«Հայացք». спасибо Леониду Ильичу...
Խորհրդային դարաշրջանում, իսկ ավելի կոնկրետ' լճացման կամ ինչպես ընդունված էր ասել' բրեժնևյան տարիներին լայն տարածում գտած մի յուրովի քաղաքական PR էր շրջանառվում. եթե որևիցե կթվորուհու հաջողվում էր գերակատարել կաթնատվության պլանները, տիեզերագնացը հաջողությամբ շուրջմոլորակային պտույտ էր գործում ու ողջ-առողջ վերադառնում Երկիր (ասել է թե' Բայկոնուր), մի խոսքով' երբ ամեն ինչ գերակատարվում էր, ու ԽՍՀՄ-ն էլ անշեղ ընթանում էր դեպի առաջընթաց, այդ ամենը վերագրվում էր «սիրելի Գենսեկին», այստեղից էլ' մշտապես հնչող «շնորհակալություն Լեոնիդ Իլյիչին», քանի որ եթե նա չլիներ, ո°չ կովերը շատ կաթ կտային, ո°չ տիեզերանավերը թռիչքներ կիրագործեին...
Վերջին շրջանում նման մի քաղաքականություն էլ որդեգրել է մեր հեգեմոն կուսակցությունը' ՀՀԿ-ն, որը փորձում է ցանկացած, անգամ օրինաչափությունից բխող հաջողություն վերագրել իր վարած ազգանվեր քաղաքականությանը: Այ, օրինակ, երբ 2010-ին բերքը շատ վատն էր, և տեղական խնձորը ստիպված էինք գնել 1500 դրամով, սրանում մեղավորն, իհարկե, միայն բնակլիմայական պայմաններն էին, իսկ երբ 2011-ին նույն բնակլիմայական պայմանները բարենպաստ էին և բերքատվությունն էլ' համապատասխանաբար բարձր, դրանում մեծ էին իշխանությունների (պետք է հասկանալ' ՀՀԿ-ի) անմնացորդ ջանքերն ու իրականացրած ծրագրերը:
Նույն այս սկզբունքով անցավ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը, որի ժամանակ խոսնակը, անդրադառնալով նախորդ օրը Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշմանը, այն միտքը հայտնեց, թե «Սենատի կողմից օրինագծի ընդունումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները (հասկացիր' ՀՀԿ-ն.- Լ. Գ.) Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարել են ճիշտ, խոհեմ, հավասարակշիռ քաղաքականություն, ինչն էլ նպաստեց ֆրանսիացիների' նման դիրքորոշում որդեգրելուն»: Ստացվում է, որ կատարվածում ոչ թե Ֆրանսիայի ու, ինչու չէ, նաև ԵՄ-ի քաղաքական շահերն էին ու առաջին հերթին' Թուրքիայի եվրաինտեգրացման դեմ հակաքայլերն ու մեր սփյուռքը, այլ' ՀՀԿ-ի ջանքերը: Միգուցե հոկտեմբերին Երևանում Սարկոզիի հնչեցրած «ցեղասպանություն» բացականչությունն էլ պետք է մեր հանրապետականներին վերագրվի...
Գրեթե նույն համատեքստով էլ Շարմազանովը արտահայտվեց նախորդ օրը Սոչիում եռակող հանդիպման' իր գնահատմամբ ձեռք բերված հաջողությունների վերաբերյալ:
Նման ինքնամեծարման վարքագիծը պատահական չէ մի կուսակցության համար, որն ավելի քան վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում շռնդալից հաղթանակ, չէ, ինչ եմ ասում' հաջողություն է ունենալու: Պրն Շարմազանովը կարծում է, որ հաղթանակ տոնում են հակառակորդի, թշնամու նկատմամբ, իսկ մենք' դե մի համընդհանուր, ազգային նպատակ ունենք' արդար ընտրություններ իրականացնել, որոնցում արտահայտվելու է ընտրողի կամքը, այնպես որ հանրապետականները ակնկալում են հաջողություն, այլ ոչ թե հաղթանակ: Բայց հետն էլ հիշեցնում է, որ բոլոր փաստարկները, այդ թվում և սոցիոլոգիական հարցումների արդյունքները (որոնց «անկողմնակալության մեջ մենք բազմիցս համոզվել ենք.- Լ. Գ.) վկայում են որ ՀՀԿ-ն իր վարկանիշով հավասարը չունի:
Դե պարզ է, այս ամենից հետո էլ ի՞նչը հանրապետականներին կխանգարի ամեն հաջողություն իրենց վերագրել...
ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել