«Հայկական ժամանակ». հրահանգված է չեզոքացնել 7-ին
Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝ այն պատգամավորները, որոնք 2008-ի փետրվարյան օրերին հայտարարել էին, թե միանում են համաժողովրդական շարժմանը, ոչ մի դեպքում խորհրդարանում չպետք է լինեն:
Թերթը հիշեցնում է, որ 208-ի փետրվարի 22-ին՝ շուրջօրյա հանրահավաքների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը Ազատության հրապարակի հարթակից հայտարարել էր. «Ես լիազորված եմ ԱԺ 7 պատգամավորների անունից հայտարարել, որ մենք ձեզ հետ ենք»: Այնուհետեւ Ղազարյանն ընթերցել էր պատգամավորների անունները՝ ՀՀԿ խմբակցության անդամներ գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Արմեն Մխիթարյան, Մանվել Ղազարյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Կարո Կարապետյան եւ Տիգրան Ստեփանյան, ինչպես նաեւ այն ժամանակ անկախ պատգամավոր, այժմ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյան:
Ավելի ուշ այս պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքների ներքո հրաժարվել էին իրենց հայտարարությունից, իսկ Մանվել Ղազարյանը երկար ժամանակ խորհրդարան չէր մտնում: Երբ թերթը փորձել է ստանալ Ղազարյանի արձագանքը Սերժ Սարգսյանի հրահանգի կապակցությամբ, նա պատասխանել է. «Նման բան չկա, ես նման բան նոր եմ լսում: Համենայնդեպս, ես նման բան չգիտեմ»: Չնայած սրան՝ պատգամավորն ասել է, որ մեծամասնականով ԱԺ պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու:
Լուս.՝ «Ֆոտոլուրի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել