HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականը ցած է գլորվել մինչեւ հատակը, ընկնելու տեղ չի մնացել

Երեկ Ջիբրալթարից 0-1 հաշվով կրած պարտությունը կարելի է որակել որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության ամենախայտառակ էջ: Պարտվել ենք մի երկրի, որի բնակչությունը 35.000-ի էլ չի հասնում: Այդքան բնակչություն ունի, օրինակ, Կապան քաղաքը: Այս քաղաք-պետությունը զբաղեցնում է 6,5 քկմ տարածքով մի ժայռ ընդամենը:

Նահանջ՝ նահանջի հետեւից

Սա ավելին է, քան պարտությունը: Երեկվա հանդիպումը մեր ֆուտբոլում եւ, մասնավորապես, հավաքականում ընթացող խորքային պրոցեսների ցուցիչն է: Եվրոպայի եւ աշխարհի 2012 եւ 2014 թթ. առաջնությունների ընտրական փուլերից հետո մեր թիմը բացառապես նահանջել է, ու այդ նահանջը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծացել՝ հասնելով երեկվա կուլմինացիոն կետին: Հիշենք «Եվրո-2016»-ի ընտրական փուլն ու, մասնավորապես, դրա տխուր ավարտը եւ ֆեդերացիայի նախագահի կողմից դավաճաններ փնտրելու սկանդալը, հիշենք նաեւ ԱԱ-2018-ի ընտրական փուլում խայտառակ հաշիվներով պարտությունները՝ 1-4, 0-5, 1-6: Միայն այս տարի հավաքականը 7 հանդիպում է անցկացրել՝ 4 ընկերական, 3 պաշտոնական, հաղթել է ընդամենը 1 խաղում (Լիխտենշտայնին՝ 2-1), 3 անգամ գորշ խաղով ոչ-ոքիներ է խաղացել միջինից էլ ցածր մակարդակ ունեցող Էստոնիայի, Մալթայի ու Մոլդովայի հետ, նույնքան անգամ էլ պարտվել է Լիտվային (0-1), ՆՀՀ Մակեդոնիային (0-2), Ջիբրալթարին: Այլ կերպ ասած՝ հասել ենք գաճաճ պետությունների մակարդակին, գուցե կոպիտ հնչի, բայց ֆուտբոլային առումով արդեն գաճաճ երկիր ենք դարձել:

ԱԱ-2014-ի ընտրական փուլում այսպիսի մի դեպք եղավ, երբ Երեւանում 0-1 հաշվով զիջեցինք Մալթային, սակայն դրանից չորս օր անց հավաքականը կարողացավ փրկել իր դեմքը՝ արտագնա խաղում 4-0 հաղթելով Դանիայի ուժեղ ընտրանուն: Գրեթե համոզված ենք, որ ամսի 16-ին մակեդոնացիների հետ երեւանյան հանդիպմանը նման բան չենք տեսնի:

Կազմի երիտասարդացումը օրապահանջ է. փորձառու լինելը արտոնություն չէ

Պատճառն այն է, որ ընտրանու ներկա կազմից շատ ֆուտբոլիստներ սպառել են իրենց: Բանը հասել է նրան, որ արդեն իրենք՝ խաղացողներն են խոսում այդ մասին՝ նշելով, որ պետք է հրավիրել նոր տղաների: Մեր մարզիչները նման դեպքերում, որպես կանոն, արդարանում են, թե իբր ընտրության հնարավորություն չկա ու իներցիայով կրկին հրավիրում են հնաբնակներին: Բայց եթե ընտրության հնարավորություն չկա կամ այն շատ փոքր է, ապա կարելի է խաղաժամանակ տալ այն երիտասարդներին (նրանք քիչ են, բայց կան), որոնք վաղը պիտի դառնան թիմի կորիզը:

Տարօրինակ է նաեւ վերջին երեք խաղերում մարզիչների ընտրած կազմն ու մարտավարությունը: Լիխտենշտայնի հետ հանդիպմանը Վարդան Մինասյանը դաշտ էր դուրս բերել փյունիկցի Արմեն Մանուչարյանին, որն, ըստ իր ակումբի մարզչի, պատրաստ չի եղել. Մանուչարյանը վնասվածք ստացավ ու այլեւս չխաղաց հավաքականում: Այդ հանդիպմանը մեր թիմն էլ գոլ բաց թողեց հենց նրա եզրից ձեռնարկված գրոհի հետեւանքով: Լիխտենշտայնի հետ հանդիպման համեմատ կազմում փոփոխություններ արվեցին մակեդոնացիների հետ մրցավեճում, ու բոլորն էլ ձախողված էին: Նույն Մարկոսը, որը շատ լավ հանդիպում էր անցկացրել Երեւանում, Սկոպիեում փոխարինման մտնելով, չկարողացավ հունի մեջ ընկնել, բռնել խաղի տեմպը: Եզրային կիսապաշտպաններից Ղազարյանն ու Բարսեղյանն էլ շատ վատ խաղացին:

Երեկ էլ Արմեն Գյուբուդաղյանցը հերթական նորարարությունն էր կատարել: Պաշտպանությունում Համբարձումյանի, Հարոյանի ու Հովհաննիսյանի հետ դաշտ էր դուրս բերել 32-ամյա Հրայր Մկոյանին, որը ոչ միայն երբեւէ արագությամբ աչքի չի ընկել, այլեւ, որ ամենակարեւորն է, այս պահին խաղային պրակտիկա չունի, ինչը չի բխում հավաքականի շահերից: Տուգանային հրապարակում հենց նրա կոպտագույն սխալից հետո Ջիբրալթարը, որի հիմնական նպատակը սեփական դարպասն անառիկ պահելն էր, մեզ գոլ խփելու հրաշալի առիթ ստացավ՝ վաստակելով 11-մ: 50-րդ րոպեին Չիպոլինայի իրացրած հարվածն ու գոլը հաղթական եղան:

Գյուլբուդաղյանցը Մկոյանին խաղացնելը պատճառաբանում է այսպես. «Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է, երկար տարիներ արդեն խաղում է հավաքականի կազմում։ 11-մետրանոցի դրվագից բացի՝ նա վատ ֆուտբոլ չխաղաց։ Ցանկանում էինք, որ նա այս խաղին լավ մարզավիճակ ձեռք բերեր եւ պատրաստ լիներ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղին»։ Նախ՝ Մկոյանը իսկապես վատ խաղաց. խոտանը նրա գործողություններում մեծ էր, երկրորդ՝ առաջին կեսում եղավ դրվագ, երբ հենց Հրայրի կոպտագույն վրիպումից հետո (կրկին մեր տուգանային հրապարակում չկարողացավ հարվածել գնդակին) մրցակիցը տիրեց գնդակին ու գոլ խփելու լավ առիթ ստացավ, բայց դարպասապահ Հայրապետյանը փակեց գնդակի ճանապարհը: Եթե պետք էր ընտրություն կատարել հրավիրվածների միջից, կարելի էր հենց 21-ամյա Արթուր Քարտաշյանին խաղացնել եւ ոչ թե ուղարկել երիտասարդականի ճամբար՝ մեզ համար մարզական առումով որեւէ նշանակություն չունեցող Սերբիայի հետ խաղին մասնակցելու: Կենտրոնականներից իր ակումբում խաղային պրակտիկա ունի 26-ամյա Արտյոմ Խաչատուրովը, որը նույնպես արագ չէ, բայց Հայաստանի առաջնության առաջատար «Լոռիի» ավագն է ու միշտ խաղի մեջ է: Ցավալի է, որ հավաքականը պիտի ինչ-որ մեկի համար մարզավիճակ ձեռք բերելու տեղ դիտարկվի հենց մարզիչների կողմից:

Նույնը վերաբերում է Յուրա Մովսիսյանին: Վերջին շրջանում Սարգիս Ադամյանը գոլերով ու գոլային փոխանցումներով աչքի է ընկնում գերմանական իր թիմում, բայց մեկնարկային կազմ է դուրս գալիս ԱՄՆ-ում պահեստայինների նստարան մաշող Մովսիսյանը: «Սպասենք, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի,- խաղից հետո անսպառ լավատեսությամբ ասել է Գյուլբուդաղյանցը, իսկ դիպուկ հարցին, թե արդյոք նա դա պիտի անի հավաքականի հաշվին, նշել է,- մենք սպասում էինք, որ նա մի խաղակես կխաղա։ Խնդիրը ֆիզիկական պատրաստվածությունը չէ, այլ խաղային պրակտիկայի պակասը։ Դուք ճիշտ եք, Հայաստանի հավաքականի խաղերի ընթացքում չէ, որ պետք է պրակտիկա ձեռք բերել, բայց մյուս կողմից՝ մենք բոլորս էլ տեսնում ենք Յուրայի նվիրվածությունը։ Կարծում եմ՝ մյուս խաղին նա ավելի լավ հանդես կգա»։ Տարրական բան է. կարող է ունենաս շատ մեծ ցանկություն, բայց եթե խաղային ռիթմի մեջ չես, օրգանիզմդ չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ցանկությունդ այդպես էլ ցանկություն կմնա: Յուրան երեկ միայն մեկ վտանգավոր հարված կատարեց, բայց ինչպես եւ մեր թիմի մյուս հարվածները, այն դարպասապահի ուղղությամբ էր: Ի վերջո, ֆուտբոլ են խաղում ոչ թե թիկունքին գրված անունները, այլ գլուխն ու ոտքերը, մարզիկի մարմինը: Չնայած Վարդան Մինասյանի օրոք հավաքականը էլի շատ վատ էր խաղում, բայց նա մի ճիշտ քաղաքականություն էր ընտրել՝ չես խաղում քո ակումբում, ուրեմն չես հրավիրվի հավաքական: Այս մոտեցումը պետք է շարունակել. ֆուտբոլիստը, անկախ իր անունից, նախկինում ունեցած վաստակից ու խփած գոլերից, արտոնյալ չպիտի լինի: Պիտի խաղան տվյալ պահին լավագույնները:  

Վիճակագրություն, որը ոչ ոք չի հիշելու

Լիխտենշտայնի դեմ 2-1 հաշվով հաղթանակի վերաբերյալ գրել էինք՝ գոլային պահերն ընդամենը վիճակագրություն են, գոլերը՝ հաղթանակ: Գաճաճ Ջիբրալթարը հերթական անգամ ապացուցեց, որ կարեւոր չէ, թե որքան ես դու տիրում գնդակին (երեկվա խաղի վիճակագրությամբ՝ հյուրերի կողմից գնդակի վերահսկողությունը եղել է 28 տոկոս մերոնց 72-ի դիմաց), հարվածներ կատարում դարպասին, կարող ես շարունակաբար պաշտպանվել, «ավտոբուս» կանգնեցնել դարպասիդ, բայց մի փոքր առիթն օգտագործես, գոլ խփես եւ հասնես նպատակիդ: Այսօր անգամ ամենափոքր երկրների թիմերը ճիշտ մարտավարության շնորհիվ կարողանում են դժվարություններ ստեղծել իրենցից կարգով բարձրերի համար, երբեմն էլ՝ ատամ ցույց տալ:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանի հավաքականը երեկ դարպասը գրավելու 35 փորձ է կատարել, 10 հարված ընթացել է դարպասին, որոնց մեծ մասը իրականում դարպասապահ Գոլդուինի վրա էր, չնայած վերջինս երեխայի պես հրճվում էր գնդակը որսալուց կամ հետ մղելուց հետո: Եվս 14 հարված մերոնք կատարել են դարպասի ուղղությամբ, 11-ն էլ մրցակիցն արգելափակել է (հիշենք, թե ինչպիսի խիտ դասավորությամբ էր Ջիբրալթարը պաշտպանվում): Փոխարենը հյուրերը 2 հարված են կատարել մեր դարպասին, երկուսն էլ՝ Հրայր Մկոյանի սխալներից հետո, դրանցից մեկը 11-մ նշակետից վերածվել է գոլի, 3 հարված ընթացել է դարպասի ուղղությամբ, 1-ն էլ արգելափակվել է. ընդհանուր՝ 6 փորձ:     

Մարտավարությունը չարդարացրեց

Գյուլբուդաղյանցը դաշտ էր դուրս բերել 4-2-3-1 ավանդական կազմը, բայց այստեղ էլ նա սխալվեց, քանի որ երկու հենակետայինը շատ էր. դրա պատճառով տուժում էր թիմի գրոհային թափը, իսկ Ջիբրալթարն արդեն առաջին կեսում ապացուցեց, որ հեշտ զիջող չէ: Գոռ Մալաքյանը մեր թիմում ամենաշատ սխալվողներից մեկն էր. հավաքականում իր 13-րդ խաղն անցկացնող ֆուտբոլիստն ավելորդ լարվածություն էր դրսեւորում, չնայած նույնը կարելի էր նկատել խաղընկերներից ոմանց մոտ եւս: Երկրորդ կեսում Գոռին փոխարինած Մարկոսը այդպես էլ չբռնեց խաղի թելը: Թերեւս ճիշտ կլիներ մեկնարկում դաշտ դուրս բերել հարձակողական կազմ՝ մեկ հենակետայինով: Մարկոսի ներկայությունն ի սկզբանե կարեւոր էր նրանով, որ հատկապես սեփական կիսադաշտի կենտրոնն ամրացրած ջիբրալթարցիների պաշտպանությունը ճեղքելու համար ոչ ստանդարտ, արագ գործողություններ էին պետք: Խաղարկողի դիրքում հանդես եկող Մխիթարյանի բեռն այս պարագայում մեծ էր, քանի որ նրան անընդհատ պրեսինգի էին դիմում, կոշտ դիմավորում՝ լավ հասկանալով, թե ինչի է ունակ Հենոն:

Մերոնք պարբերաբար սխալվում էին տարրական բաներում՝ գնդակը կասեցնելիս իրենցից հեռու էին թողնում՝ լրացուցիչ դժվարություններ ստեղծելով, երկար կամ սրող փոխանցումները անհաշվենկատ էին, հատկապես առաջին կեսում պրեսինգը մրցակցի վրա քիչ էր, ինչից օգտվելով՝ ջիբրալթարցիները փորձում էին նաեւ գրոհներ ձեռնարկել: Նկատելի էր, որ հյուրերը լավ ուսումնասիրել են Հայաստանի հավաքականի խաղը. հագեցնել կենտրոնը, չեզոքացնել թիմի շարժիչին՝ Մխիթարյանին, պրեսինգի ենթարկել եզրային կիսապաշտպաններին: Վերջիններս՝ Ղազարյանն ու Բարսեղյանը, որեւէ բարդ բան չառաջարկեցին մրցակցին: Նույն Բարսեղյանի փոխարեն գուցե ճիշտ կլիներ ժամանակ տալ երիտասարդականի առաջատար Պետրոս Ավետիսյանին: Գրոհներն ու հարվածները միօրինակ էին, եւ դրանց դեմ հյուրերը հակախաղ ունեին:

Ի տարբերություն մակեդոնացիների հետ սեպտեմբերյան հանդիպման, երբ հայ ֆուտբոլիստները խաղալու ցանկություն փաստացի չէին դրսեւորում՝ այս վերջին մրցավեճում աչքի ընկնելու, պարզերես լինելու միտումը երեւում էր, բայց թիմը շարունակում է մի տեսակ թմբիրի մեջ մնալ: Չի բացառվում, որ խաղից առաջ եղել է ջիբրալթարցիներին կես ուժով հաղթելու մտայնություն՝ մակեդոնացիների հետ գալիք խաղին ավելի թարմ ներկայանալու նպատակով: Բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայաստանի հավաքականը գործնականում կորցրեց ընտրական խմբից դուրս գալու հնարավորությունը դեռ մինչեւ մակեդոնացիներին հանդիպելը: Վերջիններս երեկ 4-1 հաշվով հաղթեցին Լիխտենշտայնին ու Երեւանում կարող են բավարարվել ոչ-ոքիով: Եվ նույնիսկ պարտվելու դեպքում ամեն ինչ մակեդոնացիների ձեռքում է մնալու, քանի որ նոյեմբերյան վերջին երկու խաղերում կրկին հանդիպելու են Լիխտենշտայնին ու Ջիբրալթարին, որոնց մեկ անգամ հաղթել են:

Ֆեդերացիան լուրջ անելիքներ ունի

ՀՖՖ-ն այս պարտությունից եւ, ինչպես կարելի է սպասել, Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունը ձախողելուց հետո պետք է մտածի ներքին առաջնությունում հանդես եկող ակումբներին ինչ-որ կերպ մոտիվացնելու մասին: Խոսքը սեփական կադրերը պատրաստելու, սեփական մարզադպրոցն ու ակադեմիան ունենալու, այլ կերպ ասած՝ լուրջ, կայուն հիմքեր եւ ապագայի հեռանկար ստեղծելու մասին է: Անհրաժեշտ է մտցնել լեգեոներների սահմանափակում եւ խրախուսել պատանեկան-երիտասարդական կազմերի ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալը:

Աֆրիկացի, ռուս եւ այլ այլազգի լեգեոներների ստվար զանգվածով թիմերը համալրելը, երեկ գրանցված ակումբին արդեն այսօր ամեն գնով բարձրագույն խմբում մրցանակային տեղի տանելը խոսում է որոշ սեփականատերերի ու մարզիչների կարճաժամկետ կամ առավելագույն դեպքում միջնաժամկետ բիզնես ծրագրերի մասին, որոնց նպատակը եվրոպական մրցասպարեզ դուրս գալը, մի երկու փուլ անցնելն ու զուգահեռաբար աֆրիկացի, սլավոն լեգեոնականներին հարմար գներով վաճառքի հանելն ու փող աշխատելն է՝ ներդրումները շուտափույթ հետ բերելու ակնկալիքով: Այս ամենը երկրում մարզաձեւի զարգացման, մասսայականացման հետ որեւէ կապ չունի, ուրեմն պետք է պատասխանատու կառույցը՝ ֆեդերացիան, անցնի գործնական քայլերի: Ժամանակը մեր օգտին չի աշխատում:   

 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի եւ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter