
Այսօր՝ Հայաստան-Ջիբրալթար. մեր ընտրանին պարտավոր է հաղթել
Այսօր՝ ժամը 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ջիբրալթար մրցավեճը, որն Ազգերի լիգայի խաղարկությունում երրորդը կլինի մեր ընտրանու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի ընտրանին տանը նախ 2-1 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, ապա 0-2 հաշվով արտագնա խաղում պարտություն կրեց ՆՀՀ Մակեդոնիայից:
Ջիբրալթարը Ազգերի լիգայի 4-րդ լիգայի (դիվիզիոնի) 4-րդ խմբի հետնապահն է: Այս թիմը 2 պարտություն է կրել Լիխտենշտայնից ու ՆՀՀ Մակեդոնիայից: Նշենք նաեւ, որ սա կլինի առաջին հանդիպումը Հայաստանի եւ գաճաճ երկրի ընտրանիների միջեւ: Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր թիմը 100-րդն է, իսկ Ջիբրալթարը՝ 198-րդը: Կարգերի տարբերությունն ակնհայտ է, սակայն այն պետք է իրականի վերածել խաղադաշտում:
Հայաստանի հավաքականին թե՛ այսօր, թե՛ ամսի 16-ին հաղթանակ է անհրաժեշտ՝ խմբից դուրս գալու հնարավորություն ունենալու համար: Դատելով նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային ասուլիսից՝ սրանք լինելու են պատվի խաղեր թիմի համար:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, տեղի կունենա նաեւ ՆՀՀ Մակեդոնիա-Լիխտենշտայն հանդիպումը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել