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի

2009 թ. հունիսի 26-ի թիվ 848 որոշմամբ Կառավարությունը «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համապատասխան` որոշում էր ընդունել Տաթեւ վանական համալիրը եւ հարակից Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն:

Հալիձորցի 3 ընտանիքի չէր բավարարել ոչ արված գնահատումները, ոչ իրենց առաջարկվող գինը, ոչ տարածքներն իրացնող կազմակերպության՝ «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի գործելակերպը: «Եղել են բազմաթիվ խախտումներ»,-պնդում է բողոքող կողմի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

12 հալիձորցիներ 2009 թ. նոյեմբերի 16-ին դիմել են դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության 26.06.2009 թ. թիվ 944-ն որոշումը՝ «ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»:

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 30.10.2009 թ. որոշումը ստանալուց հետո հայցվորների ներկայացուցիչը 25.02.2010 թ. ստացել է վարչական դատարանի 22.02.2010 թ. գրությունն այն մասին, որ վարչական գործը քննվում է գրավոր ընթացակարգով, եւ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը տեղի կունենա 2010 թ. մարտի 1-ին, ժամը 17:50-ին:

 Վճռի հրապարակումից բացի՝ դատարանը որեւէ այլ դատական նիստ չի հրավիրել, որին հայցվոր կողմը կկարողանար ներկա գտնվել եւ ներկայացնել հայցադիմումի վերաբերյալ իր փաստարկները, հիմնավորումներն ու լրացուցիչ ապացույցներ: «Հայցվոր կողմը համարելով, որ վարչական դատավարության օրենսգրքի 138 հոդվածով նախատեսված՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու կանոնը չի կարող համարվել առանց հրապարակային դատաքննության դատական ակտի հրապարակման դատարանի իրավունք, 01.03.2010 թ. ժամը 11:29 րոպեին դատարան է ներկայացրել դիմում-միջնորդություն՝ գործը հրապարակային քննելու մասին»,- պարզաբանում է Կարեն Մեժլումյանը:

Դատարանը մերժել է միջնորդությունը: «Վարչական դատարանն առանց գործի հրապարակային քննության, 01.03.2010 թ. կայացրեց որոշում, որով մեզ մերժեցին, եւ որով սկզբունքորեն խախտվեց հրապարակային դատաքննության՝ հայցվորների իրավունքը,- ասում է Կ. Մեժլումյանը,-փաստորեն, գործով հրապարակային դատաքննություն չիրականացվեց, հայցվորները ծանուցվել էին միայն դատական ակտի հրապարակման տեղի եւ ժամանակի մասին: Դատարանը չէր ստուգել վիճարկվող որոշման համապատասխանությունը ՀՀ հողային օրենսգրքի 9 եւ 10 հոդվածներին: Դատական ակտում նշված չէր, թե որն է այն հաստատված քաղաքաշինական ծրագիրը, որի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել եւ այլն»:

Հայցվորների նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով 01.04.2010 թ. հայցվորների՝ Վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարան նույն հիմքով վերաքննիչ բողոք ուղարկվել է 01.11.2010 թ.: Հայցվորների շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը նույն հայցապահանջով դիմել է Սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թ. փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշմամբ որոշվել է. «1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը՝ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

8.04.2011 թ. նոր հանգամանքի հիմքով հալիձորցի հայցվորների ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը կրկին դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքում փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի վրա: ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թ. որոշումը Վարչական դատավարության օրենսգրքի 118.8 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 134 հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանք է, քանի որ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել ՀՀ վճռաբեկ դատարանի կիրառած վարչական դատավարության օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասն այն մասով, որ կիրառել էր Վճռաբեկ դատարանը՝ չքննարկելով դատավարական իրավունքի խախտման հիմքով բողոքը քննության ընդունելու վերաբերյալ հիմնավորումը:

«Մենք խնդրել ենք հարուցել դատական ակտի վերանայման վարույթ: Բեկանել Վճռաբեկ դատարանի 05.05.2010 թ. թիվ ՎԴ/4394/05/09 որոշումը, փոփոխել այն եւ տվյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.03.2010 թ. որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունել քննության»,- ասում է Կ. Մեժլումյանը: Հալիձորցիների շահերի պաշտպանը նաեւ միջնորդություն է ներկայացրել հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու կամ հետաձգելու վերաբերյալ՝ ելնելով Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներով ու Կոնվեցիայի 6 եւ 13 հոդվածներով երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքից:

«Հայցվորների եկամտի միակ աղբյուր հողամասերը առանց նախնական համարժեք փոխհատուցման «Իստեյտ մենեջմենտ ընդ ադմինիսթրեյշն քամփընի» ՓԲԸ-ն զավթել է դեռեւս 2009 թ., ինչի մասին գրվել է հայցադիմումում, եւ դրա վերաբերյալ բողոք է ներկայացվել ՀՀ նախագահին, Գորիսի ոստիկանապետին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Քանի որ խնդիրը չի լուծվում, մարդիկ էլ չեն կարողանում ոչ մշակել, ոչ իրենց պահանջած փոխհատուցումը ստանալ, հետեւաբար եկամուտ ու համապատասխան գումարներ չունեն,- պարզաբանում է Կարեն Մեժլումյանը,- ես ինքս հասարակական հիմունքներով եմ ստանձնել այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը»: Փաստաբանի հավաստմամբ՝ հայցվոր գյուղացիները ներկայումս մի քանի դատական գործեր ունեն տարբեր ատյաններում, որոնք մեծ գումարներ են կազմում, եւ զրկվելով իրենց եկամտի միակ աղբյուրից՝ հնարավորություն չունեն վճարել:

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Մարդ ինչքան անկուշտ կարող է լինել...??? Դալմայի այգիները, Դիլիջանը, Հալիձորը,... էսպես մինչև ուր է ուզում հասնել Ռուբեն Վարդանյանը...??? Չկշտացավ, հըլը էդ անկուշտը` էդքան կանաչ տարածք ուտելով...???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter