HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ֆանտանում այգիներն անձրեւաջրով են ոռոգում

Շատրվանային անունով Ֆանտան գյուղում հրաժարվել են այգիների մշակելուց, որովհետեւ գյուղն արդեն 25 տարի ոռոգման ջուր չունի։

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի հողը, ասում են, լավագույններից է Հայաստանում։ Այստեղ միայն հացահատիկ են ցանում։ «Մեր այգիներն ամայի են։ Մեր ծառերը տարիներով չեն ջրվում։ Մեր արտերն էլ աստծո հույսին են»,-ասում է Ֆանտանի բնակիչ Գրետա Մարտիրոսյանը։

Գյուղն ունի մոտ 950 հեկտար արտ ու արոտավայր։ Սրանք նույնպես անջրդի են։

Ֆերմերները հավատացած են, որ եթե ոռոգման ջուր լիներ, հացահատիկի բերքը շատ կլիներ, ու հնարավոր կլիներ ցորենից ու այլ հատիկեղենից բացի մշակել այլ կուլտուրաներ նույնպես։

Ֆանտանի տնամերձ այգիներում միայն ծառեր են տնկում, իսկ բանջարաբոստանային կուլտուրաներ չեն մշակում։ Հատուկենտ ֆանտանցիներ են դիմում այս ռիսկին։ Ոմանք տնամերձը ոռոգում են խմելու ջրով, որի յուրաքանչյուր խորանարդ մետրն անցնում եւ հաշվարկվում է ջրաչափով։ Ավելի հնարամիտներն էլ ոռոգում են անձրեւաջրով։ Անձրեւի ժամանակ կտուրներից ջուրը խողովակով ուղղում են մեծ տարաների մեջ։ Գրետա Մարտիրոսյանի այգում 6 տոննա ծավալով մեծ տարա է տեղադրված։

Չարենցավանի համայնքապետարանի առաջատար մասնագետ, Ֆանտանի բնակչությանը սպասարկող Գեորգի Սաֆարյանն ասում է, որ եթե ինչ որ մեկը խմելու ջուրն ուղղում է տնամերձ այգիներ, մյուսների մոտ ջուրը բարակում է, եւ բնակիչների միջեւ վեճ ու կռիվ է առաջանում․ «Գյուղը միայն խմելու ջուր ունի։ Ու երբ օգտագործում են ոռոգման նպատակով, ջուր պակասում է։ Ֆանտանում ժողովուրդը ստիպված է բանջարաբոստանային կուլտուրաները կամ գնել, կամ փոխանակել հացահատիկի հետ։ Չեն մշակում։ Եթե ոռոգման ջուր լիներ, գյուղացիները նախ իրենք կունենային սեփական արտադրության բանջարեղենը, իսկ հացահատիկը կվաճառեր, հավելյալ ֆինանսներ կունենար»։

Ֆանտանը ոռոգման ջուր ունեցել է մինչեւ 1990-ական թվականները։ Եղել է Սոլակ գյուղով անցնող մեծ ջրագիծ, որը մի քանի տարի մնացել է ցամաք, իսկ հետագայում խողովակներն այսպես ասած նվիրվել են գործարարներից մեկին։ Ֆանտանի բնակիչ Յուրիկ Վարդանյանն ասում է, որ երբ ջրագիծը հանել են, խողովակները եղել են շատ թարմ վիճակում, մաշվածություն անգամ չի եղել․ «Ես ավագանու անդամ էի։ Ինչքան էլ որ կռիվ տվեցինք, չհամաձայնեցինք, վաճառեցին խողովակները։ Եթե չեմ սխալվում, տանողը Էջմիածնի պատգամավորներից էր»։

Սոլակի ջրագծի ապամոնտաժումից հետո ֆանտանցիներն ապամոնտաժել են ներքին ցանցի խողովակներն ու օգտագործել ըստ այլ նշանակության։ Համայնքապետարանի աշխատակից Գեորգի Սաֆարյանն ասում է, որ այսօր ոռոգման այլ համակարգից սնուցվելու հնարավորություն կա, միայն թե պետք է վերականգնել ներքին ցանցը։ «Հարցը կա համայնքի օրակարգում։ Նախորդ տարի, մինչեւ խոշորացում, ուզում էինք ցանցի վերականգնումն սկսել, չհասցրինք»,- նշում է պաշտոնյան։

Յուրիկ Վարդանյանը 2,5 հեկտար հողամաս ունի։ Մշակում է ցորեն, աճար։ Ասում է, որ բերքն առանց ջրի ստացվում է նվազագույն ծավալներով։ «Երբ գյուղը ոռոգման ջուր է ունեցել, մեզ մոտ մշակել են շաքարի ճակնդեղ, ոսպ, արեւածաղիկ, ոլոռ, բազուկ, յոնջա։ Մեր գյուղի հողն էնպես լավն ա, որ եթե ջուր լինի, ինչ էլ ցանես, կաճի»։

Գեորգի Սաֆարյանն ասում է, որ ոռոգման ջրի բացակայությունն այնքան չի ազդում հացահատիկի բերքի վրա, որքան գյուղի ունեցած տեխնիկայի մաշվածությունը։ Գյուղում գործող կոմբայնները խորհրդային շրջանից են մնացել, շատ հին են, եւ հունձքի ժամանակ բերքի մեծ մասը մնում է դաշտում։ «Բերքի մինչեւ 20-30 կորուստ է լինում։ Սովետի ժամանակվա տեխնիկաներ են, արդեն չեն արդարացնում»,- ասում է Սաֆարյանը։

Ֆանտանում կլիման չոր է։ Տեղումների քանակն առանձնապես բարձր չէ։ Ջրի բացակայությանը զուգահեռ, գյուղատնտեսությունը հաճախ է տուժում կարկուտից։ Այս տարվա օգոստոսին Ֆանտանում տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել նաեւ գյուղի արտերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter