HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրանի հարցով բաց նամակ են գրել նախագահին

«Հայ ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի պատվերով «Աբվան» ՍՊԸ-ն 2011 թ.-ի հոկտեմբեր ամսից վերսկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքները, որը հանրության շրջանում վերստին տագնապ է առաջացրել: Տեղական ութ ՀԿ-ների բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին, նպատակ ունի ևս մեկ անգամ և վերջնականապես անդրադառնալ այս խնդրին և տալ հանրությանը բավարարող  պատասխան: Հանրության միակարծությունը անտեսելու դեպքում ՀԿ-ները ստիպված են առաջիկայում վերսկսել բողոքի ակցիաները:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես, ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները:

Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից:

Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով, տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 /տասներեք հազար ութ հարյուր հիսուն/ քաղաքացի և մասնակիցների 99 %-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010 թ.-ի դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ կառավարությանը:

Հայտնում ենք մեր վրդովմունքը, Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել:

Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը և այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը և հասարակական կառույցներին:

Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:

Հարկ ենք համարում նշել նաև, որ  հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ  ապրելու պայմանները:

Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը:

 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՄՈԹ է արդեն: ՊԻՏԻ ՎԵՐՋԱԿԵՏ դնել վերջապես այս ՄԱՀԱՑՈՒ ուրանի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter