HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ու մաքսային վարչարարության եւ ընդերքի օգտագործման խնդիրները

«Հետքի» հարցերին պատասխանում է «Էյ Սի Փի» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը

Ապրիլի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի` հանքարդյունաբերության ոլորտի գործող ընկերությունների տնօրենների եւ սեփականատերերի հետ հրավիրած խորհրդակցությունից առաջ նախագահին ներկայացվել են «Վալլեքս»-ի ներդրումային ծրագրերը:

Ի՞նչ ծրագրերի մասին էր խոսքը:

Մենք երեք հիմնական խնդիր ներկայացրինք հանրապետության նախագահին այս պահին իրականացվող ներդրումային ծրագրերի առումով: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում Կաշենի հանքային դաշտում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքներն ու դրանց ակնկալիքները, Դրմբոնում այս պահին իրականացվող շինարարական աշխատանքները' պայմանավորված թափոնների վերամշակման արտադրամասի կառուցման հետ: Բացի այս, նախագահը տեղեկացվեց նաեւ մեր խմբի ընկերությունների գործունեության վերջին մի քանի տարիների արդյունքների մասին:

Ի՞նչ գնահատականի արժանացան այդ ծրագրերը:

Ոչ միայն մեր ծրագրերի մասին, ընդհանրապես լեռնահանքային ոլորտի հետ կապված' նախագահը, արդեն ավելի լայն կազմով հանդիպմանը, նշեց, որ պետությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել կենսունակ ծրագրերի իրականացմանը:

Խորհրդակցության նպատակը նաեւ հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարների եւ կառավարության, պետեկամուտների կոմիտեի, մաքսային ծառայության արդյունավետ համագործակցության քննարկումն էր: Ի՞նչ տվեց այդ քննարկումը:

Ընկերությունները հնարավորություն ունեցան հանրապետության նախագահի ներկայությամբ Կառավարության համապատասխան օղակների ղեկավարների հետ քննարկել այն խնդիրները, որոնք հուզում են իրենց. դրանք վերաբերում են թե հարկային ու մաքսային վարչարարությանը, եւ թե ընդերքի օգտագործմանը: Մասնավորապես' մենք կիսեցինք այն մտահոգությունները, որոնք կապված են այս պահին ԱԺ-ում գտնվող «Ընդերքի մասին» օրենքի նախագծի հետ: Եղավ այն ընկալումը, որ այդ օրենքի նախագիծը ավելի մանրամասն քննարկումների կարիք ունի:

Միջազգային շուկայում պղնձի գների հետ կապված' Ս. Սարգսյանը կոչ արեց հանքարդյունաբերողներին ընդլայնել իրենց ներդրումները' կարեւորելով սեփականատերերի ակնկալվող շահույթները, աշխատատեղերի ստեղծումը եւ պետության հավելյալ եկամուտները: Սակայն բնապահպանության եւ աշխատողների աշխատավարձի բարձրացման խնդիրներ նախագահը, կարծես թե, չշոշափեց: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

Այնպես չէ, որ չշոշափեց: Նախ' հանրապետության նախագահը չի խոսել պղնձի գների մասին, խոսել է ընդհանրապես մետաղների գների մասին, որովհետեւ այո, պղինձը կարեւոր է, բայց հանրապետությունում արդյունահանվող ամենակարեւոր մետաղը չէ իր արժեքով եւ նշանակությամբ: Դա վերաբերում է թե պղնձին, թե մոլիբդենին, ոսկուն, իհարկե, ցինկ, կապար եւ այլն, որովհետեւ հանրապետությունը այս պահին արդյունահանում եւ արտահանում է այս բոլոր նշված մետաղները: Նախագահը շեշտեց, որ խոսքն այն կենսունակ ծրագրերի մասին է, որոնք հաշվի են առնում հասարակության զարգացման հետ կապված բոլոր պահանջները, ոչ միայն տնտեսական կողմը:

Նկատի ունենալով միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը' Ալավերդիում եւ Թեղուտում բանվորները մեղադրում են «ԷՅ Սի Փի»-ին իրենց աշխատավարձը չբարձրացնելու համար: Այն տատանվում է 60-100 հազար դրամի սահմաններում: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ես կարծում եմ' շատերին կհետաքրքրի, թե որն է պղնձաձուլարանի գործունեության առանձնահատկությունը, հետո կանդրադառնամ նաեւ աշխատավարձի խնդրին: Պղնձաձուլարանն իր գործունեության տնտեսական նկարագրով էապես տարբերվում է հանքարդյունահանող ընկերությունից: Վերջինս ամբողջությամբ կախված է միջազգային շուկայի քմահաճույքից. եթե միջազգային շուկայում արդյունահանվող մետաղի գները բարձրանում են, աճած գնի 100%-ը ստանում է հանքարդյունահանողը, եթե գներն ընկնում են, ապա նվազած գնի 100%-ի չափով տուժում է հանքարդյունահանողը: Իր գործունեության համար պղնձաձուլական գործարանը խտանյութը գնում է' մաքուր պղնձի միջազգային գինը վճարելով 100 տոկոսով, այսինքն' ամբողջությամբ:

Խտանյութում պարունակվող պղինձը դեռեւս պիտանի չէ միջազգային շուկայում վաճառելու համար: Այն պետք է անցնի վերամշակման բազմաթիվ փուլեր' ձուլում, զտում եւ այլն: Դրա համար մատակարարը գնորդին վճարում է վերամշակման վճար: Պղնձաձուլարանի եկամուտները, ըստ էության, ձեւավորվում են վերամշակման այդ վճարից, որը հաստատուն մեծություն է: Այդ գումարի չափի որոշումն ուղղակի որեւէ առնչություն չունի պղնձի գների հետ: Այդ գումարը որոշվում է' կախված նրանից, թե տվյալ պահին միջազգային շուկաներում խտանյութի առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը ինչպիսին է: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկելու լինենք, ապա Ալավերդու պղնձաձուլական գործարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից եւ Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերության լեռնահանքային կոմբինատից ստանում է վերամշակման նույն գումարը, որքան էլ որ տարվա ընթացքում ռաֆինացված պղնձի գները բարձրանան, ինքնարժեքը փոխվի, շաքարավազի, հացի եւ այլ գներ ՀՀ-ում բարձրանան եւ այլն, վերամշակման գումարը փոփոխության ենթակա չէ:

Այսինքն' որքան բարձր են պղնձի գները, այնքան աշխարհի բոլոր պղնձաձուլարանները, այդ թվում նաեւ Ալավերդու պղնձաձուլարանը իրականում տուժում է, որովհետեւ բարձր գների պայմաններում վերամշակման նույն վճարը ստանալու համար ձուլարանը ստիպված է լինում անհամեմատ ավելի մեծ շրջանառու միջոցներ ներգրավել հումքի գնումները ֆինանսավորելու նպատակով: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա դրա փոփոխությունը պայմանավորող երկու խնդիր պետք է լուծենք: Առաջինը բնապահպանական խնդիրն է, երկրորդը արտադրության ծավալների հետ կապված խնդիրներն են: Մենք համոզված ենք, որ 2-րդ կիսամյակի ընթացքում մենք կթեթեւացնենք արտանետումների բնապահպանական ազդեցությունները Ալավերդու բնակչության վրա եւ դրան զուգահեռ որոշ չափով կկարողանանք ավելացնել արտադրության ծավալները: Դա կնշանակի, որ արտադրության քիչ թե շատ հաստատուն ծախսերի պայմաններում ավելի շատ խտանյութ վերամշակելով' մենք ավելի շատ վերամշակման գումարներ կստանանք: Այ դա է, որ շահույթների բարձրացման ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Այդուամենայնիվ, առաջիկայում Դուք Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

Ես կարծում եմ' մենք կունենանք այդպիսի հնարավորություն: Ես Ձեզ օր եւ ժամ չեմ կարող ասել: Ես երկու գործոն նշեցի, այդ երկու գործոնների լուծումից է կախված: Եվ հավատում եմ, որ դա ամիսների խնդիր է:

Հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցությունը որեւէ բան կտա՞ հանքարդյունաբերողներին, մասնավորապես' ժողովրդին:

Ավելի քան վստահ եմ:

Մեկնաբանություններ (2)

Hasmik
Շնորհակալություն, հարգելի ալավերդցի, եթե բամբասանքի, կամ չարախոսության գործ է լինւմ, ալավերդցիներս շատ ակտիվանւմ ենք, մինչդեռ մեռ քաղաքի, մեր երեխաների առողջության ու կյանքի ն վերաբեվող խնդիրներում անտարբեր ենք: Այո, Ալավերդւմ մեծ մարտահրավերներ են սպասվում ծխնելույզը տեղափոխելուց հետո, մանավանդ, եթե ինչպես ասւմ է պ. Արզումանյանը արտադրության ծավալները այստեղ մեծացվի: Ինչ է սպասում մեզ բնակիչներիս, անտարբեր ենք և բնակիչներս և մեր քաղաքապետարանը:
Ալավերդցի
Պարոն Արզումանյանը բնապահպանական ծրագիր ասելով երևի ի նկատի ունի Ալավերդու ծխատարի տեղափոխումը Կոշաբերդ, որի արդյումքում հիմա էլ ծխից կխեղդվեն անելի մեծ բնակչություն ունեցող Սանահին սարահարթն ու գյուղը, կամ էլ թեք լանջերում ծառատնկումները, որի արդյունքում ապահովվում է 0-ից 5 տոկոս կպչողականություն: Բնապահպանական հիմնախնդիրը կլուծվի, եթե փորձեք կազմակերպել անթափոն արտադրություն, գործարկելով ծծմբաթթվի արտադրությունը, թե չէ հիմա պարզապես ժամանակ եք շահում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter