HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Տեղեկատվության ազատության եւ էթիկական լրագրողական աշխատանքի համար հստակ իրավական դաշտ է անհրաժեշտ»

Ամեն տարի մայիսի 3-ին, մամուլի ազատության միջազգային օրը, իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ իրենց գնահատականները: «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության' մայիսի 2-ին հրապարակած տարեկան զեկույցի համաձայն' աշխարհի 196 երկրների շարքում արտահայտման ազատության գնահատման սանդղակում Հայաստանն արդեն մեկ տասնամյակ համալրում է «մասամբ ազատ» երկրների շարքը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր զեկույցում նշել է, որ «Հայաստանում աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար»:

Հայաստանին տրված գնահատականներն այս անգամ ավելի խիստ են, եւ այդ բնութագրումները մեր երկիրը ստացել է վիրավորանքի եւ զրպարտության մասին օրենքը ապաքրեականացնելու արդյունքում, երբ պրակտիկ կիրառության մեջ պարզ դարձավ, որ ապաքրեականացումը լրագրողներին ու լրատվամիջոցներին չի ազատում պատասխանատվությունից: «Ազատ մամուլ» ունեցող Եվրոպան պետական միջամտությունից խուսափելու համար ինքնակարգավորման իր մեխանիզմներն է ստեղծել եւ ինքնագրաքննությունից եւ արդարադատության առջեւ կանգնելու սպառնալիքից խույս տալու իր դեղատոմսն է առաջարկում «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ» բնութագրվող երկրների լրատվամիջոցներին: Ցայտնոտային վիճակում հայտնված լրատվամիջոցներին ու դատարաններին եվրոպացի մասնագետներն առաջարկում են առաջնորդվել լրագրողական էթիկայի նորմերով, իսկ դատարաններին' առաջնայնությունը տալ հանրային շահին, ինչպես վարվում է Եվրոպական դատարանը:

Եվրախորհրդի լրատվամիջոցների հարցերով փորձագետ Ստիվեն Ուիթլը Ծաղկաձորում օրերս անցկացված «Մամուլի ազատություն» խորագիրը կրող ֆորումի ժամանակ լրագրողների գործունեության համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող էթիկական նորմերի պահպանման եւ մասնագիտական կանոններով առաջնորդվելու պարտադիր չափորոշիչները կիրառելուց բացի շեշտեց, որ տեղեկատվության ազատության եւ էթիկական լրագրողական աշխատանքի համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ, որում ամրագրված կլինի արտահայտվելու ազատությունը:

«Վնասի փոխհատուցումը պետք է համամասնական լինի իրավախախտմանը եւ վճարունակությանը: Այն չպետք է օգտագործվի որպես ազատ խոսքը կաշկանդելու դատական լծակ: Այն փաստը, որ զրպարտությունն այլեւս քրեականացված չէ, չպետք է օգտագործվի որպես պատրվակ այնպիսի ծանր տուգանքներ նշանակելու համար, որոնք թերթերին փաստացի կզրկեն գործելու հնարավորությունից կամ կհանգեցնեն լրագրողների եւ խմբագիրների սնանկությանը: Այն դեպքերում, երբ վնասի փոխհատուցումը հիմնավորված է, դատարանը պարտավոր է հավասարակշռել գանգատվողի եւ պատասխանողի, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակների տեղեկատվություն ստանալու հակադրվող շահերը' փորձելով նվազագույն փոխհատուցմամբ ապահովել միաժամանակ արժանապատվության բավարարումը եւ լրագրողական գործի պաշտպանվածությունը»,- հայտնեց զեկուցողը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 1577 բանաձեւը, որով կոչ է անում անդամ պետություններին այդ օրենքները կիրառել առավելագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն խաթարել արտահայտվելու ազատությունը: Հիշյալ բանաձեւում Վեհաժողովը դատապարտում է զրպարտության գործերով վնասի եւ ծախսերի փոխհատուցման անտրամաբանորեն մեծ գումարներ նշանակելու տեսքով իրականացվող չարաշահման պրակտիկան եւ ընդգծում, որ անհամաչափ գումարի փոխհատուցման նշանակումը նույնպես կարող է հակասել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին: Այն նաեւ կոչ է անում անդամ պետություններին օրենքի կամայական կիրառությունից խուսափելու նպատակով իրենց օրենսդրությամբ առավել ճշգրտորեն սահմանել «զրպարտություն» հասկացությունը եւ ապահովել զրպարտությունից տուժած անձանց արժանապատվության արդյունավետ պաշտպանությունը քաղաքացիական օրենսդրության հիման վրա: Նաեւ' սահմանել զրպարտության գործերով վնասի եւ ծախսերի փոխհատուցման ողջամիտ եւ համամասն սահմանաչափեր, որպեսզի ռիսկի չենթարկվի գործով որպես պատասխանող հանդես եկող լրատվամիջոցի կենսունակությունը եւ այլն:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը, ով առավել հաճախ է դատարաններում մասնակցում լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերով, կարծում է, որ 18.05.2010 թ. Ազգային ժողովի ընդունած Քաղաքացիական օրենսգրքի նոր' «Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը» վերտառությամբ 19-րդ եւ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» վերտառությամբ 1087.1 հոդվածների կիրառմամբ մի կողմից հարվածի տակ են դրվել ազատ խոսքն ու մամուլը, մյուս կողմից' մարդիկ անպաշտպան են մնացել ոչ հրապարակային վիրավորանքից ու զրպարտությունից:

ՀՀ քաղ. օր.-ի 1087.1 հոդվածում վիրավորանք եւ զրպարտություն հասկացություններից հանվել են արտահայտությանը վիրավորանքի եւ զրպարտության որակ տվող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են «անպարկեշտ»-ը' վիրավորանքի դեպքում եւ «ակնհայտ սուտ»-ը' զրպարտության դեպքում:

«Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած փաստական անճշտություն կամ գնահատող կարծիք կարող է որակվել որպես զրպարտություն կամ վիրավորանք: Նման վիճակը օրենքի անորոշության հետեւանք է, ինչը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավական պետության բնույթին»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ Քրեական օրենսգրքի 135 հոդվածը զրպարտության համար տուգանք էր նախատեսում մինչեւ 1 մլն դրամի չափով, իսկ 136 հոդվածը' վիրավորանքի համար' մինչեւ 800.000 դրամի չափով, ինչը փաթեթի ընդունման հիմնավորման մեջ ներկայացվել էր որպես անհամաչափ պատասխանատվություն: Սակայն ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածով զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանվեց համապատասխանաբար մինչեւ 1 մլն եւ 2 մլն դրամի չափով, ինչը տուգանքի ձեւով քրեական պատասխանատվությունից շատ ավելի մեծ գումարի պատասխանատվություն է եւ էլ ավելի անհամաչափ միջամտություն անձի' Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին:

Փաստաբանը Քաղաքացիական օրենսգրքի 19 եւ 1087.1 հոդվածների սահմանադրականության հարցով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան: Նա իր պատրաստած դիմումը ՍԴ-ին ներկայացնելու առաջարկ է անում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին եւ խորհրդարանական խմբակցություններին: Մերժվելու դեպքում ինքն անձամբ կդիմի' գործերից մեկի դատական քննությունն ավարտին հասցնելուն պես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter