
«22-ամյա» ծերուկը. այսօր Ռոբերտ Կիրակոսյանի 75-ամյակն է
1994թ. հունվարի 25-ին հարազատները տանը նշեցին Ռոբերտ Կիրակոսյանի 57-ամյակը, իսկ 2 օր անց Ռոբերտը շատ անսպասելի գնաց ռազմաճակատ՝ Արցախ: Ծնունդով արծվաշենցի ազատամարտիկ Ռոբերտ Կիրակոսյանը ազատագրական շարժման հենց սկզբից կամավոր մասնակցում էր մարտական գործողություններին: Արծվաշենի անկումից հետո նա ասում էր. «Արծվաշենում էլ կռիվ չի լինելու, իմ գյուղն ապագա 10 տարում հետ չեն վերցնելու: Ես պիտի գնամ Ղարաբաղ, դա իմ տեղն է»:
«Ու էդպես գիշերը գնաց: Հետո մի շաբաթվա ընթացքում ճշտեցինք, որ արդեն գնացել է Ղարաբաղ: Եռամսյա հավաքի հետ էր խառնվել, բայց ինքը եռամսյա հավաքի ենթակա չէր»,- պատմում է Ռոբերտի որդին՝ Մհեր Կիրակոսյանը:
Եռամսյա զորակոչին ենթակա էին մինչև 45 տարեկան տղամարդիկ: Այդ պատճառով 57-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը «փոխել էր» իր տարիքը. զինկոմիսարիատում ասել էր, թե ոչ թե 1937 թվին է ծնվել, այլ 1972, 35 տարով «երիտասարդացրել էր» իրեն ու որպես 22 տարեկան՝ գնացել Արցախ: Ընդհանրապես նա իր տարիքից շատ ավելի երիտասարդ էր երևում:
Ռոբերտ Կիրակոսյանը կռվել է նաև Վարդենիսում, Նոյեմբերյանում, Իջևանում, Ճամբարակում, Գորիսում, եղել «Արծվաշեն» ջոկատի ավագը, «Արծվաշենի» հրամանատարի վիրավոր ժամանակ՝ ջոկատի փաստացի հրամանատարը, Ճամբարակի սահմանապահ ուղեկալի ավագը:
Մհեր Կիրակոսյանը |
«Ամենամեծ կռիվը Արծվաշենը տալուց հետո Վահան գյուղի ուղեկալում էր, որ ադրբեջանցիները մտան հայկական տարածք, 500 մ գյուղից վերև դիրքավորվեցին, ու 2 օր իրենց ձեռքում է եղել: Առաջին գծում «Արծվաշեն» ջոկատն է եղել ձախից, աջից եղել է Միլիցիայի հատուկ մասնագիտացված ջոկատը»,- ասում է Մհերը:
Թեև Ռոբերտը Արծվաշենից դուր էր եկել 13 տարեկանում, բայց տարբեր առիթներով հաճախակի էր լինում գյուղում: Արծվաշենցի կռվողները ճանաչում էին Ռոբերտին և գիտեին նրա իսկական տարիքը: Նրան ռազմաճակատում «ծերուկ» էին ասում:
Ռոբերտի մարտական ընկերներից Ռոլանդ Ադամյանն Արծվաշենում ապրել է մինչև 1992թ. օգոստոսի 7-ը՝ գյուղի անկումը, և Ռոբերտի հետո Ճամբարակի շրջանում կռվել «Արծվաշենի» կազմում: Ռոլանդի խոսքերով՝ Ռոբերտն ուզում էր ամեն ինչ անել, որ հայերը պահեն Արծվաշենը և հարազատ գյուղը կորցնելուց հետո լաց էր լինում:
Ռոբերտի մարտական ընկերները Ձախից առաջինը Ռոլանդ Ադամյանն է |
«Իր ուզածն էր, որ ոչ մեկի մազ չծռվի, ամեն ինչ լինի մեր ուզածով, բայց մենք ոչ մի կորուստ չունենանք թե սահմանի առումով, թե մեր զինվորների առումով»,- ասում է Ռոլանդը: Ռոբերտը միշտ զինվորներին ցույց էր տալիս ամենաանվտանգ, թեկուզ և ավելի բարդ ճանապարհը: Պատերազմի ժամանակ բանակից նոր եկած երիտասարդները նույնիսկ դժգոհել են Ռոբերտի խստությունից՝ ասելով, թե «մենք բանակում էսքան խստություն չենք տեսել»: «Բայց ես հիմա 100 տոկոսով պատկերացնում եմ՝ եթե չլիներ Ռոբերտի խոստապահանջ լինելը, մեզանից շատերը չէին լինի հաստատ»,- ասում է Ռոլանդ Ադամյանը:
Ռոբերտ Կիրակոսյանն աշխատել է պատշար, վարորդ, մեխանիզատոր: Մինչև Արցախի պատերազմը սկսվելը նա արդեն երկրորդ կարգի հաշմանդամ էր, քանի որ 1986թ. Չեռնոբիլի ատոմակայանի աղետի ժամանակ կամավոր գնացել էր այնտեղ՝ մասնակցելու վթարի վերացման աշխատանքներին: Սպիտակի երկրաշարժից հետո ևս Ռոբերտը մասնակցել է փրկարարական աշխատանքներին:
Ռոբերտի զոհվելուց հետո մարտական ընկերները Մհերին պատմել են, որ դեպի Արծվաշեն տանող ճանապարհին ադրբեջանական Մութուդարա գյուղում ավարառության ժամանակ ազատամարտիկներից ամեն մեկը մի բան է վերցրել իր համար, իսկ Ռոբերտը միայն բաժակներ է վերցրել՝ ասելով, որ նոր կազմավորվող հայկական բանակի զինվորները թեյ խմելու բաժակ չունեն:
«Էդ մարդու ուշք ու միտքը էդ էր: Երբ բակ էր դուրս գալիս, իր տարեկից մարդիկ ասում էին՝ «ինչի՞ ես գնում, քեզ պե՞տք է»: Ասում էր՝ «բա, ես չկռվեմ, նա չկռվի՝ էս հող ու ջուրը ո՞վ պիտի պահի»»,- պատմում է Մհերը:
Նրա խոսքերով՝ Երևանում՝ իրենց թաղում, հայրը երբեք չէր շրջում զինվորական համազգեստով ու զենքով, ասում էր, որ համազգեստով ռազմաճակատում են կռվում, ոչ թե քաղաքում զբոսնում:
Նարինե Կիրակոսյանը |
Վերջին անգամ ռազմադաշտ գնալիս Ռոբերտը հարազատներին խոստացել էր, որ ամենաուշը մայիսի 1-ին տանը կլինի, բայց 1994թ. մայիսի 3-ին ընտանիքն իմացավ, որ նա զոհվել է Մարտակերտում:
Ռոբերտը պատերազմի դաշտից տուն էր գալիս շատ կարճ ժամանակով ու նորից գնում: Աղջիկը՝ Նարինե Կիրակոսյանն, ասում է, որ տանը չէր դիմանում, և երբ հարազատները համոզում էին, որ չգնա, «սպառնում էր», թե էլ տուն չի գա:
«Ինչքան ստիպեցինք, ինչքան խնդրեցինք, լացեցինք Նառաս, ես, չեղավ»,- ասում է Ռոբերտ Կիրակոսյանի կինը՝ տիկին Լենան:
Նարինեի խոսքերով՝ հայրը մի քանի անգամ մահից փրկվել է: Ռոբերտը մի քանի ազատամարտիկի հետ ձմռանն Արծվաշենում է եղել՝ առանց իմանալու, որ գյուղն արդեն թշնամու ձեռքում է: Ադրբեջանցիները սկսել են կրակել ազատամարտիկների վրա: Հայերն ասել են, որ «տղերք, մենք ենք, մի կրակեք», բայց կրակն ուժեղացել է, և հայերը հասկացել են, որ գյուղն արդեն վերցված է: Ռոբերտը Նարինեին պատմել է, որ թշնամին «անտառը կրակելով հնձում էր», իրենք թաքնվել են սարերի հետևում, իսկ առավոտյան Արծվաշենից Ճամբարակ անցել գետի միջով, որ հետքեր չթողնեն: Դեպքից հետո Ռոբերտը հիվանդանոցում է հայտնվել ցրտահարված ոտքերով:
Տիկին Լենան՝ Եռաբլուրում |
«Էդպես փրկվել էին հրաշքի պես: Ինքն էլ էր շատ զարմացել, ասում է՝ ամեն կերպ իրենք մեր հետևից ընկած էին, դե, մի գերի էլ վերցնեն, թուրքերը դրանով ուրախանում են: Պապան պատմում էր՝ «նռնակը ձեռքիս պահում էի, որ եթե հանկարծ գերի ընկնեմ, ես ինքս ինձ վերացնեմ»»,- հիշում է Նարինեն:
2002թ. Ռոբերտ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Պարգևատրվել է նաև «Հայաստանի երկրապահ», «Վահանի ուղեկալի հաղթանակի 15-ամյակի առթիվ», «5-րդ բրիգադ» մեդալներով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
Ռոբերտը Երևանի վազքասերների ակումբի անդամ էր, զբաղվում էր տարբեր սպորտաձևերով՝ ալպինիզմ, բռնցքամարտ, արևելյան մարտարվեստ: Ամեն առավոտ՝ աշխատանքի գնալուց առաջ, անկախ նրանից ամառ է, թե ձմեռ, վազում էր ու սառը ջրում լողանում: «Կոփված էր, ահավոր ֆիզիկական ուժ ուներ»,- ասում է Մհերը:
1994թ. ՀՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիան Եռաբլուրից մինչև Հրազդան մարզադաշտ վազքարշավ է կազմակերպել զոհված ազատամարտիկի հիշատակին: 1997թ. նման վազքարշավ է կազմակերպել նաև Երևանի վազքասերների ակումբը: Այժմ Ռոբերտ Կիրակոսյանի հիշատակին սպորտային միջոցառումներ չեն կազմակերպվում:
Այսօր զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներն ու մարտական ընկերներն այցելեցին Եռաբլուր՝ նշելու նրա 75-ամյակը: Ռոբերտ Կիրակոսյանի 4 թոռներից երկուսը ծառայում են բանակում: Նրանց թույլ էին տվել 3-օրյա արձակուրդ վերցնել՝ այսօր Եռաբլուր այցելելու համար:
Ռոբերտ Կիրակոսյանի թոռները. (ձախից) Լիլիթը, Արթուրը, Ռոբերտը, Փիրուզան |
Թոռները չեն հիշում պապին, քանի որ երբ նա զոհվեց, շատ փոքր էին: Թոռներից Ռոբերտը 1,5 տարեկան էր:
«Մինչև 5-6 տարեկան Ռոբերտը հիշում էր պապին, բայց քանի գնաց, մոռացավ: Դե, ես ամեն շաբաթ կամ կիրակի Եռաբլուր այցելում եմ, միշտ ինձ հետ տարել եմ: Միշտ ասում էր՝ «ո՞ւր է պապիկը»: Խաբում էինք, ասում էինք՝ «ուղղաթիռով գալու է»: Օրերից մի օր թե ասել էին, թե ինքը հասկացավ, բա «ինչի՞ ես խաբում, պապիկը տապանաքարի տակ է, պապիկը չի գալու»»,- պատմում է Մհերը: Փոքր ժամանակ Ռոբերտը մորուքով տղամարդ տեսնելիս կարծում էր, թե պապիկն է, մոտենում ու «պապի, պապի» ասելով մորուքն էր բռնում:
Ռոլանդ Ադամյանն այժմ որպես վաշտի ավագ է ծառայում Ճամբարակի շրջանի զորամասերից մեկում, որտեղ զինծառայություն են անցնում նաև Ռոբերտի թոռները: «Կրում եմ էն պաշտոնը, որը Ռոբերտն է կրել: Ու աշխատում եմ ինչ-որ չափով նմանվեմ Ռոբերտին իր խստությամբ, պահանջկոտությամբ: Երբեմն իր թոռանը պապից դրվագներ եմ պատմում ու ասում եմ՝ ոնց որ դու ես հիմա նեղվում մի թեթև, ժամանակին քո պապի ինչ-որ մի հրաման էլ ինձ չի դուր եկել, բայց ես հիմա զգում եմ, որ էդ հրամանը անհրաժեշտ էր»,- ասում է Ռոլանդը:
Մեկնաբանել