
Ռուսական դեսպանատունն անհասանելի է իր քաղաքացիներին
50-ամյա Սերգեյ Ռազգանյաեւը արդեն 7 տարի Հայաստանում է եւ ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ հայրենիք: Նա Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի ինքնավար հանրապետության Զելինադոլսկ քաղաքից է:
«Մեր քաղաքում մի խոպանչի հայի մոտ էի աշխատում: Նրան' Պավել Գեւորգյանին, հավատացի ու ընկա էս վիճակի մեջ: Ասաց' գնանք Հայաստան տուն կառուցելու: Հավատացի նրան, ընդհանրապես ես այդպիսին եմ, մարդկանց հավատում եմ, ի~նչ արած: Նա երկու մեքենա գնեց Հայաստան բերելու համար: Նրա հետ եկա»,-պատմում է Սերգեյը:
Պավել Գեւորգյանի մասին Սերգեյն այժմ տեղեկություններ չունի: «Երեւի գնացել է Թաթարստան, 2000 թ.-ին գնացել է ու նրանից էլ լուր չունեմ: Նրա ընտանիքը ապրում է Կամո գյուղում, Գյումրիից 7 կմ է հեռու: Նրա մոտ աշխատեցի, նոր տուն չկառուցեցինք, իրենց տան գործերում էի օգնում, հող էի մշակում, կարտոֆիլ ցանում, անասուններին խնամում: Հետո թողեցի գնացի, նորմալ ուտելիք էլ չէր տալիս: Մի կտոր հաց էր տալիս ու վերջ: Ես էլ ասում էի' աշխատել եմ, ինչու՞ ես մի կտոր հաց տալիս, ես տղամարդ եմ, պիտի ուտեմ: Նա էլ փաստաթղթերս գցեց վառարանը, վառեց, իր մոտ էր պահում»:
Փաստաթղթերի հետ կատարվածի մասին Սերգեյը ոչ մեկին չի հայտնել. «Վախեցա: Մտածեցի հետո կգտնի ինձ, կսպանի կամ հետս մի բան կանի»:
Տարիներ շարունակ Սերգեյը փորձում է վերադառնալ հայրենիք: Հարազատներից ոչ մի լուր չունի: «Զելինադոլսկում տուն ունեմ, գրանցում ունեմ, բայց հիմա չգիտեմ, թե ինչ վիճակում է, յոթ տարի է արդեն այստեղ եմ: Կարող է պետությունը վերցրել է, պետական բնակարան էր: Ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ»:
2 անգամ Սերգեյ Ռազգանյաեւը գնացել է Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ոչ ոք նրան չի ընդունել:
«Գնում եմ, ոստիկանները ներս չեն թողնում: Երկու հայ ոստիկաններ էին, ասացին' փաստաթղթերդ ցույց տուր, ես էլ ասացի, որ փաստաթուղթ չունեմ: Ու ներս չթողեցին: Ի՞նչ անեի, ես էլ հեռացա»,-ասում է Սերգեյը:
Վերջին երկու տարիներին Սերգեյը թափառաշրջիկի կյանքով ապրում է Երեւանում: Որտեղ պատահի գիշերում է: Ամառը' փողոցներում, ձմեռը' որեւէ ծածկի տակ: Սերգեյն այժմ երկու այլ անօթեւանների' Սերյոժա Վարդազարյանի եւ Սուսանի հետ ապրում է Կայարանի մերձակա շենքերի բակում գտնվող լքված կիսաքանդ կաթսայատանը:
«Երկու տարի է Սերոժի հետ ծանոթ եմ ու միասին ենք ապրում: Մտերիմ ընկերներ ենք դարձել: Երբ եղանակը տաք է, գործ գտնում եմ շինարարությունում, օրավարձով բանվորություն եմ անում: Իսկ երբ գործ չկա, ասենք հիմա, շշեր, դատարկ պարկեր ենք հավաքում, հանձնում»:
Սերգեյը պատմում է, որ փողոցներում մարդիկ վատ են վերաբերվում իրեն, անվանարկում են, երբ տեսնում են անօթեւաններին:
«Սասունցի Դավթի արձանի մոտ Նոր տարվա նախօրյակին մի տաքսիստի մոտեցա, ասացի. «Բռատ ջան, 50 դրամ կտա՞ս, հացի փողը քիչ է, չի հերիքում: Երեք բառանոց հայհոյանք տվեց ու ասաց' գնա աշխատիր, աշխատել է պետք: Ես էլ ասացի' աշխատանք տուր, գնամ աշխատեմ: Ահա այդպես: Ես ինչ-որ ձեւով պետք է վերադառնամ իմ հայրենիք, չգիտեմ' էդ փաստաթղթերիս հարցը ո՞նց լուծեմ»:
Լուս.` Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել