HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերշահույթ՝ կորուստը փակելու պատրվակով

Այս տարվա հունվարի 1-ից Վանաձորի երթուղային տաքսիների ուղեվարձը բարձրացավ 42, իսկ ավտոբուսներինը՝ 60 տոկոսով: Վանաձորի քաղաքապետարանը երթուղիները սպասարկող ընկերություններին մեկ տարի շարունակ զսպելուց հետո թույլատրեց բարձրացնել ուղեվարձը: Դեռեւս 2004թ.-ի վերջին կայացած երթուղիների մրցույթում ընկերությունները հաղթել էին ավելի բարձր ուղեվարձով: Սակայն քաղաքային իշխանությունները, ելնելով «ժողովրդի սոցիալական ծանր վիճակից», խնդրել էին պահպանել գործող գները:

Արդյունքում մրցույթի ամփոփիչ թերթիկում արձանագրվել էր 100 դրամ ուղեվարձ, սակայն վարորդներն ուղեւորներից շարունակում էին գանձել 70 դրամ:

«Մի օրում չարթնացանք ու որոշեցինք»,-ասում է քաղաքապետարանի գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման, առեւտրի եւ տրանսպորտի բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը: 2005թ դեկտեմբերին երթուղիները շահագործող 8 ընկերություններ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ բառացիորեն նույն բովանդակությամբ գրավոր առաջարկություն ներկայացրեցին քաղաքապետարան: Նրանք գրում էին, որ թեպետ իրենք մրցույթը շահել են 100 դրամով, սակայն այլեւս չեն կարող այդ կերպ եկամուտ ստանալ հաստատագրված եւ կենսաթոշակային վճարների ավելացման պատճառով: «Եկամուտը կտրուկ կնվազի, որին կհետեւի ոչ եկամտաբեր գործունեություն, եւ աշխատող տրանսպորտային միջոցների նորոգումներն ու բարեկարգումը հնարավոր չի լինի»,-եզրակացրել էր Վիկտոր Դարբինյանն ու զեկուցագիր ներկայացրել քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Վերջինս էլ դեկտեմբերի 20-ին թույլատրեց բարձրացնել ուղեվարձը՝ երթուղային տաքսիներինը 70-ից դարձնելով 100, ավտոբուսներինը՝ 50-ից 80 դրամ:

Իրականում հաստատագրված վճարները չեն ավելացել: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին վերջին փոփոխությունն ուժի մեջ է մտել 2005թ.-ի հուլիսի 1-ից: «Այս տարվա հունվարի մեկից որեւէ փոփոխություն օրենքով նախատեսված չէ»,-ասում է իրավաբան Կարեն Թումանյանը: Ստացվում է, որ երթուղիների տերերի պատճառաբանությունը հաստատագրված վճարների բարձրացման մասին անհիմն է: Վիկտոր Դարբինյանը, սակայն, սա կարեւոր չի համարում: Նա գտնում է, որ երթուղիների տերերը իրավունք ունեին միայն տեղեկացնել թանկացման մասին ու որեւէ պատճառաբանություն չբերել, որովհետեւ, ի վերջո, նրանք մրցույթը շահել են 100 դրամով: «Վերջին հաշվով, նույնիսկ սոցվճարների բարձրացման դեպքում եկամուտ չէր լինի»,-կարծում է Վիկտոր Դարբինյանը, որի որդին համարվում է մի քանի երթուղիներ սպասարկող ընկերություններից մեկի տնօրենը եւ «սեփական փորձով» համոզված է, որ նախկին ուղեվարձը եկամուտ չէր բերում:

«Երթուղիները սպասարկող ընկերությունները սոցվճարների բարձրացման առիթն օգտագործել են հավելյալ շահույթ ստանալու համար»,-կարծում են տնտեսագետները: Նրանք գտնում են, որ երթուղիների տերերը միանշանակ գերշահույթ են ապահովում: Մինչեւ թանկացումը ընկերությունները մեկ տրանսպորտային միջոցից օրական գանձում էին 3500 դրամ՝ որպես օրվա պլան: Հենց այս գումարից էլ ընկերությունները վճարում էին աշխատավարձերն ու հարկերը, ապահովում ընկերության վարչական եւ մեքենաների նորոգման ծախսերը: Ուղեվարձի բարձրացումից հետո օրական ընկերության բյուջե մուտք արվող գումարը դարձել է 6000, որոշ երթուղիների համար էլ՝ 5000 դրամ: Այս գումարի պայմաններում տրանսպորտային մեկ միջոցից ստացվող ամսական շահույթը ավելացել է եւ դարձել 26 հազար դրամ: Վիկտոր Դարբինյանը գտնում է, որ ծախսերն այնքան շատ են, որ այս դեպքում եւս հազիվ բավարարեն:

«Ռ եւ Հ ՏՐԱՆՍ» ՍՊԸ տնօրեն Յուրի Համբարյանը կարծում է, որ սոցվճարների եւ գազի առաջիկա թանկացման պայմաններում դժվար կլիներ նախկին ուղեվարձով աշխատել: Անկախ շահույթի ավելացումից, ընկերությունը օրական ստիպված է լինում վեց մեքենայի նորոգման ծախսերն ապահովել, ինչը մեծ գումարների հետ է կապված:

«Ալավերդյան ՏՐԱՆՍ» ՍՊԸ տնօրենը համոզված է՝ ստացվող շահույթի տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Ի վերջո, բիզնես է, եւ առանց շահույթի աշխատելն իմաստ չունի:

Տնտեսագետ Ժիրայր Էդիլյանը կարծում է, որ շուկայում առկա վիճակը այս դեպքում օգտագործվել է նորմայից ավելի շահույթ ստանալու համար: Տնտեսագետները կարծում են, որ գերազանցումը իրականում ավելի մեծ է, որովհետեւ ընկերությունների միջին ծախսերը ներկայացնող փաստաթղթերում եկամտահարկն առանձնացված է աշխատավարձի գումարից, ու հաշվարկն ուռճացված է: «Կենսաթոշակային վճարների ավելացման դեպքում վարորդներից կարելի է միայն մի քանի հարյուր դրամ ավել գանձել ընկերության բյուջե ու վերջ: Ուղեվարձի թանկացումը իմաստ չուներ»,-հաստատում է տնտեսագետներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Վանաձորի քաղաքապետարանում հակառակ կարծիքի են: Տրանսպորտի բաժնում գտնում են, որ ավտոբուսների 50 դրամ եւ երթուղային տաքսիների 70 դրամ ուղեվարձով հնարավոր չէր սպասարկել երթուղիները: Վարորդներից ոմանք ուղեվարձի թանկացումը համարում են վնասակար թե՛ իրենց, թե՛ ուղեւորների համար: Թիվ 1 երթուղու հսկիչ Էդիկ Քեշիշյանը թանկացումը վարորդների համար եթե քիչ թե շատ օգտակար է համարում, ապա բնակչության համար այն ձեռնտու տարբերակ չի կարծում: «Մարդ կա՝ վիրավորում է, թե՝ ձեր գրպանի համար եք թանկացրել»,-ասում է նա:

Հաշվարկների համաձայն՝ մինչեւ թանկացումը վարորդներն օրական աշխատում էին միջինը 14 500 դրամ, որից գազի ծախսերն ու ընկերությանը տրվող վճարը հանած՝ մնում էր 7000 դրամ: Այս գումարի մեծ մասը «մտնում էր» մեքենայի սեփականատիրոջ գրպանը, 1000 կամ 2000 դրամն էլ մնում էր վարորդին: Քաղաքապետարանի տրանսպոտի բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը կարծում է, որ մարտ ամսից բարձրացված ուղեվարձի պայմաններում կավելանա նաեւ վարորդների վաստակած գումարը: Իսկ հունվար-փետրվար ամիսներին նրանք ստիպված կլինեն վնասով աշխատել:

«Հիմա ուսանողությունն արձակուրդում է: Օր է լինում՝ պլանը չենք կարողանում տալ, իսկ մեր աշխատած գումարը հասնում է 500 դրամի»,-բողոքում են վարորդները: Նրանց բողոքն ամբողջացնում են 100 դրամով ուղեւոր տեղափոխող տաքսիները: Առավոտյան եւ երեկոյան ժամերին քաղաքային տրանսպորտը ծանրաբեռնված է ու հաճախ տեղափոխում է նախատեսվածից ավելի ուղեւորներ: Թանկացումից հետո շատերը գերադասում են 100 դրամ տալ ու ծռված դիրքով տեղափոխվելու փոխարեն օգտվել տաքսիների ծառայությունից կամ էլ 80 դրամով ավտոբուս նստել: 16 վանաձորցու շրջանում արված հեռախոսային հարցումները ցույց են տալիս, որ ուղեվարձի թանկացումով սպասարկման որակը չի փոխվել: 13 հարցվող կարծում է, որ որակն ավելի է վատացել: 10 հարցվողի ընտանեկան բյուջեի վրա թանկացումն էական ազդեցություն է ունեցել, իսկ ուղեվարձի թանկացումը վանաձորցիները վերագրում են կամ գերշահույթ ստանալու ցանկությանը, կամ էլ ընդհանուր թանկացումներին: Նրանցից ոմանք էլ համոզված են, որ հարկերն ավելացել են, ինչն էլ ուղեվարձի բարձրացման պատճառ է դարձել:

Նաիրա Բուլղադարյան
Արթուր Սաքունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter