HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». պատճառն ի՞նչն է, եթե ոչ կոռուպցիան

Ազոտական պարարտանյութերի շուկայում գործող, ավելին' գերիշխող դիրք ունեցող «Քեթրին գրուպ» ընկերությունն անցյալ տարի տվյալ պարարտանյութի գնի անհիմն բարձրացմամբ չարաշահել է իր այդ դիրքը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը, իր երեկվա նիստում ամփոփելով նշված ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, որոշեց «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին տուգանել 10 մլն դրամի չափով:

Հանձնաժողովի փորձագետ Գնել Ալավերդյանի տեղեկացմամբ' ՏՄՊՊ հանձնաժողովը դեռ նախորդ տարվա մարտից լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել մեր երկրի գյուղատնտեսության վրա լուրջ ազդեցություն ունեցող պարարտանյութերի շուկայում: 2011 թ. մայիսին հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութերի մանրածախ առևտրի կետերում, այսինքն' վերավաճառողների մոտ արձանագրվել էր 50 կգ-անոց 1 պարկի դիմաց մինչև 10000 դրամ գին:

Հանձնաժողովն, ուսումնասիրելով գերիշխող տնտեսավարողների կողմից պարարտանյութի ձեռքբերման փաստաթղթերը, պարզել էր, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է ընդամենը 6200-6400 դրամ: Ելնելով վերոնշյալից' հանձնաժողովն անցյալ տարի որոշել էր պարարտանյութի վաճառքի գների վրա սահմանել հատուկ հսկողություն և վերահսկել, որ շուկայում գործող գերիշխող տնտեսավարողները պարարտանյութն իրացնեն ողջամիտ գնով, տվյալ դեպքում' 7000 դրամից ոչ ավելի:

Հարկ է ընդգծել, որ հիշյալ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների' «Քեթրին գրուպ», «Ագրիմատկո Արմենիա» և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ-ների ներկայացուցիչները դեռ 2011 թ. մայիսին հրավիրվել են հանձնաժողով, տեղեկացվել ուսումնասիրության արդյունքներին: Նրանք համաձայնել են, որ 1 պարկի դիմաց 7000 դրամ գինը բավարար շահութաբեր է, և հավաստել, որ պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել նշված գնով:

- Կատարված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի վաճառքի գնի բարձրացում է դիտարկվում, որը հասել է մինչև 7600 և ավելի դրամի' 50 կգ-անոց 1 պարկի համար,- ասաց Գ. Ալավերդյանը:

Պարզվել է, որ չնայած առկա փաստաթղթերին, փաստերին և իր հավաստմանը' նշված ընկերություններից «Քեթրին գրուպը», ի տարբերություն գերիշխող դիրք ունեցող մյուս երկու ընկերության, որոնք վաճառքի գնի էական բարձրացում չեն կատարել, ազոտական պարարտանյութի 1 պարկի գինը բարձրացրել է մինչև 600 դրամով: Ընդ որում, պարզվել է, որ այդ ընկերության կողմից 7600 դրամով վաճառված պարարտանյութի ինքնարժեքը կազմում է ընդամենը մոտ 6600 դրամ:

Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» պարարտանյութի ներմուծում չի կատարել, վաճառել է պահեստում կուտակածը, ինչն ավելի վաղ ձեռք էր բերել ցածր գնով:

Հետագա ամիսներին ընկերությունը դարձյալ բարձրացրել է նշված պարարտանյութի գինը, սակայն դա պայմանավորված է եղել ինքնարժեքի բարձրացմամբ:

- Մասնավորապես,- շարունակեց Գ. Ալավերդյանը,- եթե ինքնարժեքը հետագա ամիսներին բարձրացել է 600 դրամով' 6600 դրամից դառնալով շուրջ 7200 դրամ, ապա ընկերությունն, իր հերթին, վաճառքի գինը բարձրացրել է համաչափ մակարդակով' այն հասցնելով մինչև 8200 դրամի, այսինքն' ըստ էության պահպանելով եկամտաբերության նույն մակարդակը:

Այսպիսով ստացվում է, որ հիշյալ ընկերությունը հետագա ամիսներին ևս գնի անհիմն բարձրացմամբ է շարունակել պարարտանյութի իրացումը: Սակայն չնայած նշված հանգամանքին' հանձնաժողովը որպես մեղմացուցիչ հանգամանք այնպես ներկայացրեց, թե ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել: Արձանագրելով նաև, որ հիշյալ խախտումն արդեն վերացված է և ընկերության կողմից պարարտանյութի վաճառքի գները ներկայումս համահունչ են ձեռքբերման գներին, ՏՄՊՊ հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել որոշման նախագծով առաջարկվող տուգանքի չափը' 20 մլն դրամ, որն, ի դեպ, օրենքի ընձեռած հնարավորության համեմատ առանց այն էլ փոքր է: Վերանայման արդյունքում ընկերության նկատմամբ, ինչպես նշեցինք, կիրառվեց ընդամենը 10 մլն դրամի տուգանք: Մինչդեռ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' «Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով»: Ավելին. օրենքի նույն հոդվածի նույն մասի համաձայն' «Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»:

Սակայն չնայած օրենքի իմպերատիվ բնույթ ունեցող, այսինքն' ոչ թե հայեցողական, այլ պարտադիր կատարման ենթակա վերոնշյալ պահանջին, հանձնաժողովը գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի ստացած շահույթը (եկամուտը) ՀՀ պետական բյուջե գանձելու վերաբերյալ որոշում չկայացրեց' կոպտորեն խախտելով նույն օրենքի պահանջները: Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովի այս ոչ միայն չափազանց մեղմ, այլև օրինախախտ մոտեցումը:

Ընդգծենք, որ պաշտոնական պարզաբանման կարիք ունի նաև այն, թե հանձնաժողովն ինչո՞ւ հաշվի առավ միայն մեղմացուցիչ հանգամանքները, սակայն ծանրացուցիչ հանգամանքը (այն, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն պարարտանյութի գնի անհիմն բարձրացում չկատարելու առումով հանձնաժողովի կողմից դեռ 2011 թ. մայիսին, ըստ էության, զգուշացված է եղել, հավաստել, որ պարարտանյութի 1 պարկի դիմաց 7000 դրամը բավարար շահութաբերություն ունի և այն չի բարձրացնի, սակայն խախտել է պայմանավորվածությունը) անտեսեց:

Եվ վերջում թերևս ամենակարևորի մասին. իբրև մեղմացուցիչ հանգամանք, ՏՄՊՊ հանձնաժողովն այնպես ներկայացրեց, թե որպես իրավախախտ ընկերություն «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ: Սա բացահայտ կեղծիք է, որովհետև հենց նույն հանձնաժողովը դեռ 2007 թ. հոկտեմբերի 19-ին իր թիվ 90-Ա որոշմամբ, ի թիվս մի շարք այլ ընկերությունների, հակամրցակցային համաձայնության համար տուգանել է նաև այս ՍՊԸ-ին: Մեր հարցն արդեն ուղղում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին' ինչի՞ հետևանք է վերոնշյալ կեղծիքը, եթե ոչ կոռուպցիայի, ամենայն հավանականությամբ, զորեղ, ազդեցիկ հովանավոր ունեցող ընկերության նկատմամբ հովանավորչական վերաբերմունքի:

Մեկ հարց էլ' հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին. ի վերջո, հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսված և որոշմամբ կիրառված տուգանքի չափերի տարբերություն 10 մլն դրամը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի համար մե՞ծ գումար էր, որ հանձնաժողովը, չգանձելով այն, պետական բյուջեի, սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նպաստառուների և այլոց հաշվին լավություն արեց նշված ընկերության սեփականատիրոջը:

Հ.Գ. Ի դեպ, ըստ ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը մի քանի տարի է արդեն, ինչ «Քեթրին գրուպ» ընկերության գործունեության հետ այլևս առնչություն չունի, նշված ընկերության շենքի սեփականատերն է միայն:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter