
Պատժվեց կանանց վաճառողների եւս մի խումբ
Հրազդանցի Արմինեն (անունը փոխված է) Դուբայում գտնվելով ստրուկի կարգավիճակում' մեկ տարի սեռական շահագործման է ենթարկվել հայտնի կավատ, Ինտերպոլով հետախուզվող Անահիտ Մալխասյանի կողմից (մականունը' Դըբռ Անո) : 2005թ. հոկտեմբերի 3-ին Ա. Մալխասյանը Դուբայում կասկածելի հանգամանքներում դարձել է ավտովթարի զոհ: ՀՀ գլխավոր դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է:
Արմինեն ունի երկու երեխա: Ամուսինը չորս տարի առաջ գնացել է Ռուսաստան եւ այլեւս չի վերադարձել, ոչ էլ ընտանիքին է օգնել այդ տարիների ընթացքում: Արմինեն տեղափոխվել եւ ապրում էր ծնողների մոտ: Նրանք նույնպես գտնվում են սոցիալապես ծանր վիճակում: Արմինեն երկար ժամանակ աշխատանք փնտրեց իրենց քաղաքում' Հրազդանում: Խորհրդային տարիների մի քանի գործարանների շուրջ կառուցված այս քաղաքում այսօր էլ բնակչության հիմնական մասն աշխատանք չունի: Գրեթե բոլոր գործարանները չեն աշխատում:
Արմինեին Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում Գայանե Միրզոյանը: «Գայանե Միրզոյանը մեր շենքում էր ապրում: Ինձ ու ընկերուհուս իրենց տանը սուրճ խմելուց ասաց, որ բարձր վարձատրվող աշխատանք կա, կուզենա՞նք անել: Մենք երկուսս էլ' ես ու Ռուզանը, ծանր վիճակում ենք, ուրախացանք: Մտքներովս ոչ մի վատ բան չի էլ անցել: Ասաց' կամ հացթուխ կաշխատեք, կամ էլ երեխա կպահեք: Մենք էլ համաձայնվեցինք»,-2005թ. փետրվարին Դուբայում պատմեց Արմինեն: Մեր բոլոր փորձերը' Արմինեի անձնագիրը նրա բոսից' Անահիտ Մալխասյանից վերցնելու, անօգուտ էին:
Գայանե Միրզոյանի' կավատ դառնալու պատմությունը բնութագրական է այսօր Դուբայում եւ Թուրքիայում հայ կանանց աշխատացնող բոսերի համար: Նրանք գրեթե բոլորն էլ ժամանակին եղել են մարմնավաճառներ ու հետո դարձել բոսեր: Գայանե Միրզոյանը մարմնավաճառությամբ փող աշխատելու նպատակով 2001թ. մեկնել է Դուբայ: Նա աշխատում էր Անահիտ Մալխասյանի հսկողության ներքո: Մի քանի ամիս աշխատելուց հետո Դուբայի ոստիկանությունը Գայանեին ձերբակալել է եւ արտաքսել Հայաստան: Անահիտ Մալխասյանը արդեն Երեւանում գտնվող Գայանեին առաջարկել է հավաքագրել կանաց եւ ուղարկել իր մոտ աշխատելու: Գայանեն իր հայրենի քաղաքում' Հրազդանում, սկսում է փնտրել-գտնել դժվարին պայմաններում ապրող կանանց եւ նրանց առաջարկում աշխատանք Դուբայում: Առաջարկվող աշխատանքները հիմնականում «երեխա պահելն էր կամ որեւէ օբյեկտում մատուցող աշխատելը»:
Ահա այդպես էլ Գայանեն գտնում է Ռուզանին եւ Արմինեին: Ռուզանը ամուսնալուծված է ունի երեք երեխա:
Կանանց անձնագրերը Դըբռ Անոյի հանձնարարությամբ Գայանեն տվել է Ավետիս Կիզիրյանին: 2004թ. մարտի 17-ին երկու կանանց Ավետիսը տեղափոխել է Երեւանի Դավիթ Բեկ փողոցում գտնվող «Վարդանանց Օջախ» կիսակառույց հյուրանոցը (այս հյուրանոցը հիշատակված է մարդկանց վաճառքի հոդվածներով հարուցված երկու տարբեր քրեական գործերում: Հյուրանոցի սեփականատերը, մեր տեղեկություններով, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն է): Իսկ հաջորդ օրը Ավետիս Կիզիրյանը նրանց ճանապարհել է Մոսկվա: Մոսկվայում կանանց դիմավորել եւ Արաբական միացյալ էմիրություններ է ճանապարհել Վազրիկ Սիմոնյանը: Վ. Սիմոնյանը նույն 2004 թվականին Հայաստանում դատապարտվել է ԱՄԷ-ում «պոռնկությամբ զբաղվելը կազմակերպող հայ կանանց օժանդակելու համար»:
«Դուբայի օդակայանում մեզ դիմավորեց Անահիտը: Տեղում մեզնից վերցրեց անձնագրերը' ասելով, որ իր մոտ պետք է մնան, ու տարավ մի բնակարան, որտեղ կային ուրիշ հայ կանայք: Այստեղ էլ մենք իմացանք, թե ինչի համար են մեզ բերել: Անահիտն ասաց, որ մեզ այստեղ բերելու համար ծախսել է 20 հազար դոլար, եւ կամ իրեն պետք է այդքան վերադարձնենք, կամ էլ պիտի զաբաղվենք մարմնավաճառությամբ: Ինձ ծեծեց մազերը ետեւին պոչ կապած արաբը: Անունը Ալի է, նրան հայերս «Պոչիկ Ալի» ենք ասում: Էդ Ալիի ու նրա ընկերների ձեռքը որ ընկար, վերջ: Ինչ ասես հետդ չեն անում: Ու դու ոչ մի բան չէս կարող անել»,-պատմում էր Արմինեն: Ահա այս պայմաններում Արմինեն մեկ տարի Դուբայում ենթարկվել է սեռական շահագործման:
Արմինեին եւ Ռուզանին ուղարկելուց որոշ ժամանակ անց Ավետիս Կիզիրյանը նույնպես մեկնում է Դուբայ: Նրան Դուբայի հայ կանայք Ավո էին ասում: Ավոն Անահիտ Մալխասյանի հետ ապրում էր նույն բնակարանում: Նա Անահիտի սիրեկանն էր եւ ապահովում էր նրա անվտանգությունը: Առանց նրա Անահիտը դուրս չէր գալիս տանից:
2005-ի օգոստոսին Դուբայի ոստիկանությունը Արմինեին կալանավորել է եւ արտաքսել Հայաստան:
2005թ. սեպտեմբերի 9-ին Ավետիս Կիզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 132 հոդվածով ( Մարդկանց վաճառք): Հայաստան վերադառնալուց հետո նա կալանավորվել է: Ա. Կիզիրյանը նախկինում տարբեր հանցագործությունների համար երեք անգամ դատապարտվել էր: Վերջին անգամ նա դատապարտվել էր 2004թ. հոկտեմբերին Քր.օր-ի 38 եւ 262 հոդվածներով, սակայն անհասկանալի պայմաններում շուտով ազատ է արձակվել:
Գայանե Միրզոյանին նույնպես ներկայացվել էր մեղադրանք 132 հոդվածով եւ հայտարարվել հետախուզում: 2005թ. հոկտեմբերի 12-ին Գայանե Միրզոյանը հայտնաբերվել է եւ կալանավորվել:
2006թ. հունվարի 12-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը ( դատավոր Նելլի Գալստյան) Գայանե Միրզոյանին եւ Ավետիս Կիզիրյանին ՀՀ քր. օր-ի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտեց ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել