
Թառահարը Վարդենիկում ոչ ավանդական կաղամբներ է աճեցնում
Մասնագիտությամբ երաժիշտ՝ թառահար, Արտուշ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում զբաղվում է Հայաստանի համար ոչ ավանդական համարվող կաղամբների աճեցմամբ:
« Վարդենիկում հրաշալի աճում են ոչ ավանդական կաղամբի տեսակները, ու հիմա այնքանով են տիպիկ այդ կաղամբները Վարդենիկին, կարծես առաջինը աճեցվել են հենց այստեղ»,-կատակելով ասաց նա:
Արտուշը հայրական գյուղում աճեցնում է Կոլրաբի, Բրյուսելսկի, Սավոյան (савойская), չինական կաղամբ, երկու տեսակի բրոկոլի, գունավոր ծաղկակաղամբ: Նրան աշխատանքում հիմնականում օգնում է մայրը:
Կաղամբի տեսակներն աճեցնում է իրենց և քրոջ տնամերձ հողամասերում. «Առաջին փորձն է ու արդարացված: Սա փորձ էր՝ զուտ մեր տարածաշրջանի մարդկանց ցույց տալու ու ապացուցելու, որ կարող են մշակել ոչ ավանդական մշակաբույս ու ավելի շատ եկամուտ ստանալ»:
Արտուշը ոչ ավանդական կաղամբներն աճեցնելիս որևէ դժվարության չի հանդիպել: Ասում է՝ ավանդական կաղամբի մշակման նույն եղանակն ունի, պարզապես գյուղացիները խուսափում են ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնել՝ վախենալով, որ բերքը չի ստացվի, և հողը չեն ցանկանում օգտագործել փորձի համար:
Մինչ կաղամբի տեսակների աճեցմամբ զբաղվելը Արտուշը ուսումնասիրել է կաղամբազգի բույսերի մշակման պայմանները, նկատել, որ Գեղարքունիքի մարզը հրաշալի բնակլիմիական պայմաններ ունի կաղամբազգի բույսերի համար:
Ընտրել է ոչ ավանդական կաղամբների աճեցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պահանջարկ, բավականին թանկ են ու հիմնականում ներկրվում են այլ երկրներից:
«Մտածեցի փորձել ու եթե ստացվի, ավելի շատ մարդկանց օգնենք մշակեն: Այդ դեպքում գինը կնվազի, հա՛մ սպառողի համար ձեռնտու կլինի, հա՛մ մշակողի: Սպառողը կունենա մատչելի գներով ու տեղական աճեցմամբ այդ տեսակների կաղամբներ, մշակողն էլ վերջապես նորամուծություն կանի ու ավելի շատ գումար կվաստակի»:
Ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն Արտուշը սկսել է 2017 թվականի մայիսից՝ բրոկոլիի աճեցումից:
Այժմ ուրախությամբ է ասում, որ այս տարի վարդենիկցիների մոտ 30 տոկոսը սկսել է բրոկոլի աճեցնել և գոհ է բերքից ստացած եկամուտից: Նախորդ և այս տարվա հաջողված փորձերից հետո, Արտուշը մյուս տարի ոչ ավանդական այլ մշակաբույսի աճեցման փորձ կանի:
Իսկ մինչ այդ, հաշվի առնելով այլ համայնքների բնակիչների հետաքրքրությունը՝ սածիլներ կպատրաստեն ոչ ավանդական կաղամբներ աճեցնել ցանկացողների համար.«Մյուս տարի այս կաղամբներից սածիլներ ենք սարքելու և տանք մարդկանց: Օգնելու ենք՝ իրենք իրենց հողը մշակեն, բայց մենք փորձելու ենք արդեն ուրիշ տեսակներ աճեցնել»:
Կարծում է՝ գյուղացիները պետք է փորձեն նոր մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել, քանի որ դրանք Հայաստան են ներկրվում թանկ գնով, այնինչ տեղացիները կարող են նույն մշակման մեթոդներով աճեցնել դրանք և առավել մեծ եկամուտ ստանալ:
Որպես օրինակ նշեց Բրյուսելյան կաղամբի գինը, որն այժմ սուպերմարկետներում 1 կգ-ը վաճառվում է մոտ 6000-7000 դրամ արժեքով, իսկ եթե այն մշակեն տեղացիները, կարող են վաճառել առավելագույնը 1000 դրամով և գոհ լինեն ստացված եկամտից:
Մեկնաբանել