HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն՝ ընդդեմ քաղաքացիների

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայց է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի՝ հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար: Ընկերությունը պահանջում է 1 000 000 դրամ փոխհատուցում, ինչպես նաև զրպարտություն համարվող տվյաները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքում:

Ըստ հայցվորի՝ 2018թ. օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման ընթացքում է Թեհմինե Ենոքյանն ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտություններ հրապարակել:

Թեհմինե Ենոքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հայցադիմումը չի ստացել և չգիտի, թե ընկերությունն իր ելույթի որ մասն է համարում գործարար համբավը արատավորող: Սակայն նշեց, որ նույն օրն իր ելույթում հիմնվել է քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղ գտած տեղեկատվության, ինչպես նաև իրեն հասանելի դարձած մի շարք տեղեկությունների հիման վրա և արել է իր եզրահանգումները:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

Քննչական կոմիտեն պարզել է, «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, Բնահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

«Չեմ վիրավորել, քանի որ այդ որակավորումները ոչ առաջին անգամն եմ արել, ոչ էլ վերջին։ Արդեն 7 տարի է` Լիդիանի գործունեությունը համարում եմ վտանգավոր ու կարծում եմ, որ այստեղ իրենք հանցագործության տարրեր պարունակող գործունեություն են ծավալում։ Կան հարուցված քրեական գործեր քննչական կոմիտեում, և 3 տարի է՝ ընթանում է վարչական դատարանում գործ գնդեվազցիներն ու ՀԿ-ներն ընդդեմ «Լիդիան»-ի, ընդդեմ կառավարության, որտեղ 3-րդ կողմ է ներգրավված «Լիդիան»-ը»,- ասում է Թեհմինե Ենոքյանը:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին և երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ընկերությունը 2006թ.-ից սկսած երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին է տեղակայված Ամուլսարի հանքավայրը:

Հանքի շահագործմանը դեմ են բնապահպաններն ու հարակից գյուղերի բնակիչները: Վերջիններս բողոքի ակցիաներ են իրականացնում, որպեսզի հանքը չշահագործվի և դադարեցվեն աշխատանքները:

Թեհմինե Ենոքյանը տեղեկացրեց, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն սրանից բացի, մեկ այլ գործով հայցադիմում է ներկայացրել նաև 28 քաղաքացիների, այդ թվում՝ իր դեմ, այս անգամ՝ վնասի հատուցման պահանջով: Հարակից գյուղերի բնակիչներն ու ակտիվիստներն ամիսներ շարունակ փակ են պահել հանքավայր տանող ճանապարհը, ինչը, ըստ ընկերության, հանգեցրել է լուրջ վնասների:

Երկու հայցադիմումներն էլ դատարանը հետ է վերադարձրել, քանի որ թույլ է տրվել սխալներ: Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի եղբայրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter